Արհեստական կանեփ կամ Սպայս (անգլ.՝ «Spice» կամ Synthetic cannabis, synthetic marijuana), հոգեներգործուն միջոցներ, որոնք նմանակում են կանեփի ազդեցությանը, սակայն իրենցից ներկայացնում են բույսերի վրա ցողվող արհեստական միջոցներ[1]։ Գոյություն ունեն հոգեակտիվ արհեստական կանեփի մի քանի ընտանիքներ (օրինակ՝ AM-xxx, HU-xxx, JWH-xxx, CP xx), որոնք օգտագործվում են բույսերի վրա ցողելու համար և վաճառվում են որպես բնական թմրամիջոցներ՝ տարբեր բրենդային անվանումների ներքո, օրինակ՝ K2[2] և Spice[3], որոնք երկուսն էլ ընդհանրական ապրանքանիշեր են, որոնք օգտագործվում են արհեստական կանեփի ցանկացած արտանդրանքի համար։ Արհեստական կանեփը հաճախ պարզապես սպայս են անվանում։

«Spice» ապրանքանիշի բուսական խնկի փաթեթը

Երբ արհեստական կանեփի խառնուրդներն առաջին անգամ ի հայտ եկան 2000-ական թվականներին, թվում էր, թե դրանք ստացվել են բնական բուսական խառնուրդների միջոցով։ 2008 թվականին կատարված լաբորատոր հետազոտությունները ցույց տվեցին, որ դա չի համապատասխանում իրականությանը, և դրանք իրականում պարունակում են արհեստական նյութեր, որոնք օրգանիզմի վրա ազդում են ճիշտ նույն կերպ, ինչ բնական կանեփը, սակայն ոչ մի առնչություն չունեն վերջինիս հետ։ Արհեստական կանեփի մի մեծ ու բարդ բազմազանություն, առավել հաճախ կանաբիցիկլոհեքսանոլը, JWH-018-ը, JWH-073-ը կամ HU-210-ը, օգտագործվում են՝ նպատակ ունենալով շրջանցել օրենքները և ներկայացնել արհեստական կանեփը որպես միջոց, որն օրինական կերպով կարող է շրջանառվել (դիզայներական թմրամիջոցներ, որոնք թույլ են տալիս շրջանցել թմրաբիզնեսի զարգացման դեմ ուղղված օրենքով նախատեսված արգելքները․ սինթեզվում են այնպիսի նյութեր, որոնք մարդու օրգանիզմի վրա ունենում են հոգեակտիվ ներգործություն, թմրաազդեցություն, սակայն դուրս են օրենքով ու իրավական ակտերով նախատեսված հսկվող և արգելվող նյութերի ցանկերից)։ Այն վաճառվում է բազմաթիվ տարբեր բրենդային անվանումների ներքո, համացանցով, ձեռքի վրա, տարբեր խանութներում։

Շուկայում այն հաճախ ներկայացվում է որպես «բուսական խունկ», այնուամենայնիվ, որոշ ապրանքանշաններ իրենց արտադրանքը վաճառում են՝ ներկայացնելով որպես «ծխելու համար նախատեսված բուսական խառնուրդներ»։ Երկու դեպքում էլ այդ արտադրանքը սպառողները գործածում են ծխելու միջոցով։ Չնայած արհեստական կանեփը թմրամիջոցի հայտնաբերման թեստերի ժամանակ չի հայտնաբերվում, սակայն դրա մետաբոլիտները հնարավոր է հայտնաբերել մարդու մեզի մեջ։ Արհեստական կանեփի արտադրանքում պարունակվող արհեստական կանաբինոիդները եվրոպական մի շարք երկրներում համարվում են անօրինական, այդ թվում՝ Ռուսաստանում[4], ԱՄՆ-ում[5], Եվրամիության բազմաթիվ երկրներում[6], Հայաստանում[7]։

Կապը կանեփի հետ խմբագրել

Սպայսը և K2-ը արհեստական կանեփ անվանելու հարցում կան տարբեր բանավեճեր։ Ըստ Նյու Յորքի համալսարանի բժշկության դպրոցի թունաբան Լյուիս Նելսոնի՝ «արհեստական մարիխուանան» սխալ անվանում է[8].

  Դրանք իրոք շատ տարբեր են, իսկ ազդեցությունն ու հետևանքները՝ շատ անկանխատեսելի։ Այն վտանգավոր է, ձեռք բերվածի որակի որևէ վերահսկողություն չկա:  

Քանի որ «արհեստական» բառը վերաբերում է ոչ թե բույսին, այլ դրա պարունակության մեջ առկա քիմիական նյութին (տետրահիդրոկանաբինոլ), «արհեստական կանաբինոիդ» եզրույթն ավելի համապատասխան է[9]։ Ներկայումս արհեստական կանեփի անվտանգության վերաբերյալ հետազոտությունը հասանելի է։ Սկզբնական ուսումնասիրություններն ուշադրություն են դարձնում փսիխոզի առաջացման հարցում դրա ունեցած դերին։ Սպայսը կարող է արագացնել փսիխոզը, իսկ որոշ դեպքերում այն կարող է երկարել։ Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ սպայսի գործածումը կարող է հանգեցնել փսիխոզի, հոգեկան խանգարումների առաջացման, հատկապես այն մարդկանց շրջանում, ովքեր ընտանիքում ունեցել են հոգեբուժական խնդիրներ ունեցող անդամներ[10]։ Սպայսն ունի թունավորման և կախվածության առաջացման ավելի բարձր աստիճան։

Բաղադրությունը խմբագրել

Սպայսի արտադրման սկզբնական շրջանում արտադրողները դրա բաղադրության մեջ նշում էին հետևյալ բաղադրիչների առկայությունը․ Canavalia rosea, Nymphaea alba и Nymphaea caerulea, Scutellaria nana, Pedicularis densiflora, Leonotis leonuru, Zornia latifolia, Nelumbo nucifera, Leonurus sibiricus, Althaea officinalis, Rosa canina։ Դրանցից որոշներն իրոք պարունակում են կենսաակտիվ նյութեր, որոնք կարող են որոշակի հոգեակտիվ ազդեցություն ունենալ, օրինակ՝ աուկուբին գլիկոզիդը կամ լեոնուրին ալկալոիդը[11][12]։

Սակայն 2008֊2009 թվականներին կատարված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ սպայսի և նմանատիպ այլ խառնուրդների ազդեցությունը պայմանավորված է ոչ թե բուսական բաղադրիչներով, այլ տարբեր քիմիական հիմք ունեցող կանաբինոիդային ընկալիչների արհեստական ագոնիստներով, որոնց պարունակությունը տարբեր է լինում[13]

  • Դիբենզոպիրաններ՝ HU-210,
  • Ցիկլոհեքսիլֆենոլներ՝ CP 47,497 և դրա հոմոլոգներ,
  • Նաֆտոիլինդոլներ՝ JWH-018, JWH-073, JWH-398,
  • Ֆենիլացետիլինդոլներ՝ JWH-250,
  • Օլեամիդ։

Սպայս բուսական խառնուրդներում արհեստական կանաբինոիդների ժամանակին հայտնաբերմանը խանգարեց խառնուրդում այնպիսի բույսերի առկայությունը, որոնք ունեն հոգեակտիվ հատկություններ, ինչպես նաև բալաստ կապերի մեծ քանակության ավելացումը, (օրինակ՝ վիտամին E-ն), որոնց նպատակն է թաքցնել արհեստական նյութերի առկայությունը և կանխել հետազոտությունների ընթացքում դրանց հայտնաբերումը[14]։

Ձևերը խմբագրել

«Սպայս» ապրանքանշանի ներքո վաճառվում են ծխելու համար նախատեսված խառնուրդների մի քանի տարբերակներ, որոնք միմյանցից տարբերվում են ազդեցության ուժգնությամբ, օրինակ՝ Թմրամիջոցների և թմրամոլության մոնիտորինգի եվրոպական կենտրոնի [2009] թվականի տվյալներով դրանցից են՝ Սպայս սիլվեր (անգլ․՝ Spice Silver), Սպայս Գոլդ (անգլ․՝ Spice Gold), Սպայս Դայմոնդ (անգլ․՝ Spice Diamond) և այլն[15][16]։

Խառնուրդը վաճառվում է մոտավորապես 5-7,5 սմ չափերով փաթեթում, որի պարունակությունը 3 գրամ է։ Կան նաև նմանատիպ այլ խառնուրդներ, օրինակ՝ Yucatan Fire, Smoke, Skunk, Sence, Genie և K2[17][18]։

Խառնուրդների տարբեր տեսակներում ազդեցություն ունեցող նյութերի համակցությունները տարբեր են[19]

Խառնուրդ CP 47,497 CP 47,497 հոմոլոգներ JWH-018 Օլեամիդ
Spice Silver + ոչ բոլոր տարբերակներում
Spice Gold ++ ոչ բոլոր տարբերակներում
Spice Diamond +++ ոչ բոլոր տարբերակներում
Yucatan Fire +++ ++
Smoke, Skunk +++ ++
Sence + +++

Ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա խմբագրել

Մարդու օրգանիզմի վրա արհեստական կանաբինոիդների ազդեցության պաշտոնական ուսումնասիրություններ դեռևս չեն անցկացվել[20]։ Սակայն արհեստական կանեփ գործածած և բուժման համար դիմած հիվանդների մոտ դիտված ազդեցության վերաբերյալ կան զեկույցներ։ Կանեփի և դրա ակտիվ բաղադրիչ տետրահիդրոկանաբինոլի համեմատ՝ արհեստականի վնասակար ազդեցությունը շատ ավելի խիստ է և կարող է հանգեցնել գերճնշման, տախիկարդիայի, սրտամկանի ինֆարկտի[21], սրտխառնոցի, փսխման, հալյուցինացիաների, փսիխոզի, նոպաների, ցնցումների[22] և խուճապային հարձակումների[23][24][25][26][27]։ Այն անձանց շրջանում, ովքեր արհեստական կանեփի գործածումից հետո ունենում են շտապ բժշկական օգնության կարիք, ամենատարածված ախտանիշներից են սրտի արագ զարկեր, արյան բարձր ճնշում, սրտխառնոց, աղոտ տեսողություն, հալյուցինացիաներ։ Այլ ախտանշանները ներառում են՝ էպիլեպտիկ ցնցումներ, սուր փսիխոզ, ինֆարկտ[28]։

Առնվազն մեկ մահվան դեպք կապվում է արհեստական կանեփի գերդոզավորման հետ[29], իսկ Կոլորադոյում 2013 թվականի սեպտեմբերին 3 մահվան դեպքեր կապված են եղել արհեստական կանեփի գործածման հետ[30]։

Համարվում է, որ մարիխուանայի հետ համեմատած այս առավել խիստ բացասական ազդեցությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ արհեստական կանեփը կանաբինոիդային CB1R և CB2R ընկալիչների ամբողջական ագոնիստ է՝ ի տարբերություն THC֊ի, որը մասնակի ագոնիստ է, այդ իսկ պատճառով ընդունակ չէ հագեցնել և ակտիվացնել բոլոր ընկալիչները՝ անկախ դեղաբաժնից և ստացված բաղադրությունից[31]։

Պրոֆեսոր Ջոն Վ․ Հաֆմանը, ով արհեստական կանեփի բազմաթիվ տեսակների առաջին սինթեզողներից է, ասել է․

  Մարդիկ, ովքեր գործածում են այն, ապուշներ են[20]։ Դուք չգիտեք, թե ինչ է այն անելու ձեզ հետ[32]։  

Այն անձը, ով օրական գործածում է 3 գրամ Spice Gold մի քանի ամիսների ընթացքում, ձեռք է բերում այնպիսին ախտանիշներ, որոնք նման են թմրամիջոցների գործածման արդյունքում առաջացող կախվածության նշաններին։ Նմանատիպ հիվանդներին բուժող բժիշկները նշում են, որ այս արտադրանքի գործածումը առաջ է բերում կախվածության նշաններ[33]։

Իրավական կարգավիճակը խմբագրել

Աշխարհի մի շարք երկրներում արհեստական կանեփը հսկման ենթակա անօրինական միջոց է․ Ավստրիա՝ 2008 թվականից, Գերմանիա՝ 2009 թվականից, Ֆրանսիա՝ 2009-ից, Իռլանդիա՝ 2010-ից, Լատվիա՝ սկսած 2005-ից արհեստական կանեփի որոշ բաղադրիչներ, իսկ 2013-ից՝ գրեթե բոլոր բաղադրիչները կարգվեցին որպես արգելված նյութեր, Լեհաստան՝ 2009-ից, Ռումինիա՝ 2010-ից, Շվեդիա՝ 2009-ից, Թուրքիա՝ 2011-ից, Չիլի՝ 2009-ից սկսած վաճառքը համարվում է անօրինական, Հարավային Կորեա, Ճապոնիա՝ 2009-ից, Ավստրալիա, ԱՄՆ՝ 2011-ից[34][35][36][37][38]։ Ֆինլանդիայում Սպայսը հանդիսանում է ըստ դեղատոմսի դուրսգրման ենթակա դեղամիջոց, սակայն գործնականում դուրսգրման դեղատոմս գրեթե անհնար է ստանալ։

Ռուսաստանում 2010 թվականից կառավարությունը Սպայսում պարունակվող արհեստական կանաբինոիդները դասեց արգելված հոգեակտիվ նյութերի և թմրամիջոցների շարքին։ 2014 թվականի աշնանը Սպայսի ավելի քան 2000 գործածողներ դիմեցին բժշկական օգնության համար, 1000-ն ընդունվեցին հիվանդանոցներ, 40 մարդ մահացավ նույն թվականի հոկտեմբերի 30-ին[39], ինչի արդյունքում նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկացած տիպի ծխելու խառնուրդների վերաբերյալ առաջադրեց օրինագիծ և սահմանեց վարչական պատժամիջոցներ ու քրեական պատասխանատվություն[40]։

Հայաստանում խմբագրել

Հայաստանում Սպայսի գործածումը սկսել է գրանցվել 2012 թվականից[41]։ Այն Հայաստան ներմուծվում էր հիմնականում թեյերի տեսքով և գործածվում ակումբներում[42]։

Հայաստանում Սպայսն օրենքի ուժով արգելվեց 2015 թվականի մայիսի 15-ին՝ ներառվելով ՀՀ տարածքում արգելված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ցանկում[7]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Roland Macher; Tod W. Burke, Ph.D, Stephen S. Owen, Ph.D. "Synthetic Marijuana". FBI Law Enforcement Bulletin.
  2. Mary Carmichael (March 4, 2010). "K2: Scary Drug or Another Drug Scare?". Newsweek.
  3. "What's the buzz?: Synthetic marijuana, K2, Spice, JWH-018 : Terra Sigillata". Scienceblogs.com.
  4. «Постановление Правительства Российской Федерации от 31 декабря 2009 г. № 1186 (2009)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9-ին.
  5. DEA. Controlled Substances - Alphabetical Order Արխիվացված 2016-04-17 Wayback Machine - September 2012
  6. EMCDDA. Understanding the 'Spice' phenomenon. Արխիվացված 2010-03-26 Wayback Machine — Lisbon: EMCDDA, 2009. — С. 19-20. — 37 с. — ISBN 9789291684113.
  7. 7,0 7,1 Հայաստանում արգելել են «Սփայս» թմրամիջոցը. 14.05.2015
  8. "New York Bans 'Synthetic Marijuana'". NPR.org. March 30, 2012.
  9. New York Bans 'Synthetic Marijuana'(չաշխատող հղում) Lapoint J, Nelson LS. Synthetic Cannabinoids: The Newest, Almost Illicit Drug of Abuse. Emergency Medicine 2011;43(2):26-28
  10. «Cannabis, synthetic cannabinoids, and psychosis risk: What the evidence says» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9-ին.
  11. Auwärter V et al. 'Spice' and other herbal blends: harmless incense or cannabinoid designer drugs?, J Mass Spectrom. ֊ 2009.
  12. EMCDDA. Understanding the 'Spice' phenomenon. Արխիվացված 2010-03-26 Wayback Machine — Lisbon: EMCDDA, 2009. p. 8 - ISBN 9789291684113.
  13. EMCDDA. Understanding the 'Spice' phenomenon. Արխիվացված 2010-03-26 Wayback Machine — Lisbon: EMCDDA, 2009. p. 9-10, 27 - ISBN 9789291684113.
  14. EMCDDA. Understanding the 'Spice' phenomenon. Արխիվացված 2010-03-26 Wayback Machine — Lisbon: EMCDDA, 2009. p. 11-12 - ISBN 9789291684113.
  15. Factsheet 22: spice Արխիվացված 2015-03-19 Wayback Machine. National cannabis prevention and information centre (October 2011). Проверено 17 мая 2015. «According to the EMCDDA 2009 publication ֊ [www.emcdda.europa.eu/attachements.cfm/att_80086_EN_Spice%20Thematic%20paper%20%E2%80%94%20final%20version.pdf Understanding the ‘Spice’ phenomenon…]»
  16. Spice (synthetic cannabinoids). Արխիվացված 2015-10-02 Wayback Machine DrugScope.
  17. DEA. DEA Resources, Microgram, March 2009 Արխիվացված 2015-10-16 Wayback Machine
  18. Brett C. Ginsburg et al. Purity of Synthetic Cannabinoids Sold Online for Recreational Use // J Anal Toxicol. ֊ 2012, № 36.
  19. Auwärter V et al. 'Spice' and other herbal blends: harmless incense or cannabinoid designer drugs? // J Mass Spectrom. 2009․ № 5
  20. 20,0 20,1 "Fake pot that acts real stymies law enforcement". Associated Press. February 17, 2010.
