Արտանես (Ծոփքի թագավոր)

Արտանես Երվանդական (հուն․՝ Άρτανες του Σοφέν, մ.թ.ա. 2-րդ դար, Ծոփք, Մեծ Հայք - մ.թ.ա. 1-ին դար, Արկաթիակերտ), Ծոփքի թագավորության վերջին միապետը, որը սերում էր Երվանդունիների արքայական շառավղից։ Կառավարել է մ․թ․ա․ 100 թվականից (մոտավորապես) մինչև Ծոփքի միացումը Մեծ Հայքի թագավորությանը՝ մ․թ․ա․ 94 թվականը[1]։

Արտանես Երվանդական
Άρτανες του Σοφέν
Ծոփի թագավորության միապետ
Իշխանությունմոտ մ․թ․ա․ 100 թվական - մ․թ․ա․ 94 թվական
Թագադրումանհայտ
Հանձնումմ․թ․ա․ 94 թվական
Ծնվել է՝մ.թ.ա. 2-րդ դար
ԾննդավայրԾոփք, Մեծ Հայք
Մահացել է՝մ․թ․ա․ 94 թվական, սպանվել է Տիգրան Մեծի հրամանով
Վախճանի վայրԱրկաթիակերտ, Ծոփք, Արտաշեսյանների թագավորություն
ԱզգությունԾոփքի թագավորություն Ծոփքի թագավորություն
ՀարստությունԵրվանդականներ
ՆախորդՄիթրոբարզանես Ա
ՀաջորդողՄիթրոբարզանես Բ
միապետ և թագավոր
ՀայրՄիթրոբարզանես Ա

Սպանվել է արքայից արքա Տիգրան Մեծի հրամանով՝ Ծոփաց Արկաթիակերտ մայրաքաղաքում բարձրացված դիմադրության կոտրումից հետո։ Արտանեսի հաջորդ Միթրոբարզանես Բ-ն արդեն չէր կրում «Ծոփքի արքա» տիտղոսը։

ԿենսագրությունԽմբագրել

Ամերիկացի տոհմաբան Կիրիլ Թումանովը պնդում է, որ Արտանեսը ծագում էր Երվանդունիների արքայատոհմից՝ մ․թ․ա․ 189 թվականին Ծոփքի թագավորությունն անկախ հռչակած Զարեհ Երվանդականից[2]։

Ըստ հռոմեացի պատմիչ Ստրաբոնի՝ Զարեհյանների տոհմի վերջին ներկայացուցիչը՝ Արտանեսը ժառանգել էր հարավ-արևմտյան հողերը՝ պատմական Հայաստանի Ծոփք նահանգը։ Ծոփաց աշխարհի միավորումը Մեծ Հայքի թագավորությանը մշտապես եղել է Արտաշեսյան գահակալների առաջնահերթությունների թվում։ Զարեհի մահից հետո նման նախաձեռնությամբ է հանդես գալիս Արտաշես Բարեպաշտը, սակայն Ծոփքի թագավոր Մորֆոլինգը (Միթրոբարզանես Ա) կարողանում է դիվանագիտական ճանապարհով պաշտպանել իր իշխանությունը՝ Կապադովկիայի թագավորության դաշնակցային օժանդակության միջոցով։ Մ․թ․ա․ 95 թվականին Մեծ Հայքի գահն անցնում է Տիգրան Բ-ին, որը Պարթևական կայսրությունից որոշ տարածքներ նվաճելուց հետո զորաշարժով ուղղորդվում է Ծոփք։

Ծոփքի թագավորության երբեմնի դաշնակից Կապադովկիան այդ ժամանակ սահմանային պատերազմներ էր մղում Պոնտոսի արքա (Տիգրանի ապագա դաշնակից) Միհրդատ Զ Եվպատորի դեմ, ինչն էլ նշանակում էր, որ վերջինս Ծոփքի թագավորությանը զորակցել չէր կարող։ Տիգրանյան զորքերը Ծոփք են ներխուժում մ․թ․ա․ 94 թվականին և Արկաթիակերտի մատույցների մոտ հանդիպում Արտանես Ա-ի գլխավորած ուժերի պաշտպանողական գործողություններին։ Այնուամենայնիվ, դիմադրությունը կարճ ժամանակում կոտրվում է, քաղաքն անձնատուր է լինում։

Տիգրան Բ-ի հրամանով Արտանես արքան սպանվում է, իսկ գեներալ Միթրոբարզանեսը, որը ևս սերում էր Երվանդունիներից, նշանակվում է Ծոփքի փոխարքա[3]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Պոլիբիոս, «Ընդհանուր պատմության», գիրք XXXI, գլուխ II, §16
  2. «Քրիստոնեական Կովկասի արքայատոհմերը հին շրջանից մինչև 19-րդ դար», Կիրիլ Թումանով, Ծագումնաբանական և ժամանակագրական աղյուսակներ, Հռոմ-1990, էջ 400-505
  3. Ստրաբոն, «Աշխարհագրություն», գիրք XI, 14, «Հայաստան», § 14-ից 15

[[Պատկեր:|link=Պորտալ:Մեծ Հայք|34x34px]]  Տիգրան Մեծ    Մեծ Հայք    Պատմություն    Կենսագրություն