Ալեքսանդր Սպենդիարյան

հայ դիրիժոր, կոմպոզիտոր
(Վերահղված է Ա. Սպենդիարյանից)

Ալեքսանդր Ստեփանոսի Սպենդիարյան (հոկտեմբերի 20 (նոյեմբերի 1), 1871[2], Կախովկա, Դնեպրովսկի գավառ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 7, 1928(1928-05-07)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ մեծ կոմպոզիտոր, ում անունով է կոչվում Երևանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ 1926:

Ալեքսանդր Սպենդիարյան
Հիմնական տվյալներ
Ծնվել է1871 նոյեմբերի 1 Ռուսական կայսրություն Տավրիկյան նահանգ Դնեպրովյան գավառ Ռուսական կայսրություն
Կախովկա, Դնեպրովսկի գավառ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[1]
ԵրկիրՌուսական կայսրություն
Մահացել է7 մայիսի 1928(1928-05-07) (տարիքը 56) {{flagicon|Armenian SSR
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԱլեքսանդր Սպենդիարյանի շիրիմը
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր, խմբավար
Գործիքներդաշնամուր, ջութակ
Գործունեություն1901 - 1928
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Սիմֆերոպոլի գիմնազիա
Պարգևներ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
 Alexander Spendiaryan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կախովկա 1871-1877 խմբագրել

Ալեքսանդր Սպենդիարյանը (Սպենդիարով) ծնվել է 1871 թվականի նոյեմբերի 1-ին (հին տոմարով՝ հոկտեմբերի 20), Ռուսական կայսրության, Տավրիկյան նահանգի Դնեպրովյան գավառի Կախովկա բնակավայրում (այժմ՝ Խերսոնի մարզ, Ուկրաինա)։ Հայրը՝ Աֆանասի Սպենդիարովը (Ստեփանոս Սպենդիարյանց) զբաղվում էր փայտանյութի առևտրով։ Մայրը՝ Նատալյա Սելինովան (Դշխուհի Կարապետի Սելինյան) Կարասուբազարի (այժմ՝ Բելոգորսկ) քաղաքագլուխ Կարպ Սելինյանի դուստրն էր։ Նրանց ընտանիքում հինգ երեխա էր մեծանում։ Ալեքսանդր Սպենդիարյանն ընտանիքի երկրորդ երեխան էր։ Երաժշտական ունակությունները նրան փոխանցվել են մորից, ով հաճախ էր նվագում հայկական ու թաթարական մեղեդիներ։ Ալեքսանդրը դաշնամուր նվագել սկսել է չորս տարեկանից։ Նրա առաջին ստեղծագործությունը մի փոքրիկ վալս էր՝ հորինված յոթ տարեկանում։

  …Իմ մանկության և պատանեկության տարիների երաժշտական ազդեցություններից ամենաուժեղը մորս դաշնամուր նվագելն էր, ինչը ես շատ էի սիրում ունկնդրել և ինչն, անկասկած, իմ մեջ սեր արթնացրեց դեպի երաժշտությունը…
- Ալեքսանդր Սպենդիարյան
 

Սիմֆերոպոլ 1877-1890 խմբագրել

1877 թ. Ալեքսանդր Սպենդիարյանն ընտանիքի հետ տեղափոխվում է Սիմֆերոպոլ։ Մայրը նրա համար դաշնամուրի ուսուցչուհի է հրավիում։ Սպենդիարյանն արդեն վարժ կարդում էր նոտաները, սակայն մեկ տարի անց նա հրաժարվում է դաշնամուրի դասերից, քանի որ չէր սիրում գամմաներ ու վարժություններ նվագել։ 1882 թ. Ալեքսանդր Սպենդիարյանն ընդունվում է Սիմֆերոպոլի դասական գիմնազիա, երգում աշակերտական երգչախմբում։ Տասնչորս տարեկանում սովորում է ջութակ նվագել և հրապուրվում այս գործիքով։ Իսկ ավագ եղբայրը՝ Լեոնիդը, թավջութակ էր նվագում։ 1888 թ. Սպենդիարյանը գրում է մի ռոմանս, որը նրա առաջին տպագրված ստեղծագործությունն էր. «Հմայված եմ քո գեղեցկությամբ» ռոմանսը նվիրված է Ալեքսանդր Սպենդիարյանի առաջին սեր Ելիզավետա Արենդտին։ 1890 թ. Սպենդիարյանն ավարտում է գիմնազիան և հոր հետ ճամփորդում՝ լինելով Վիեննայի օպերային թատրոնում։

  ...Շլացած դուրս եկա թատրոնից՝ երազելով՝ որպես գերագույն երջանկություն, իմ ստեղծագործությունն էլ երբևիցե լսել այդպիսի հիանալի նվագախմբի կատարմամբ։ Անտարակույս, հենց այդ պահից իմ մեջ ծնվեց հատուկ մի սեր նվագախմբի հանդեպ և ամրապնդվեց նույնպիսի սեր՝ երաժշտության մեջ էկզոտիկ կոլորիտի նկատմամբ...
- Ալեքսանդր Սպենդիարյան
 

