Բաղեղի լիգա
Բաղեղի լիգա (անգլ.՝ The Ivy League), ամերիկյան մասնավոր ութ համալսարանների միավորում: Համալսարանները գտնվում են ԱՄՆ-ի հյուսիսարևելյան յոթ նահանգներում: Անվանումը կապված է բաղեղի թփերի հետ, որոնք ծածկում են համալսարանական հին շենքերը: Լիգայի կազմի մեջ մտնող համալսարանները բարձր համարում ունեն և աչքի են ընկնում կրթության առաջնակարգ որակով:

ՆկարագրությունԽմբագրել
ՊատմությունԽմբագրել
«Բաղեղի լիգա» անվանումը ի սկզբանե տրվել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում տեղակայված մասնավոր ութ համալսարանների մարզական միավորմանը: Եզրույթը հաճախ օգտագործվում է մատնանշելու համար ութ դպրոցները` որպես մեկ ընդհանուր միավորում: Այն ենթադրում է կրթության բարձր որակ, ընդունելության մեծ մրցակցություն և պատկանելություն սոցիալական էլիտային:
«Բաղեղի լիգա» եզրը լայն տարածում է գտել 1954 թվականից, երբ ձևավորվել է մարզական NCAA Division I միավորումը, և ամերիկացիները սկսել են երկրպագել համալսարանական մարզական տարբեր թիմերի: Ժամանակի ընթացքում «բաղեղի լիգա» հասկացությունը տարածվել է նրանում ընդգրկված համալսարանների այլ ոլորտների վրա ևս:
Լիգայի համալսարանները U.S. News & World Report ամսագրի տվյալներով մշտապես ընդգրկվում են ԱՄՆ-ի լավագույն 15 քոլեջների և համալսարանների ցանկում: Այսպես` 2010 թվականին ԱՄՆ-ի լավագույն համալսարանների եռյակում ընդգրկվել են Հարվարդի, Եյլի և Փրինսթոնի համալսարանները, որոնք ներկայացնում են «Բաղեղի լիգան»[1]: Լիգայի համալսարանները ներառված են նաև աշխարհի ակադեմիական ամենահարուստ հաստատությունների ցանկում, ինչը գրավում է լավագույն ուսանողներին ու դասախոսներին:
Համալսարանները երկրի գիտական առաջատար հաստատություններն են, որոնք ունեն ֆինանսավորման տարբեր աղբյուրներ: Օրինակ` Հարվարդի և Եյլի համալսարանները 2014 թվականին գիտական հետազոտությունների համար տրամադրել են համապատասխանաբար 36.4 և 23.9 միլիարդ դոլար[2]:
Լիգայի անդամ համալսարաններԽմբագրել
Ստորև ներկայացվում են «Բաղեղի լիգայի» անդամ հանդիսացող համալսարանները այբբենական կարգով.
- Բրաունի համալսարան (անգլ.՝ Brown University) - քաղաք Փրովիդենս, Ռոդ Այլենդի նահանգ: Հիմնադրվել է 1764 թվականին Ռոդ Այլենդի քոլեջ անվանումով:
- Դարտմուտի քոլեջ (անգլ.՝ Dartmouth College) - Հաննովեր, Նյու Հեմփշիրի նահանգ: Հիմնադրվել է 1769 թվականին:
- Եյլի համալսարան (անգլ.՝ Yale University) - Նյու Հեյվըն, Կոնեկտիկուտ նահանգ: Հիմնադրվել է 1701 թվականին «Կոլեգիալ դպրոց» անվանումով:
- Կոլումբիայի համալսարան (անգլ.՝ Columbia University) - Նյու Յորք, Նյու Յորք նահանգ: Հիմնադրվել է 1754 թվականին «Արքայական քոլեջ» անվանումով:
- Կոռնելի համալսարան (անգլ.՝ Cornell University) - Իթակա, Նյու Յորք նահանգ: Հիմնադրվել է 1865 թվականին:
- Հարվարդի համալսարան (անգլ.՝ Harvard University) - Քեմբրիջ, Մասաչուսեթս նահանգ: Հիմնադրվել է 1636 թվականին:
- Փենսիլվանիայի համալսարան (անգլ.՝ University of Pennsylvania) - Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա նահանգ: Հիմնադրվել է 1740 թվականին «Ֆիլադելֆիայի ակադեմիա» անունով:
- Փրինսթոնի համալսարան (անգլ.՝ Princeton University) - Փրինսթոն, Նյու Ջերսի նահանգ: Հիմնադրվել է 1746 թվականին «Նյու Ջերսիի քոլեջ» անվանումով:
Անվան ծագումԽմբագրել
Բաղեղի մասին հիշատակումը, որը վերաբերում է քոլեջներին, արձանագրվել է մարզական լրագրող Սթենլի Վուդվարդի հոդվածում (անգլ.՝ Stanley Woodward, (1895-1965)):
«Բաղեղի լիգա» արտահայտության ծագման մասին վկայում է հետևյալ պատմությունը. մարզական մի լրագրող խմբագրությունից հանձնարարություն է ստանում մեկնաբանելու Կոլումբիայի և Փենսիլվանիայի համալսարանական թիմերի մեջ կայանալիք խաղը ամերիկյան ֆուտբոլից: Կարծելով, որ խաղը լինելու է անհետաքրքիր` լրագրողը նշել է, որ ինքը ստիպված է լինելու տեսնել, թե «ինչպես է աճում բաղեղը»: Մեկ ուրիշ լրագրող, սխալ հասկանալով լսածը, համալսարանների խումբն անվանում է «Բաղեղի լիգա»:
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Лига плюща лучшие университеты США // Учёба.ру. 2 мая 2007 г(չաշխատող հղում). (ռուս.) — 31.08.2009.
- ↑ UniPage — Университеты Лиги плюща — Эндаумент, 2014 год