Բազկային հյուսակ կամ բազկահյուսակ
Աջ բազկահյուսակն իր կարճ ճյուղերով՝ տեսքն առջևից
Լատիներեն անվանումPlexus brachialis
Ենթադասnerve plexus?, limb nerve plexus?[1] և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Մասն էԾայրամասային նյարդային համակարգ
ՆյարդավորումՎերին վերջույթի մաշկ և մկանունք
Սկիզբ է առնումC5, C6, C7, C8, T1 (երբեմն նաև C4 կամ T2)
Բաժանվում է17 ճյուղ (նյարդ)
Գրանցամատյաններ
MeSHD001917
Gray930
Dorlands24
Բազկային հյուսակը կամ բազկահյուսակը ողնուղեղից ծագող նյարդերի ցանց է, որը կազմվում է 4 ստորին պարանոցային նյարդերի և առաջին կրծքային նյարդի առաջային ճյուղերով (C5–C8, T1)։ Բազկահյուսակը պարանոցից պարանոց-անութափոսային խողովակով անցնում է դեպի անութափոս (թևատակ), այնուհետև դեպի բազուկ, նախաբազուկ և ձեռք՝ նյարդավորելով այս շրջանները։

Կառուցվածք

խմբագրել
Բազկահյուսակը բաժանվում է արմատների, ցողունների, բաժինների, խրձերի և ճյուղերի։ Գոյություն ունեն 5 «ծայրային» ճյուղեր և բազմաթիվ այլ «նախածայրային» կամ «համակողմնային» ճյուղեր, որոնք ծագում են հյուսակի տարբեր կետերից։

Արմատներ

խմբագրել
Հինգ արմատները վերոնշյալ ողնուղեղային նյարդերի 5 առաջային ճյուղերն են՝ C5, C6, C7, C8 և T1: Նախաֆիքսված կամ հետֆիքսված ձևավորման դեպքում բազկահյուսակը ներառում է նաև, համապատասխանաբար, C4 կամ T2 արմատները։

Ցողուններ

խմբագրել

Արմատները միաձուլվում են՝ կազմելով 3 ցողուն.

  • վերին ցողուն (C5-C6)
  • միջին ցողուն (C7)
  • ստորին ցողուն (C8, T1)

Բաժիններ

խմբագրել

Յուրաքանչյուր ցողուն կիսվում է՝ ձևավորելով 6 բաժին.

  • վերին, միջին և ստորին ցողունների առաջային բաժիններ
  • վերին, միջին և ստորին ցողունների հետին բաժիններ

Այս 6 բաժինները վերախմբավորվում են՝ կազմելով 3 խուրձ։ Խրձերը կոչում են ըստ անութափոսային զարկերակի նկատմամբ իրենց դիրքի.

  • հետին խուրձ՝ ցողունների 3 հետին բաժիններից (C5, C6, C7, C8, T1)
  • կողմնային խուրձ՝ վերին և միջին ցողունների առաջային բաժիններից (C5, C6, C7)
  • միջային խուրձ՝ ստորին ցողունի պարզ շարունակությունն է (C8, T1)

Ճյուղեր (նյարդեր)

խմբագրել

Ճյուղերը թվարկված են ստորև (տե՛ս Սխեմա)։ Շատերը ծագում են խրձերից, սակայն որոշները՝ միանգամից ավելի վաղ կառույցներից։

 
Բազկային հյուսակ (բազկահյուսակ)

Առանձին ճյուղեր (նյարդեր)

խմբագրել

Թավատառը նշում է նյարդի (ճյուղի) առաջնային արմատը։ Իսկ շեղատառը նշում է այն արմատները, որոնք ոչ միշտ են մասնակցում նյարդի ձևավորմանը։

Ծագում Ճյուղ (նյարդ) Արմատ[2] Մկան Մաշկ
արմատ թիկնային թիակային նյարդ C4, C5 շեղանկյունաձև, թիակը բարձրացնող -
արմատ երկար կրծքային նյարդ C5, C6, C7 առաջային ատամնավոր -
արմատ ճյուղ ստոծանու նյարդին C5 ստոծանի -
վերին ցողուն նյարդ ենթանրակային մկանին C5, C6 ենթանրակային -
վերին ցողուն վերթիակային նյարդ C5, C6 վերփշային, ստորփշային -
կողմնային խուրձ կողմնային կրծքամկանային նյարդ C5, C6, C7 մեծ և փոքր կրծքամկաններ (հաղորդակցվելով միջային կրծքամկանային նյարդի հետ) -
կողմնային խուրձ մկանամաշկային նյարդ C5, C6, C7 կտցաբազկային, բազկային, բազկի երկգլուխ դառնում է նախաբազկի կողմնային մաշկային նյարդ
կողմնային խուրձ միջնակ նյարդի կողմնային արմատ C5, C6, C7 թելեր միջնակ նյարդին -
հետին խուրձ վերին ենթաթիակային նյարդ C5, C6 ենթաթիակային (վերին հատված) -
հետին խուրձ կրծքամեջքային նյարդ (միջին ենթաթիակային նյարդ) C6, C7, C8 մեջքի լայնագույն -
հետին խուրձ ստորին ենթաթիակային նյարդ C5, C6 ենթաթիակային (ստորին հատված) և մեծ կլոր -
հետին խուրձ անութափոսային նյարդ C5, C6 առաջային ճյուղ՝ դելտայաձև մկան և այն ծածկող մաշկի փոքր հատված; հետին ճյուղ՝ փոքր կլոր և դելտայաձև հետին ճյուղը դառնում է բազկի վերին կողմնային մաշկային նյարդ
հետին խուրձ ճաճանչային նյարդ C5, C6, C7, C8, T1 բազկի եռագլուխ, վերհակիչ, արմնկային, դաստակի և մատների տարածիչներ, բթամատի երկար զատիչ, բազկաճաճանչային բազկի թիկնային մաշկը՝ որպես բազկի հետին մաշկային նյարդ; նաև ճաճանչային նյարդի մակերեսային ճյուղը նյարդավորում է ձեռքի թիկունքը, ներառյալ I միջմատնային տարածությունը
միջային խուրձ միջային կրծքամկանային նյարդ C8, T1 մեծ և փոքր կրծքամկաններ (հաղորդակցվելով կողմնային կրծքամկանային նյարդի հետ) -
միջային խուրձ միջնակ նյարդի միջային արմատ C8, T1 թելեր միջնակ նյարդին ձեռքի մաշկի տեղամասերը, որոնք չեն նյարդավորում ծղիկային կամ ճաճանչային նյարդերը
միջային խուրձ բազկի միջային մաշկային նյարդ C8, T1 - բազկի առաջային և միջային մաշկ
միջային խուրձ նախաբազկի միջային մաշկային նյարդ C8, T1 - նախաբազկի միջային մաշկ
միջային խուրձ ծղիկային նյարդ C8, T1 դաստակի ծղիկային ծալիչ, IV-V մատների խորանիստ ծալիչներ, ձեռքի ներքին մկաններ՝ բացառությամբ թենարի և 2 կողմնային որդանման մկանների ձեռքի միջային կողմի մաշկ և ափային կողմից միջային մեկուկես մատների, իսկ թիկնային կողմից՝ միջային երկուսուկես մատների մաշկ

Գործառույթ

խմբագրել
Բազկահյուսակն ապահովում է ամբողջ վերին վերջույթի մաշկային և մկանային նյարդավորումը՝ երկու բացառությամբ. սեղանարդաձև մկանը նյարդավորվում է ողնուղեղային հավելյալ նյարդի (գանգուղեղային XI նյարդի) կողմից, իսկ թևատակի մոտի մաշկը՝ միջկողաբազկային նյարդի կողմից։

Բազկահյուսակի ախտահարումները կարող են հանգեցնել ծանր ֆունկցիոնալ խանգարումների և հաշմանդամության[3]։

Կլինիկական նշանակություն

խմբագրել

Վնասում

խմբագրել

Բազկահյուսակի վնասվածքներն ախտահարում են վերին վերջույթի զգացողությունն ու շարժումները։ Դրանց պատճառ կարող են հանդիսանալ պարանոցի կամ անութափոսի շրջանի գերձգումը (պրկում), հիվանդությունները և վերքերը։ Կախված վնասվածքի տեղակայումից՝ ախտանշանները կարող են տատանվել կաթվածից մինչև անզգայացում։ Կաթվածի աստիճանը գնահատելու համար ստուգում են հիվանդի՝ շարժումներ կատարելու ունակությունը՝ համեմատելով չվնասված կողմի հետ։ Հաճախ բազկահյուսակի վնասվածքը լինում է կոպիտ վայրէջքի հետևանքով, երբ ուսը կտրուկ և խիստ հեռանում է պարանոցից (ինչպես մոտոցիկլային վթարի կամ ծառից վայր ընկնելու ժամանակ)։ Այս գերձգումը կարող է հանգեցնել բազկահյուսակի վերին հատվածների պատռման կամ նույնիսկ ողնուղեղից պոկման։ Բազկահյուսակի վերին վնասումներ լինում են նաև նորածինների մոտ (Բազկահյուսակի ծննդաբերական (նորածնային) կաթված, ԲՆԿ), երբ դժվար ծննդաբերության ժամանակ երեխայի պարանոցը գերձգվում է[4]։ Վերին վնասումների դեպքում կաթվածն ի հայտ է գալիս C5-C6-ի կողմից նյարդավորվող մկանների շրջանում, ինչպիսիք են դելտայաձև, բազկի երկգլուխ, բազկային և բազկաճաճանչային մկանները։ Հաճախ դա ուղեկցվում է վերջույթի կողմնային մակերեսի անզգայացմամբ։

Բազկահյուսակի ստորին վնասվածքներն ավելի հազվադեպ են, բայց կարող են ի հայտ գալ, երբ անձը կտրուկ բռնում է ինչ-որ բանից, որպեսզի վայր չընկնի կամ երբ դժվար ծննդաբերության ժամանակ նորածնի թևը գերձգվում է (տե՛ս ԲՆԿ)։ Այս դեպքում ախտահարվում են ձեռքի մկանները և հիվանդը չի կարողանում բռունցք անել[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. անատոմիայի հիմնարար մոդել
  2. Moore, K.L.; Agur, A.M. (2007). Essential Clinical Anatomy (3rd ed.). Baltimore: Lippincott Williams & Wilkins. էջեր 430–1. ISBN 978-0-7817-6274-8.
  3. Moore, K.L.; Agur, A.M. (2007). Essential Clinical Anatomy (3rd ed.). Baltimore: Lippincott Williams & Wilkins. էջեր 434–5. ISBN 978-0-7817-6274-8.
  4. Ecker, Jeffrey L.; Greenberg, James A.; Norwitz, Errol R.; Nadel, Allan S.; Repke, John T. (1997). «Birth Weight as a Predictor of Brachial Plexus Injury». Obstetrics & Gynecology. 89 (5): 643–47. doi:10.1016/S0029-7844(97)00007-0. PMID 9166293.
  5. Moore, Keith (2006). Clinically Oriented Anatomy. Philadelphia: Lippincott Williams & Wilkins. էջեր 778–81. ISBN 0-7817-3639-0.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 210