Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակություն

Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակություն Հայաստանյայց առաքելական եկեղեցու։ Կենտրոնը՝ Փարիզի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի։ Նախապես կոչվել է Եվրոպայի հայրապետական պատվիրակություն, որը կազմավորվել է 19-րդ դ. վերջին, Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու կոնդակով, կենտրոնը՝ Մանչեստր, 1907 թվականից՝ Փարիզ։

Ընդգրկել է Եվրոպայի երկրների հայ հոգևոր համայնքները։ Հայրապետական պատվիրակներ են եղել Գևորգ եպիսկոպոս Ութուճյանը, Թորգոմ արքեպիսկոպոս Գուշակյանը, Գրիգորիս եպիսկոպոս Պալաքյանը, Արտավազդ արքեպիսկոպոս Սուրմեյանը, Սերովբե արքեպիսկոպոս. Մանուկյանը և ուրիշներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Արևելյան Եվրոպայի սոցիալիստական երկրների հայ համայնքները դուրս են եկել Եվրոպայի հայրապետական պատվիրակության կազմից, որն այնուհետև վերանվանվել է Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակություն։

Ժամանակի ընթացքում առանձնացել են նաև Անգլիայի, Ավստրիայի, Գերմանիայի, Հունաստանի հայ հոգևոր համայնքները։ Ներկայումս Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակության գերակայության ներքո են Ֆրանսիայի հայ համայնքը (Փարիզի, Լիոնի, Մարսելի շրջաններով), Հոլանդիայի հոգևոր հովվությունը, Բելգիայի հոգևոր հովվությունը, Իտալիայի հոգևոր հովվությունը։

Վերջինս կատարում է նաև Ալբանիայի հայ ընտանիքների հոգևոր մատակարարությունը։

Փարիզի շրջանԽմբագրել

Փարիզի շրջան, կենտրոնը՝ Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի։ 1927 թվականին կազմավորվել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Փարիզի և շրջակայքի կրոնական ընկերությունը, որի ղեկավար մարմինը ներկայացուցչական ժողովն է (ընտրվում է չորս տարին մեկ, կազմված է 24 աշխարհիկ և 3 եկեղեցական ներկայացուցիչներից), նախագահն է Փարիզի հայոց հոգևոր առաջնորդը։ Նույն թվականին ստեղծվել են Միջին Ֆրանսիայի (կենտրոնը՝ Լիոն) և Հարավային Ֆրանսիայի (կենտրոնը՝ Մարսել) թեմական կազմակերպությունները։

Փարիզի առաջնորդին շնորհվել է հայրապետական պատվիրակի կարգավիճակ։ Փարիզում առաջին հայկական մատուռը՝ Ս. Էջմիածինը, կառուցվել է 1854 թվականին (գործել է մինչև 1869 թվականը)։ 1870 թվականից հայերն օգտագործել են Փարիզի Վիեն փողոցում գտնվող, բողոքականներին հատկացված ժողովարանը։ 1902 թվականին կատարվել է Ս. Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ եկեղեցու հիմնարկեքը (Ալեքսանդր Մանթաշյանի նյութական օժանդակությամբ), 1904 թվականին՝ օծումը։ Կից գործում է մեկօրյա դպրոց։

Փարիզի հայաբնակ արվարձաններից Ալֆորվիլում 1930 թվականին կառուցվել է Ս. Պողոս-Պետրոս եկեղեցին, կից գործում է Սահակ-Մեսրոպ վարժարանը (ամենօրյա), Առնովիլ լը Գոնեսում 1931 թվականին կառուցվել է Վարագա Ս. Խաչ եկեղեցին (օծվել է 1932 թվականին), կից գործում է շաբաթօրյա վարժարան, Շավիլում 1957 թվականից գործում է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ 1975 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանը կատարել է Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու օծումը։ Կից գործում է շաբաթօրյա դպրոց։

Փարիզի հայոց առաջնորդը 1984-2009 թվականներին եղել է Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Գյուտ արքեպիսկոպոս Նագգաշյանը, 2009 թվականից՝ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը։

