Ավտոմոբիլային թանգարան (Բելգրադ)

Ավտոմոբիլային թանգարան (սերբ.՝ Музеј аутомобила), թանգարան Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, որը համատեղ ստեղծվել է 1994 թվականին Բելգրադի քաղաքային խորհրդի որոշմամբ և ավտոմեքենաների հավաքորդ, Պալիլուլսկե շուկայի մոտ «Պետկովիչ» հին հրուշականոցի սեփականատեր Բրատիսլավ Պետկովիչի կողմից։

Ավտոմոբիլային թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Սերբիա
ՏեղագրությունԲելգրադ
ՎայրԲելգրադ
ՀասցեМајке Јевросиме 30
Հիմնադրվել է1994
Կայքautomuseumbgd.com(սերբ.)
Քարտեզ
Քարտեզ

Նկարագրություն խմբագրել

Թանգարանը տեղակայված է ռուս ճարտարապետ Վալերի Ստաշևսկու նախագծով 1929 թվականին կառուցված հին՝ Բալկաններում առաջին հանրային ավտոկայանատեղի վերանորոգված շենքում[1]։

Թանգարանում պահվում է շուրջ հարյուր ավտոմեքենա՝ սովորական մարդատարից, շքեղից սկսած, մինչև մրցարշավային մեքենաներ, և դրանք բոլորը սարքին վիճակում են[2]։ Ամենահինը 1897 թվականի ֆրանսիական «Մարոտ-կարդոն» եռանիվ մեքենան է։ Երեք անիվներով այդ փոխադրամիջոցն ունի փայտե թափք և երկու մարդու համար նախատեսված նստատեղեր։ Հավաքածուն ներառում է նաև փայտե անիվներով և Landolet տիպի շքեղ թափքով 1908 թվականի ֆրանսիական «Շարոնը»։ Հավաքածուում են նաև «Ֆորդի» 1925 թվականի T մոդելը, նույն թվականի «Լանչա Լամբդան», 1929 թվականի «Բյուիկ Օպերա» կուպեն, 1938 թվականի BMW 327/328-ը, և այլն։ Կա նաև 1957 թվականի «Կադիլակ», որով հաճախ է երթևեկել Իոսիպ Բրոզ Տիտոն։ Վերջին ցուցանմուշը 1978 թվականի «Ֆերրարին» է[2]։

Ավտոմեքենաների թանգարանին են պատկանում նաև մի քանի տրանսպորտային միջոցներ (հիմնականում գերմանական պատերազմական ջիփեր), որոնք վարձակալությամբ տրվում են նկարահանումների համար[2]։

Թանգարանում, բացի մեքենաներից, ներկայացված են նաև Սերբիայի ճանապարհային երթևեկության առաջին կանոնները և օրենքները, պետհամարանիշները, գործիքները, ավտոկանգառների հին ժամացույցները և երթևեկության ու ավտոտրանսպորտային ոլորտի գրականություն[2]։

Ըստ թանգարանի ունեցած տվյալների՝ առաջին ավտոմեքենան Բելգրադ է ժամանել 1903 թվականի ապրիլին[3][4]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Automobile Museum Bratislav Petkovic Collection :: Museum Fi». www.radiomuseum.org. Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 РТС: Београдски Музеј аутомобила (15. август 2010), Приступљено 13. 4. 2013.
  3. Први аутомобил ушао у Београд пре више од једног века („Вечерње новости“, 5. октобар 2013)
  4. "Политика", 7. април 1939

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավտոմոբիլային թանգարան (Բելգրադ)» հոդվածին։