Արմատական դոմեն (անգլ.՝ root domain), դոմենային անունների համակարգի ամենավերին մակարդակն է։ Համացանցի արմատական դոմենը (երբեմն անվանում են զրոյական մակարդակ) սպասարկվում է տարբեր երկրների դոմենային անունների համակարգերի արմատական սերվերների կողմից, որոնք տեղակայված են աշխարհով մեկ[1][2]։

Ինտերնետային DNS համակարգում արմատական դոմենը նշանակվում է դատարկ անունով (այսինքն` ոչ մի նիշ չպարունակող)։ Դոմենային անուն գրելիս յուրաքանչյուր դոմեն բաժանվում է կետերով. անվան վերջում նույնպես կարող է կետ լինել, որը բաժանում է արմատական դոմենի դատարկ անունը։ Եթե այս կետը առկա է (օրինակ՝ «www.example.com.»), ապա դոմենի անունը համարվում է լրիվ (բացարձակ)[3]։ Եթե անվան վերջում կետ չկա («www.example» կամ «www.example.com»), ապա անունը համարվում է հարաբերական։

Յուրաքանչյուր ինտերնետային հավելված պետք է ճիշտ կարգավորի ավարտող կետը, այնուամենայնիվ, ծրագրերի մեծ մասը թույլ է տալիս մուտքագրել դոմենի անունը առանց վերջին կետի։ Նման անունների մշակումը կախված է իրացումից։ Ամենապարզ դեպքում (եթե, օրինակ, տվյալ հավելվածի համատեքստում անհնար է որոշել, թե որ բազային դոմենին է տրված հասցեն), հասցեին կավելանա ավարտող կետը, և այն կմեկնաբանվի որպես բացարձակ։ Որոշ դեպքերում, լրիվ դոմենային անուն ստանալու համար, ծրագրային ապահովումը (կամ հավելված կամ օպերացիոն համակարգ) կարող է հարաբերական անվանը կցել լռելյայն դոմեն, որը որոշվում է համակարգչի դոմենի անունով կամ կարող է առաջադրված լինել պարամետրերում։ Երբեմն պարամետրերում կարող են նշված լինել մի քանի այդպիսի դոմեններ, որոնք հերթով ստուգվում են, մինչև որ գտնվի DNS-ում գոյություն ունեցող անունը։ Այս մոտեցումը կարող է հանգեցնել բազմանշանակության, որը, սակայն, հեշտությամբ կարելի է լուծել լրիվ դոմենի անունը նշելով (վերջում դրված կետով)[4]։

Դոմենային անունների համարակալման կարգը հաճախ շփոթում են, և վերին մակարդակի դոմենները կոչում են զրոյական։ Իրականում, զրոյական մակարդակի տիրույթը «.»-ն է (կետ), և դոմենների մակարդակների համարակալման ճիշտ հերթականությունը հետևյալն է.

  1. . (կետ) — դոմենի զրոյական մակարդակ
  2. .org — առաջին մակարդակի դոմեն, ինչպես նաև վերին մակարդակի դոմեն կամ գոտի
  3. wikipedia.org — երկրորդ մակարդակի դոմեն
  4. hy.wikipedia.org — երրորդ մակարդակի դոմեն

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «There are not 13 root servers». www.icann.org (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.
  2. «DNS root servers in the world « stupid.domain.name». stupid.domain.name (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.
  3. «Root Servers». IANA. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
  4. «SANS Institute InfoSec Reading Room». SANS. Վերցված է 2014 թ․ մարտի 17-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմատական դոմեն» հոդվածին։