Արամ Տեր-Ավետիքյան

բժիշկ

Արամ Նազարի Տեր-Ավետիքյան (նաև՝ Արամ Տեր-Ավետիսով, ), հայ բժիշկ, կոլեգիական խորհրդատու, քաղաքային խորհրդի պատգամավոր և հասարակական գործիչ[1]։

Արամ Տեր-Ավետիքյան
 
Կրթություն՝ Խարկովի ազգային բժշկական համալսարան
Մասնագիտություն՝ բժիշկ և հասարակական գործիչ
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն

Կենսագրություն խմբագրել

Արամ Տեր-Ավետիքյանը և Տեր-Ավետիքյանների ամբողջ գերդաստանը հին Երևանում հայտնի անձնավորություններ են եղել[1]։ Բժշկի հայրը` Նազար Տեր-Ավետիքյանը, ռուս-պարսկական պատերազմում ռուսական զորքերին օգնություն ցուցաբերելու համար ցարական հրամանագրով, որպես պարգևատրում, ստացել էր ազնվականի տիտղոս, որը ժառանգաբար անցել էր նրա տղաներին[1]։

Ավարտել է Խարկովի բժշկական համալսարանը[1]։ Ունեցել է իր սեփական հիվանդանոցը Երևանում։ Բացի սեփական հիվանդանոցից, նա որպես բժիշկ է աշխատել նաև Երևանի Պուշկինյան ուսումնարանում և Արական գիմնազիայում։ Այդ ժամանակ գիմնազիայի դիմացի նոր շենքը դեռ չէր կառուցվել, և ուսումնական հաստատությունը գտնվում էր Նազարովսկայա` ներկայիս Ամիրյան 2/8 հասցեում)[1]։

Տեր-Ավետիքյանի եկամտաբեր տունը խմբագրել

Բացի հիվանդանոցից, եղել է նաև եկամտաբեր տուն, որը գտնվում էր Երևանի արական դասական գիմնազիայի համալիրի դիմաց[1]։

Բժիշկի եկամտաբեր տունը բաղկացած է եղել բնակարաններից և խանութներից։ Երեք հարմարավետ բնակարաններ, ընդհանուր հաշվով տասներկու սենյակ, չհաշված օժանդակ տարածքները (նախասենյակ, խոհանոց), գտնվում էին գլխավոր առանձնաշենքում, իսկ երկու յոթ սենյականոց փոքր բնակարանները` թևաշենքերում։ Գլխավոր առանձնաշենքի առաջին հարկում տեղակայված են եղել խանութները, որոնք հանձնվում էին վարձակալությամբ։ Դրանց թիվը համապատասխանում էր փողոց դուրս եկող ցուցափեղկերի լայն խորշերի քանակին, որոնք տարակենտրոնացված էին կենտրոնական գլխավոր մուտքի երկու կողմում։ 1906-1911 թվականներին բնօրինակից հանված Երևանի հատակագծի վրա արձանագրված է եղել Տեր-Ավետիսովի բուժարանը[1]։

Ներկայումս այդ շենքում գտնվում են առևտրային հաստատություններ և բանկ։ Շենքը գտնվում է Հանրապետության հրապարակի մոտակայքում Աբովյան փողոցի վրա։ Ներկայիս հասցեն է՝ Աբովյան փողոց 1/1, Արամի (նախկին Ցարական) և Փավստոս Բուզանդի (նախկին Բեհբութովի) փողոցների միջև ընկած հատվածում[1]։

Տեր-Ավետիքյանի հիվանդանոցը խմբագրել

Արամ Տեր-Ավետիքյանի հիվանդանոցը զբաղեցնում էր եկամտաբեր տան հյուսիս-արևելյան թևը[1]։ Աստաֆյան փողոցի երկհարկանի սեփական տան շինարարությունն ավարտվել է 1914 թվականին։ Շինարարության կապալառուն, և ենթադրաբար, նախագծի հեղինակը եղել է բժիշկի եղբայրը` ինժեներ և Տեր-Ավետիքյան եղբայրների մեխանիկական, չուգունի ձուլման գործարանի համասեփականատեր, Երվանդը։ Բայց հիվանդանոցն ավելի վաղ էր սկսել գործել։ 1911 թվականի թերթում արդեն հայտարարություն կար մշտական մահճակալներով հիվանդանոցի մասին[1]։

Բացի Արամ Տեր-Ավետիքյանից (ներքին և նյարդային էլեկտրոթերապիա), այստեղ աշխատում են նաև՝ Խ. Ավետիսյանը (մանկական հիվանդություններ, քիթ, կոկորդ, ականջ), Ա. Տեր-Գրիգորյանցը (կանացի խնդիրներ, մանկաբարձություն և խորհուրդներ երեխաների կերակրման հարցերով), Կ. Տեր-Մարուքյանը (մանկական և ներքին հիվանդություններ), Ա. Մելիքյանը (վեներական և միզասեռական հիվանդություններ), Ի. Տեր-Միքաելյանցը (վիրաբուժության գծով), Ա. Զարեմբան (ակնաբուժական հարցերով), Մ. Մարգարյանը (ատամների և բերանի խոռոչի հիվանդություններ)։ Քաղաքային մասնավոր բժշկական հաստատություններից Արամ Տեր-Ավետիքյանի հիվանդանոցն ամենահայտնիներից էր[1]։

Երևանի նահանգի հուշագրքում տպագրված գովազդի վրա ներկայացնված է եղել հիվանդանոցի գործառնական մասնագիտացման մանրամասն նկարագրությունը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել