Արասխ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արասխ (այլ կիրառումներ)
Արասխ, գավառ Մեծ Հայքի Պարսկահայք նահանգի կազմում՝ ըստ Աշխարհացույցի[1]։ Վարչական կենտրոնը եղել է Շնավհ բնակավայրը, որը համապատասխանում է ժամանակակից Իրանի տարածքում գտնվող Օշնավիե քաղաքին, այլ բնակավայրերի մասին տեղեկություններ չեն պահպանվել[2]։
Երկիր | Մեծ Հայք |
---|---|
Կարգավիճակ | գավառ |
Մտնում է | Պարսկահայք |
Վարչկենտրոն | Օշնավիե |
Հիմնական լեզու | ասորերեն, պահլավերեն, մարերեն |
Ազգային կազմ | ասորիներ, մարեր |
Կրոնական կազմ | զրադաշտականություն, ասորական ուղղափառ եկեղեցի |
Անվանում
խմբագրելԱրասխ անվան ստուգաբանությունը հայտնի չէ․ այդ անունն է կրում նաև Ուրմիո (Կապուտան) լիճ թափվող գետը։ Գավառը հայտնի էր եղել նաև «Ովեա» անվամբ։
Աշխարհագրություն
խմբագրելԱրասխը եղել է Պարսկահայքի ինը գավառներից մեկը, միակ սահմանային վարչական միավորը[3]։ Հյուսիսում սահմանակցել է Մարի գավառին, իսկ հյուսիս-արևելքում Ուրմիո (Կապուտան) լիճն էր։ Լինելով սահմանային ծայրագավառ՝ հարավում և հարավ-արևելքում՝ Արասխ գետից այն կողմ, սահմանակցել է Ատրպատականին, իսկ արևմուտքում՝ Կոտուր-Վասպուրականի լեռներից այն կողմ՝ Ադիաբենեին (Նիխորական գավառ)։ Հելլենիստական շրջանում երկուսն էլ պատկանում էին Պարթևստանին, ապա՝ դրա իրավահաջորդ Սասանյան Պարսկաստանին։
Ունի լեռնային ռելիեֆ, նպաստավոր երկրագործության և այգեգործության համար։ Ամենաբարձր կետը Զարասպ լեռն է 3497 մ, որն այժմ կոչվում է «Սիահ Քուհ»[4] (պարս.՝ سیاه کوه՝ սև լեռ)։ Այստեղ էր գտնվում Զարասպ լեռնանցքը, որով Մարաստանը և Հյուսիսային Միջագետքը կապվում էին իրար։
Գավառի տարածքը համապատասխանում է ներկայիս Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի Օսնավիեի (պարս.՝ شهرستان اشنویه) և Նաղադեի (պարս.՝ شهرستان نقده) շրջաններին։
Պատմություն
խմբագրելԳավառը Պարսկահայք նահանգի կազմում եղել է Մեծ Հայքի թագավորության մեջ՝ Արտաշես Ա Բարեպաշտի (մ․թ․ա․ 189 - մ․թ․ա․ 160)՝ հայկական հողերի միավորման արդյունքում, մինչև Հայաստանի առաջին բաժանումը (387)՝ ավելի քան կես հազարամյակ։ Ավատատիրության հաստատման շրջանում՝ 4-րդ դարի ընթացքում, երբ Մեծ Հայքում ձևավորվում էին բդեշխություններ, Պարսկահայքի կենտրոնական և հարավային գավառները, այդ թվում Արասխը, ինչպես նաև Հյուսիսային Միջագետքի երեք գավառներ (Նիխորական, Դասն և Մահկերտ տուն), կարճ ժամանակով անցել են Արշակունիների հպատակության Նոր Շիրականի բդեշխության կազմ[5]։ Տարածքը, Պարսկահայքի մի շարք գավառների և ամբողջ Փայտակարանի հետ միասին, հաշվի առնելով այդ գավառներում հայ բնակչության սակավությունը կամ բացակայությունը, անցել է Ատրպատականին (Սասանյան Պարսկաստան)։
Ինչպես գավառը, այնպես էլ Պարսկահայք նահանգի կենտրոնական և հարավային բոլոր այլ գավառները, հայկական պետության մեջ չեն մտել՝ դրանում հայկական իշխանության կամ վարչական այլ միավորի բացակայության պատճառով։ Դրանում բնակվող զրադաշտականություն դավանող մարերը և մյուս բնակիչները 7-րդ դարի կեսերին արաբական նվաճումների արդյունքում ընդունել են իսլամ, իսկ ասորիները մնացել են քրիստոնյա, ապա և դարձել Ատրպատականում ձևավորվող տարբեր պետական կազմավորումների բնակիչներ։ Դրան զուգահեռ, տեղի է ունեցել քրդերի և ազարիների ներհոսք։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն, Ատրպատական, Հասկ, պաշտոնական ամսագիր, հ. 5 (Անթիլիասի կաթողիկոսարան), Անթիլիաս, Լիբանան, 1969, էջ 184-192 — 208 էջ։
- ↑ Բաբկեն Հարությունյան Մեծ Հայքի Պարսկահայք աշխարհն ըստ «Աշխարհացոյց»-ի (հայերեն) // Պատմա-բանասիրական հանդես. — № 2. — Էջ 26-39. — ISSN 0135-0536.
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 275 — 992 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 37 — 992 էջ։
Գրականություն
խմբագրել- Розалия Габриелян Армения и Атропатена / М.Э. Авакян. — Ереван: Издательство Российской-Армянского (Славянского) университета, 2002. — С. 318. — ISBN 99930-928-3-6
- Ինճիճյան Ղ., Ստորագրութիւն հին Հայաստանեայց, Վնտ., 1822
- Հարությունյան Բ., Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ “Աշխարհացոյց”-ի
- Երեմյան Ս., Հայաստանը ըստ “Աշխարհացոյց”-ի, Երևան, 1963
- Арутюнян, Б. Система политико-административного деления Великой Армении = Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ Աշխարհացույցի. — Ереван, 1998.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |