Արտաշես Աբրահամյան (մանկավարժ)

հայ մանկավարժ

Արտաշես Սիմոնի Աբրահամյան (1923, Առաքյալ գյուղ), հայ մանկավարժ, զինվորական։ ԽՄԿԿ անդամ (1943): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Արտաշես Աբրահամյան
Ծնվել է1923
ԾննդավայրԱռաքյալ գյուղ
ԿրթությունԱդրբեջանի պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտաշես Աբրահամյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կենսագրություն

խմբագրել

Արտաշես Աբրահամյանը ծնվել է 1923 թվականին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի Հադրութի շրջանի Արաքյալ գյուղում։ 1940 թվականին ավարտել է Հադրութի մանկավարժական տեխնիկումը և նշանակվել նույն շրջանի Բանազուր գյուղի մոթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչ։ 1941 թվականի հոկտեմբերի 24-ին մեկնել է բանակ։ Ստալինգրադում երեք ամիս ծառայելուց հետո ուղարկվել է ռազմաճակատ. կռվել է 3-րդ առանձին օդային պարաշյուտային դեսանտային գումարտակի կազմում, այնուհետև որպես սակրավոր մասնակցել է Մոսկվայի մատույցներն ականապատելու, հակառակորդին հեռացնելուց հետո՝ ականազերծելու գործողություններին։

1942 թվականի ապրիլին տեղափոխվել է 64-րդ հրաձգային դիվիզիայի 1029-րդ հրետանային գունդը։ Եղել է 76 մմ տրամաչափի հրանոթի նշանառու, իսկ այնուհետև՝ հրամանատար։ Այդ զորամասի կազմում էլ մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտին։ 1943 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը։

1943-1945 թվականներին մասնակցել է Բելոռուսիայի և Լեհաստանի ազատագրման, Օդերի Ֆրանկֆուրտ և Բեռլին քաղաքների գրավման համար մղված մարտերին։ Այդ մարտերում ոչնչացրել է հակառակորդի 9 տանկ, տասնյակ զրահամեքենաներ։

Ստալինգրադյան ճակատամարտում պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար» և «Արիության համար» մեդալներով, Բելոռուսիայի ազատագրման մարտերում՝ Փառքի 3-րդ աստիճանի շքանշանով, Բեռլինի փողոցային մարտերում՝ Կարմիր աստղի շքանշանով։ Արժանացել է նաև «Ստալինգրադի պաշտպանության համար», «Վարշավայի ազատագրման համար», «Բեռլինի գրավման համար» և այլ մեդալների 13 անգամ արժանացել է գերագույն գլխավոր հրամանատարի շնորհակալագրին։ Վիրավորվել է 1945 թվականի մայիսի 1-ին Բեռլինի փողոցային մարտերում։

1945 թվականի նոյեմբերին զորացրվելուց հետո մանկավարժական աշխատանք է կատարել Լեռնային Ղարաբաղի և Կիրովաբադի դպրոցներում։

1955 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ 1967 թվականին փոխադրվել է Երևան։ Աշխատել է № 62 դպրոցում նախ որպես ուսմասվար, ապա՝ տնօրեն։ 1976 թվականին ընտրվել է լուսավորության, բարձրագույն դպրոցի և գիտական հիմնարկների աշխատողների արհմիության Խորհրդային շրջկոմի նախագահ[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ա. Հ. Հարությունյան, Հ. Ս. Մելքումյան, Ա. Ղ. Սուքիասյան, Հայաստանի ուսուցիչները մեծ Հայրենականում, գիրք 2, Ե., «Լույս», 1982, էջ 6-7