Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչություն

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչություն (ԱԻՎ), ԼՂՀ պետական կառավարման մարմին։

Պատմություն խմբագրել

Ստեղծվել է 1995 թվականին՝ «Արցախ» փրկարարական ծառայության (1984 թվականից՝ գբոսաշրջության ակումբին կից փրկարար ջոկատ, 1991 թվականի մայիսից՝ փրկարար ծառայություն, 1992-1995 թվականներին՝ Պետական բանակի ստորաբաժանում) և քաղաքացիական պաշտպանության հանրապետական շտաբի հիմքի վրա։ Ունի ճգնաժամային կառավարման, փրկարարական ուժերի պատրաստման և բնակչության ուսուցման, պետական հակահրդեհային ծառայության վարչություններ, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանում, ֆինանսական, նյութատեխնիկական ապահովման, լրատվության և հասարակայնության հետ կապերի և այլ բաժիններ։ Գլխավոր խնդիրներն ու գործառույթներն են՝ արտակարգ իրավիճակներում և պատերազմի ժամանակ հանրապետության պատրաստվածության բարձրացումը, բնակչության պաշտպանությանը և հրդեհային անվտանգությանն ուղղված պետական քաղաքականության մշակումն ու իրականացումը, արտակարգ իրավիճակների կանխման, նվազեցման և վերացման ապահովումը, փրկարարական և վերականգնողական աշխատանքների կազմակերպումը, հրդեհների կանխարգելումը. փրկարարական ուժերի պատրաստումը և այլն։

Փրկարարական գործողություններ խմբագրել

1988 թվականին «Արցախ» փրկարարական ծառայության անդամներից կազմավորվել է ինքնապաշտպանական կամավորական ջոկատ, որի մարտիկները 1990-1994 թվականներին մասնակցել են Շուշիի, Լաչինի, Ասկերանի, Մարտակերտի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ստեփանակերտի և այլ բնակավայրերի ռմբահարումներից ավերված շինություններից ու փլատակներից փրկել են շուրջ 3000 մարդու։ Մարտական գործողությունների ժամանակ ջոկատից զոհվել է 20 փրկարար ազատամարտիկ։ Փրկարարներից 2-ը (Ս. Թովմասյան՝ 1999. հետմահու, Ս. Երեմյան՝ 2002) պարգևատրվել են ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, 2-ը (Վ. Ավագյան՝ 1994 թ., Գ. Գասպարյան՝ 2001 թ.)՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով, 32-ը՝ այլ մեդալներով։

ԱԻՎ-ի հիմնադիր-ղեկավարն է Ա. Գրիգորյանը։ 2000 թվականից ԱԻՎ-ը Փրկարարների միջազգային համադաշնության անդամ է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։