Արյան զրպարտանք Տիսաեսլարում

Արյան զրպարտանք Տիսաեսլարում կամ Տիսաեսլարի գործ, արյան զրպարտանք հրեաների հանդեպ և դրան հաջորդած դատական գործընթաց, որը Հունգարիայում 1882-1883 թվականներին սկիզբ է դրել հակասեմականությանը։

Զրպարտանքի պատմություն խմբագրել

Հունգարական Տիսաեսլար (հունգ.՝ Tiszaeszlár) գյուղի (գտնվում է Տիսա գետի մերձակայքում) հրեական համայնքը բաղկացած է եղել 25 ընտանիքից, որը Տիսաեսլարի բնակչության 25% է կազմել։ 1882 թվականի ապրիլի 1-ին` Փեսախից առաջ, անհետանում է քրիստոնյա 14-ամյա մի աղջնակ` Էսթեր Շոյմոշին, ով ծառայում էր Անդրաշ Հուրիի տանը։ Նա հանձնարարությամբ դուրս է գալիս տնից և այլևս չի վերադառնում։ Անօգուտ որոնումներից հետո լուրեր են տարածվում, որ աղջիկը դարձել է հրեա կրոնական մոլեռանդների զոհը։ Հունգարիայի խորհրդարանում Տիսաեսլարի ներկայացուցիչ Գեզա Օնոդին և խորհրդարանի անդամ Դյոզյո Իշտոցին, ովքեր հետագայում հիմնում են հակասեմական կուսակցություն, առաջարկություն են անում խորհրդարանի պալատից վռնդել հրեաներին, ինչն էլ հանգեցնում է մի շարք բռնարարքների։ Նրանք մեղադրում են հրեաներին աղջկա սպանության մեջ` նրա արյունը Փեսախի ժամանակ օգտագործելու նպատակով, որը նշվել է ապրիլի 4-ին։ Մայիսի 4-ին աղջկա մայրը դիմում է տեղի դատարան անհետացած աղջկա գործը հետաքննելու պահանջով`շեշտը դնելով հրեաների ծիսական սպանության վրա։

Պահակ Շարֆի երեխաների ցուցմունք խմբագրել

Մայիսի 19-ին Նյիրեդյհազ քաղաքի շրջանային դատարանը Տիսաեսլար է ուղարկում դատական կատարածուներ Յոժեֆ Բարիին`քննելու հարուցված դատական գործը։ Կասկածյալ հրեաներին ձերբակալելուց և նրանց գույքը հսկողության տակ վերցնելուց հետո Բարիի ոստիկանութունը ձեռնամուխ է լինում հարցաքննություններին։ Որոշ կանայք ու աղջիկներ, որոնց գայթակղել էին փողով ու քաղցրավենիքով, ցուցմունք տալիս նշում են, որ սինագոգի պահակ Յոժեֆ Շարֆը Էսթերին կանչել է իր տուն ու գլխատել նրան։ Շարֆի հնգամյա որդին ասել է, որ հոր, ավագ եղբոր` 14-ամյա Մորիցի և մի քանի այլ տղամարդկանց ներկայությամբ գլխատողը աղջկա վզին բացվածք է արել և Մորիցի օգնությամբ նրա արյունը հավաքել անոթում։ Բոլոր կասկածյալները` ներառյալ` Շարֆն ու Մորիցը, ժխտել են նման գործողության մասնակցությունը և աղջկա անհետացման պատճառներին կամ նրա հավանական սպանության տեղյակ լինելը։ Մայիսի 19-ին Շարֆն ու նրա կինը ձերբակալվում են։ Նույն օրվա երեկոյան Մորիցը հանձնվում է ոստիկանական կոմիսարին, ով նրան տեղավորում է Տիսինալֆադի բաժանմունքում, որտեղ դատական ծառայող Պեցեյը պետք է ապահովեր նրա անվտանգությունը։ Պեցեյը` հաղթանդամ մի տղամարդ, ով սպանության համար բանտում նստել էր 12 տարի, օգնում էր արյան զրպարտանքի դասական մեղադրանքի գործիք դարձնելու Մորիցին։

Վախեցած տղան ընդունում է, որ շաբաթ առավոտյան իր հայրը կանչել է Էսթերին իրենց տուն մոմակալները հավաքելու պատրվակով, չնայած շաբաթ օրերը հրեաների շրջանում արգելված է որևէ գործ անել, իսկ իրենց մոտ ապրող հրեա մուրացկան Գերման Վոլները աղջկան ուղեկցել է սինագոգի նախասրահ, որտեղ հարձակվել է նրա վրա։ Այն բանից հետո, երբ նրա հագուստները հանել են, երկու գլխատողները` Աբրահամ Բուքսբաումը և Լեոպոլդ Բրաունը, բերել են երրորդին` Սողոմոն Շվարցին, ով մեծ դանակով բացվածք է կատարել աղջկա վզին` նրա արյունը հավաքելով մեծ անոթի մեջ։ Այս երեքը, ովքեր գործ էին փնտրում, Տիսաեսլար էին եկել շաբաթօրյա ծեսին մասնակցելու համար և տղայի խոսքերով սինագոգում երկար են մնացել առավոտյան ծառայությունից հետո։ Իր իսկ «վկայությամբ» Մորիցն այս ամենը տեսել է սինագոգի դռան կողպեքի անցքից։ 45 րոպե դիտարկման արդյունքում նա նաև տեսել է` ինչպես են աղջկա վզին շոր փաթաթել և մարմնին հագուստ հագցրել։ Նրա խոսքերով այդ ամենին ներկա են եղել Սամուել Լյուստիգը, Աբրահամ Բրաունը, Ղազար Վայշտայնը և Ադոլֆ Յունգերը։ Ստանալով այսպիսի «խոստովանություն»` Պեցեյն ու Ռեչկին անհապաղ մարդ են ուղարկում Յոժեֆ Բարիի հետևից, ում ներկայությամբ Մորիցը կրկնում է իր ցուցմունքները` հավելելով, որ կատարվածից հետո, երբ նրանք լքել են հանցագործության վայրը, ինքը փակել է սինագոգը, որպեսզի չգտնեն ո՛չ դիակը, ո՛չ արյան հետքերը։ Բարին ներխուժում է սինագոգ և հրեական տներ, ինչպես նաև գերեզմանոց, սակայն ոչ մի տեղ չի հայտնաբերում անհետացած աղջկա հետքերը։ Ձերբակալվում են 12 հրեաներ սպանությանը մասնակից լինելու կասկածով, իսկ Մորիցը տեղափոխվում է բանտ։

Դիակի հայտնաբերում և դատաբժշկական առաջին փորձաքննություն խմբագրել

Հունիսի 18-ին Տիսա գետից Դադա գյուղի մոտակայքում գտնվում է մարմինը, որը շրջանային բժշկի խոսքերով կարող էր լինել 14-ամյա աղջկանը։ Մահացածը ձախ ձեռքում սեղմել էր թաշկինակ` բաց կապույտ երանգով, ճիշտ այնպիսին, որից անհետացման նախորդ օրը գնել էր Էսթերը[1]։ Շատերը դիակը նույնականացնում են Էսթերի Շոյմոշիի հետ, սակայն աղջկա մայրը վճռականորեն ժխտում էր, որ դիակը Էսթերինն է։ Հետագայում նա ճանաչում է աղջկա հագուստը։ Փորձագետների խումբը, որի կազմի մեջ մտնում էին երկու բժիշկներ` Տրայտլերն ու Կիշը, ինչպես նաև բժշկի պաշտոնին հավակնող Հորվաթը, հայտարարում են, որ դիակը պատկանում է 18-20 տարեկան կնոջ, ով մահացել է 18-20 օր առաջ։ Հայտնաբերվում է նաև, որ կինը սեռական բազմաթիվ կապեր է ունեցել և երբեք չի զբաղվել ծանր աշխատանքով, քանի որ հանգուցյալի մաշկն ու եղունգները զարմանալիորեն նուրբ ու մշակված էին[1]։ Այս բոլոր ենթադրությունները չէին հանգեցնում այն մտքին, որ դիակը Էսթերինն է[1]։ Այն թաղվում է Տիսաեսլարի կաթոլիկ դամբարանում։ Դրանից հետո հակասեմական խումբը, որոնց շարքում էր քաղաքային կաթոլիկ քահանան, տարածում են մի պնդում, ըստ որի մարմինը բերել են հրեաները և հագցրել Էսթերի հագուստը, որպեսզի քողարկեն ծիսական սպանությունը։ Մի քանի լաստագործներ, ովքեր գտել էին մարմինը, ճնշման ու սպառնալիքի ազդեցությամբ հրաժարվում են նախորդ ցուցմունքներից` դրա փոխարեն հայտարարելով, որ անծանոթ մի հրեուհի իրենց տվել է հագուստը, որը նրանք հագցրել են գտնված մարմնին։ Կատարվում են նոր ձերբակալություններ. ձերբակալվում են լաստագործներ Յանկել Սմիլովիչը և Դևիդ Գերշկոն, նաև Ամզել Ֆոգելը, և գործը, որը ճանաչում էր ստանում, նոր թափով է բորբոքվում։

Պաշտոնական մեղադրանքի առաջադրում խմբագրել

Հուլիսի 29-ին 15 մարդու առաջադրվում է պաշտոնական մեղադրանք։ Սողոմոն Շվարցը, Աբրահամ Բուքսբաումը, Լեոպոլդ Բրաունը և Գերման Վոլները մեղադրվում են սպանության, իսկ Յոժեֆ Շարֆը, Ադոլֆ Յունգերը, Աբրահամ Բրաունը, Սամուել Լյուստիգը, Ղազար Վայնշտայնը և Էմանուել Թաուբը` հանցագործությանը կամավոր աջակցելու մեջ։ Անսելմ Ֆոգելին, Յանկել Շմիլովիչին, Դավիդդ Գերշկոյին, Մարտին Գրոսին և Իգնաց Քլեյնին մեղադրանք է առաջադրվում սպանությունը քողարկելու և մարմինը թաքցնելու համար։ Դատավարության ձգձգումը հիմնականում բացատրվում էր նրանով, որ Բարիի կազմած ակտերի մեջ անճշտություններ կային. նա հետաքննությունն անցկացրել էր առանց պետական իրավաբանական անձի, ցուցմունքները գրի էին առնվել առանց վկաների, խոշտանգվել էին մեղադրյալներն ու կասկածյալները։ Կառավարական ցուցումով Մորից Շարֆը հանձնվում է շրջանային դատավորի իրավասությանը, ով նրան նշանակում է վերակացու Հենտերի հսկողության տակ` դրանով նրան մեկուսացնելով պաշտպաններից և մյուս հրեաներից։ Մորիցը գտնվում էր մեղադրողների բացարձակ ազդեցության տակ, ովքեր նրան պատրաստում էին դատարանում տրվելիք ցուցմունքներին։

Մեղադրյալների պաշտպանությունն իրականացնում էր լրագրող, Պատգամավորական պալատի անդամ Կարոյ Էտվյոշը (Károly Eötvös), ում հետ աշխատում էին փաստաբաններ Բ. Ֆրիդմանը, Շանդոր Ֆունտակը, Մաքս Սեկեյը Բուդապեշտից և Իգնաց Հոյմանը Նյիրեդյհյազայից։ Արդարադատության նախարար Պաուլեր Էտվյոշին ուղղված բողոքում ներկայացվել էր խոշտանգումների համակարգը, որ գործադրել էին Բարին, Ռեչկին և Պեցեյը, սակայն բողոքը սպասելի արդյունք չի ունենում։ Գործն այնքան է ձգձգվում, որ պետական կատարող Կոժման սեպտեմբերին Բուդապեշտից ուղևորվում է Նյիրեդյհյազա` գործի ընթացքն արագացնելու։

Լայոշ Կոշուտի բողոք խմբագրել

Ձգձգվող դատավարությունն իր վրա էր սևեռում համընդհանուր ուշադրություն։ Երկրում անցկացվում էին քարոզչական զանգվածային միջոցառումներ, որոնց նպատակն էր հասարակական կարծիքը ամբաստանյալների մեղավորության կողմը թեքելը։ Հունգարիայի նախկին նախագահ Լայոշ Կոշութը, ով այդ ժամանակ վտարված էր Թուրին, իր ձայնն է բարձրացնում ընդդեմ իշխանությունների` բողոքարկելով հրեաների դեմ կազմված մտացածին մեղադրանքների դեմ։ Նա ասում էր, որ ծիսական սպանությունների կասկածանքը ամոթի խարան է Հունգարիայի համար. ժամանակակից հասարակությանը հարիր չէ լավագույն դեպքում մեկ մարդու կողմից կատարված սպանությունը ներկայացնել որպես ռասայական կամ կրոնական հողի վրա կատարված հանցագործություն։ Ճանաչված առաջնորդի ձայնը հակադրվում էր ամբողջ երկրով տարածվող մոլեգին հայացքներին, որոնք տեղ էին գտել նաև Պատգամավորների պալատում։ Պատգամավոր Էռնյո Մեզեյի դիմումը արդարադատության նախարարին 1882 թվականի նոյեմբերին ունեցան իրենց հետևանքները։ Նյիրեդհազա է ուղարկվում գլխավոր դատավոր Խավաշը, ով պարզաբանում է, որ չնայած դատարանի պաշտոնական հաղորդագրությանը` մեղադրյալներին և ոչ մի անգամ չեն լսել։ Նա կարգադրում է ազատել որոշ ձերբակալվածների, սակայն գործն արագացնելուն ուղղված իր գործողություններում զգալով մեծ խոչընդոտներ` նա պաշտոնաթող լինելու դիմում է ներկայացնում, ինչը միանգամից ընդունվում է։

