Բադր ալ-Ջամալի (արաբ․՝ بدر الجمالى‎‎,‎‎, 1010[1] - 1094, Կահիրե, Ֆաթիմիդների խալիֆայություն), Ամիր ալ-Ջույուշ (արաբ․՝ أمير الجيوش,‎‎ թարգմանաբար՝ զորքերի հրամանատար), ազգությամբ հայ ականավոր ռազմական և պետական գործիչ, Ֆաթիմյան խալիֆայության վեզիր (Եգիպտոս

Բադր ալ-Ջամալի
بدر الجمالى‎‎
Վեզիր
Հաջորդող Ալ-Աֆդալ
 
Մասնագիտություն՝ Վեզիր
Ազգություն հայ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր 1010[1]
Վախճանի օր 1094
Վախճանի վայր Կահիրե, Ֆաթիմիդների խալիֆայություն
Քաղաքացիություն  Ֆաթիմիդների խալիֆայություն
Զավակներ Ալ-Աֆդալ

Հայերը Եգիպտոսում խմբագրել

Հայերը Եգիպտոսում հաստատվել են շատ վաղուց։ Դեռևս մ.թ.ա. I դարում հայերի ներկայությունը ենթադրվել է այս երկրում, քանզի, երբ մ.թ.ա. 34 թվականին Անտոնիոսը իր և Կլեոպատրայի որդի Ալեքսանդրին հռչակեց թագավոր, պատմիչներից մեկի խոսքերով՝ ներկա գտնվող հայերը ողջունեցին նրան որպես իրենց թագավորի։ Եգիպտոսի՝ արաբների տիրապետության տակ անցնելուց հետո 646 թ. ազգությամբ հայ Գրիգոր անունով մեկը իրեն հռչակել է Հյուսիսային Աֆրիկայի մի քանի շրջանների կառավարիչ։ Նա նույնիսկ դրամ է հատել, որի վրա իր անունն է նշվել։ Կահիրեում հայտնաբերված 10-րդ դարի հայկական 2 խաչքարերը վկայում են հայերի ներկայության մասին Եգիպտոսում [2]:

 
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Կահիրե)

Ազգությամբ հայ Վարդան ալ-Ռումի ալ-Արմանին ակտիվ մասնակցություն է ունեցել 640-641 թվականների Ալեքսանդրիայի ճակատամարտում և Ֆուստատ քաղաքի հիմնադրման գործում։ Ֆուստատում գոյություն է ունեցել շուկա, որը կոչվել է Սուկ ալ-Վարդան։ Հայերի ներգաղթը Եգիպտոս մեծ թափ առավ Ֆաթիմյանների իշխանության օրոք։ 11-րդ դարում բազմաթիվ հայեր Եգիպտոս են ներգաղթել Սիրիայից այնտեղ տիրող անընդհատ պատերազմների արդյունքում։ Հայերի թիվը Եգիպտոսում ավելի շատացավ 1075 թվականին կաթողիկոս Գրիգոր Վկայասերի այնտեղ այցից և Բադր ալ-Ջամալիի՝ Եգիպտոսի վեզիր դառնալուց հետո։ Կաթողիկոսին լավ ընդունելություն է ցույց տվել խալիֆ ալ-Մուսթանսիրը։ Այս այցից հետո շուրջ 30 000 հայեր տեղափոխվել և հաստատվել են Եգիպտոս։ Կաթողիկոսը իր զարմիկ Գրիգորին նշանակել է Եգիպտոսի հայերի հոգևոր առաջնորդ։ Նրանք հիմնականում Անիից և Մանազկերտից եկած հայերն էին, որտեղից նրանք հեռացել էին, երբ համապատասխանաբար 1065 և 1071 թվականներին այդ քաղաքները անցել էին սելջուկ-թուրքերի ձեռքը։

Եգիպտոսում 909 թվականին հիմնադրված Ֆաթիմյան խալիֆայության պատմության մեջ մեծ դեր են խաղացել ազգությամբ հայ կառավարիչները։ Նրանցից ամենանշանավորը Բադր ալ-Ջամալին էր, ով 1074 թվականին դարձավ խալիֆայութան վեզիրը և Եգիպտոսում ամբողջությամբ իր ձեռքը վերցրեց իշխանությունը։

Զորավարություն և քաղաքական պաշտոններ խմբագրել

 
Ֆաթիմյան խալիֆայություն

Բադր ալ-Ջամալիի արաբ կենսագիրները սկսում են նրանից, որ նա ստրուկ կամ ծառա է եղել Տրիպոլիի ղեկավար ալ-Կադի Ջամալ ադ-Դաուլայի մոտ։ Այստեղից էլ ծագում է նրա էպիտետներից ալ-Ջամալի անունը։

Մյուս կողմից գրեթե ոչինչ հայտնի չէ Բադրի Սիրիայում սկզբնական գործունեության շրջանի մասին մինչև նրա նշանակումը Ֆաթիմյան ռազմական կառավարիչ Սիրիայում 1063 թվականին։ Բադր ալ-Ջամալիի մասին տեղեկություններ են հաղորդում պատմիչներ Իբն Մուասսարին, ով գրում է, որ Բադրը հայ գերի էր, ով հետագայում անուն հանեց Ամիր ալ-Ջույուշ անունով։ Մատթեոս Ուռհայեցին այն հազվադեպ հայ պատմիչներից է, ով տեղեկություններ է հաղորդում Բադր ալ-Ջամալիի մասին։ Ըստ Իբն Խալլիկանի՝ Բադրը Ջամալ ադ-Դաուլա Բին Ամմարի ստրուկն էր, ով հետագայում իր հմտությունների և քաջության շնորհիվ դարձավ Եգիպտոսի կառավարիչը։Բադրի Ջամալի անվանումը։ Բադր ալ-Ջամալիի ծննդյան համար տարբեր տարեթվեր են նշվում։ Տեսակետ կա, որ նա ծնվել է 1010 թվականին, իսկ ղուլամ է դարձել 1022 թվականին։

 
ալ-Ազհար Մզկիթ-համալսարանը Կահիրեում

1063 թվականին Ֆաթիմյան խալիֆ ալ-Մուսթանսիրի կողմից ուղարկվել է Դամասկոս՝ որպես վալի՝ կառավարիչ։ Մինչև Բադրի այս կարևոր պաշտոմում նշանակվելը Ֆաթիմյաններն արդեն բարդ առճակատման մեջ էին մտել տեղական խմբավորումների և սելջուկ թուրքերի հետ։ Ռազմական գործերի կառավարիչ դառնալուց մեկ տարի անց պատերազմ բռնկվեց իր զորքերի և տեղական բնակչության ու էմիրների միջև։

11-րդ դարի 60-ական թվականներին սելջուկ թուրքերը մտան Սիրիա և իրենց ենթարկեցին երկրի մեծ մասը։ Նույն ժամանակ Եգիպտոսում թուրք զորապետերը չեզոքացրել էին Ֆաթիմյան խալիֆին՝ դեպի Եգիպտոս ու Հյուսիսային Աֆրիկա սելջուկյան ներխուժումը հեշտացնելու նպատակով։

Այդ դեպքերից հետո Բադր ալ-Ջամալին նշանակվեց Աքքայի ռազմական կառավարիչ։ Այստեղ Բադրի գլխավոր խնդիրն էր պահպանել վերահսկողությունը Միջերկրականի ափին գտնվող բնակավայրերի վրա Աքքայից մինչև Սիդոն և ապահովել ճանապարհների անվտանգությունը Եգիպտոսից մինչև վերոնշյալ վայրերը։

Ամրապնդվելով Աքքայում Բադրը շարունակում էր մնալ Սիրիայի կառավարիչը և ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Աքքայից էր դիմադրություն ցույց տալիս թուրքերին, որոնք անցնելով Տավրոսը շարունակում էին առաջխաղացումը Սիրիայում։

Ֆաթիմյան խալիֆայության վեզիր խմբագրել

 
Զեյնաբի մզկիթ, Կահիրե

Եգիպտոսում 1058 թվականին վեզիր Յազուրիի սպանությունից հետո մինչև Բադրի վեզիր դառնալը 1074 թվականին սիցիլիացիների, Մաղրիբի քութամա, զուայլա ցեղերի, սուդանցիների և թուրքական զինված խմբավորումների միջև քաղաքացիական պատերազմ էր ընթանում։ Ալ-Մուիզզին Մաղրիբից Եգիպտոս ուղեկցած ուժերը իրենց արտոնյալ դիրքում էին զգում Ֆաթիմյանների օրոք, իսկ Քութամա ցեղի զինված խմբավորումները, որոնց բերել էր խալիֆ ալ-Ազիզը մշտական հակամարտության մեջ էին թուրքական ուժերի հետ։

Սուդանական ռազմական ստրուկները Եգիպտոսում սկսել են հայտնվել Քաֆուր ալ-Իխշիդիի իշխանության տարիներին։ Խալիֆ ալ-Հաքիմը նրանց օգտագործում էր Ֆուստատի սուննի բնակչության դեմ։ Խալիֆ ալ-Մուսթանսիրի մայրը, ով Սուդանից էր, մեծ նշանակություն և արտոնություն էր տալիս նրանց։ Սուդանական զորամիավորումները, որոնք պատկանում էին լավաթի ցեղին, Սուլեյման ալ-Լավաթիի գլխավորությամբ իրենց տիրապետությունն էին հաստատել հիմնականում Վերին Եգիպտոսի գյուղական բնակավայրերում։

Վերոհիշյալ ուժերի միջև էլ տեղի էր ունենում քաղաքացիական պատերազմը, որը 1066 թվականին հասավ իր գագաթնակետին։ Թուրքերը, որոնք գերակշռում էին, հրամանատար Նասիր ադ-Դաուլա ալ-Համդանիի գլխավորությամբ կարողացան իրենց տիրապետությունը հաստատել մայրաքաղաքում և դուրս քշել սուդանական զորամիավորումներին այնտեղից։ Խալիֆ ալ-Մուսթանսիրը ամբողջովին հեռացված էր իշխանությունից։ Ստեղծված անելանելի դրությունում խալիֆ ալ-Մուսթանսիրը (1035-1095) նամակով դիմեց Աքքայի կառավարիչ Բադր ալ-Ջամալիին՝ հրավիրելով նրան Կահիրե իրավիճակը փրկելու համար։ Ահա այսպիսի բարդ իրավիճակ էր տիրում Եգիպտոսում, երբ Բադր ալ-Ջամալին ուղևորվեց այնտեղ։

 
Բաբ ալ-Ֆութուհ՝ Կահիրեի բերդի դարպասներից, կառուցվել է Բադր ալ-Ջամալի օրոք

Բադրը 100 առագաստանավով Աքքայից Եգիպտոս ճանապարհ ընկավ 1072 թվականի դեկտեմբերի 30-ին։ 40 օր անց՝ ըստ Մագրիզիի 1073 թվականի փետրվարի 9-ին, իսկ համաձայն իբն Խալլիկանի՝ Բադր ալ-Ջամալին Եգիպտոս է ժամանել 1074 թվականի հունվարի 29-ին։

Բադր ալ-Ջամալին սկզբում ուղևորվեց Թինիս, ապա Դամիեթ։ Այնտեղ Բադրին հաջողվեց գումար վերցնել տեղի վաճառականներից և հարուստներից։ Բուհեյրայում հյուրընկալվեց մեծահարուստ, սուդանական զինվորականների առաջնորդ Սուլեյման ալ-Լավաթիի մոտ։ Եգիպտոս ժամանելով՝ Բադր ալ-Ջամալին նախևառաջ ձերբակալեց երկրի գրեթե բոլոր էմիրներին։ Հարկ է նշել, որ էմիրները տեղեկություն չունեին Բադրի Եգիպտոսի կառավարիչ նշանակվելու մասին։ Էմիրներից ոմանք ալ-Ջամալիի պատվին հյուրասիրություն կազմակերպեցին։ Բադրը պատասխան հյուրասիրություն կազմակերպեց և գիշերով սպանել տվեց նրանց, իսկ էմիրներին պատկանող պալատները, կալվածքները և ամբողջ ունեցվածքը տվեց իր կողմնակիցներին։ Այս քայլի շնորհիվ Բադր ալ-Ջամալիի իշխանությունը մեծացավ և հեղինակությունը աճեց։ Խալիֆ ալ-Մուսթանսիրը Բադրին տվեց սրի և գրչի վեզիր տիտղոսը։ Մայրաքաղաքում իր իշխանությունը ամրապնդելուց հետո Բադր ալ-Ջամալին հարձակվեց Ստորին Եգիպտոսի վրա և ջախջախեց այնտեղ տիրապետություն հաստատած լավաթիներին և սպանեց նրանց առաջնորդ Սուլեյման ալ-Լավաթին և նրա որդուն։ Լավաթիներին ոչնչացնելուց հետո Բադր ալ-Ջամալին շարունակեց առաջխաղացումը դեպի Եգիպտոսի արևելյան շրջաններ։ Այնտեղ Բադրին նույնպես հաջողվեց ճնշել խռովությունները։ Արևելքում հարցերը լուծելուց հետո Բադրը ուղղվեց Ալեքսանդրիա, որտեղ ապստամբություն էր բարձրացվել իր որդի Ավհատի մասնակցությամբ։ 1084 թվականի սկզբին Բադրի զորքերը մի քանի օր պաշարեցին Ալեքսանդրիան։ Ի վերջո զորքերին հաջողվեց գրավել քաղաքը։