Մոսկվա 1890-1895 խմբագրել

1890 թ. Ալեքսանդր Սպենդիարյանը հոր խորհրդով ընդունվում է Մոսկվայի կայսերական համալսարան՝ նախ՝ բնագիտության ֆակուլտետ, ապա ուսումը շարունակում իրավաբանության ֆակուլտետում։ Համալսարանում ուսանելու տարիներին նա, որպես կոնցերտմայստեր, նվագում է Նիկոլայ Կլենովսկու ղեկավարած ուսանողական նվագախմբում՝ շարունակելով ջութակի դասերը Մեծ թատրոնի նվագախմբի ջութակահար Պեկարսկու մոտ։ Ուսանողական նվագախմբի դիրիժոր Նիկոլայ Կլենովսկին, լսելով Սպենդիարյանի ստեղծագործությունները, նրան խորհուրդ է տալիս լրջորեն ուսումնասիրել կոմպոզիցիայի տեսություն, և Ալեքսանդր Սպենդիարյանը հենց նրան էլ ընտրում է որպես առաջին ուսուցիչ։ Նույն համալսարանում էր սովորում նաև Սպենդիարյանի եղբայրը՝ Լեոնիդը, ով դարձավ հայտնի երկրաբան։ Մոսկվայում Սպենդիարյան եղբայրներն հաղորդակից էին հայկական մշակույթին, մտերիմ էին մոսկվաբնակ հայ մտավորականության հետ։ Նրանք հաճախ էին մասնակցում Ներսես Ներսեսովի և Սերգեյ Շահինյանի տանը կազմակերվող երեկույթներին։ 1894 թ. այդպիսի հավաքույթներից մեկի ժամանակ Ալեքսանդր Սպենդիարյանը ծանոթանում է Ալեքսանդր Ծատուրյանի հետ։ Լսելով նրա «Ա˜յ վարդ» բանաստեղծությունը՝ Սպենդիարյանը գրում է համանուն ռոմանս։ Այն կոմպոզիտորի առաջին ստեղծագործությունն էր՝ գրված հայ գրողի բանաստեղծության հիման վրա։ 1895 թ. Սպենդիարյանն ավարտում է իր ուսումը և մեկնում Պետերբուրգ։ Երկու տարի անց՝ 1897 թ., հանձնելով ավարտական քննությունները՝ ստանում է իրավաբանի առաջին կարգի դիպլոմ՝ կյանքի ընքացքում այդպես էլ չզբաղվելով այդ մասնագիտությամբ։

Պետերբուրգ 1895-1900 խմբագրել

1895 թ. ջութակահար Հովհաննես Նալբանդյանի միջնորդությամբ հանդիպում է Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովին և ներկայացնում իր ստեղծագործություններից մի քանիսը։ Ռուս կոմպոզիտորը համաձայնում է դառնալ Սպենդիարյանի կոմպոզիցիայի տեսության ուսուցիչը։ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը մեծապես հավանում էր նրա երաժշտությունը և խրախուսում ավելի խորանալ հայկական ժողովորդական երաժշտության ուսումնասիրության մեջ։ Նրա օգնությամբ Ալեքսանդր Սպենդիարյանը բարեկամական ու ստեղծագործական կապեր է հաստատում ռուսական երաժշտարվեստի անվանիների հետ։ 1900 թ.՝ ավարտելով ուսումը, գրում է իր առաջին սիմֆոնիկ ստեղծագործությունը՝ «Կոնցերտային նախերգանքը»՝ նվիրելով սիրելի ուսուցչին։

Յալթա 1901-1916 խմբագրել

1901 թ. Ալեքսանդր Սպենդիարյանը տեղափոխվում է Յալթա՝ ամուսնանալով վաղամեռիկ եղբոր՝ Լեոնիդ Սպենդիարյանի այրու՝ Վարվառա Մազիրովայի հետ։ Կոմպոզիտորի հայրը որդու ընտանիքին է նվիրում առանձնատուն, որը նախկինում Սերբիայի Նատալյա թագուհու ամառային նստավայրն էր։ Սպենդիարյանների տունը շուտով դառնում է Յալթայի մշակութային կենտրոնը։ Այստեղ շատ հաճախ էին կազմակերպվում համերգներ, երեկույթներ, որոնց ներկա էին լինում Մաքսիմ Գորկին, Անտոն Չեխովը, Ալեքսանդր Գլազունովը, Անտոն Արենսկին, Ֆյոդոր Շալյապինը, Սերգեյ Ռախմանինովը, Իլյա Ռեպինը։ Յալթայում կոմպոզիտորը ծավալում է ակտիվ հասարակական, մշակութային, խմբավարական, բարեգործական ու ստեղծագործական գործունեություն. հիմնում երաժշտական դպրոցներ, սիրողական երգչախումբ, կազմակերպում համերգներ, գլխավորում Յալթայի Հայկական բարեգործական ընկերությունը։

Սուդակ 1916-1924 խմբագրել

1916 թ. վաճառելով Յալթայի առանձնատունը՝ Սպենդիարյանն ընտանիքի հետ տեղափոխվում է Սուդակ՝ ապրելու իր ամառանոցում։ Նույն տարում հրավեր ստանալով Թիֆլիսի Հայկական երաժշտական ընկերությունից՝ կոմպոզիտորը մեկնում է Թիֆլիս, ելույթ ունենում համերգներով ու արժանանում է տեղի հայերի ջերմ ընդունելությանը։ Թիֆլիսում կոմպոզիտորը լսում և գրառում է արևելյան մեղեդիներ, որոնք հետագայում օգտագործում է իր ստեղծագործություններում։ Այստեղ տեղի է ունենում Սպենդիարյանի և Հովհաննես Թումանյանի հանդիպումը, որի ընթացքում էլ կոմպոզիտորի մոտ ծնվում է օպերա գրելու գաղափարը։ Օպերայի սյուժեի հիմք է ընտրվում «Թմկաբերդի առումը» պոեմը։ Վերադառնալով Սուդակ՝ նա ձեռնամուխ է լինում «Ալմաստ» օպերայի ստեղծմանը։ Նույնիսկ Առաջին համաշխարհային պատերազմի և հեղափոխության դժվարին տարիներին Սպենդիարյանը ծավալում է բուռն հասարակական, բարեգործական ու մշակութային գործունեություն։

Երևան 1924-1928 խմբագրել

Սպենդիարյանը այն հայ մտավորակնների շարքում էր, ովքեր Հայաստանի իշխանությունների հրավերով տեղափոխվեցին և բնակություն հաստատեցին հայրենիքում։ Կոմպոզիտորը Հայաստան եկավ 1924 թ.՝ իր հայրենիքում նախաձեռնելով երաժշտական ու մշակութային կյանքի զարգացման լայնածավալ աշխատանքներ։ Նրա ջանքերով ստեղծվեց Երևանի պետական կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբն ու բացվեց նվագախմբային դասարանը։ Հայաստանում կոմպոզիտորը ծավալեց նաև մանկավարժական գործունեություն՝ իր հարուստ փորձը փոխանցելով նորաբաց կոնսերվատորիայի դասախոսներին և ուսանողներին։ Հայկական մշակույթի զարգացման մեջ ունեցած մեծ ավանդի համար Ալեքսանդր Սպենդիարյանին 1926 թ. շնորհվեց Ժողովրդական արտիստի կոչում։ Նա առաջին երաժիշտն էր, որն արժանացավ այդ բարձր բարգևին[3]։

