Արդարության համաշխարհային տուն
Արդարության Համաշխարհային Տունը[1] հանդիսանում է Բահայի հավատի գլխավոր ղեկավար մարմինը, այն առաջին անգամ ընտրվել է 1963թ։ Սա ղեկավարման խորհրդակցական մարմին է, կազմված է 9 հոգուց[2]։ Ընտրությունները կազմակերպվում են 5 տարին մեկ անգամ աշխարհում գոյություն ունեցող բոլոր Ազգային Հոգևոր Ժողովների ներկայացուցիչների կողմից։ 1963թ. գարնանը Ռիզվան այգում հիշարժան իրադարձությունների հարյուրամյա հոբելյանի տոնակատարության օրերին, որտեղ Բահաուլլան իր աշակերտներին առաջին անգամ բացահայտեց իր առաքելությունը, կայացան Արդարության Համաշխարհային Տան ընտրությունները։ Ընտրություններում մասնակցեցին 56 Ազգային Հոգևոր Ժողովների ներկայացուցիչներ, իսկ 1998թ-ից դրանց սկսեց մասնակցել նաև Հայաստանի բահայիների Ազգային Հոգևոր Ժողովը[3]։ 2018թ մասնակցող երկրների թիվը հասավ 160-ի, իսկ պատվիրակների թիվն առավել քան 1300-ի[4]։
Արդարության Համաշխարհային Տան առաջին կազմի ընտրությունները բահայիների համար դարձան հսկայական նշանակություն ունեցող իրադարձություն։ Առաջին անգամ, հարյուր տարվա պայքարից, հետապնդումներից, պարբերաբար ծագող ներքին պառակտումներից հետո Բահայի համայնքին, վերջապես, հաջողվեց ժողովրդավարության հիման վրա կազմակերպված ընտրությունների ճանապարհով ձևավորել հավատի գործերի ղեկավարության մշտական գործող մարմին։
Արդարության Համաշխարհային Տան ընտրությունները բնորոշվում են մի շարք ուշագրավ առանձնահատկություններով։ Քվեարկությունը գաղտնի է։ Ավելին, բահայիների ուսմունքով արգելվում է թեկնածուների նախնական առաջադրումը։ Յուրաքանչյուր ընտրող իր ընտրական թերթիկի մեջ գրում է ինը անուն։ Ձայների հաշվարկից հետո ընտրված են համարվում այն ինը անդամները, ում անունները գրված են առավել մեծ քանակով ընտրաթերթիկների մեջ։ Այն դեպքում, երբ վերջին` իններորդ տեղի թեկնածուները հավաքել են միևնույն քանակի ձայներ, անցկացվում է լրացուցիչ քվեարկություն այդ թեկնածուների մասնակցությամբ։ Այդպիսի համակարգում բացառվում է թեկնածուների նախնական առաջադրումը և ընտրարշավը. քվեարկողներին տրվում է ընտրության առավելագույն ազատություն։ Բացի այդ, նշված համակարգը թույլ չի տալիս դրսևորվելու իշխանատենչ ամբիցիաներ, որոնք անխուսափելի են ընտրությունների այլ կերպ կազմակերպման դեպքում։ Ենթադրվում է, որ համայնքի հասուն անդամներից յուրաքանչյուրը, ում անվանել են ընտրողները, ընդունակ և պատրաստ է կատարել Արդարության Համաշխարհային Տան անդամի պարտականությունները։ Ընտրությունները համընկնում են Ռիզվան տոնին և անցկացվում են ամեն տարի ապրիլի վերջին։ Ընտրված անձինք աշխատանքը սկսում են ընտրություններից անմիջապես հետո կամ մոտակա ժամանակում և կատարում են իրենց գործառույթները հինգ տարվա ընթացքում։
Բահայի հավատի բոլոր ինստիտուտների որոշումներն ընդունվում են խորհրդակցությամբ։ Այսինքն կարծիքների անկեղծ, սակայն բարյացակամ փոխանակումը ճշմարտության պարզման և իսկական համերաշխության նվաճման նպատակով։ Այդ առիթով բահայի գրվածքներում ասվում է.
«Խորհրդակցության սկզբունքը, որը կառավարման կառուցվածքի հիմնական օրենքներից մեկն է, պետք է կիրառել բահայիների գործունեության բոլոր տեսակների նկատմամբ, որոնք շոշափում են Հավատի կոլեկտիվ շահերը, քանզի հատկապես համագործակցության և գաղափարների մշտական փոխանակման միջոցով կարելի է լավագույնս պաշտպանել և ապահովել Գործի շահերը։ Անձնական նախաձեռնությունը, ընդունակությունները և հնարամտությունը, թեև առանց դրանց անհնար է զարգանալ, բոլորովին բավական չեն այդպիսի հսկայական խնդրի կատարման համար, եթե չկա կոլեկտիվ փորձի հարստությունը և մարդկանց խմբի իմաստությունը»։
Արդարության Համաշխարհային Տան ստեղծումը` մի մարմնի, որն օժտված էր Բահայի համայնքին վերաբերող բոլոր հարցերի լուծման իրավասություններով, վկայում էր այն, որ Բահայի հավատը ցանկացած կրոնի համար ամենակրիտիկական շրջանում պահպանել էր իր միասնությունը` իր պատմության առաջին հարյուրամյակում, երբ բոլոր կրոնները գրեթե անխուսափելիորեն պառակտվել էին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «The Universal House of Justice - An official website of the Bahá'í Faith». universalhouseofjustice.bahai.org. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Հայաստանի Բահայի համայնքի պաշտոնական վեբ կայք».
- ↑ «Հայաստանի պատվիրակները մասնակցել են 12-րդ միջազգային համագումարին – Բահայի համայնքը Հայաստանում» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ ենֆի «Delegates cast ballots to elect Universal House of Justice | BWNS». Bahá’í World News Service (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 29. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արդարության համաշխարհային տուն» հոդվածին։ |