Բաբկեն Շահումյան

հայ արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Բաբկեն Միքայելի Շահումյան (1906, Դիլիջան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1992), հայ արձակագիր, լրագրող, թարգմանիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1943 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։

Բաբկեն Շահումյան
Ծնվել է1906
ԾննդավայրԴիլիջան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1992
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրԱվանգարդ, Կանչ, Հայֆիլմ, ՀԽՍՀ Մշակույթի նախարարություն և Ոզնի
Բաբկեն Շահումյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Բաբկեն Շահումյանը ծնվել է 1906 թ. փետրվարին Դիլիջանում։ Սովորել է Դիլիջանի երկրորդ աստիճանի դպրոցում, որն ավարտել է 1925 թվականին։ Դպրոցն ավարտելուց հետո 1925-1926 թթ. աշխատել է Ջարխեչ գյուղի դպրոցում որպես ուսուցիչ։ 1926 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմալեզվաբանական ֆակուլտետը, սակայն նրան չի հաջողվում ավարտել՝ չորրորդ կուրսից, մոբիլիզացիոն կարգով, ուղարկում են Ալավերդի աշխատելու։ 1931-1935 թթ. աշխատել է Ալավերդու «Պղնձի ֆրոնտում» թերթի խմբագրությունում։ Մամուլի բնագավառում աշխատանքային գործունեությունը շարունակել է «Ավանգարդ», «Պիոներ կանչ», «Բանվորական Երևան», «Խորհրդային Հայաստան» թերթերի խմբագրություններում որպես բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար, խմբագրի տեղակալ, խմբագիր[1][2][3]։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին ՀԿ(բ)Կ ԿԿ կողմից ուղարկվել է Կովկասի ռազմաճակատի քաղվարչության տրամադրության տակ Կերչ, որտեղ 1942 թ. փետրվար-հուլիս ամիսներին աշխատել է ռազմաճակատի «Боевая Крымская» թերթի հայկական հրատարակչական գծով խմբագրի տեղակալ։ 1939-1954 թթ. աշխատել է կինեմատոգրաֆիայի բնագավառում.1939-1949 թթ. Երևանի Համո Բեկնազարյանի անվան կինոստուդիայում Վավերագրական ֆիլմերի սեկտորի խմբագիր և տնօրեն, այնուհետև ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրության կինեմատոգրաֆիայի բաժնում՝ ֆիլմերի արտադրության վարչության խմբագիր, ապա վարչության պետ։

1954 թվականից ՀԿՊ ԿԿ որոշմամբ փոխադրվել է նորաստեղծ «Ոզնի» երգիծական հանդես որպես պատասխանատու քարտուղար և խմբագրական կոլեգիայի անդամ, 1968 թվականի մարտ ամսից աշխատել է որպես «Ոզնի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ, որտեղ աշխատել է մինչև թոշակի անցնելը 1982 թ. և թղթակցել մինչև իր մահը՝ 1992 թ. փետրվար ամիսը։ ՀԽՍՀ գրողների միության անդամ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժուռնալիստների անդամ, «Մարդիկ», «Աստղերը կմնան երկնքում», «Ճրագթաթի ծմակը», «Ո՞րին ապտակես» և այլ գրքերի հեղինակ, մի քանի վավերագրական ֆիլմերի և ակնարկների հեղինակ[4]։ Արժանացել է մի շարք կառավարական մեդալների և այլ խրախուսանքների։ Հայրենական Մեծ Պատերազմի մասնակից է։ Ունի Սովետական բանակի ավագ լեյտենանտի կոչում։

Երկեր խմբագրել

  • Մարդիկ, Երևան, Պետհրատ, 1934, 148 էջ։
  • Հաստ Թորոսի արկածները, Երևան, Պետհրատ, 1935։
  • Աստղերը կմնան երկնքում, Երևան, Հայպետհրատ, 1944, 126 էջ։
  • Ճրագթաթի ծմակը, Երևան, Հայպետհրատ, 1958, 196 էջ։
  • Որին ապտակես, Երևան, «Սովետական գրող», 1977։

Թարգմանություններ (ռուսերենից) խմբագրել

  • Գուլիա Գեորգի, Գարունը Սակենում, Երևան, Հայպետհրատ, 1950, 240 էջ։
  • Կոժեսուբ, Ծառայում եմ հայրենիքին, Երևան, Հայպետհրատ, 1951, 218 էջ։
  • Ռիիս Լ., Բարունգի Էմուի պատմությունը, Երևան, Հայպետհրատ, 1963, 63 էջ։
  • Շիշովա Զ. Կ., Մեծ նավարկություն, Երևան, «Հայաստան», 1965, 419 էջ։
  • Դուդինսկի-Մուխաձե Ի., Շահումյան, Երևան, «Հայաստան», 1974, 164 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։ էջ 343-344։
  2. Հովակիմյան Բ.Մ. Հայոց ծածկանունների բառարան, 2005։ էջ 691։
  3. «ՀՀ ԳԱԱ Հիմնարար Գիտական Գրադարան քարտարան › Հեղինակավորի որոնում › Շահումյան, Բաբկեն Միքայելի, 1906-1992 (Personal Name)». opac1.flib.sci.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.(չաշխատող հղում)
  4. «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գրադարան քարտարան › Փնտրման արդյունքներ for 'au:Շահումյան, Բաբկեն Միքայելի,'». koha.anau.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.(չաշխատող հղում)