Կոմպոզիտորի մոտ հայտնաբերվում է թոքերի սուր բորբոքում, որի հետևանքով 1928 թ.. մայիսի 7-ին Ալեքսանդր Սպենդիարյանը մահանում է՝ «թոքերի կրուպոզային բորբոքում» ախտորոշմամբ։ Նրա ընկերոջ՝ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի առաջարկությամբ կոմպոզիտորի աճյունն ամփոփվեց Ժողտանը (ներկայիս Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն) հարակից պուրակում։ Նրա մահից մի քանի տարի անց՝ 1933 թ. հունվարի 20-ին, «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ բացվեց Հայաստանի օպերայի պետական թատրոնը, որը 1939 թ.-ից կրում է Ալեքսանդր Սպենդիարյանի անունը։

Գործունեությունը խմբագրել

Ալեքսանդր Սպենդիարյանի անունն իր նշանակալից տեղն ունի հայ դասական երաժշտության պատմության մեջ։ Յուրօրինակ կոմպոզիտոր, տաղանդավոր դիրիժոր, անընկճելի երաժշտահասարակական գործիչ, երիտասարդներ կրթող նրբանկատ մանկավարժ Ալեքսանդր Սպենդիարյանը հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրներից մեկն է, ով յուրացնելով ժողովրդական երաժշտության օրինաչափությունները, դաստիարակվելով եվրոպական և մասնավորապես ռուսական դասական երաժշտության ավանդույթներով՝ ընդլայնեց ազգային երաժշտության շրջանակները։ Նա հիմք դրեց հայ սիմֆոնիկ երաժշտությանը, հարստացրեց կամերային երաժշտությունը և ստեղծեց դասական «Ալմաստ» օպերան։ Սպենդիարյանը մեծ դեր խաղաց ազգային կոմպոզիտորական դպրոցի, նրա գեղագիտական սկզբունքների և հայ երաժշտության մեջ ռեալիստական /իրատեսական/ ուղղվածության ձևավորման գործում։ Սպենդիարյանի երաժշտական ժառանգությունը բաղկացած է քառասունից ավելի երգերից ու ռոմանսներից, մի շարք կամերա-գործիքային և սիմֆոնիկ ստեղծագործություններից, մեկ օպերայից, երկու մելոդեկլամացիաներից, մի քանի խմբերգերից ու վոկալ անսամբլներից։ Սպենդիարյանի գրչին են պատկանում մեծ քանակությամբ ժողովրդական երգերի մշակումներ՝ հայկական, ռուսական, ուկրաինական, թաթարական (Ղրիմի)։ Սպենդիարյանի ինքնատիպ երաժշտական ոճը դրսևորվեց արևելյան թեմաներով գրված ստեղծագործություններում։ Այդ մասին կոմպոզիտորը հետևյալն է գրում. «Հետադարձ հայացք ձգելով այն ամենին, ինչ գրել եմ մինչ օրս, կարելի է այն եզրակացությանը գալ, որ… իմ ստեղծագործություններից առավել անհատական են արևելյան ոճի ստեղծագործությունները»։ Լինելով նոր ռուսական երաժշտական դպրոցի ՝«Հզոր խմբակի» հետևորդը, Սպենդիարյանը հակվեց ծրագրային երաժշտությանը, որին բնորոշ են վառ կերպարայնությունը, երաժշտական լեզվի գունեղությունը, անմիջականությունն ու հուզականությունը։ Դեռևս Սիմֆերոպոլի գիմնազիայում ուսանելու տարիներին երիտասարդ Սպենդիարյանը գրում է իր առաջին ստեղծագործությունները։ Ստեղծագործական առաջին փորձերի թվում կային նաև հերոսական երգերի մշակումներ ջութակի և դաշնամուրի համար, զինվորական քայլերգեր, ինչպես նաև մի շարք հայկական ազգային մեղեդիների մշակումներ քառաձայն երգչախմբի համար՝ «Գացեք տեսեք», «Ջան գյուլում» և այլն։ 1890-ական թթ. Սպենդիարյանը ստեղծեց մեծ քանակությամբ երգեր և ռոմանսներ, որոնք հագեցած էին լուսավոր, անհոգ քնարականությամբ, մեղեդայնությամբ, պարզ ու մատչելի երաժշտական կառուցվածքով։ Դրանցում արտացոլվեց ռուսական կենցաղային երգերի և ռոմանսների անմիջական ազդեցությունը։ 1900 թ. ավարտելով ուսումնառությունը Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի մոտ՝ Սպենդիարյանը սկսեց իր որոնումները ստեղծագործական նոր արտահայտչաձևերում, ինչպես նաև երաժշտա-հասարակական գործունեության բազմակողմանի դրսևորումներում։ Այս ժամանակահատվածում Ալեքսանդր Սպենդիարյանն ակտիվ տարվեց երաժշտա-հասարակական, դիրիժորական և կոմպոզիտորական գործունեությամբ՝ նպաստելով Ղրիմի համերգային կյանքի և երաժշտական կրթության զարգացման գործին։ 1900-1917 թթ. Սպենդիարյանը գրեց իր խոշորակտավ ստեղծագործությունների մեծ մասը. «Ղրիմյան էսքիզներ»-ի երկու սերիաները (1903 թ. և 1912 թ.) «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերը (1905 թ.), մելոդեկլամացիաներ՝ «Մենք կհանգստանանք» (ըստ Չեխովի «Քեռի Վանյայի» պիեսից Սոնյայի մենախոսության, 1910 թ.) և «Էդելվեյս» (ըստ Մ. Գորկու, 1911 թ.), վոկալ անսամբլներ՝ «Պաղեստինի ոստը» (1901 թ.), «Չհնձած արտը» (1902 թ.), «Վլադիմիր Ստասովի հիշատակին» կանտատը (1907 թ.), «Բեդա Քարոզիչ» լեգենդը (1907 թ.), «Ձկնորսն ու փերին» բալլադը (1902 թ.) և այլն։ Ակտիվ էին նրա շփումները տարբեր երաժշտա-հասարակական կազմակերպությունների հետ։ Դրանց թվում էին Ղրիմի, Խարկովի, Օդեսայի, Մոսկվայի, Թբիլիսիի, Նախիջևանի, Բաքվի երաժշտա-հասարակական կազմակերպությունները, տպարանները, երգչախմբային և նվագախմբային միությունները, ուսումնական հաստատությունները և այլն։ Շատ լայն էին Սպենդիարյանի ստեղծագործական շփումները մշակույթի տարբեր ոլորտները ներկայացնող ինչպես ռուս, այնպես էլ հայազգի արվեստագետների հետ՝ Մաքսիմ Գորկի, Անտոն Չեխով, Լև Տոլստոյ, Ալեքսանդր Գլազունով, Բորիս Ասաֆև, Միխայիլ Գնեսին, Սերգեյ Վասիլենկո, Եվգենյա Զբրուևա, Ֆելիքս Բլյումենֆելդ, Նիկոլայ Չերեպնին, Նիկոլայ Ամանի, Սերգեյ Մերկուրով, Եվգենյա Մռավինա, Ալեքսանդր Ծատուրյան, Վարդգես Սուրենյանց, Նիկողայոս Տիգրանյան Հովհաննես Թումանյան, Մարտիրոս Սարյան, Ռոմանոս Մելիքյան, Հովհաննես Նալբանդյան և այլն։ Այդ մասին են վկայում նրա նամակագրական կապերը և ժամանակակիցների հուշերը կոմպոզիտորի մասին։ Սպենդիարյանի ստեղծագործական կյանքում բեկումնային եղավ 1916 թ. նրա այցը Թիֆլիս, որտեղ նա ծանոթացավ Հովհաննես Թումանյանի հետ և «Թմկաբերդի առումը» պոեմով ոգեշնչված՝ գրեց իր «Ալմաստ» օպերան։ Թիֆլիսում նաև կազմակերպվեցին կոմպոզիտորի հեղինակային համերգները, որից ստացված հասույթը Սպենդիարյանը տրամադրեց 1915 թ. ջարդերից տուժված հայերին։ Անընկճելի եռանդով Սպենդիարյանը շարունակեց իր գործը նաև հայրենիքում։ 1924 թ. գալով Երևան՝ նա ձեռնամուխ եղավ հայկական սիմֆոնիկ նվագախմբի ստեղծմանը, որի անդրանիկ համերգը կայացավ 1924 թ. դեկտեմբերի 10-ին։ Սպենդիարյանը մանկավարժի և կոմպոզիտորի իր հմտությունները հաղորդեց երիտասարդ կոլեգաներին և ուսանողներին։ Հետաքրքիր մտքեր և ծրագրեր առաջարկեց երաժշտական հրատարակություն, օպերային թատրոն, ֆիլհարմոնիա ունենալու մասին, որոնք կոմպոզիտորի մահից տարիներ հետո դարձան իրականություն։ 1925 թ. Երևանում նա գրեց իր վերջին ստեղծագործություններից մեկը՝ «Երևանյան էտյուդները», որը նվիրեց Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողական նվագախմբին։ 1926 թ. մեծ շուքով նշեցին կոմպոզիտորի ստեղծագործական գործունեության 25-ամյա հոբելյանը, նույն թվականին նա ստացավ ՀԽՍՀ ժողովրդական արտիստի և Պետկոնսերվատորիայի պրոֆեսորի պատվավոր կոչումները։ Սպենդիարյանի համար կարևոր նշանակություն ուներ 1927 թ. օպերային դասարանի հրապարակային ելույթը, որին կոմպոզիտորը մեծ նշանակություն էր տալիս. «Զարյա Վոստոկա» թերթում կոմպոզիտորը գրեց. «Մայիսի 18-ին հայկական օպերայի հիմքը դրվեց»։ 1928 թ. Հայաստանում, ինչպես նաև ողջ Խորհրդային միությունում նշվում էր Մաքսիմ Գորկիի ստեղծագործական գործունեության 35-ամյակը։ Հոբելյանական այդ համերգը ղեկավարում էր Սպենդիարյանը։ Դա կոմպոզիտորի վերջին ելույթն էր։ 1928 թ. մայիսի 7-ին նա կնքեց իր մահկանացուն։

Ստեղծագործական ժառանգություն խմբագրել

Վոկալ ստեղծագործություններ խմբագրել

Ռոմանսներ խմբագրել

  • «Հրապուրել են ինձ քո սև աչերը» (խոսք՝ Պ. Կոզլովի 1888-1889 թթ.)
  • «Դու լույս արև, արև հոգուս» (խոսքի հեղինակն անհայտ է, 1892 թ.)
  • «Էլ վաղուց ոչ մի հարց» (խոսք՝ Վ. Սոլովյովի, 1892 թ.)
  • «Ա˜յ վարդ» (խոսք՝ Ալեքսանդր Ծատուրյանի, Op. 1 №3, 1894 թ.)
  • «Ջրահեղձ կնոջ երգը» (խոսք՝ Ա. Պոդոլինսկու, 1895 թ.)
  • «Ինչո՞ւ՝ ես չգիտեմ» (խոսք՝ Լ. Մեյի, 1895 թ.)
  • «Եվ խորն է սերը նրանց» (խոսք՝ Միխայիլ Լերմոնտովի, Op. 1 №1, 1895 թ.)
  • «Գիշերն է նույն» (խոսք՝ Ա. Բորովիկովսկու, 1895 թ.)
  • «Օ˜, վարդ, ջահել իմ օրերի» (խոսքի հեղինակն անհայտ է, 1895 թ.)
  • «Ննջել է նա քաղցր ու անուշ օրորոցում» (խոսք՝ Ս. Նադսոնի, Op. 1 №4, 1899 թ.)
  • «Երազել եմ քո սերը» (խոսք՝ Ս. Նադսոնի, Op. 1 №2, 1898 թ.)
  • «Նայի՛ր, լոկ ավեր մի ամրոց է» (խոսք՝ Ս. Բրունսի, Op.5 №1, 1900 թ.)
  • «Արևելյան օրորոցի երգ» (խոսք՝ Ռաֆայել Պատկանյանի, Op.5 №2, 1900 թ.)
  • «Ահ, սպասում է քեզ համբույրս» (խոսք՝ Ա. Մայկովի, Op.5 №3, 1901 թ.)
  • «Դանդաղ իջնում է իրիկունը» (խոսք՝ Ս. Նադսոնի, Op.5 №4, 1901 թ.)
  • «Թաթարական երգ» (խոսք՝ Ալեքսանդր Սպենդիարյանի, ըստ Ալեքսանդր Պուշկինի «Բախչիսարայի շատրվանը» բանաստեղծության, 1902 թ.)
  • «Սպասում» արիոզո (խոսք՝ Ա. Գոլինիշչև-Կուտուզովի, 1904 թ.)
  • «Օզիմինդիա» (խոսք՝ Շելլիի, ռուս. թարգմանությունը՝ Կոնստանտին Բալմոնտի, Op. 11 №1, 1904 թ.)
  • «Արևելյան լեգենդ» (խոսք՝ Ս. Մարշակի, Op. 11 №2, 1906 թ.)
  • «Լուսնին» (խոսք՝ Շելլիի, ռուս. թարգմանությունը՝ Կ. Բալմոնտի, Op.13 №1, 1906 թ.)
  • «Խնդացի՛ր, ով սիրտ-սոխակ իմ» (խոսք՝ Ա. Ֆետի, Op. 13 №2, 1906 թ.)
  • «Թե տեսնում եմ ժպիտը ես քո» (խոսք՝ Ա. Ֆետի, Op. 13 №, 1906 թ.)
  • «Հաֆիզի երգը» (խոսք՝ Ա. Ֆետի, Op. 13 № 4, 1906 թ.)
  • «Շամիրամի արիան» (1909 թ.)
  • «Ալ Ջամաստ» (խոսք՝ Տեֆֆիի, Op. 22 №1, 1910 թ.)
  • «Մի՛ լար բլբուլ» (խոսք՝ Ալեքսանդր Ծատուրյանի, Op. 22 №2, 1910 թ.)
  • «Հաֆիզից» (խոսք՝ Ն. Ռաչինսկու, Op. 22 № 3, 1910 թ.)
  • «Այշե» (խոսքը և մեղեդին՝ ժողովրդական, ռուս. տեքստը՝ Ալեքսանդր Սպենդիարյանի, Op.22 №4, 1910 թ.)
  • «Առ սիրուհիս» (ռուս. տեքստը՝ Ալեքսանդր Սպենդիարյանի, 1916 թ.)
  • «Հայրենի երկիր իմ» (Ղրիմյան ժողովրդական երգի մշակում, ռուս. և հայ. տեքստը՝ Տիգրան Հախումյանի, 1924 թ.)
  • «Էլմաս» (Ղրիմյան ժողովրդական երգի մշակում, ռուս. տեքստը՝ Տատյանա Սպենդիարովայի 1924 թ.)
  • «Սարի կեռաս» (Ղրիմյան ժող. երգի մշակում, ռուս. տեքստը՝ Տատյանա Սպենդիարովայի, 1924 թ.)
  • «Ղարիբ բլբուլ» (Սայաթ-Նովայի երգի ազատ մշակում, 1925 թ.)
  • «Յագոյի երգը» (Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո» ողբերգության բեմադրության համար, 1926 թ.)

Վոկալ գործիքային ստեղծագործություններ խմբագրել

Վոկալ անսամբլներ խմբագրել

  • «Գնանք, հեռանանք». վոկալ դուետ (խոսք՝ Ն. Յազիկովի, 1893 թ.)
  • «Աստվածային թռչնակ». վոկալ քառյակ՝ դաշնամուրի նվագակցությամբ (խոսք՝ Ալեքսանդր Պուշկինի, Op. 2, 1899 թ.)
  • «Պաղեստինի ոստը». վոկալ քառյակ՝ նվագախմբի նվագակցությամբ (խոսք՝ Միխայիլ Լերմոնտովի, Op. 6, 1901 թ.)

Մելոդեկլոմացիաներ խմբագրել

Խմբերգեր խմբագրել

«Չհնձած արտը». էլեգիա՝ խառը երգչախմբի և բաս-մեներգչի համար՝ նվագախմբի նվագակցությամբ (խոսք՝ Նիկոլայ Նեկրասովի, Op.8, 1902 թ.)

«Վլադիմիր Ստասովի հիշատակին». կանտատ երգչախմբի համար՝ դաշնամուրի նվագակցությամբ (խոսք՝ Վ. Լիխաչովի, Op.16, 1907 թ.)

«Փառքդ մեծ՜, օ՛ր մայիսի». երգ-հիմն խառը երգչախմբի համար նվագախմբի նվագակցությամբ (խոսք՝ Ալեքսանդր Սպենդիարյանի, 1917 թ.)

«Ուկրաինական սյուիտ». ուկրաինական ժողովրդական երգերի մշակումներ քառաձայն երգչախմբի համար՝ նվագախմբի նվագակցությամբ (1921 թ.)

Ուկրաինական ժողովրդական երգերի մշակումներ (1919-1922 թթ.)

  • «Թե հողմերն են կործանել քեզ»
  • «Ինչ հող գլխիս տամ»
  • «Շաղ արավ անձրևը»
  • «Լույս մի տա դու, ախ լուսնյակ իմ»
  • «Ժամ է, ժամ է, տուն»
  • «Թե կամենար տերն աստված»
  • «Հենց որ սերն իմ շաղաց գնաց»
  • «Օ՜յ, անցել եմ ձեր դռնով ես»
  • «Ծերուկ պապն է նստել շվարած»
  • «Դաշտերով ես գալիս եմ»
  • «Միթե քեզ չեի ասում»
  • «Երբ մեռնեմ»(պատգամ, խոսք՝ Տարաս Շևչենկոյի)

Ռուսական ժողովրդական երգերի մշակումներ (1919-1922 թթ.)

  • «Կա մի ժայռ Վոլգայում»
  • «Մարմանդ գիշեր»
  • «Ով է կին չունի դեռ»
  • «Ծաղկունքը թոշնում են»
  • «Այ իմ շարաբ թանձր»
  • «Այ իմ շարաբ»
  • «Ախ, մայրիկ ջան»
  • «Մաղի՝ր մայրիկ ալյուր»
  • «Սանամերըս քավորկինըս»

Սիմֆոնիկ ստեղծագործություններ խմբագրել

  1. «Պարային»,
  2. «Էլեգիական երգ»,
  3. «Խնջույքի երգ»,
  4. Պար «Ղայթարմա»
  1. «Թաքսիմ»(Պրելյուդ), «Փեշրաֆ»(Ինտերմեցցո),
  2. «Սիրո երգ»,
  3. Պար «Բաղլամա»,
  4. «Հարսի լացը»,
  5. «Երգ մկնիկի մասին»,
  6. Պար «Հոյնավա», պար «Ղայթարմա»
  • «Խիզախ մարտիկներ». քայլերգ մեծ նվագախմբի համար՝ կազակական հինավուրց երգերի թեմաներով (Op. 26, 1915 թ.)
  • «Էտյուդ հրեական թեմաներով» (1921 թ.)
  • Նվագախմբային երկու սյուիտ «Ալմաստ» օպերայից
  1. «Նադիր Շահը և Թաթուլը», 1923 թ.
  2. «Խրախճանք Թաթուլի պատվին», 1924 թ.
  • «Դավաճանություն». սիմֆոնիկ պատկեր «Ալմաստ» օպերայից (1924 թ.)
  • «Երևանյան էտյուդներ» (նվիրված է Երևանի Պետ. Կոնսերվատորիայի նվագախմբին, Op. 30, 1925 թ.)

Կամերա-գործիքային ստեղծագործություններ խմբագրել

ա) Երկձեռք դաշնամուրի համար

  • «Վալս» սի-բեմոլ մաժոր(1892 թ.)
  • «Վալս» մի-բեմոլ մաժոր (1893 թ.)
  • «Սկերցո» (1894 թ.)
  • «Բարկարոլլա»(1895 թ.)
  • «Ղայթարմա»(1895 թ.)
  • «Մենուետ»( 1897 թ.)
  • «Երգ, Պար և Ղայթարմա»( 1917 թ.)
  • «Ղրիմյան էտյուդ»( 1917 թ.)

բ) Քառաձեռն դաշնամուրի համար

  • «Գուշակուհին» (1893 թ.)
  • «Պոլոնեզ» (1894 թ.)
  • «Սգո քայլերգ»( նվիրված է Ն. Ի. Ներսեսովի հիշատակին, 1894 թ.)

գ) Ջութակի և դաշնամուրի համար

  • «Վալս» (ստեղծման տարեթիվն անհայտ է)
  • «Երգ» (ստեղծման տարեթիվն անհայտ է)
  • «Ռոմանս»(նվիրված է Հ. Նալբանդյանին, 1892 թ.)
  • «Օրորոցային»(1893 թ.)
  • «Մեղեդի»(1894 թ.)
  • «Կանցոնետտա» (նվիրված է Հ. Նալբանդյանին, Op.15(ա), 1896 թ.)

դ) Թավջութակի և դաշնամուրի համար

  • «Ռոմանս» սոլ-մինոր (1893 թ.)
  • «Ռոմանս» ֆա-մաժոր (1893 թ.)
  • «Բարկարոլլա» սոլ-մաժոր (Op. 15(բ), 1894 թ.)

դ) Կլարնետի և դաշնամուրի համար

  • «Ռոմանս» լյա-մաժոր (ստեղծման տարեթիվն անհայտ է)

ե) Գործիքային անսաբլներ

  • Պրելյուդ լարային կվարտետի համար (1895 թ.)
  • Սկերցինո ջութակի, ալտի և թավջութակի համար (1897 թ.)
  • Ֆուգա լարային քառյակի համար (1898 թ.)
  • Ռոնդո (լարային քառյակի համար, 1900 թ.)

Օպերա խմբագրել

Հիշատակի հավերժացում[4] խմբագրել

 
Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձանը Ազատության հրապարակում

Ալեքսանդր Սպենդիարյանին նվիրված փոստային ծրարներ և նամականիշեր[5]։ խմբագրել

  1. Փոստային նամականիշ՝ թողարկված 1971 թ.՝ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 100- ամյակի առթիվ։ Նամականիշի վրա Սպենդիարյանի դիմանկարն է (հեղ.՝ Մարտիրոս Սարյան''Почта СССР. - 1971''
  2. Փոստային նամականիշ՝ թողարկված 2000 թ.՝ ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության հովանավորությամբ։ Նամականիշերի շարք է՝ հայ կոմպոզիտորների դիմանկարներով։ Նախագծի հեղինակ՝ Ս. Սիմոնյան, խմբագիր՝ Է. Կուպինյան, գլխավոր նկարիչ՝ Հ. Սամուելյան, նամականիշների ձևավորող նկարիչ՝ Ս. Քեչյան։ Տպագրվել է Հոլանդիայում։
  3. Փոստային ծրար՝ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի դիմանկարով։ Թողարկել է ԽՍՀՄ Կապի մինիստրության հրատարակչությունը 1971 թ.՝ կոմպոզիտորի ծննդյան 100-ամյակի առթիվ։ Դիմանկարի հեղինակ՝ Ա. Սոկոլով։
  4. Փոստային ծրար՝ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի դիմանկարով։ Թողարկվել է 05.11.2011 թ.՝ Ուկրաինայում։ Դիմանկարի հեղինակ՝ Գենադի Զադնիպրյանի։
  5. Փոստային գեղաթերթիկ, որը ներառում է ծրար, բացիկ, նամականիշ։ Թողարկել է «ՀայՓոստ» ՓԲԸ-ն՝ 14.06.2021 թ.։ Նվիրված է Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին։ Ձևավորող՝ Ռեմ Սահակյան։ Տպագրվել է Ֆրանսիայում[6]։
  6. Փոստային ծրար՝ նվիրված Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին։ Թողարկել է «Ուկրփոստ»-ը՝ 10.12.2021 թ.։ Ձևավորող՝ Ն. Անդրիյչենկո։

Հուշամեդալներ խմբագրել

  1. Հուշամեդալ՝ թողարկված կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 100-ամյակի առթիվ՝ 1971 թ.:
  2. Հուշադրամ՝ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին։ Թողարկել է ՀՀ Կենտորնական բանկը 13.10.2021 թ.։ Էսքիզները՝ Վարդան Վարդանյանի[7]։

Տես նաև խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Спендиаров Александр Афанасьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Մարինե Օթարյան, Աստղիկ Հարությունյան, Հասմիկ Համբարյան (2022). Ալեքսանդր Սպենդիարյան. Երևան: Անտարես. էջ 231. ISBN 978-9939-1-1446-0.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. Ալեքսանդր Սպենդիարյան.պատկերագիրք (ձայնասկավառակով). Երևան: Անտարես. 2022. էջեր 266–275. ISBN 978-9939-1-1446-0.
  5. Ալեքսանդր Սպենդիարյան. Պատկերագիրք (ձայնասկավառակով). Երևան: Անտարես. 2022. էջեր 298–301. ISBN 978-9939-1-1446-0.
  6. «Աշխարհահռչակ հայեր. Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակը».
  7. «ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ 13.10.2021 Թողարկվել է Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշադրամ» (PDF).

Գրականություն խմբագրել

  • Աճէմեան Հրանդ, Ալեքսանդր Սպենդիարեան. կեանքն ու գործը, Լոս-Անճելըս, 1996։
  • Գասպարյան Սամսոն, Ալեքսանդր Սպենդիարով, Երևան, Հայպետհրատ,1951։
  • Գրիգորյան Քնարիկ, Ալեքսանդր Սպենդիարով, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ.,1952:
  • Ժամանակակիցները Ալ.Սպենդիարյանի մասին, հուշերի ժողովածու. կազմ.՝ Ալ. Թադևոսյան, Երևան, Հայպետհրատ, 1960։
  • Իսահակյան Ավետիք, Իմ հուշերը, Երևան, Հայպետհրատ, 1946։
  • Սպենդարովա Մարինա, Սպենդիարով, Երևան, «Հայաստան», 1966։
  • Սպենդարովա Մարինա, Երաժիշտի կյանքը, Երևան, Հայպետհրատ, 1971։
  • Մելիքյան Սպիրիդոն, Հոդվածներ, հուշեր, նամակներ, փաստաթղթեր. կազմ.՝ Մելիքյան Սաթիկ և Թադևոսյան Ալեքսանդր, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատ., 1964.(հոդվ. «Ալ. Աֆ. Սպենդարյանը մեր կոնսերվատորիայում»)։
  • Տիգրանյան Նիկողայոս, Հոդվածներ, հուշեր, նամակներ, կազմ.՝ Մազմանյան Ռ., Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատ., 1981 (էջ 51)։
  • Հուշեր (ժամանակակիցների հուշերը Ա. Սպենդիարյանի մասին. նվիրված է Սպենդարյանի ծննդյան 140-ամյակին), կազմ.՝ Օթարյան Մ. և Սարգսյան Տ., Երևան, «Էդիտ Պրինտ», 2012։
  • Հայկական երաժշտական մշակույթի պատմություն, կազմ.՝ Մուրադյան Մ., Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատ., 1970 (էջ 519-533)։
  • Սովետական Հայաստանի երաժշտությունը (հոդվածների ժողովածու), խմբագիր և կազմող՝ Թադևոսյան Ա., Երևան, «Հայաստան», 1973 (էջ 126-136)։
  • Բարսամյան Ա., Հարությունյան Մ., Հայ երաժշտության պատմություն, Երևան, «Լույս», 1968 (էջ 210-263)։
  • Ալեքսանդր Սպենդիարյանը և ժամանակը (հոդվածների և Սպենդարյանին նվիրված գիտաժողովի զեկուցումների ժողովածու), կազմ. և խմբագիր՝ Ավետիսյան Ն., Երևան, «Կոմիտաս», 2011։
  • Ալեքսանդր Սպենդարյանը հայկական կերպարվեստում. կերպարվեստի նմուշների կատալոգ, կազմ.՝ Տեր-Գաբրիելյան Ալ., Երևան, 1972։
  • Սպենդիարյան Ալ. Երևանի Պետկոնսերվատորիայի սիմֆոնիկ օրկեստրը, «Արվեստ» երկամսյա հանդես, Երևան 1927, №3-4 (բ. տարի)։
  • Համալյան Սիմոն, Ալ. Աֆ. Սպենդիարյան (երաժշտական գործունեության 25-ամյա հոբելյան)։ «Մարտակոչ» թերթ, Թիֆլիս, հոկտեմբեր, 1926։
  • Սպենդարյան Ալ ., Մեր խուժանը (մանկավարժական հոդվածհոդված) «Անապաստան երեխա» հանդես, 1926, № 1 /տես նաև «Նոր-դար» հանդես, №3-4, էջ 154/:
  • Սպենդիարյան Ալ։ Արևելյան ժողովրդական նվագախումբ, «Խորհրդային Հայաստան» թերթի հավելված, 11/04-1926:
  • Շտեյնբերգ Մ., հուշեր Ալեքսանդր Սպենդիարյանի մասին, Երևան, «Խորհրդային արվեստ»հանդես, 1941 №5:
  • Գրիգորյան Ք., Մեծ կոմպոզիտորը, (Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 100-ամյակի առթիվ), «Սովետական Հայաստան»ամսագիր, Երևան, 1971 №12:
  • Թադևոսյան Ալ. Ալեքսանդր Սպենդիարյան, Երևան, «Սովետական գրականություն և արվեստ» ամսագիր, Երևան, 1951, №11:
  • Բուդաղյան Գ. Ե, Ալեքսանդր Սպենդիարյանի հետ, «Սովետական արվեստ»-հանդես, Երևան, 1971, №10:
  • Իսահակյան Ավ., ալեքսանդր Սպենդիարով (հուշեր) «Սովետական Հայաստան»հանդես Երևան, 1971, №12:
  • Խաչատրյան Ա.Ի., Չխամրող, կենդանի արվեստ, (Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 100 ամյակին), «Կուլտուր-Լուսավորական աշխատանք» հանդես (ՀԽՍՀ Կուլտուրայի մինիստրության օրգան) երևան, 1971, №8:
  • Բաբաջանյան Ա., Նա ինձ համար բացահայտեց երաժշտության աշխարհը։ «Սովետական Հայաստան»հանդես, Երևան, 1971, №12
  • ՏերյանՄ., Սպենդիարյանը և ժողովրդական ստեղծագործությունը «Սովետական արվեստ»հանդես, Երևան, 1971, №10
  • Միրզոյան Է., ժողովրդական կոմպոզիտորը, ժողովրդի կոմպոզիտորը։ «Սովետական Արվեստ»հանդես, Երևան, 1971, №10 (նվիրված է Սպենդիարյանի ծննդյան 100-ամյակին)։
  • Բարսամյան Ա.: Ալեքսանդր Սպենդիարյան (ծննդյան 100-ամյակի առթիվ), «Հայաստանի աշխատավորուհի» հանդես, Երևան, 1971, №12:
  • Александр Спендиаров-письма. Составитель Григорян К. Изд-во АН. Арм. ССР, Ереван 1962г.
  • Александр Спендиаров, Статьи и исследования . Составитель Гедакян Г., Ереван. Изд-во АН. Арм. ССР., 1973.
  • Шавердян А. А.А. Спендиаров, Музгиз, Москва, 1939.
  • Шавердян А. А.А. Спендиаров, краткий очерк жизни и творчества. Изд-во «Советский композитор», Москва, 1957,
  • Будагян Г. Е. Со Спендиаровым-страницы воспоминаний, из-во «Амроц», Ерван 1999.
  • Шавердян Ал.. А.А. Спендиаров. Ереван, из-во «Айастан», 1971
  • Василенко С. Страниц воспоминаний. Муз. Лит. Москва, 1948.
  • Тигранов Г.. А.А. Спендиаров (по материалам писем и воспоминанийй) Ереван Изд-во «Айастан» 1953.
  • Тигранов Г.. Александр Афанасьевич Спендиаров. Монография. Москва, Муз. гиз, 1959.
  • Тигранов Г.. Александр Афанасьевич Спендиаров. (Издание второе, исправленное и дополенное). Москва, изд-во «Музыка», 1971.
  • Барсамян А.. «Алмаст» А. А. Снедиарова. Москва, Госмузиздат., 1958.
  • Тигранов Г.. Армянский музыкальный театр АрмГосиздат., Ереван 1956 (стр. 271-375).
  • Асафев Р.. Встреча со Спендиаровым (в книге «Очерки Армении»), Москва, изд-во «Советский композитор», 1958.
  • Коптев С., Терян М.. Раздел о симфонической музыке Спендиарова в статье «Симфоническая музыка и инструментальный концерт». В сб. «Музыка Советской Армении» Москва, Музгиз. 1960.
  • Спендиарова Марина (серия биографии-ЖЗЛ.) Спендиаров, Москва, из-во ВЛКСМ. 1964.
  • Спендиарова Марина Ал. Жизнь музыканта, Москва, из-ви«Детская Литература», 1971.
  • Спендиарова Марина Ал.. Летопись жизни и творчества А.А. Спендиарова. Ереван, из-во АН. Арм. ССР. 1975.
  • (2 գրքույկ Սպենդիարյանի ծննդյան 100-ամյակի առթիվ՝ հրատարակված կոմպոզիտորի տուն-թանգարանի նախաձեռնությամբ)-1)Спендиаров о музыке, 2) Слово о Спендиаровае. Сост. Бальян Вл., Министерство культуры Арм. ССР., Дом –музей Ал Спендиарова, Ереван, из-во ЦК. КП. Армении 1971.
  • Абасова Э.. Опера «Алмаст» А. Спендиарова. Баку, Азербайджанское Госмузизд-во, 1958.
  • Shahverdyan A. (Շահվերդյան Ա.) A. A. Spendariyan (Ա.Ա. Սպենդիարյան, անգլերեն, ) Երևան, «Հայաստան»հրատ. 1971.
  • Путеводители по Советской музыке.-Барсамян А. «Алмаст» А. А. Спендиарова. Москва, Музгиз, 1958.
  • Спендиаров Ал., Автобиография. «Совтетская музыка» Ж., 1938 №4.
  • Спендиаров. Ал., Предисловия книги Гумреци «Николай Фадеевич Тигранов и музыка Востока», Ленинград, 1927.
  • Глазунов А.. Воспоинания об А.А. Спендиарове, «Советская музыка», Москва, 1939, №9-10.
  • Корганов В., Сарян М.. Воспоминания об А.А. Спендиарове «Советская музыка» Москва, 1939 №9-10
  • Тер-Гевондян А.. Воспоминания о Спендиарове. «Советская Музыка» 1956 №6.
  • Торджян Х.. «Алмаст» А. Спендиарова. «Советская Музыка» Москва 1939 №9-10
  • Беляев В.. А.А. Спендиаров и армянская музыка. «Современная Музыка» (Временник ассоциации современной музыки при Государственной Академи художественых наук), год V, Москва, 1927 №26.
  • Օթարյան Մարինե, Սարգսյան Տիգրան «Հուշեր», Երևան 2012, «Էդիթ պրինտ» հրատարակչություն[1]։
  • Օթարյան Մարինե, Հարությունյան Աստղիկ, Համբարյան Հասմիկ «Ալեքսանդր Սպենդիարյան (պատկերագիրք), Երևան 2022, «Անտարես» հրատարակչություն[2]։

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
  1. Օթարյան, Մարինե; Սարգսյան, Տիգրան (2012). «Հուշեր ։ Նվիրվում է Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 140-ամյակին /». Էդիթ Պրինտ.
  2. «Ալեքսանդր Սպենդիարյան = Alexander Spendiaryan : Պատկերագիրք / Կազմող-խմբագիր՝ Մ. Օթարյան ; Կազմողներ՝ Ա․ Հարությունյան, Հ․ Համբարյան ; Գլխավոր խմբագիր՝ Հ․ Գուլակյան ; Թարգմանիչ՝ Գ․ Մելիքյան ; ՀՀ ԿԳՄՍՆ ; Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարան ; UNESCO».