 
Բաբ Զուեյլա՝ Կահիրեի բերդի դարպասներից, կառուցվել է Բադր ալ-Ջամալի օրոք

Բադր ալ-Ջամալիի համար կարևոր խնդիր էր դելտայի շրջանում խաղաղություն հաստատելը։ Վեզիրը հյուսիս մեկնեց 1076 թվականին, սակայն այլ պատճառով։ Սելջուկյան զորավար Աթսիզը իբն Ուվակը, ով 1071 թվականին գրավել էր Դամասկոսը, շարժվում էր դելտայի ուղղությամբ։ Բադր ալ-Ջամալիին հաջողվեց ջախջախիչ պարտության մատնել Աթսիզի զորքերին։ Դրանից հետո Բադրը հարձակվեց Պարքայի մերձակա ըմբոստ արաբական ցեղերի վրա։ Չհաշված Տամիեթում, Ալեքսանդրիայում, Ղարբիեում, Շարկիեում, Վերին Եգիպտոսում, Կահիրեում, Ասուանում սպանվածներին՝ միայն Բուհեյրայում Բադրը 20000 մարդ է կոտորել։ Այսպիսով Բադր ալ-Ջամալիին հաջողվեց վերջ տալ Եգիպտոսում բավական երկար ժամանակ տիրող խռովություններին և ամրապնդել իր իշխանությունը։

Եգիպտոսը իր տիրապետությանը ենթարկելուց հետո Բադր ալ-Ջամալին զորք ուղարկեց Սիրիա և Պաղեստին՝ այդ երկրները կրկին Ֆաթիմյան խալիֆայությանը միացնելու նպատակով։ Նրա զորքերը կարողացան գրավել Երուսաղեմը, որտեղ կառավարիչ էր վերոհիշյալ թուրք զորավար Աթսիզը, ով մեկ անգամ արդեն պարտություն էր կրել Բադր ալ-Ջամալիից։ Նա ստիպված օգնության խնդրանքով դիմում է սելջուկ հրամանատար Թութուշին, ով մեծ ուժերով մտել էր Սիրիա։ Աթսիզը լքեց Երուսաղեմը և գնաց միանալու Թութուշին։ Սակայն վերջինս ձերբակալեց Աթսիզին և սպանել տվեց 1078 թվականին Երուսաղեմը լքելու պատճառով, որից հետո Թութուշը իր տիրապետությունը հաստատեց ողջ Սիրիայում։ 1085 թվականին նա որպես Աբբասյան փոխարքա մտավ Հալեպ։ Սելջուկների միջև ծագած երկպառակություններիցփորձեց օգտվել Բադր ալ-Ջամալին, ով կրկին զորք ուղարկեց Դամասկոսը գրավելու համար, որը, սակայն, նրան չհաջողվեց։ Փոխարենը նրա զորքերը վերագրավեցին Թիրը կամ Սուրը և Աքքան։

1093 թվականի փետրվարի մեկին Բադր ալ-Ջամալիի բանակը կրկին նվաճեց Սուրը։ Քաղաքի ղեկավարին իր զինակիցներով տարան Եգիպտոս և Բադր ալ-Ջամալիի հրամանով գլխատվեցին։ Բացի այդ, Սուրի բնակչության վրա 60000 դինար տուգանք դրվեց։

Սակայն Բադր ալ-Ջամալին 1094 թվականին մահացավ, ինչից հետո վեզիրության տիտղոսն անցավ նրա որդուն՝ Ալ-Աֆդալին։

