Արլեզիանուհի (սյուիտ). Ալֆոնս Դոդեի «Արլեզիանուհի» դրամայի համար Ժորժ Բիզեի գրած երաժշտությունը հայտնի է գլխավորապես երկու համերգային սյուիտներով, որոնք կազմված են նրա լավագույն համարներից։ Դոդեի պիեսի անհաջող բեմադրությունից հետո Բիզեն ընտրեց դրամայի համար գրված երաժշտությունից չորս համար և դրանցից կազմեց համերգային սյուիտ։ Դրա մեջ մտան Պրելյուդիան, Մենուետը, Adagietto-ն և Համաղողանջը։ Բիզեի մահից հետո Գիրոն կազմեց երկրորդ սյուիտը չորս համարից՝ Պաստորալը, Ինտերմեցցոն, Մենուետը («Պերտի գեղեցկուհուց») և Ֆարանդոլան։ Սյուիտները դարձան սիմֆոնիկ նվագախմբերի նվագացանկերի զարդը։

Ժորժ Բիզե

Սյուիտի հիմնական առանձնահատկությունները խմբագրել

Նվագախմբային հնչեղության փայլն ու հյութեղությունը որոշվում է փայտյա փողային գործիքների տեմբրային գերակշռությամբ, որոնց մեջ առանձնահատուկ գերադասություն է տրվում ֆլեյտային։ Նվագախմբի լարային խումբը ամենից հաճախ օգտագործվում է որպես նվագակցող, որը ստեղծում է կոլորիտի առանձնահատուկ մեղմություն և վճիտություն։ Ժողովրդական բնույթի մի շարք էպիզոդներում կոմպոզիտորը մտցնում է տեմբրներ, որոնք հիշեցնում են ժողովրդական գործիքների հնչողությունը. փոքր թմբուկ (պրովանսալյան թմբուկ), piccolo ֆլեյտա (պրովանսալյան «գալուբե»ֆլեյտա), լարային pizzicato (իսպանական կիթառ), կաստանիետներ և այլն։ Դոդեի դրամայի բովանդակությունը մեծապես մոտ է Բիզեի «Կարմեն» օպերային։ Թե մեկ և թե մյուս ստեղծագործության մեջ տեղի է ունենում սիրո և խանդի դրամա։ Երկու դրամաներն էլ ավարտվում են ողբերգորեն` գլխավոր հերոսների կործանումով։ Գործողությունը ծավալվում է հարավային բնության, հարավի բնակիչների կենցաղի ֆոնի վրա։

Դոդեի դրամայի համար գրված երաժշտության պարտիտուրան ունի 27 համար։ Դրանցից մի քանիսը միանգամայն ավարտուն սիմֆոնիկ էպիզոդներ են։ Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում այն համարները, որոնք մտել են երկու սիմֆոնիկ սյուիտների մեջ։ Դրանց երաժշտությունը ընդհանրացված կերպարների մեջ արտահայտում է դրամայի բովանդակությունը, դրա գաղափարը։ Այստեղ կան և՛ հերոսների ու նրանց զգացմունքների հետ կապված էպիզոդներ, և՛ աշխատավոր Պրովանսի կյանքը պատկերող էպիզոդներ։ Բիզեի նուրբ ինտուիցիան օգնեց նրան ընտրել Պրովանսի երաժշտական ֆոլկլորի առավել տիպական մեղեդիական դարձվածքներն ու ռիթմերը և դրանցով «հագեցնել» դրամայի ամբողջ երաժշտությունը։ Դրա հետ մեկտեղ կոմպոզիտորը օգտագործել է նաև բուն պրովանսային մեղեդիներ. «Երեք թագավորների քայլերգը» և «Արագավազ ձիերի պարը»։

Առաջին սյուիտը խմբագրել

Առաջին սյուիտը սկսվում է Պրելյուդիայով (այն հնչում է դրաման սկսվելուց առաջ)։ Պրելյուդիան բաղկացած է երեք կոնտրաստային բաժիններից, որոնցից յուրաքանչյուրը լայն զարգացում ունի, և բոլորը միասին դրանք կազմում են բարդ եռամաս ոչ ռեպրիզային ձև։ Պրելյուդիայի առաջին հատվածը, որը գրված է վարիացիոն ձևով, իրենից ներկայացնում է եռանդուն քայլերգ, որը հիմնված է պրովանսյան ժողովրդական երգի վրա («Երեք թագավորների քայլերգը»)։ Թեման կատարում է լարային և փայտյա գործիքների ունիսոնը. ակտիվ նախատակտային սկիզբը, հատուկ ռիթմը, ցածր ռեգիստրը նրա հնչողությանը հաղորդում են վճռական և հաստատուն բնույթ։ Թեմայի լադային կառուցվածքը խիստ դիատոնիկ է, նրանում համառորեն ընդգծվում է տոնիկան։ Թեմային հաջորդող չորս վարիացիաները անձեռնմխելի են պահում մեղեդին, ռիթմիկ ուրվագիծը, թեմայի կառուցվածքը (aa1bb1-երկու պարբերականություն). տարբերակվում են տեմբրային, ֆակտուրային և դինամիկ տարրերը (բացառություն է կազմում երկրորդ վարիացիան, որի մեջ մտցվում է նաև էական լադային փոփոխություն. մինորը փոխարինվում է համանուն մաժորով)։ Այսպիսով ստեղծվում են վարիացիաներ օստինատային մեղեդու վրա։

Պրելյուդիայի երկրորդ և երրորդ բաժինների երաժշտությունը բնութագրում է դրամայի գործող անձանց՝ գլխավոր հերոս Ֆրեդերիին և նրա կրտսեր եղբորը՝ Ժաննոյին։ Andante molto-ն, որը քնարականորեն նուրբ, քնքուշ երաժշտություն է, բացահայտում է պարզամիտ, հեզաբարո Ժաննոյին։ Սահուն, երգաձայն մեղեդին հնչում է մեղմ ու խլացված՝ կլարնետի և սաքսոֆոնի կատարմամբ՝ ունիսոն։ Խլաձայն լարայինների համաչափ, վճիտ ակորդները ստեղծում են հանգիստ ֆոն մեղեդու զարգացման համար։ Երրորդ բաժինը, Un poco meno lento-ն, նվիրված է Ֆրեդերիի կերպարին։ Թեմայի լարվածությունը, արտահայտչականությունը հակադրություն են կազմում նախորդ էպիզոդի նուրբ քնարականության հետ։ Մեղեդու աղիողորմ հառաչանքները, նվագակցության ակորդների հուզումնալից տրիոլները, լարված լադային հնչողությունը՝ այս ամենը հաղորդում է Ֆրեդերիի խռովահույզ և կրքոտ խառնվածքը։ Թեման ինտենսիվորեն զարգանում է, արտահայտելով Ֆրեդերիի զգացմունքների զարգացումը։ Սկզբում այն հնչում է թրթռուն լարայինների մոտ, ապա դառնում հագեցած ու կրքոտ, և անցկացվում ամբողջ լարային խմբի ունիսոնային հնչողությամբ՝ փողային գործիքների ակորդների նվագակցությամբ։ Աճելով, թեման հանգում է լարված և վառ կուլմինացիային՝ սուբդոմինանտային հարմոնիայի վրա։

Մենուետ խմբագրել

Սյուիտի երկրորդ համարը՝ Մենուետը, այն էպիզոդներից է, որոնք կապված են Պրովանսի ժողովրդական կենցաղի նկարագրության հետ։ Դա շքեղ ու եռանդուն պար է։ Նրա հիմանական թեման կատարում է նվագախմբի լարային խումբը։ Մենուետի տրիոն իր բնույթով և շարժունությամբ ավելի շուտ վալս է հիշեցնում։ Նրա սահուն և ավարտուն մեղեդին տպավորիչ կերպով «երգում» են կլարնետն ու սաքսոֆոնը։ Նուրբ վճիտ ֆոնը, որն ասես ժանյակը պարուրում է մեղեդին, հնչում է լարայինների մոտ։

Adagietto խմբագրել

Սյուիտի երրորդ համարը՝ Adagietto-ն առնչվում է Դոդեի դրամայի երկրորդական գործող անձանց՝ ծերունիներ Ռենոյի և Բալտազարի իդիլիական զույգի հետ, որոնք ասես կրկին, կյանքի մայրամուտին վերապրում են իրենց պատանեկան սերը։ Adagietto-ի երաժշտությունը իր կերտվածքով մոտ է 18-րդ դարի քնարական երաժշտությանը։ Մեղմոցով լարայինների խուլ, աղոտ երանգը, մեղեդու և կադենցիայի դարձվածքների հնաձևությունը» արտահայտում են ոչ թե իրական զգացողություն, այլ ասես հեռավոր անցյալից եկած դրա արձագանքը։

Համաղողանջ խմբագրել

Փայլուն ու վառ Համաղողանջով է ավարտվում առաջին սյուիտը։ Համաղողանջը ժողովրդական տոնահանդեսի գունեղ պատկեր է։ Պիեսի առաջին բաժինը (այն գրված է եռամաս ձևում), Alegretto moderato-ն, հնչում է հանդիսավոր ու զվարթ. նրա ամբողջ տևողության ընթացքում լսվում է օստինատային մոտիվը, նմանակելով զանգերի բերկրալից համաղողանջը։ Փայլուն ու վառ Համաղողանջով է ավարտվում առաջին սյուիտը։ Համաղողանջը ժողովրդական տոնահանդեսի գունեղ պատկեր է։ Պիեսի առաջին բաժինը (այն գրված է եռամաս ձևում), Alegretto moderato-ն, հնչում է հանդիսավոր ու զվարթ. նրա ամբողջ տևողության ընթացքում լսվում է օստինատային մոտիվը, նմանակելով զանգերի բերկրալից համաղողանջը։ Վալտորնաները, տավիղը և լարայինների fortissimo-ն ստեղծում են զանգերի համաղողանջի հիանալի էֆեկտ։ Ջութակները համառորեն կրկնում են միևնույն հնգատոնային մոտիվը, որն արձագանքում է համաղողանջի մոտիվին։ Պիեսի պայծառ ու տոնական կոլորիտը ստեղծվում է ոչ միայն նվագախմբի ձայնեղ տեմբրներով, այլև համաղողանջի մոտիվների լադային հիմքով։

Միջին հատվածը, Andantino-ն, գրված է հնագույն սիցիլիանա պարի ռիթմով։ Պարի սեթևեթ բնույթը, մեղեդու բնական լադը նրբին կերպով զուգակցվում են սուր հարմոնիկ դիսոնանսների հետ (փոքրացված օկտավա)։ Տեմբրային գույները համապատասխանում են իդեալականին և միևնույն ժամանակ երաժշտության փոքր-ինչ թախծալի տրամադրությանը։ Երկու ֆլեյտաները մերթ սահունորեն մեղեդին տանում են տերցիաներով կամ սեքստաներով, մերթ միաձուլվում են՝ կազմելով ունիսոն, իսկ երբեմն էլ ստեղծում են աններդաշնակ ինտերվալ։ Լարայինները օստինատային ռիթմի վրա մեղմ նվագակցում են մեղեդուն[1]։

Երկրորդ սյուիտը խմբագրել

Երկրորդ սյուիտը, ինչպես արդեն հիշատակվել է, կազմում են Պաստորալը, Ինտերմեցցոն, Մենուետը և Ֆարանդոլան։ Պաստորալի սկիզբը հնչում է հյութեղ և ծանրաշարժ՝ լարային խմբի կատարմամբ, պղնձի օգնությամբ։ Եռանդուն ռիթմիկ դարձվածքը ակտիվ քայլքով հիշեցնում է աշխատանքային երգերի ռիթմը։ Պաստորալի միջին մասը, Andantino-ն, «Արլեզիանուհու» ամենաբանաստեղծական էպիզոդներից է։ Պաստորալ վերնագիրը, ըստ էության, հենց դրան է վերաբերում։ Էպիզոդի հնչողության հմայքն ու թարմությունը մեծապես բացատրվում է դրա լադային կառուցվածքով. փոփոխական լադը զուգակցվում է համանուն մաժորամինորի հետ։ Պարտիտուրայի մեջ մտցված են այնպիսի գործիքներ, որոնք իրենց տեմբրով հիշեցնում են հարավային Ֆրանսիայի ժողովրդական գործիքները. Piccolo ֆլեյտան, որը հիշեցնում է պրովանսյան «գալուբե» ժողովրդական ֆլեյտայի հնչողությունը, ինչպես և դափը։ Մեղեդու համար ֆոն են ծառայում բոլերոյի ռիթմով լարայինների ակորդները։ Պաստորալին հաջորդող Ինտերմեցցոն նույնպես բովանդակում է կոնտրաստային երաժշտական կերպարներ։ Սկզբնական թեման, որը բոլորապատում է միջին մեծ հատվածը, ունի վճռական և խիստ բնույթ։ Այն հնչում է դրամայի երրորդ գործողության նախանվագի մեջ և բնորոշում են Պրովանսի ֆերմերների կոպիտ ու քարացած բարքերը։ Կենտրոնական հատվածը, Poco piu mosso-ն, հիմնված է լայնորեն հոսող մեղեդու վրա։

Մենուետ խմբագրել

Մենուետը, սյուիտի երրորդ համարը, Գիրոն վերցրել է Բիզեի «Պերտի գեղեցկուհին» օպերայից։ Եթե «Արլեզիանուհու» առաջին սյուիտի Մենուետը մեկնաբանված է որպես ժողովրդական պար, ապա «Պերտի գեղեցկուհու» Մենուետը իր գեղանիությամբ, նրբինությամբ ու վճիտ հնչողությամբ, զուսպ սահուն շարժումով ավելի շուտ մոտ է այդ պարային ժանրի սալոնային-արիստոկրատական տարբերակին։ Դրա գործիքավորման մեջ կոմպոզիտորը դիմում է ֆլեյտայի և տավիղի՝ իր սիրած տեմբրների զուգակցությանը, որը ստեղծում է նուրբ հնչողություն։

Ֆարանդոլա խմբագրել

Երկրորդ սյուիտը ավարտվում է փայլուն Ֆարանդոլայով, որն ընկալվում է որպես երկու սյուիտների ֆինալը։ Այդ պարը վերածվում է աշխույժ և կյանքով լի ժողովրֆական տոնախմբության մոնումենտալ պատկերի։ Դրամայում Ֆարանդոլայի երաժշտությունը հնչում է այն պահին, երբ ուրախության ու պարի թեժ պահին վրա է հասնում Ֆրեդերի ողբերգական մահը։ Կոմպոզիտորն այստեղ միավորում է Պրովանսի ժողովրդական թեմաները՝ «Երեք թագավորների քայլերգը» և «Արագավազ ձիերի պարը». սրանք երկուսն էլ մեղեդային առումով պարզ են, վառ և դինամիկ։ Սկզբում նա թեման ցուցադրում է առանձին և յուրաքանչյուրը ուղեկցվում է մի շարք վարիացիաներով։ Այնուհետև, օգտվելով դրանց հարմոնիկ կառուցվածքի նմանությունից, ինչպես և դրանց ձևի նույնականությունից (երկու պարբերականություն), տալիս է դրանք միաժամանակյա հնչողությամբ։ Այսպիսով գոյանում է կրկնակի վարիացիաների ձև կոդայով, որտեղ երկու թեմաները հնչում են միաժամանակ։ Գործիքավորման մեջ Բիզեն օգտագործում է tutti , որը քիչ է հանդիպում սյուիտում, պարը ուղեկցվում է դափի զնգոցով, piccolo ֆլեյտայով, որոնք երաժշտությանը հաղորդում են տոնական փայլ։

Թեմատիկ նյութի ապշեցուցիչ գունագեղությունն ու յուրօրինակությունը, լադահարմոնիկ միջոցների թարմությունն ու հյութեղությունը, նվագախմբային գրելաձևի փայլը «Արլեզիանուհին» դարձրին համերգային բեմահարթակի սիրելի ստեղծագործություններից մեկը։ «Արլեզիանուհին» իրավամբ իր տեղն է գրավում թատերական բեմադրությունների համար գրված լավագույն սիմֆոնիկ ստեղծագործությունների շարքում, ամենևին չզիջելով այդ ժանրի հռչակված երկերին՝ Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազը» կատակերգության համար գրված Մենդելսոնի երաժշտությանը, Իբսենի «Պեր Գյունտ» դրամայի համար գրված Գրիգի երաժշտությանը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել