Բագրատ Միրաքյան

հայ մանկավարժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրաքյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Բագրատ Միքայելի Միրաքյան (հուլիսի 2, 1909, Շուլավեր, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն - հունվարի 6, 1991), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1960): ԽՄԿԿ անդամ (1942): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Բագրատ Միրաքյան
Ծնվել էհուլիսի 2, 1909
ԾննդավայրՇուլավեր, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 6, 1991
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Բագրատ Միրաքյանը ծնվել է 1909 թվականին Վրացական ԽՍՀ Շուլավեր գյուղում։ 1926 թվականին ավարտել է Թբիլիսիի № 72 մանկավարժական թեքումով աշխատանքային միջնակարգ դպրոցը, տեղափոխվել է Երևան և 1928 թվականին աշխատանքի է անցել մայրաքաղաքի Շահումյանի անվան դպրոցում։ 1936-1941 թվականներին աշխատել է հանրապետության լուսժողկոմատի ապարատում, վարել է կադրերի բաժնի պետի տեղակալի պաշտոնը, միաժամանակ ավարտել է ռուսական մանկավարժական ինստիտուտի երեկոյան բաժինը[1]։

Միրաքյանը խորհրդային բանակ է զորակոչվել Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերին։ 1942 թվականի հունվարին գերմանաֆաշիստական զորքերի դեմ կռվել է Դոնի Ռոստովի մատույցներում։ 1942 թվականին ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ Ծառայել է ներքին գործերի ժողկոմատի զորամասերում, մասնակցել Չեխոսլովակիայի ազատագրման մարտերին։ Բրատիսլավայի մոտերքում մղված մարտերից մեկում վիրավորվել է, բայց մնացել է մարտական շարքում։ Զորամասի կազմում մեկնել է Մանջուրիա, ուր Անդրբայկալյան ռազմաճակատում կռվել է ճապոնական զավթիչների դեմ։ Մարտական սխրանքների համար արժանացել է Կարմիր աստղի երկու շքանշանների և մի շարք մեդալների[1]։

1946 թվականին Միրաքյանը զորացրվել է բանակից, վերադարձել Երևան և անցել մանկավարժական աշխատանքի, ղեկավարել Թելմանի, Շահումյանի անվան դպրոցների մանկավարժական կոլեկտիվները, վարել է № 1 գիշերօթիկ դպրոցի ուսմասվարի, ՀԽՍՀ լուսավորության նախարարության կադրերի բաժնի պետի պաշտոնները։ 1965-1972 թվականներին Միրաքյանը եղել է Սպանդարյանի շրջանի ժողկրթության բաժնի վարիչ։

Երկար տարիներ զբաղվել է նաև գիտահետազոտական աշխատանքով, նրա մեթոդական արժեքավոր աշխատությունները և բազմաթիվ հոդվածները տպագրվել են հանրապետական թերթերում։ Կենսաթոշակի անցնելուց հետո շարունակել է հասարակական գործունեությունը։ 1960 թվականին Միրաքյանին շնորհվել է հանրապետության վաստակավոր ուսուցչի պատվավոր կոչում, իսկ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Եղել է Հայկական ԽՍՀ մանկավարժական ընկերության Երևանի բաժանմունքի նախագահի տեղակալը[1]։

Պարգևներ խմբագրել

  • Կարմիր աստղի կրկնակի շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել