Արաբկիրի միություն, արաբկիրցիների հայրենակցական միություն։ Դեռևս 1899 թվականին ԱՄՆ-ի Բրիջուոթըր քաղաքում մի խումբ արաբկիրցի երիտասարդներ հիմնել են «Ուսումնասիրաց ընկերություն Արաբկիրի» կազմակերպությունը, որի նպատակն էր նյութապես օժանդակել Արաբկիրի հայկական դպրոցներին։ 1902-1910 թվականներին համանման միություններ են ստեղծվել Նյու Յորքում, Բոստոնում, Ֆիլադելֆիայում։

Արաբկիրի միություն
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր ԱՄՆ
Հիմնադրված1899

Արաբկիրի ուսումնասիրաց միության ստեղծում խմբագրել

1911 թվականի նոյեմբերի 30-ին երեք միությունների Ֆիլադելֆիայի համատեղ ժողովում ստեղծվել է «Արաբկիրի ուսումնասիրաց միությունը» (կենտրոնը Նյու Յորքում), որն այնուհետև մասնաճյուղեր է ունեցել ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում։ 1917 թվականին «Ուսումնասիրաց»-ին զուգահեռ ստեղծվել է «Արաբկիրի վերաշինաց միություն»-ը, որի նպատակն էր օգնել Մեծ եղեռնից փրկված հայրենակիցներին։ 1923 թվականի մայիսին «Ուսումնսւսիրաց»-ը և «Վերաշինաց»-ը միացել են և անվանվել «Ամերիկահայ արաբկիրցիներու միություն», որը 1929 թվականին վերանվանվել է «Արաբկիրի միություն]»։

Առաջին պատգամավորական ժողով խմբագրել

Առաջին պատգամավորական ժողովում (1923 թվականի դեկտեմբերի 30-1924 թվականի հունվարի 1, Նյու Յորք) Միությունը որոշել է հիմնել Նոր Արաբկիր ավան Սովետական Հայաստանում։ 1925 թվականի նոյեմբերի 29-ին Հայաստանի կառավարության որոշմամբ հիմնադրվել է Նոր Արաբկիրը, որի կառուցման ու բարեկարգման գործին իր նպաստն է բերել Միությունը։ Արաբկիրի միությունը 1923 թվականից ի վեր մասնաճյուղեր է ունեցել ԱՄՆ-ի 8 նահանգների 19 քաղաքներում, ինչպես նաև Եգիպտոսում, Սիրիայում, Լիբանանում, Իրաքում, Եթովպիայում, Սուդանում, Ֆրանսիայում, Հունաստանում, Բուլղարիայում, Կուբայում, Արգենտինայում։ Արաբկիրի միությունը սփյուռքի հայրենակցական միությունների շարքերում միշտ գործուն մասնակցություն է ունեցել համագաղութային ձեռնարկումներին։ 1925 թվականի դեկտեմբերից հրատարակվում է Միության պաշտոնաթերթ «Նոր Արաբկիր»-ը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 677