Լիոնի շրջանԽմբագրել

Լիոնի շրջան, կենտրոնը՝ Լիոնի Ս. Հակոբ եկեղեցի։ Ընդգրկում է Միջին Ֆրանսիայի Լիոնի և Ռոն-Ալպերի հայաշատ շրջանների քաղաքները։

1918 թվականին Լիոնում, Ստեփան Կարապետ Օղլուի նախաձեռնությամբ, ստեղծվել է Ազգային միություն, որը կազմակերպել է հայ համայնքի հասարակական, հետագայում նաև՝ հոգևոր կյանքը։ Միության վարչությունը հայ ընտանիքների բնակության համար Ֆուայե Լիոնե թաղամասում վարձակալել է փայտաշեն տներ։ 1925 թվականին այդ տներից մեկը վերածվել է մատուռի՝ Ս. Աստվածածին անունով։ Նույն թվականին Լիոնի շրջանի հոգևոր առաջնորդ և հայրապետական պատվիրակ Գրիգորիս եպիսկոպոս Պալաքյանը հանդիպել է Ազգային միության ղեկավարների հետ՝ Ազգային միությանը զուգահեռ Միջին Ֆրանսիայի թեմական կազմակերպություն ստեղծելու համար։ 1927 թվականից գործել է Լիոնի և շրջակա թեմերի ազգային գավառական խորհուրդ անունով թեմական կազմակերպությունը՝ իր մեջ ընդգրկելով Լիոնի և Ռոն-Ալպերի շրջանի հայկական ծխերը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այս թեմական կազմակերպությունը դադարել է գործել։

1932 թվականին Ս. Աստվածածին մատուռը, պահպանելով անունը, փոխադրվել է մեկ այլ թաղամաս, որտեղ գործել է մինչև 1962 թվականը։ Կից բացվել է մեկօրյա Հայկազյան վարժարանը (1936 թվականից)։ 1954 թվականին եկեղեցական հանձնաժողովի նախաձեռնությամբ Շինարար տիկնանց հանձնախմբի և Հայաստանյայց եկեղեցու երիտասարդական միության գործակցությամբ (բարերար Կարապետ Հակոբյանի նյութական օժանդակությամբ) Լիոնում կառուցվել է առաջնորդանիստ Ս. Հակոբ եկեղեցին (օծվել է 1963 թվականին)։

Կից գործում է մեկօրյա դպրոց։ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 1981 թվականին, օծվել՝ 1984 թվականին։ 1987 թվականին, Լիոնի շրջանի առաջնորդ Նորվան եպիսկոպոս Զաքարյանի ջանքերով, Լիոնի աստվածաբանական համալսարանում բացվել է Գալուստ Կյուլպենկյանի անվան հայագիտական ամբիոն։ 1988 թվականից ցայսօր Առաջնորդարանին կից գործում է Մարգարյան-Փափազյան ամենօրյա վարժարանը։ 1977 թվականին կազմակերպվել է Լիոնահայ տիկնանց միությունը, որն ունի մատենադարան (Սերովբե արքեպիսկոպոս Մանուկյանի անվան)։ Լիոնի «Եփրատ» տպարանում 1982-1990 թթ. տպագրվել է «Ս. Հակոբ» պարբերականը։

Լիոնի շրջանի մեջ են մտնում շրջակա հայաշատ քաղաքները։ Դեսինում գործում է Ս. Աստվածածին եկեղեցին (կառուցվել է 1946 թվականին), կից՝ շաբաթօրյա վարժարան։ Համայնքի հոգևոր հովիվն է Մկրտիչ քահանա Պալապանյանը։

Շարվիեում գործում է Ս. Նշան եկեղեցին (օծվել է 1982 թվականին)։ Ունի իր վարչական խորհուրդը։ Գործում են տարբեր հանձնաժողովներ (կրոնական, կրթական, մշակութային)։ Համայնքի հոգևոր հովիվ է եղել Կարապետ վարդապետ Հարությունյանը։

