Արտավազդ Խաչիկյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչիկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտավազդ Վահանի Խաչիկյան (օգոստոսի 17, 1918, Երևան, Հայաստան - հունիսի 26, 2000, Երևան, Հայաստան), հայ լրագրող, խմբագիր, պետական, կուսակցական գործիչ, մարզական գործի կազմակերպիչ[1]։ Մշակույթի վաստակավոր գործիչ (1968 թվական)։
Արտավազդ Խաչիկյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 17, 1918 |
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Մահացել է | հունիսի 26, 2000 (81 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | խմբագիր և լրագրող |
Բանաստեղծ, թարգմանիչ Սուրեն Վահունու եղբայրը[1]։
Կենսագրություն
խմբագրելԱրտավազդ Խաչիկյանը ծնվել է 1918 թվականին, Երևանում։ Մամուլում առաջին անգամ տպագրվել է 17 տարեկանում․ 1935 թվականին Նաիրի Զարյանի խմբագրած «Գրական սերունդ» ամսագրում նա տպագրել է երկու ծաղրանկար, որոնցում ծաղրել է հավակնոտ սկսնակ մի բանաստեղծի։ 19 տարեկանում որպես գործավար, այնուհետև՝ էջկապ-թողարկիչ աշխատել է «Խորհրդային դպրոց» թերթի խմբագրությունում[1]։
Մեկ տարի անց նա դարձել է Ախտայի (Հրազդան) շրջանային թերթի բաժնի վարիչ, 1939-1940 թվականներին եղել է Սևանի շրջանային թերթի պատասխանատու քարտուղարը[1]։
1941 թվականին Խաչիկյանը նշանակվել է Ժողկոմխորհին առընթեր Ռադիոկոմիտեի գրական աշխատող, այնուհետև դարձել է «Վերջին լուրերի» խմբագրության պատասխանատու խմբագիր[1]։
1942 թվականին Խաչիկյանն անցել է կոմերիտական աշխատանքի․ երկու տարի նա աշխատել է կոմերիտմիության կենտկոմում, այնուհետև ընտրվել է կոմերիտմիության Էջմիածնի շրջկոմի առաջին քարտուղար։ Պատերազմի ավարտից հետո նա նշանակվել է «Ավանգարդ» թերթի պատասխանատու քարտուղար, այնուհետև դարձել է այդ թերթի խմբագիր[1]։
1954 թվականին Արտավազդ Խաչիկյանն ավարտել է Մոսկվայի կուսակցական բարձրագույն դպրոցի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Վերադառնալուց հետո ընտրվում է կոմունիստական կուսակցության Երևանի Սպանդարյանի շրջանային կոմիտեի քարտուղար։ 1956 թվականին նշանակվել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր ֆիզկուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ[1]։
1963 թվականին Արտավազդ Խաչիկյանը նշանակվել է Հայաստանի հեռագրական գործակալության (ՀՀԳ) տնօրեն, որը հետագայում անվանափոխվեց «Արմենպրես» գործակալություն։ Այնտեղ նա աշխատել է 15 տարի[1]։
Արտավազդ Խաչիկյանն ավելի քան 10 տարի եղել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առողջապահության, սոցիալական ապահովության, ֆիզկուլտուրայի և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահը։ Նա եղել է նաև Հայաստանի կոմկուսի Կենտկոմի անդամության թեկնածու։ Ավելի քան 10 տարի նա եղել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահը՝ միաժամանակ լինելով նաև ԽՍՀՄ ժուռնալիստների միության քարտուղարը։ Եղել է ԽՍՀՄ-Իրան բարեկամության և մշակութային կապերի ընկերության փոխնախագահը[1]։
1978 թվականին Արտավազդ Խաչիկյանը նշանակվել է «Ինտուրիստի»՝ կառավարությանն առընթեր արտասահմանյան տուրիզմի գործակալության վարչության պետ։ 1981 թվականին անցել է կենսաթոշակի, սակայն շարունակել է աշխատել Հեռուստառադիոպետկոմի բաժնի վարիչ։ 1990 թվականին հիմնադրել է «Հույս» հրատարակչությունն ու «Կին և տղամարդ» բուժլուսավորչական շաբաթաթերթը[1]։
Վախճանվել է 2000 թվականին, Երևանում։
Երկեր
խմբագրելԼույս են տեսել Խաչիկյանի «Բարեկամական հանդիպումեր» (1960 թվական), «Երևանի հոբելյանը։ Քաղաքի 2750-ամյակի հոբելյանական տարեգրություն» (1972 թվական), «Թումանյան-100։ Հոբելյանական տարեգրություն» (համահեղինակ, 1972 թվական), «Երկաթե վարագույրի երկու կողմերում» (2000 թվական) հրապարակախոսական հոդվածների, հուշերի, ուղեգրությունների ժողովածուները։
Պարգևներ, կոչումներ
խմբագրելԱրտավազդ Խաչիկյանը պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամություն», «Պատվո նշան» երկու շքանշաններով, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրերով։ 1968 թվականին նրան շնորհվել է նոր սահմանված «Հայկական ԽՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչումը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |