Արաբական աշխարհը և Արցախյան ազատագրական պատերազմը, մինչև ԽՍՀՄ փլուզումը (1991) Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ արաբական երկրների ճնշող մեծամասնությունն ունեցել է չեզոք դիրքորոշում։ Արաբական աշխարհի 1988-1991 թվականների անդրադարձները խնդրին սահմանափակվել են տարբեր լրատվամիջոցների գործակալությունների հաղորդումներով՝ հիմնականում առանց մեկնաբանությունների և գնահատականների։

Արցախ - Արաբական երկրներ հարաբերությունների զարգացում խմբագրել

Հայաստանի անկախացումից (1991 թվականի սեպտեմբերի 21) հետո, առաջին տարիներին, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քուվեյթը, Կատարը, Բահրեյնը, Թունիսը՝ հիմնականում Սաուդյան Արաբիայի թելադրմամբ, հրաժարվում էին ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել։ ՀՀ և նշյալ երկրների ղեկավարների պաշտոնական հանդիպումների ընթացքում ակնարկվել են, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման միակ խոչընդոտը Ղարաբաղյան հակամարտությունն է, և որ Ադրբեջանի հետ խնդրի կարգավորումից հետո պատրաստ են բազմաբնույթ հարաբերություններ զարգացնել Հայաստանի հետ։ Իրավիճակը էապես փոխվել է 1990-ական թվականների կեսից ՀՀ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Արաբական երկրների հետ՝ բացառությամբ Սաուդյան Արաբիայի։

Արաբական այն երկրները, որոնց հետ Հայաստանն ունեցել է ավանդական պատմամշակութային կապեր և որտեղ կան հայկական ստվար համայնքներ (Սիրիա, Եգիպտոս, Լիբանան, Իրաք, Հորդանան), հակամարտության հարցում ձեռնպահ են մնացել Հայաստանը դատապարտող հայտարարություններից և չեն խուսափել Հայաստանի հետ զարգացնել փոխշահավետ հարաբերություններ։ Այդ երկրներից միայն Եգիպտոսի ԱԳՆ-ն 1993 թվականի օգոստոսին, Աղդամ քաղաքի գրավումից հետո, հանդես է եկել Հայաստանը դատապրատող հայտարարությամբ, ինչը, սակայն, որևէ բացասական անդրադարձ չի ունեցել հայ-եգիպտական հարաբերությունների զարգացման վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։