Սենտ Էտիենում գործում է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (օծվել է 1984 թվականին), կից՝ ժողովրդական տուն՝ մշակութային նպատակների համար։

Համայնքի հոգևոր հովիվ է եղել Տաթև վարդապետ Մուրադ-Հակոբյանը։ Ռոմանում, 1988 թվականին քաղաքապետարանի համաձայնությամբ, Վալանսի կաթողիկե եպիսկոպոսարանի և Լիոնի Հայ առաքելական եպիսկոպոսարանի միջև կնքվել է պայմանագիր՝ Ս. Նիկողայոս կաթողիկե եկեղեցին 30 տարով հայերին հանձնելու մասին։ Գործում է եկեղեցական խորհուրդ, որը Ռոման քաղաքի Հայ բարեկամության միության համագործակցությամբ օժանդակում է եկեղեցուն։ Համայնքի հոգևոր հովիվ է եղել Նարեկ քահանա Վարդանյանը։

Վալանսում 1951 թվականին կառուցվել է մատուռ, որը 1953 թվականին օծվել է որպես եկեղեցի՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ անունով։ Գործում է Ազգային կրոնական ընկերակցություն։ 1990 թվականին Եկեղեցական վարչությունը գնել է կաթոլիկ միաբանությանը պատկանող 17-րդ դ. եկեղեցական համալիր (վերանորոգվել է ազգային բարերար Վ. Պոզաճյանի նյութական օժանդակությամբ), կառուցվել է հայկական ոճով խորան, և եկեղեցին վերանվանվել Ս. Սահակ (օծվել է 1992 թվականին)։ Եկեղեցուն կից գործում է մեկօրյա Դավիթյան վարժարանը՝ Վալանսի և շրջակայքի հոգևոր հովիվ Անդրանիկ քահանա Մալճյանի ղեկավարությամբ։

Գրենոբլ և Վիեն քաղաքներում առայժմ հայկական եկեղեցիներ չկան։ Գործում են եկեղեցական վարչություններ, որոնք կրոնական արարողություններ կատարելու համար Լիոնից այցելու հովիվ են հրավիրում՝ օգտագործելով տեղի կաթոլիկ եկեղեցին։

Լիոնի շրջանի հոգևոր առաջնորդը և հայրապետական պատվիրակի փոխանորդ է եղել Նորվան եպիսկոպոս Զաքարյանը։

Մարսելի շրջանԽմբագրել

Մարսելի շրջան, կենտրոնը՝ Մարսելի Ս. Սահակ-Ս. Մեսրոպ Սրբոց Թարգմանչաց եկեղեցի (օծվել է 1931 թվականին)։ Ընդգրկում է Հարավային Ֆրանսիայի հայաշատ քաղաքները։ 1927 թվականին հայրապետական պատվիրակ և Փարիզի հայոց առաջնորդ Գրիգորիս եպիսկոպոս Պալաքյանի նախաձեռնությամբ Մարսելի շրջանում ստեղծվել է թեմական կազմակերպություն, ընտրվել է Ազգային կենտրոնական վարչություն։ Մարսելում կառուցվել են՝ 1928 թվականին՝ Ս. Կարապետ, 1929 թվականին՝ Ս. Աստվածածին եկեղեցիները։

Դեռևս 1673 թվականին Ոսկան Երևանցին Մարսելում հիմնել է տպարան, որտեղ առաջին անգամ տպագրվել է Գրիգոր Նարեկացու Մատյանը՝ «Գիրք աղօթից» (մնացել է անավարտ)։

1920-1930-ական թթ. հայերը հաստատվել են նաև Մարսելի արվարձաններում. Բոմոնի Սեն Լուում 1929 թվականին, Գրիգորիս եպիսկոպոս Պալաքյանի նախաձեռնությամբ և հայերի նյութական օժանդակությամբ կառուցվել է Ս. Գևորգ եկեղեցին, որին կից գործում է մանկապարտեզ։ Սեն Ժերոմում 1933 թվականին կառուցվել է Ս. Սահակ-Ս. Մեսրոպ եկեղեցին, կից գործում է շաբաթօրյա դպրոց։ Սենտ Անտուան-Քամպանյը Ֆրենում 1929 թվականից գործում է Ս. Թադեոս-Ս. Բարդուղիմեոս եկեղեցին, որին կից կազմակերպվում են հայերենի դասընթացներ։ Բոմոնում 1932 թ.-ից գործում է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, կից՝ շաբաթօրյա դպրոց։ Գործում են Կրոնական ընկերակցություն և թաղային խորհուրդ։

