Արամ Ինճիկյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ինճիկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամ Մկրտչի Ինճիկյան (դեկտեմբերի 29, 1910[1][2], Ախալցխա, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - մարտի 22, 1975[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970 թ.), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1980 թ., ետմահու, «Հայ նոր գրականության պատմություն» կոլեկտիվ աշխատության համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1937 թվականից։
Արամ Ինճիկյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 29, 1910[1][2] |
Ծննդավայր | Ախալցխա, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] |
Վախճանվել է | մարտի 22, 1975[1][2] (64 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրականագետ և դասախոս |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1932) և Երևանի պետական համալսարան (1937)[1] |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր[1] |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | ԱրմՖԱՆ[1], Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ և Գրականության ինստիտուտ |
Պարգևներ | |
Արամ Ինճիկյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Ախալցխա քաղաքում։ 1929 - 1932 թվականներին ուսուցչություն է արել Գորիսի և Ալավերդու շրջաններում, միաժամանակ հեռակա սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում։ 1932 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի լեզվագրական ֆակուլտետի երրորդ կուրս և համալսարանն ավարտել 1933 թվականին։ 1933-1934 թվականներին հայոց լեզու և գրականություն է դասավանդել Ախալցխայի գյուղատնտեսական տեխնիկումում, միաժամանակ աշխատել «Դեպի սոցիալիզմ» թերթի խմբագրությունում։ 1934-1937 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում։ 1937-1938 թվականներին որպես կրտսեր գիտաշխատող պաշտոնավարել է պատմության և գրականության ինստիտուտում։ 1938-1940 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել 1939-1940 թվականների սպիտակ ֆինների դեմ մղած կռիվներին։
1941-1942 թվականներին որպես ավագ գիտաշխատող պաշտոնավարել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի լեզվի և գրականության ինստիտուտում։ 1942 թվականին զորակոչվել է բանակ և մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1946 թվականին «Արա Գեղեցիկի առասպելը և նրա գրական մշակումները» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ Նույն թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող, 1958-1975 թվականներին տեքստաբանության բաժնի վարիչ։ 1970 թվականին «Թումանյան. կյանքը և ստեղծագործության պատմությունը. 1869-1899» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։
Ռուսերեն առանձին գրքով լույս է տեսել նրա «Ավետիք Իսահակյան» (Երևան, 1956 թ.) գործը։
Մասնակցել է Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Պերճ Պռոշյանի, Միքայել Նալբանդյանի, Մկրտիչ Պեշիկթաշլյանի երկերի գիտական հրատարակություններին՝ կազմելով առանձին հատորների տեքստեր և ծանոթագրություններ։ Աշխարհաբարի է վերածել Ռափայել Պատկանյանի Նոր Նախիջևանյան պատմվածքների շարքը։ 1975 թվականին արժանացել է ՀԽՍՀ ԳԱ նախագահության վաստակագրին։ Մահացել է 1975 թվականի մարտի 22-ին[3]։
Մատենագրություն
խմբագրել- Ծատուրյանի կյանքը, Երևան, 1940, 115 էջ։
- Ավետիք Իսահակյան, Երևան, 1940, 65 էջ։
- Միքայել Նալբանդյան, Երևան, 1954, 175 էջ։
- Միքայել Նալբանդյանի կյանքի և գործունեության տարեգրությունը, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1954, 400 էջ։
- Ավետիք Իսահակյան, Երևան, 1955, 220 էջ։
- Մտերիմներ և մտորումներ (էջեր հայ գրականության պատմությունից), Երևան, 1967, 341 էջ։
- Հովհաննես Թումանյան (կյանքի և ստեղծագործության պատմությունը. 1869-1899), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1969, 596 էջ։
- Ավետիք Իսահակյան, Երևան, «Սովետական գրող», 1977, 257 էջ։
- Միքայել Նալբանդյանի կյանքի և գործունեության տարեգրությունը, 2-րդ հրատարակություն, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1979, 400 էջ։
Ա. Ինճիկյանի կատարած թարգմանությունները (ռուսերենից)
խմբագրել- Անտոն Չեխով, Ընտիր երկեր (գրքի մեջ մտնող «Ճայը» պիեսը թարգմանել է Ա.Ինճիկյանը), Երևան, Հայպետհրատ, 1948, 540 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1981. էջ 162-163.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արամ Ինճիկյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 346)։ |