  21. Mir, A; Obafemi, A; Young, A; Kane, C (December 2011). "Myocardial infarction associated with use of the synthetic cannabinoid k2.". Pediatrics 128 (6): e1622–7. doi:10.1542/peds.2010-3823. PMID 22065271.
  22. Schneir, AB; Baumbacher, T (December 13, 2011). "Convulsions Associated with the Use of a Synthetic Cannabinoid Product.". Journal of Medical Toxicology 8 (1): 62–4. doi:10.1007/s13181-011-0182-2. PMID 22160733.
  23. Jeanna Bryner (March 3, 2010). "Fake Weed, Real Drug: K2 Causing hallucinations in Teens". LiveScience. Retrieved April 21, 2010.
  24. Vardakou, I; Pistos, C; Spiliopoulou, Ch (2010). "Spice drugs as a new trend: Mode of action, identification and legislation". Toxicology Letters 197 (3): 157–62.
  25. Auwärter, V.; et al. (2009). "'Spice' and other herbal blends: harmless incense or cannabinoid designer drugs?". Journal of mass spectrometry : JMS 44 (5): 832–837.
  26. Every-Palmer, S (2010). "Warning: Legal synthetic cannabinoid-receptor agonists such as JWH-018 may precipitate psychosis in vulnerable individuals". Addiction 105 (10): 1859–60.
  27. Müller, H.; Sperling, W.; Köhrmann, M.; Huttner, H.; Kornhuber, J.; Maler, J. (2010). "The synthetic cannabinoid Spice as a trigger for an acute exacerbation of cannabis induced recurrent psychotic episodes". Schizophrenia research 118 (1–3): 309–310.
  28. "Legal highs linked to psychosis". New Zealand Herald. Apr 5, 2014.
  29. Brents, L. K.; Reichard, E. E.; Zimmerman, S. M.; Moran, J. H.; Fantegrossi, W. E.; Prather, P. L. (2011). "Phase I hydroxylated metabolites of the K2 synthetic cannabinoid JWH-018 retain in vitro and in vivo cannabinoid 1 receptor affinity and activity".
  30. Coffman, K. (6 September 2013). "Colorado probes three deaths possibly linked to synthetic marijuana" Արխիվացված 2015-10-28 Wayback Machine. Reuters (Denver). Retrieved 30 January 2014.
  31. Fantegrossi, W. E.; Moran, J. H.; Radominska-Pandya, A; Prather, P. L. (2014). "Distinct pharmacology and metabolism of K2 synthetic cannabinoids compared to Δ9-THC: Mechanism underlying greater toxicity?". Life Sciences 97 (1): 45–54. doi:10.1016/j.lfs.2013.09.017. PMID 24084047.
  32. "Fake Weed, Real Drug: K2 Causing Hallucinations in Teens". LiveScience.
  33. Zimmermann, U.; et al. (2009). "Withdrawal phenomena and dependence syndrome after the consumption of "spice gold"". Deutsches Arzteblatt international 106 (27): 464–467. doi:10.3238/arztebl.2009.0464. PMC 2719097. PMID 19652769.
  34. "Kräutermischung "Spice": Gesundheitsministerium stoppt Handel, December 18, 2008". Derstandard.at. December 19, 2008.
  35. "Betäubungsmittelrecht: Modedroge Spice wird per Eilverordnung verboten". Der Spiegel.
  36. "Arrêté du 24 février 2009 modifiant l’arrêté du 22 février 1990 fixant la liste des substances classées comme stupéfiants".(չաշխատող հղում) Journal Officiel De La République Française. February 27, 2009.
  37. "Move on head shops 'not enough' – The Irish Times — Wed, Mar 3, 2010". The Irish Times. March 3, 2010.
  38. "Oficjalna strona Prezydenta Rzeczypospolitej Polskiej" Արխիվացված 2009-07-31 Wayback Machine. Retrieved February 20, 2015.
  39. "ФСКН: от отравления спайсами в российских регионах погибли более 40 человек". TASS. 29 October 2014.
  40. Кира Латухина (30 October 2014). [www.rg.ru/2014/10/30/spaysi-site.html "Президент предложил запретить "спайсы"]". Rossiyskaya Gazeta.
  41. «Սպայս» մահացու թմրամիջոցը հասել է Հայաստան. ներհոսքը սփյուռքից է (տեսանյութ), Նոյեմբեր 14,2014
  42. «Սպայս» տեսակի թմրանյութը Հայաստան էր մտնում թեյերի տեսքով, Մայիս 23, 2015

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել