Արևմտահայերի համագումար (1917)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արևմտահայերի համագումար (այլ կիրառումներ)

Արևմտահայերի առաջին համագումարը (փախստականների համագումար) կայացել է 1917 թվականի մայիսի 2-11-ին, Երևանում։ Մասնակցել է 59 պատգամավոր, մոտ 400 հյուր (քաղաքական կուսակցությունների, հոգևորականության, արևմտահայ գաղթականներին օգնող ռուսական, անգլիական, ամերիկյան հայանպաստ կազմակերպությունների ներկայացուցիչներ)։ Համագումարի պատվավոր նախագահ է ընտրվել Անդրանիկը։

Օրակարգ խմբագրել

Քննարկվել են արևմտահայերի ֆիզիկական գոյության պահպանման, տնտեսական վերականգման, Արևմտյան Հայաստանի վերաշինման, աճող սերնդի կրթության և դաստիարակության հարցերը։ Եվ այդ կապակցությամբ միջոցառումների մշակումը համագումարը համարել է Հայկական հարցի լուծման հնարավոր ուղի, քանի որ արևմտահայերի ճակատագիրը դրվում էր որպես Հայկական հարցի մաս։

Որոշումներ խմբագրել

Համագումարն ընդունել է, որ Հայկական հարցի արծարծումը պետք է վստահվի Եվրոպայում հայկական պատվիրակությանը, որի կազմի մեջ մտնում էին նաև արևմտահայեր։ Որոշվել է հատուկ հանձնաժողովի հանձնարարել մշակել և ներկայացնել Արևմտյան Հայաստանում բարենորոգումների ծրագիր։ Համագումարում ի հայտ են եկել արևմտահայ և արևելահայ կազմակերպությունների միջև եղած տարաձայնությունները։ Ընտրվել է Արևմտահայ ազգային խորհուրդ (15 անդամով, որից 8-ը՝ դաշնակցական, մնացածը՝ ռամկավար, հնչակ, սոցիալ-դեմոկրատ բոլշևիկներ)։ Խորհրդի մեջ են մտել Անդրանիկը, Զ. Եսայանը, Ա. Թերզիբաշյանը, Գ. Հայկունին, Լ. Շանթը, Կ. Սասունին, Սեպուհը, Ս. Բորոյանը, Արտ. Դարբինյանը, Հ. Գալիկյանը և ուրիշներ։ Համագումարը ողջույնի հեռագիր է ուղարկել Ռուսաստանի ժամանակավոր կառավարությանը, քննարկել Փետրվարյան հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը, նպաստել հայ ժողովրդի ուժերի համախմբմանը՝ գաղթականներին օգնելու հարցում, կոչ արել Հայկական հարցի լուծման գործում միասնության և ակտիվ գործողությունների, դատապարտել է թուրքական իշխանությունների կազմակերպած հայկական ցեղասպանությունը։

Տես նաև խմբագրել

Արևմտահայերի համագումար (1919)

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 39