Էսթերի դիակի էքսգումացիա և կրկնակի քննություն խմբագրել

Նոյեմբերի կեսերին Յոժեֆ Շարֆի կինն ազատ է արձակվում, մինչդեռ նրա ամուսինն ու մյուս կասկածյալները շարունակում էին մնալ ձերբակալված։ Տիսայում գտնված դիակը փաստաբանների պնդումով դեկտեմբերի 7-ին էքսգումացիայի է ենթարկվում, որ քննում են Բուդապեշտի համալսարանի (հունգ.՝ Eötvös Loránd Tudományegyetem) բժշկության բաժնի 3 պրոֆեսորներ` Շենթհաուզերը, Բելկին և Միխալկովիչը։ Նրանք փորձագետների նախորդ խմբի կայացրած որոշումը համարում են գիտական հիմքերից զուրկ, իսկ ավելի ուշ դատարանի առաջ նրանց մեղադրում են իրենց գործին խորապես անտեղյակ լինելու մեջ` ժխտելով նրանց կայացրած բոլոր որոշումները։ Նրանք սխալ են համարում ընդունված արդյունքները մահացածի տարիքի, մահվան հնարավոր ժամանակի, օրգանների վիճակի, եղունգների ու մաշկի մասին։ Փաստը, որ ուրիշ ոչ մեկը չի փնտրել դիակ, կասկած չի թողել, որ այն հենց Էսթերին Շայմոշիի դիակն է, իսկ նրա վզին կտրվածքներ չեն եղել, ինչը վկայում է, որ ծիսական սպանության վարկածն անհիմն է։ Սակայն հրեաներին ներկայացված և ոչ մի մեղադրանք չի հանվում։

1883 թվականի հունիսի 17-ին Նյիրեդյահազայում սկսվում է գործի քննության վերջին փուլը։ Նախագահը Ֆերենց Կորնիշն էր, պետական մեղադրողը` Էդուարդ Սեյֆերտը։ Չնայած մեղադրանքի միակ հիմքը Մորից Շարֆի ցուցմունքն էր, դատարանն անցկացնում է 30 նիստ գործի բոլոր մանրամասները քննելու նպատակով` լսելով բազմաթիվ վկաների ցուցմունքներ։ Դատաբժշկական հետազոտությունների արդյունքները ներկայացնում է դատական բժշկության վիեննացի պրոֆեսոր, դրա` որպես գիտական ուղղության հիմնադիրներից մեկը` Էդուարդ ֆոն Հոֆմանը։ Վերջինս հաստատում է երկրորդ հետազոտության արդյունքները` պնդելով, որ դատաբժշկական առաջին հետազոտության մասնակիցները մասնագիտական ոչ մի գիտելիք ու հիմնավորում չունեն։ Տղայի թողած ցուցմունքների բացահայտ հակասությունները, որոնք ներկայացվել էին հուլիսի 16-ին Տիսաեսլարում, օգոստոսի 3-ին հանգեցրին մեղադրյալների միաձայն արդարացմանը։ Շայմոշիի այրու փաստաբան Սալայը իր խոսքում դեմ է արտահայտվում որոշմանը, սակայն գերագույն դատարանը մերժում է նրա բողոքը և հաստատում շրջանային դատարանի որոշումը։

Երիտասարդ մեղադրյալ Մորիցը, որի ցուցմունքներն այլափոխվել էին հակասեմական հայացքների ներքո, վերադառնում է ծնողների մոտ, ովքեր նրան ընդունում են ուրախությամբ և ամբողջովին ներում։ Նա օգնում է իր հորը մինչև նրա մահը 1905 թվականին։

Դատավարության հետևանքներ խմբագրել

Արդարացման վճիռը և մեղադրյալների ազատումը, որոնցից շատերը բանտում անցկացրել էին 15 ամիս, Պրեսբուրգում (այժմ` Բրատիսլավա), Բուդապեշտում և Հունգարիայի այլ քաղաքներում անկարգությունների մեկնակետ է դառնում։ Զեղծարարները, ովքեր դատական նիստերի ժամանակ հավաքվում ու սկանդալ էին անում դատարանի առաջ (նրանց մեջ առանձնանում էր Տիսաեսլարի Պատգամավորների պալատի քարտուղար Օնոդին), անպատվում ու վիրավորում էին բանտարկյալներին` սպառնալով վկաներին ու փաստաբաններին։

Տիսաեսլարի արյան զրպարտանքը ամենաաղմկահարույց գործերից մեկն էր 19-րդ դարի վերջին Եվրոպայում։ Այն 1919-1921 թվականներին Հունգարիայի արյունահեղությունների արադարացում դարձավ։ 1920-1940-ական թվականներին այս միջադեպն օգտագործել են հունգարացի ու գերմանացի նացիստները։

Գերմանացի գրող Առնոլդ Ցվայգը դատավարության մոտիվներով գրել է «Ծիսական սպանություն Հունգարիայում» դրաման (1914)։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Юрген Торвальд. Часть II. О чем рассказывают мертвые, или этапы развития судебной медицины, разделы 5—6 // Век криминалистики / Пер. с нем. Ф. М. Решетникова.. — М.: Прогресс, 1991. — 336 с.