Բացել գլխավոր ցանկը

Վաղարշակ Ա-ի մահից հետո Հայոց վրա թագավորում է նրա որդին՝ Արշակը: Վերջինս հետևելով հին աշխարհում ընդունված այն կարգին, որ տվյալ երկրի նոր իշխանավորը իր դիրքերը այդ երկրում հիմնավորելու և օրինական ժառանգորդ դառնալու համար խնամիական կապերի մեջ էր մտնում նախորդ իշխողների տոհմաճյուղի ներկայացուցիչների հետ՝ Արշակը իրեն կնության է վերցնում Երվանդունիների կրտսեր տոհմաճյուղերից՝ Զարեհավանյանների դստրերից, որի մասին վկայությունները պահպանվել են Արտաշես Ա-ի հին արամեատառ արձանագրություններում (նույն ձևով վարվեց նաև Ալեքսանդր Մեծը, կնության վերցնելով Դարեհ Կոդոմանոսի դստերը և իրեն հռչակեց Աքեմենյան տերության ժառանգորդ):

Մեծ Հայքի նորընծա արքայական հարստության դեմ թշնամական դիրք են բռնել նախկին Երվանդունիների արքայատան ներկայացուցիչները, որոնք ստիպված հեռանալով երկրից՝ հաստատվել են Մեծ Հայքի հարավարևմտյան տարածքներում (Ծոփք-Կոմմագենե), որտեղ ստեղծել են իրենց առանձին իշխանությունը և դաշնակցելով Սելևկյանների պետության հետ, անհաշտ պայքար են տարել Մեծ Հայքի իշխանությանը տիրացած Վաղարշակի սերունդների դեմ: Ըստ հին ավանդությունների. Վաղարշակի սերունդներին անցած Մեծ Հայքի երկրից չեն հեռացել և մնացել են մշտական բնակության՝ Երվանդունիների արքայատնից միայն՝ կրտսեր ճյուղի ներկայացուցիչներ՝ Զարեհավանյանների և Առավենյանների տոհմերը:

Ըստ Մ. Խորենացու. Արշակը իր հոր առաքինություններին նախանձավոր և հետևող գտնվելով, շատ բարեկարգություններ մտցրեց. Պոնտացիների հետ պատերազմելով նրանց իրեն ենթարկեց և ի նշան այդ հաղթանակի. մեծ ծովի ափին /հավանաբար Սև ծովի/ մի արձան կանգնեցրեց, որի մեջ՝ նետելով խորը նստեցրեց իր բոլորակ տեգով նիզակը: Նույն պատմագրի վկայությամբ սրա ժամանակ մեծ խռովություններ ծագեցին Կովկաս մեծ լեռան գոտիներում, բուլղարների աշխարհում և նրանցից շատերը հեռանալով եկան Հայոց աշխարհը, որոնց Արշակը բնակության տեղ տվեց Կողից ներքև արգավանդ և հացառատ տեղերում:

Երկրի կենտրոնական իշխանությունը ամրապնդելու նպատակով Արշակը խրախուսել է Հայ-Արամազդական կրոնի ուժեղացմանը, արգելելով տոհմա-ցեղային հավատալիքների պաշտամունքը, որը դժգոհություն է առաջացրել որոշ տոհմա-ցեղային իշխանավորների մեջ, որոնցից հատկապես աչքի են ընկել (ըստ Մ. Խորենացու ծագումով հրեա) Վաղարշակի զինակից՝ Շամբատ Բագարատի սերունդները: Արշակը, ստիպված բացառության կարգով որոշ կրոնական զիջումներ է թույլատրել Շամբատի որդի (Բագրատունիների ցեղի տոհմավագ) Բագրատին, սույնով խաղաղեցնելով նրանց ըմբոստությունը: Այսպիսով. Արշակը, Վաղարշակի որդին, Հայոց վրա թագավորում է տասներեք տարի. իր հոր առաքինություններին նախանձավոր և հետևող գտնվելով:

ԱղբյուրներԽմբագրել

Մովսես Խորենացի <<Պատմություն Հայոց>> -1968թ.

Լ. Շահինյան <<Հայաստանը և Առաջին Արշակունիները>> -1993թ.

Ա. Ե. Մխիթարյան <<Հաբեթի սերունդները>> -2002թ.