Տիտղոսներ և զորք խմբագրել

 
Ջույուշի մզկիթը Կահիրեում, կառուցվել է Բադր ալ-Ջամալի օրոք

Բադր ալ-Ջամալիի բացառիկ հզոր դիրքը Ֆաթիմյան Եգիպտոսում սկիզբ դրեց նրան, ինչը որոշ պատմաբաններ անվանում են դիկտատորական վեզիրության ժամանակաշրջան։ Նա ղեկավարում էր բանակը, վարչական ապարատը, դատական համակարգը և ֆաթիմյան քարոզչական համակարգը։ Հաշվի առնելով Բադրի զորքերի կողմից թուրքական զինվորական առաջնորդների չեզոքացումը՝ խալիֆ ալ-Մուսթանսիրը պաշտոնական հրամանագրով հռչակեց Բադրի տիտղոսները։ Նախ նրան սկսեցին դիմել Ձերդ պայծառափայլություն, իսկ խալիֆի կողմից նրան տրված տիտղոսներն էին՝ զորքերի հրամանատար- أمير الجيوش, հավատացյալների էմիրի սիրելի, ընկեր- خليل أمير المؤمنين, մուսուլմանների առաջնորդ- قائد المسلمين, կրոնի պահապան, օգնական- ناصر الدين, իսլամի պահապան- حافظ دين الإسلام , իսլամի սուր- سيف الإسلام մուսուլմանների առաջին կանանց պահապան, մուսուլմանների ուղեցույց- دليل المسلمين : Բադրին այս տիտղոսների շնորհումը խորհրդանշում է վեզիրի ձեռքում վարչական ու դատական համակարգերի կենտրոնացումը։

Ֆաթիմյան խալիֆայությունում վեզիրի պաշտոնը տարբերվում էր վեզիրության Օմայյան և Աբբասյան ավանդույթներից։ Խալիֆայության այս շրջանում (909-1074), վեզիրի պաշտոնը համազոր էր գործադիր իշխանությանը։ Այս պաշտոնի հավակնորդները սովորաբար ընտրվում էին այսպես կոչված գրի մարդկանց միջից և քաղաքացիական էին։ Սակայն նշանակալի տարբերություններ կային Ֆաթիմյան շրջանի նախկին վեզիրների և Բադրի դիրքերի միջև։ Բադրը ուներ սրի վեզիր տիտղոսը, այն դեպքում երբ նրա նախորդները կրում էին միայն գրչի վեզիր տիտղոսը՝ այսինքն քաղաքացիական պաշտոնյաներ էին։ Բադր ալ-Ջամալին առաջինն էր, ով, լինելով զինվորական, դարձավ գրչի վեզիր։

 
Բաբ ալ-Նասր՝ Կահիրեի բերդի դարպասներից, կառուցվել է Բադր ալ-Ջամալի օրոք

Բադր ալ-Ջամալիի զորքերը կազմված էին բացարձակապես հայերից։ Երբ խալիֆ ալ-Մուսթանսիրը դիմեց Բադրին՝ խնդրելով ստանձնել Եգիպտոսի կառավարչի պաշտոնը, նա պայման դրեց խալիֆի առջև, որ իր հետ միայն իր ընտրած զինվորները պետք է լինեն։ Բադր ալ-Ջամալին զինվորական պաշտոններում նշանակում էր հայերի։ Բադր-ալ Ջամալիի պաշտոնավարման շրջանում հայ հետևակ և հեծյալ զինվորների բնակավայրն էր Հուսեյնիե թաղամասը, որտեղ 7 000-ից ավելի հայ էր բնակվում։ Հուսեյնիյան բաժանված էր երկու մասի։ Թաղամասի մի մասը՝ Բաբ ալ-Ֆութուհի մոտ, զբաղեցնում էին զորքերը, իսկ երկրորդ հատվածը գտնվում էր Բաբ ալ-Նասրի մոտ։

Ընդհանրապես, Բադր ալ-Ջամալին խիստ բարյացակամ վերաբերմունք ուներ հայերի նկատմամբ և նրանց մի շարք արտոնություններ շնորհեց։ Կառուցվեցին բազմաթիվ եկեղեցիներ, հայերն էլ Կահիրեում տուն կառուցելու արտոնություն ձեռք բերեցին։ Խաղաղություն հաստատվելուց հետո Եգիպտոս վերադարձան բազմաթիվ առևտրականներ, որոնց մեջ մեծ թիվ էին կազմում հայերը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  2. Արշակ Ալպոյաճյան, Արաբական Միացեալ Հանրապետութեան Եգիպտոսի նահանգը եւ հայերը, 1960։

Աղբյուրներ խմբագրել

  • Նիկոլայ Հովհաննիսյան - Արաբական երկրների պատմություն
  • Գևորգ Մըսրլեան - Ականաւոր Հայեր Եգիպտոսի մեջ, տպարան Սահակ-Մեսրեպ, Կահիրե 1947
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 351