Արտաշես և Սաթենիկ
Այս նույն ժամանակներում ալանները կովկասյան բոլոր լեռնականների հետ միաբանվելով և Վրաց աշխարհի կեսը գրավելով, մեծ բազմությամբ գալիս տարածվում են Հայոց աշխարհով մեկ։ Ալանների ներխուժման դեմն առնելու համար Արտաշեսը հավաքում է իր զորքերը և ելնում պատերազմի։ Ալանները հայոց զորքերի ճնշումից փոքր-ինչ հետ են նահանջում, անցնում Կուր գետը և բանակ դնում գետի հյուսիսային ափին։ Արտաշեսն էլ հետապնդելով նրանց, իր զորքով գալիս, բանակ է դնում Կուրի հարավային ափին։ Գետը դառնում է թշնամի երկու բանակների սահմանաբաժանը։
Հայոց և ալանների զորքերի ընդհարման ժամանակ ալանների արքայազնը գերի է ընկնում Արտաշեսի ձեռքը։ Ալանների թագավորը ստիպված հաշտություն է խնդրում։ Նա պատգամավորներ է ուղարկում Արտաշեսի մոտ, խոստանալով այն ամենը, ինչ Արտաշեսը կամենա, միաժամանակ առաջարկում երդմամբ դաշինք կնքել, որ դրանից հետո ալանների կտրիճները այլևս չեն ասպատակի Հայոց աշխարհը։ Արտաշեսը հրաժարվում է պատանի արքայազնին վերադարձնել։ Երբ այդ մասին իմանում է արքայազնի քույրը, ալանների չքնաղ արքայադուստր Սաթենիկը, որ գտնվում էր հոր մոտ, նրա բանակում, գալիս կանգնում է Կուր գետի ափին գտնվող մի մեծ դարավանդի վրա և թարգմանիչների միջոցով ձայն է տալիս Արտաշեսին.
Քեզ ասեմ, այր քաջ Արտաշէս, Որ յաղթեցիր քաջ ազգին Ալանաց՝ Տալ զպատանիդ. Զի վասն միոյ քինու ոչ է օրէն դիւցազանց՝ Զայլոց դիւցազանց զարմից բառնալ զկենդանութիւն, Կամ ծառայեցուցանելով ի ստրկաց կարգի պահել, Եւ թշնամութիւն յաւիտենական Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել։
Արտաշեսը լսելով այս իմաստուն խոսքերը, գնում է գետափ և տեսնելով չքնաղ կույսին, սրտանց ցանկանում է նրան կին առնել։ Իսկույն կանչում է իր դայակ Սմբատին, նրան հայտնում իր սրտի փափագը։ Միաժամանակ նա Սմբատին հայտնում է, որ կին առնելով ալաննեըի արքայադստերը, ինքը դաշինք և ուխտ կկնքի երկու քաջ ազգերի միջև և պատանուն խաղաղությամբ կվերադարձնի։
Սմբատը հավանություն է տալիս Արտաշեսի առաջարկին, անմիջապես մարդ է ուղարկում ալանների թագավորի մոտ, առաջարկում ալանների օրիորդ Սաթենիկին կնության տալ Արտաշեսին։
Ալանների թագավորն ասում է. Եւ ուստի տացէ քաջն Արտաշէս Հազարս ի հազարաց և բիւրս ի բիւրուց Ընդ քաջազգւոյ կոյս օրիորդիս Ալանաց։
Երբ Արտաշեսին հայտնում են Սաթենիկին կնության առնելու այս թանկ պայմանները, այնժամ
Հեծաւ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ, Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն, Եւ անցեալ որպէս զարծուի սրաթև ընդ գետն, Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն՝ Ընկէց ի մէջք օրիորդին Ալանաց, Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին, Արագ հասուցանելով ի բանակն իւր։
Արտաշեսը բռնությամբ առևանգելով գեղեցիկ Սաթենիկին, բերում է Արտաշատ, մեծ ու շքեղ հարսանիք հրավիրում, հետը ամուսնանում։ Հարսանիքի ժամանակ, ըստ արքայական սովորության, երբ Արտաշեսն իբրև փեսացու մտնում է դահլիճը՝ գլխին ոսկե դրամներ են շաղ տալիս, իսկ երբ Սաթենիկն է մտնում ամուսնական առագաստը՝ մարգարիտներ են գլխին թափում։ Եվ այնքան վսեմ ու շքեղ էր այս տեսարանը, որ գուսանները երգել են այն հետևյալ ձևով.
Տեղ ոսկի տեղայր Ի փեսայութեանն Արտաշիսի, Տեղայր մարգարիտ Ի հարսնութեան Սաթինկանն։
Արտաշեսը Սաթենիկին դարձնում է իր կանանց մեջ առաջինը։ Սաթենիկից ծնվում է Արտավազդը և ուրիշ շատ զավակներ։
Սյուժե
խմբագրելԱլանները կողոպուտի նպատակով ներխուժել էին Հայաստան։ Հայոց արքա Արտաշեսը դուրս էր եկել նրանց դեմ պատերազմի։ Ալանների ազգը փոքր-ինչ ետ է նահանջում և Կուր գետն անցնելով՝ հյուսիսային կողմից բանակ է դնում գետի ափին։ Արտաշեսը գալիս բանակում է գետի հարավային կողմում և գետը բաժանում է երկուսին։ Հայոց զորքերն, Ալանների որդուն բռնելով, տանում են Արտաշեսի մոտ, Ալանների թագավորը հաշտություն է խնդրում՝ խոստանալով տալ ինչ ցանկանա։ Արտաշեսը չի համաձայնում ետ վերադարձնել պատանուն, պատանու քույրը գալիս է գետի ափը և թարգմանների միջոցով ձայն է տալիս Արտաշեսի բանակը.
Արտաշեսը, լսելով այդպիսի իմաստուն խոսքեր և տեսնելով գեղեցիկ արքայադստերը, սիրահարվում է նրան։ Նա անմիջապես իր դայակ Սմբատ Բագրատունուն ուղարկում է ալանների թագավորի մոտ՝ խնդրելու Սաթենիկի ձեռքը։ Ալանաց թագավորը, ըստ իրենց սովորության, գլխագին է պահանջում դստեր համար, որի պատճառով Արտաշեսը որոշել է փախցնել Սաթենիկին.
Արտաշեսը Սաթենիկին բերում է Արտաշատ մայրաքաղաք։ Թագավորները հաշտվել են և դաշինք կնքել։ Արքայական հարսանիքի ժամանակ ոսկի ու մարգարիտ է տեղացել.
Ոսկի անձրև էր տեղում |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 140)։ |