ԼՂՀ ռադիո և հեռուստատեսություն

Պատմություն խմբագրել

1928 թվականից գործում է Արցախի ռադիոհանգույցը, որը լուսաբանել է մարզի առօրյան, հասարակական-քաղաքական, մշակութային և կրթական կյանքը, ներկայացրել հայ գրականությունն ու արվեստը, երիտասարդությանը հետաքրքրող հարցեր, Ադրբեջանում և ԽՍՀՄ-ում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները։ 1988 թվականից սկսած՝ Արցախյան ազատագրական շարժումն արմատապես վերափոխել է մարզի ռադիոհաղորդումների դիմագիծը։ Առաջին պլան են մղվել մարզի կազմավորման իրական պատմության հարցերը, մեկնաբանվել են տասնյակ տարիներ ադրբեջանական իշխանությունների վարած հայաթափման քաղաքականությունը և սկսված ազգային-ազատագրական արդարացի պայքարը։ 1991 թվականից պարտադրված պատերազմի տարիներին լուսաբանել է արցախահայության հերոսամարտը, քաջալերել ազատամարտիկներին, կենդանի կապի միջոց դարձել պետության, հասարակության և ռազմաճակատի միջև։ Պատերազմից հետո Արցախի ռադիոն ձեռնարկել է երկրի քայքայված տնտեսության վերականգնման, պետական և զանազան բարեգործական ծրագրերի իրականացման աշխատանքների լուսաբանման, Արցախի արդար դատը համաշխարհային հանրությանը ներկայացնելու (մասնավորապես՝ ռուսական հաղորդումներով) գործը։ Արցախի հեռուստատեսության անդրանիկ ծրագիրը հեռարձակվել է 1988 թվականի հունիսի 1-ին (այն նշվում է որպես Արցախի հեռուստատեսության ծննդյան օր)։ ԼՂԻՄ-ի հեռուստատեսությունն ստեղծվել է ԽՍՀՄ ինքնավար հանրապետություններում և մարզերում տեղական հեռուստատեսությունների ստեղծման ծրագրի շրջանակներում, որի իրականացումը, սակայն, ձգձգվել է մարզի հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի վարած քաղաքականության պատճառով։

Դերը խմբագրել

Արցախահայության ազգային ազատագրական պայքարի սկզբից ևեթ Արցախի հեռուստատեսությունը դարձել է Դարաբաղյան շարժման խոսափողն ու գաղափարախոսը, կայացել է խորհրդային և ադրբեջանական ուժային կառույցների ստեղծած խոչընդոտների, մարզում հայտարարված արտակարգ դրության արգելքների և սահմափակումների պայմաններում։ Հեռուստահաղորդակի՝ դեռևս ադրբեջանցիներով բնակեցված Շուշիում տեղակայված լինելու պատճառով հաղորդումները պարբերաբար խափանվել են։ Պատերազմի տարիներին հեռուստատեսության աշխատակիցների զգալի մասը զինվորագրվել է հայրենիքի պաշտպանությանը, իսկ մնացածները ձեռնամուխ են եղել ազատագրական պայքարի լուսաբանման և պատերազմի տարեգրության ստեղծմանը։ Ինքնապաշտպանական մարտերում զոհվել են Արցախի հեռուստատեսության ռեժիսոր Ալեքսանդր Գասպարյանը, օպերատոր Սերգեյ Համբարձումյանը և ինժեներ Արամ Զաքարյանը։ Օպերատոր Արմեն Սարգսյանը համարվում է անհետ կորած։ Ազատամարտի տարիներին նկարահանված բացառիկ արժեք ունեցող կադրերը, հաղորդումներն ու ֆիլմերը ցուցադրվել են աշխարհի տարբեր երկրներում, օգնել մարդկանց ճշմարիտ պատկերացում կազմելու Ղարաբաղյան պատերազմի մասին։ 1992 թվականի փետրվարին Շուշիից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով հեռուստակենտրոնի շենքն ամբողջովին ավերվել է։ Միայն Շուշիի ազատագրումից հետո է ստեղծվել ժամանակավոր հեռուստաստուդիա, որտեղից առաջին հաղորդումը հեռարձակվել է 1992 թվականի հունիսի 23-ին։ Հետպատերազմյան «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ»-ի պայմաններում հեռուստատեսության ուշադրության կենտրոնում են Արցախի սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքի վերականգնման, պաշտպանունակության ամրապնդման լուսաբանման խնդիրները։ 1998 թվականին արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի աջակցությամբ կառուցվել է հեռուստատեսության նոր շենք, որը կահավորված է հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակակից տեխնիկայի հարմարություններով։ Արցախի հեռուստատեսությունը ներկայումս ունի լրատվական, քաղաքական, տնտեսական, երիտասարդական, մանկական, մշակութային, մարզական և այլ թեմաներով երեքժամյա ամենօրյա ծրագրեր։ 2003 թվականին «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ԼՂՀ օրենքով Արցախի հեռուստատեսությունը և ռադիոն ստացել են հանրայինի կարգավիճակ՝ Արցախի հանրային հեռուստատեսություն, Արցախի հանրային ռադիո (հայերեն և ռուսումնական)։

Գործող լրատվական միջոցներ խմբագրել

Գործում են «Ռադիո Հայ Արցախ», «Ազատություն», «Ձայն արդարության» (ադրբ.) և այլ ռադիոկայաններ, «Հայաստանի Հանրապետություն», «Ազգ» օրաթերթերի և «Երևան, 7 օր» շաբաթաթերթի, Հայաստանի հանրային հեռուստատեսության «Հայլուր» լրատվական ծրագրի, «Առկա», «Ռեգնում», «Արմենպրես», «Արմինֆո» տեղեկատվական գործակալությունների, «Արմեդիա», «Հետք» էլեկտրոնային թերթերի և այլ ներկայացուցչություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։