Ատելության խոսք, հանրային (հասարակական) խոսքի դրսևորում, որն արտահայտում է ատելություն կամ խրախուսում է բռնություն անձի կամ անձանց խմբի նկատմամբ՝ պայմանավորված այնպիսի առանձնահատկություններով, ինչպիսին են անձի ռասան, սեռը, կրոնական պատկանելությունը, էթնիկական խումբը, գենդերային ինքնությունը, մաշկի գույնը, սեռական կողմնորոշումը, հաշմանդամությունը և այլն[1]։ Այն ընդգրկում է արտահայտությունների բազմաթիվ ձևեր, որոնք տարբեր պատճառներով տարածում, դրդում, խթանում կամ արդարացնում են անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելությունը, բռնությունը և խտրականությունը[2]։ Ատելության խոսքը լուրջ վտանգ է ներկայացնում ժողովրդավարական հասարակության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ապահովման տեսանկյունից։ Վերջինիս նկատմամբ անտարբերության դրսևորումները կարող են հանգեցնել բռնությունների և բախումների լայն մասշտաբների։ Այս իմաստով ատելության խոսքն անհանդուրժողականության ծայրահեղ դրսևորում է, որը նպաստում է ատելության հողի վրա հանցագործությունների առաջացմանը։

SIM քարտ Լեհաստանում ատելության խոսքի դեմ արշավի կարգախոսով «Բառերն ուժ ունեն, խելամտորեն օգտագործիր դրանք»

Պատմությունը ցույց է տվել, որ ատելության խոսքը կարող է հանգեցնել ինքնասպանությունների, պատերազմների, զանգվածային հանցագործությունների և ցեղասպանության գործընթացների, ինչպիսին էին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակահատվածում իրագործված Հայոց ցեղասպանությունը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացված Հոլոքոստը, 20-րդ դարի 90-ական թվականներին իրականացված Ռուանդայի ցեղասպանությունը և այլն։

Պատմություն խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր պետությունները, ականատես լինելով ատելության խոսքի արդյունքում իրականացված ռասայական և կրոնական ատելության ծայրահեղ դրսևորումներին, աստիճանաբար սկսեցին իրավական կարգավորումներով պայքարել ատելության խոսքի դրսևորումների դեմ։

Միավորված ազգերի կազմակերպություն խմբագրել

Որպես առաջին քայլ՝ 1948 թվականի դեկտեմբերի 10-ին Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։ Հռչակագիրը բովանդակում է այն համամարդկային և համաշխարհային արժեքները, որոնք չեն սահմանափակվում առանձին մշակույթներով, պետություններով ու կրոններով, և հռչակում է այն անօտարելի իրավունքները, որ պատկանում են յուրաքանչյուր մարդու՝ անկախ ռասայից, մաշկի գույնից, կրոնից, սեռից, լեզվից, քաղաքական կամ այլ համոզմունքներից, ազգային կամ սոցիալական ծագումից, սեփականությունից, գույքային, դասային կամ այլ վիճակից (Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, հոդված 2[3])։ Թեպետ այս փաստաթղթով ամրագրված են մարդու հիմնարար իրավունքները, այնուամենայնիվ իրավական տեսանկյունից այն ունի զուտ հռչակագրային (դեկլարատիվ) բնույթ և պարտադիր չէ կատարման համար։ Նշվածով պայմանավորված՝ հետագա տարիների ընթացքում ՄԱԿ-ի կողմից ընդունվեցին մի շարք այլ միջազգային փաստաթղթեր, որոնք նպատակ ունեին պայքարելու խտրականության և անհանդուրժողականության դրսևորումների դեմ առանձին ոլորտներում։ Այդպիսի իրավական փաստաթղթերից էին 1965 թվականի դեմտեմբերի 21-ին ընդունված «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիան[4], 1966 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը[5], 1979 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունված «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիան[6], ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի ««Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 19-րդ հոդվածի վերաբերյալ» Ընդհանուր մեկնաբանություն № 34-ը[7], Ռաբաթի գործողությունների պլանը[8] և այլն։

Եվրոպայի խորհուրդ խմբագրել

Եվրոպայի խորհրդի ձևավորումից հետո, եվրոպական տարածաշրջանում անհրաժեշտություն առաջացավ ընդունել մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համապարփակ փաստաթուղթ։ Արդյունքում՝ 1950 թվականի նոյեմբերի 4-ին ընդունվեց «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան[9] (Եվրոպական կոնվենցիա)։ Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորվում է խոսքի ազատության իրավունքը, սակայն նշված իրավունքի իրականացումը կարող է սահմանափակվել, inter alia «․․․այլոց իրավունքները պաշտպանելու․․․ նպատակով։»։

Թեպետ Եվրոպական կոնվենցիան ուղղակիորեն չի սահմանում «ատելության խոսք» հասկացությունը, այնուամենայնիվ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) իր նախադեպային որոշումներում օգտագործում է այդ հասկացությունը (տես՝ «Belkacem v. Belgium», «Gündüz v. Turkey», «Faruk Temel v. Turkey» «Stomakhin v. Russia», «Otegi Mondragon v. Spain», «Stern Taulats and Roura Capellera v. Spain», «Delfi AS v. Estonia», «Pihl v. Sweden», «Nix v. Germany» և այլ գործերով ՄԻԵԴ վճիռները)՝ այն մենկաբանելով ըստ յուրաքանչյուր գործի փաստական հանգամանքների։

Հարցի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի շրջանակներում կարևոր է նաև Նախարարների կոմիտեի՝ անդամ պետություններին ուղղված առաջարկները[10], ինչպես նաև Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի[11] ընդունած առաջարկները։

Չնայած նշված միջազգային փաստաթղթերը կարևոր նշանակություն ունեն առանձին ոլորտներում անձանց իրավունքների երաշխավորման տեսանկյունից, այնուամենայնիվ ատելության խոսքի պաշտպանության տեսանկյունից առ այսօր մեկ միասնական միջազգային փաստաթուղթ ընդունված չէ, որը համապարփակ և ընդգրկուն կարգավորումներ կպարունակի հարցի վերաբերյալ, ինչի արդյունքում յուրաքանչյուր պետություն իր ներպետական օրենսդրության շրջանակներում է քայլեր ձեռնարկում ապահովելու խոսքի ազատության և ատելության խոսքի հարաբերակցությունը։

Խոսքի ազատություն և պայքար ատելության խոսքի դեմ խմբագրել

Խոսքի ազատության ապահովման և ատելության խոսքի դեմ պայքարի հավասարակշռման հարցը տարբեր պետություններում տարբեր քննարկումների և կարգավորումների է հանգեցրել։ Ըստ այդմ՝ որոշ պետություններ հրաժարվում են քրեականացնել ատելության խոսքի դրսևորումներն այն հիմնավորմամբ, որ դա հակասում է խոսքի ազատության իրավունքին, մեկ այլ խումբ պետություններ քրեականացրել են ատելության խոսքի դրսևորումները, իսկ որոշ խումբ պետություններ էլ թեև հստակ չեն ամրագրել «ատելության խոսք» հասկացությունը, բայցևայնպես պատասխանատվության միջոցներ են սահմանել զրպարտության կամ բռնության հրահրման համար։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ խմբագրել

Ամերիկայի Միացյալ Նահանգները (ԱՄՆ) դասվում է այն պետությունների շարքին, որը հրաժարվում է քրեականացնել ատելության խոսքի դրսևորումներն այն հիմնավորմամբ, որ դա հակասում է խոսքի ազատության իրավունքին, որը երաշխավորված է ԱՄՆ Սահմանադրությամբ։

Դանիայի Թագավորություն խմբագրել

Դանիայի քրեական օրենսգիրքը[12] քրեականացնում է «ռասայական ատելություն արտահայտելն ու տարածելը» ՝ դրանով իսկ որպես հանցագործություն համարելով սպառնալիքը, վիրավորական լեզու օգտագործելը, որը նախատեսված է ընդհանուր հասարակության կամ անձանց լայն շրջանակի համար։

Հայաստան խմբագրել

Հայաստանը պատկանում է այն երկրների շարքին, որոնց օրենսդրությամբ ամրագրված չէ «ատելության խոսք» հասկացությունը։ Թեպետ Հայաստանի քաղաքացիական օրենսգրքով[13] պատասխանատվություն է նախատեսվում վիրավորանքի և զրպարտության համար, այնուամենայնիվ առկա կարգավորումներն ամբողջապես չեն կանոնակարգում Հանրապետությունում առկա իրավիճակը։ Նշվածով պայմանավորված՝ մշակվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ[14], համաձայն որի՝ պատասխանատվություն է նախատեսվում անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ նման բռնությունը քարոզելու համար։

Նիդերլանդների Թագավորություն խմբագրել

Նիդերլանդներն ատելության խոսքի դեմ պայքարի եվրոպական տարածաշրջանի քաղաքականության հետևորդներից են և քրեական օրենսգրքով[15] «արգելվում է հասարակական դիտավորյալ վիրավորանքներ թույլ տալը, ինչպես նաև բանավոր, գրավոր կամ պատկերային եղանակով ատելության մեջ ներգրավելը ՝ պայմանավորված անձի ռասայով, կրոնական, սեռական կողմնորոշմամբ կամ անձնական համոզմունքներով։»։

Անհերքելի է, որ պետությունները պետք է մշակեն իրավական մեխանիզմներ՝ ապահովելու հստակ տարանջատումը խոսքի ազատության իրավունքի և ատելության խոսքի դրսևորումների, և պետք է ստեղծվեն ատելության բորբոքման դեմ պայքարի այնպիսի ամուր իրավական հիմքեր, որոնք յուրաքանչյուր դեպքում կապա­հովեն անհրաժեշտ հավասարակշռությունը խոսքի ազատության և այլոց իրավունք­ների ու արժանապատվության պաշտպանության միջև։ Ավելին, պետությունները պետք է պատիժ նա­խատեսեն բռնության կամ ատելության դիտավորյալ և հրապարակային հրահրման, ինչպես նաև միջազգային որոշ հանցագործությունների հրապարակային թողտվու­թյան, ժխտման կամ այն սովորական երևույթ դարձնելուն, ինչը կարող է հանգեցնել բռնության կամ ատելության, սակայն անհրաժեշտ է մշտապես գիտակցել, որ քրեական պատասխանատվությունը պետք է կիրառվի բացառապես ատելության խոսքի ծայրահեղ դրսևորման համար[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «HATE SPEECH | meaning in the Cambridge English Dictionary». dictionary.cambridge.org (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 15-ին.
  2. «Եվրոպայի խորհուրդ, «Ատելության խոսք և բռնություն»».
  3. «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հուլիսի 16-ին.
  4. (PDF) https://web.archive.org/web/20190819081627/http://www.un.am/res/UN%20Treaties/III_2.pdf. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ օգոստոսի 19-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  5. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=18500. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  6. (PDF) https://web.archive.org/web/20181222213654/http://www.un.am/res/UN%20Treaties/III_8.pdf. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ դեկտեմբերի 22-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  7. https://www.refworld.org/docid/4ed34b562.html. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  8. https://www.ohchr.org/EN/Issues/FreedomOpinion/Articles19-20/Pages/Index.aspx. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  9. https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=20870. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  10. https://rm.coe.int/1680505d5b. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  11. https://www.coe.int/en/web/european-commission-against-racism-and-intolerance. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  12. (PDF) https://web.archive.org/web/20201112025515/https://www.legislationline.org/download/action/download/id/6372/file/Denmark_Criminal_Code_am2005_en.pdf. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ նոյեմբերի 12-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  13. https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=126332. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  14. https://www.e-draft.am/projects/1862/about. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  15. https://www.ilo.org/dyn/natlex/natlex4.detail?p_lang=&p_isn=69274&p_classification=01.04. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  16. https://rm.coe.int/ecri-general-policy-recommendation-no-15-on-combating-hate-speech/16808b5b01. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)