Նիցցա քաղաքում 1928 թվականին, Գրիգորիս եպիսկոպոս Պալաքյանի նախաձեռնությամբ կառուցվել է Ս. Աստվածածին մատուռը (ներկայումս՝ եկեղեցի)։ Եկեղեցու շենքում մինչև երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը (1939) գործել է դպրոց, որը հետո վերածվել է մեկօրյա դասընթացների։ 1988 թվականին եկեղեցուն կից կառուցվել է Պարսամյան համալիրը (մեծահարուստ Պարսամյան ընտանիքի նյութական օժանդակությամբ), որտեղ գործում են ամենօրյա վարժարան, գրադարան։ Նիցցայի և շրջանի Հայոց կրոնական ընկերակցությունը զբաղվում է եկեղեցու և Պարսամյան վարժարանի խնդիրներով։ Հոգևոր հովիվն է Նարեկ եպիսկոպոս Շաքարյանը (2000 թվականից)։

Լա Սիոտայում 1994 թվականին օծվել է Ս. Փրկիչ եկեղեցին, որին կից գործում է շաբաթօրյա դպրոց։ Սան Ռաֆայելում 1977 թվականից գործում է Ս. Հովհաննես եկեղեցին։ Մարսելի շրջանի հոգևոր առաջնորդը և հայրապետական պատվիրակի փոխանորդն է Տարոն եպիսկոպոս Ճերեճյանը (1990 թվականից)։

Հոլանդիայի հոգևոր հովվությունԽմբագրել

Հոլանդիայի հոգևոր հովվություն, կազմավորվել է 1989 թվականին։ Կենտրոնը՝ Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցի։ 17-րդ դարի սկզբին Ամստերդամը եղել է հայ գրչության և գրատպության կենտրոն։ Հայերեն գրքերի տպագրությունն իրականացրել են Սուրբ Էջմիածնից եկած հոգևորականները։ 1660 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցու հանձնարարությամբ Մատթեոս սարկավագ Ծարեցին մեկնել է Ամստերդամ, հիմնադրել տպարան, տպագրել Ներսես Շնորհալու «Յիսուս Որդի» ստեղծագործությունը, որը չավարտած՝ վախճանվել է։ 1664 թվականից տպարանի տնօրինությունը ստանձնել է Ոսկան արք. Երևանցին, որը տպագրել է Շարակնոց (1664-1665), Աստվածաշունչ (1666-1668), «Հանդերձ Աստուծով» (1666, Այբբենարան), Նոր կտակարան (1668) և 14 այլ գրքեր։ 1668 թվականին տպագրիչ Մատթեոս վարդապետ Վանանդեցին Ամստերդամում հիմնել է նոր տպարան, հրատարակել Շարակնոց (1685), Ժամագիրք (1686), «Համատարած աշխարհացոյց Մեծ» հայերեն առաջին քարտեզը (1695), Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց» (1 թվականին հրտ., 1695) և այլն։

Ամստերդամում առաջին հայկական՝ Սուրբ Հոգի եկեղեցին կառուցվել է 1713 թվականին՝ հայ վաճառականների միջոցներով։ Սակայն հայ համայնքի անկման պատճառով եկեղեցին 1874 թվականին աճուրդով վաճառվել է։ 1986 թվականին Ամստերդամի հայ համայնքի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տրամադրած գումարով եկեղեցու շենքը վերագնվել է։ 1989 թվականին կատարվել է Ս. Հոգի եկեղեցու վերաօծումը։

1991 թվականին Ալմելո քաղաքի հայերի նվիրատվություններով գնվել է դպրոցի շենք, որի սրահներից մեկը վերածվել է աղոթատեղիի։ Վերջինս 1993 թվականին օծվել է որպես Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (հոգևոր հովիվ՝ Խաչատուր քահանա Ֆրանկյան)։ Հոլանդիայի հայ համայնքի հոգևոր հովիվ է եղել Մանվել վարդապետ Երկաթյանը։

Բելգիայի հոգևոր հովվությունԽմբագրել

Բելգիայի հոգևոր հովվություն, կազմավորվել է 1990 թվականին։ Կենտրոնը՝ Բրյուսելի Ս. Մարիամ Մագդաղենացի եկեղեցի։ Դեռևս 1985 թվականին Բրյուսելում ստեղծվել է Բելգիայի Հայ եկեղեցու հիմնադրամ՝ Հայ առաքելական եկեղեցու գործունեությունը հովանավորելու նպատակով։ Ունի վարչական Խորհուրդ, որը համագործակցում է բելգիահայ համայնքի պատգամավորական ժողովի հետ։ Բրյուսելում առաջին հայկական՝ Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 1986 թվականին, օծումը՝ 1990 թվականին։ Այդ ժամանակ եկեղեցու հոգևոր հովիվ է նշանակվել Հարություն քահանա Թաշճյանը, ով սպասավորել է մինչև 2000 թվականը։

Իտալիայի հոգևոր հովվությունԽմբագրել

Իտալիայի հոգևոր հովվությունը կազմավորվել է 1955 թվականին։ Կենտրոնը՝ Միլանի Ս. Քառասուն Մանկունք եկեղեցի (կառուցվել է 1958 թվականին՝ եղբայրներ Օննիկ և Սարգիս Դիարբեկիրյանների կողմից)։ Իտալիայի տարածքում հայերի բնակությունը սկսվել է հռոմեական շրջանից։ Միջնադարյան շրջանի վերաբերյալ առաջին տեղեկությունները 7-րդ դարից են։ Դեռևս 12-րդ դարից վկայակոչվել են հայերի կառուցած եկեղեցիները։ 14-րդ դարի սկզբից հիշվում է «Իտալիայի հայերի եպիսկոպոս» եկեղեցական տիտղոսը։

13-14-րդ դարերում Հայ առաքելական եկեղեցու ենթակայությամբ ավելի քան 40 եկեղեցի ու մենաստան են հիշատակվում Իտալիայի հյուսիսային, կենտրոնական և հարավային շրջաններում, մասնավորապես՝ Վենետիկում, Տրիեստում, Ռավեննայում, Ջենովայում, Հռոմում, Նեապոլում և այլն։ Հայ համայնքներն ունեցել են իրենց հոգևոր հովիվները՝ քահանա, վարդապետ, և նույնիսկ կառավարվել են եպիսկոպոսների կամ արքեպիսկոպոսների կողմից՝ որպես համայնքային եկեղեցական թեմեր կամ վիճակներ։ Եկեղեցիներին կից գործել են հիվանդանոցներ և Հայոց տներ (որտեղ բուժվել են հայեր և իջևանել հայ վաճառականներ)։ Նեապոլում դեռևս 10-րդ դարում գործել է Ս. Գրիգոր Հայի եկեղեցին։ Գրիգոր Ա. Լուսավորիչը համարվել է Նեապոլի պաշտպան սուրբը, նշվել է նրա տոնը։ Ս. Գրիգոր Հայի եկեղեցում են պահվում ս. Գրիգոր Լուսավորչի մասունքները։ Վատիկան կատարած այցելության առիթով (2000 թվականի նոյեմբերի 11) մասունքներից մի մաս հանձնվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանին։ Դրանք բերվել են Երևան և պահվում են Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու գավթում։ Նեապոլում հիշվում է նաև Սուրբ Հոգի հայկական եկեղեցին (1328)։ 11-րդ դարում Հռոմում կառուցվել է Ս. Հակոբ եկեղեցին։ 11-րդ դարից հիշատակվում է Միլանի Սուրբ Բարսեղ հայկական եկեղեցին։ 1342-1650 թվականներին գործել է հայ հոգևորականների Բարսեղյան միաբանությունը։

Պիզայում 1320 թվականին հիմնադրվել է վանք, որը, ըստ դամբանական մի արձանագրության, ավելի քան հարյուր տարի պատկանել է հայերին։ Այդ վանքում ընդօրինակվել են ձեռագրեր, որոնք պահվում են Վիեննայի ազգային և Միլանի Ամբրոզյան գրադարաններում։ Ջենովայում 1307 թվականին հայերը կառուցել են Ս. Բարդուղիմեոս վանքը և եկեղեցին (գոյատևել է մինչև 1650 թվականը)։ Վենետիկում 1348 թվականին հիշատակվում են հայկական Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին և վանքը, 1434 թվականին՝ Ս. Խաչ եկեղեցին (որը 1717 թվականից պատկանում է Մխիթարյան միաբանությանը

14-րդ դարի վերջին, ինկվիզիցիայի հալածանքների և հայերի բռնի կաթոլիկացման հետևանքով, հայկական եկեղեցական կառույցներն անցել են տեղի կաթոլիկ եկեղեցական իշխանություններին։

Հայաստանյայց առաքելական եկեղեցու Իտալիայի համայնքն իր այժմյան վիճակով ստեղծվել է 1900-ական թթ. սկզբին, Թուրքիայից և Մերձավոր Արևելքի այլ երկրներից գաղթած հայերից, որոնք հաստատվել են Հյուսիսային Իտալիայի Միլան և շրջակայքի մեծ ու փոքր քաղաքներում։ Համայնքի անդրանիկ հոգևոր հովիվ է կարգվել Եղիշե քահանա Պարսամյանը (1924-1937 թվականներ)։ Նրա մահից հետո համայնքը մեկ ու կես տասնամյակ ունեցել է Փարիզից, Մարսելից, Վիեննայից հրավիրված այցելու հովիվ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին ստեղծվել է Իտալիայի հայոց միությունը, որի կանոնադրությունը պաշտոնապես վավերացրել է Իտալիայի կառավարությունը։ 1950-ական թթ. սկզբին հայերը կրոնական արարողությունների համար օգտագործել են Միլանի անգլիական Ամենայն Սրբոց եկեղեցին։ 1955 թվականին Իտալիայի պետական իշխանությունները Հռոմում նախագահական հրովարտակով ճանաչել են երկրում Հայ առաքելական եկեղեցու դավանանքին պատկանող հավատացյալների համայնքը և պաշտոնապես թույլատրել եկեղեցի կառուցել։ Ներկայումս Միլանում գործող Իտալիայի միակ հայկական՝ Ս. Քառասուն Մանկունք եկեղեցին կառուցվել է 1957 թվականին (ճարտարապետներ՝ Ռաֆայել Իսրայելյան, Պ. Սուրյան), օծվել՝ 1958 թվականին։

Հովվական պաշտոնի է հրավիրվել Երուսաղեմի Ս. Հակոբյանց միաբանության անդամ Զգոն եպիսկոպոս Տեր-Հակոբյանը (1955-1975 թվականներ)։ Սրան հաջորդել է Ժիրայր վարդապետ Թաշճյանը (1975-1977 թվականներ)։ Եկեղեցու բակում 1986 թվականին կանգնեցվել է խաչքար՝ ի հիշատակ 1915 թվականի եղեռնի զոհերի։ Եկեղեցին, ըստ հոգևոր կանոնագրի, ունի համայնքի կողմից ընտրված հինգ հոգուց բաղկացած հոգաբարձուների խորհուրդ։ Միլանում է գտնվում Հայ տունը։ Իտալիայի հայոց հոգևոր հովիվ եղել է Սարգիս քահանա Սարգիսյանը (1977 թվականից)։

Ալբանիայում հայկական եկեղեցի չկա։ Հայ ընտանիքների հոգևոր մատակարարությունը կատարում են այցելու հովիվները։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել