Արաքսի գիշերաչղջիկ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Ձեռնաթևավորներ (Chiroptera)
Ենթակարգ Չղջիկներ (Microchiroptera)
Ընտանիք Հարթաքիթ չղջիկներ (Vespertilionidae)
Ենթաընտանիք Myotinae
Ցեղ Գիշերաչղջիկներ (Myotis)
Տեսակ Արաքսի գիշերաչղջիկ (M. schaubi)
Միջազգային անվանում
Myotis schaubi
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Տվյալների անբավարարություն

Արաքսյան գիշերաչղջիկ, Արաքսի գիշերաչղջիկ, Շաուբի գիշերաչղջիկ (լատին․՝ Myotis araxenus), հարթաքիթ չղջիկների ընտանիքին պատկանող կաթնասուն կենդանի։ Հանդիպում է սահմանափակ արեալով. ընդգրկում է հիմնականում Արաքս գետի հովիտը՝ Արմավիրի մարզից մինչև Սյունիքի մարզ։ Մարմնի երկարությունը 45-52 մմ է, պոչինը՝ 39-44 մմ, նախաբազկինը՝ 3748 մմ։ Բնակվում է բնակելի շինությունների, փլատակերի պատերի կամ ժայռերի ճեղքերում։ Մեջքի մորթին բաց մոխրածխագույն է, փորինը՝ սպիտակավուն երանգով։ Հունիսին ծնում է 1 (հազվադեպ՝ 2) ձագ։ Օգտակար է. ոչնչացնում է վնասատու միջատներ։ Կենսակերպն ուսումնասիրված է մասնակի։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Տարածվածություն խմբագրել

Հայտնաբերված է միայն Անդրկովկասի հարավում։ Հայաստանում հանդիպում է Վայոց ձորի (Վայքի և Եղեգնաձորի շրջաններ) և Սյունիքի (Կապանի և Մեղրու շրջաններ) մարզերում[1]։

Էկոլոգիա խմբագրել

2-7 առանձնյակներից կազմված փոքր խմբերով ապրում են քարանձավներում, անձավներում, ժայռերի ճեղքերում, ծառերի փչակներում, նկուղներում, տների ձեղնահարկերում, անասնագոմերում։

Կենսաբանական առանձնահատկությունների վերաբերյալ hավաստի տեղեկություններ չկան, հայտնի է միայն, որ հունիսի վերջին էգը ծնում է մեկ ձագ[1]։

Պահպանություն խմբագրել

ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Ծայրաստիճան հազվադեպ, քիչ ուսումնասիրված և նեղ արեալով տեսակ է, որը ակավաթվության հետևանքով կարող է լիովին անհետանալ։ 2005 թվականին հայտնաբերվել է մեծ մայրական գաղութ Մագիլի քարանձավում, ձագերի և մայրերի ընդահանուր քանակը կազմում էր մոտ 600 առանձնյակ։

Վտանգված հիմնական գործոններն են բազմացման և ձմեռման ընթացքում մարդու կողմից անհանգստացնելը։

Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում[1]։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արաքսյան գիշերաչղջիկ» հոդվածին։