Արտաքին միջավայրի բիոտիկ գործոններ

Բիոտիկ գործոններ (հուն. Biotikos ՝ կենսածին), օրգանիզմների միմյանց վրա փոխազդեցության ձևերն են, ինչպես տեսակի ներսում, այնպես էլ տարբեր տեսակների միջև։

Վ. Ն. Բեկլեմիշևը բիոտիկ գործոնները բաժանել է 4 խմբի մեջ (փոխազդեցության ձևեր).

  • տոպիկ՝ միջավայրի փոփոխությամբ պայմանավորված (հողի քայքայում)
  • տրոֆիկ՝ ըստ սննդային փոխհարաբերությունների (պրոդուցենտներ, կոնսումենտներ, ռեդուցենտներ)
  • ֆաբրիկ՝ ըստ բնակության միջավայրի (մակաբույծ որդերը օգտագործում են օրգանիզմը որպես բնակության միջավայր)
  • ֆորիկ՝ ըստ փոխադրման (մենակյաց խեցգետինը փոխադրում է ակտինիային)

Կենսածին գործոնների ազդեցությունը արտահայտվում է մի օրգանիզմի՝ մյուս օրգանիզմների կենսագործունեության վրա ազդեցության ձևով և կենսամիջավայրի վրա բոլորի ազդեցությամբ։ Օրգանիզմների միջև տարբերում են ուղղակի և անուղղակի փոխազդեցություններ։

Միևնույն տեսակին պատկանող առանձնյակների միջև տեղի ունեցող ներտեսակային փոխազդեցությունները առաջանում են խմբակային և զանգվածային ազդեցություններով և ներտեսակային մրցակցությամբ։

Միջտեսակային փոխազդեցությունները զգալիորեն ավելի բազմազան են.

  1. չեզոքություն (0;0)՝ օրգանիզմների միջև փոխազդեցությունը ո՛չ վնաս է, ո՛չ օգուտ
  2. կոմենսալիզմ (0;+)՝ տարբեր տեսակի օրգանիզմների միասին բնակցելն է, որի ժամանակ մի օրգանիզմը օգտագործում է մյուսին որպես բնակության միջավայր, բայց նրան վնաս չի պատճառում։ Օրինակ՝ որոշ ծովային պոլիպներ, բնակվելով խոշոր ձկների վրա, որպես սնունդ՝ օգտագործում են նրանց արտաթորանքները։ Մարդու աղեստամոքսային համակարգում գտնվում են մեծ քանակությամբ բակտերիաներ և նախակենդանիներ, որոնք սնվում են սննդի մնացորդներով և վնաս չեն տալիս տիրոջը։
    • բնակարանայնություն՝ միասին բնակվելու հատկություն, որի դեպքում մի տեսակի առանձնյակը օգտագործում է մյուս տեսակի առանձնյակին միայն որպես բնակավայր՝ չպատճառելով իր «կենդանի տանը» ո՛չ օգուտ, ՛ոչ էլ վնաս։ Օրինակ՝ քաղցրահամ ջրերում բնակվող դառնիճ ձուկը դնում է իր ձկնկիթը երկփեղկանիների մանտիայի խոռոչում։ Զարգացող ձկնկիթը ապահով պաշտպանված է փափկամարմնի փեղկերով, բայց նրանք անտարբեր են տիրոջ համար և չեն սնվում նրանց հաշվին։
    • ամենսալիզմ (0;-)՝ դա օրգանիզմների միջև փոխազդեցություն է, որի դեպքում մեկը վնաս է կրում, մյուսի համար դրանք անտարբեր են։ Օրինակ՝ պենիցիլ սունկը արտազատում է բակտերիաներ սպանող հակաբիոտիկ, բայց վերջինները սնկի վրա ոչ մի կերպ չեն ազդում։
  3. մուտուալիզմ (փոխօգտակար սիմբիոզ +;+)՝ տարբեր տեսակի օրգանիզմների համատեղ բնակություն, որը փոխօգտակար է։ Օրինակ՝ քարաքոսերը հանդիսանում են սիմբիոտիկ օրգանիզմներ, որոնց մարմինը կազմված է ջրիմուռներից և սնկերից։ Սնկի թելիկները մատակարարում են ջրիմուռներին ջրով և հանքային նյութերով, իսկ ջրիմուռների բջիջները իրականացնում են ֆոտոսինթեզ և հետևաբար մատակարարում են սնկի հիֆերին օրգանական նյութերով։
    • պրոտոկոոպերացիա (կոոպերացիա)՝ օրգանիզմների օգտակար փոխհարաբերություն է, երբ նրանք կարող են գոյություն ունենալ առանց միմյանց, բայց միասին նրանց համար ավելի լավ է։ Օրինակ՝ մենակյաց խեցգետինը և ակտինիան, շնաձկները և կպչուն ձկները։
  4. միջոց-շահագործող (+;-)
    • մակաբուծություն՝ դա տարբեր տեսակի օրգանիզմների հակադրական բնակության ձև է, որի դեպքում մի օրգանիզմը (մակաբույծը), տեղավորվելով այլ օրգանիզմի (տեր) մարմնի վրա կամ մարմնի մեջ, սնվում է նրա հաշվին և վնաս է հասցնում։ Մակաբույծների հիվանդաբեր ազդեցությունը որոշում է տիրոջ հյուսվածքների մեխանիկական վնասմամբ, նրա նյութափոխանակության արգասիքների թունավորմամբ, նրա հաշվին սնմամբ։ Մակաբույծներ են հանդիսանում բոլոր վիրուսները, շատ սնկեր, նախակենդանիներ, որոշ որդեր և հոդվածոտանիներ։ Ի տարբերություն գիշատչի՝ մակաբույծը օգտագործում է իր զոհին երկար և ոչ միշտ է բերում նրան մահվան։ Ոչ հազվադեպ տիրոջ մահանալու հետ մեռնում է նաև մակաբույծը։ Մակաբույծի և արտաքին միջավայրի կապը տեղի է ունենում տիրոջ օրգանիզմի անմիջական մասնակցությամբ[1]։
    • գիշատչություն[2]՝ մակաբույծների և գիշատիչների և դրանց զոհերի հակադրական փոխազդեցությունները պահպանում են թե՛ մեկի, թե՛ մյուսի պոպուլյացիայի թվաքանակը որոշակի հարաբերական հաստատուն վիճակում, որը ունի մեծ նշանակություն՝ տեսակների պահպանության համար։
  5. Հակաբիոզ(-;-)՝ օրինակ՝ մրցակցություն՝ օրգանիզմների (տեսակների) միջև հակադրական փոխազդեցություններ՝ կապված սննդի, էգի, բնակության միջավայրի և այլ ռեսուրսների հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել