Ավստրո-Հունգարական բևեռային գիտարշավ

Ավստրո-Հունգարական բևեռային գիտարշավ, Հյուսիսային ծովային ճանապարհի որոնմանն ուղղված արկտիկական գիտարշավ, որը տեղի է ունեցել 1871-1874 թվականներին Յուլիուս Պայերի և Կառլ Վեյպրեխտի ղեկավարությամբ։ Գիտարշավի ընթացքում բացահայտվել և մասամբ ուսումնասիրվել կղզեխումբը, որը կոչվում է Ֆրանց Իոսիֆ։

Ավստրո-Հունգարական բևեռային գիտարշավ
Թվական13.06.1872 - 25.09.1874
ՊատճառԱնհայտ տարածքների ուսումնասիրություն
Մասնակիցներ24
ՀետևանքՖրանց Իոսիֆի Երկրի, այդ թվում Եվրազայի ամենահյուսիսային կետի համարվող Ռուդոլֆ կղզու հայտնաբերում և մասսամբ հետազոտում
Մահ(եր)Օտտո Կրիչ

Նախապատմություն խմբագրել

1860-ական թվականներին Յուլիուս Պայերի և Կառլ Վեյպրեխտի կողմից առաջարկվեց Նոր Երկրից հյուսիս-արևելք գտնվող տարածքների ուսումնասիրության նախագիծ։ Տվյալ շրջանը այդ ժամանակներում դեռևս չուսումնասիրված էր։ Ներկայացնելով հետազոտության կարևորությունը՝ կարողացան ստանալ ավստրո-հունգարական ազնվականության հարուստ ներկայացուցիչների աջակցությունը։

Գիտարշավի նպատակ խմբագրել

 
Ֆրանց Իոսիֆի կղզեխումբ(նշված է կարմիր գույնով)

Գիտափորձի նպատակն էր Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների հյուսիս-արևելյան միջանցքի հայտնաբերումը[1]։ Նախագիծն իրենից ենթադրում էր 2.5 տարվա ընթացքում Նորվեգիայից Ամերիկա ճանապարհորդությունը[2]։

Ավստրիական աշխարհագրական ընկերության ղեկավարն իր օրագրում գիտական արշավի նպատակների մասին գրել է.

«Սառույցի բարենպաստ պայմաններում նախատեսված է անցնել արևմուտքից մինչև Բերինգի նեղուց և այնտեղով վերադառնալ։ Առավել լայն հնարավորության հասնելը երկրորդական խնդիր է և առաջարկվում է բացառապես բարենպաստ պայմաններում։ Հյուսիսային բևեռ մուտք գործելը թույլատրվում է միայն այն դեպքում, եթե երկու ձմեռվա և երեք ամառվա ընթացքում Բերինգի նեղուց հասնել անհնարին կլինի։ Գիտարշավի մեկնարկային կետ նշանակվում է Նոր Երկրի հյուսիսային ափը, որքան հնարավոր է խուսափել Սիբիրի ուսումնասիրված ափերին մոտենալուց»[3]:

Գիտարշավի նախաձեռնողներից Յուլիուս Պայերը գրել է հետևյալը

«Մեր հետազոտության հեռահար նպատակը, այսպես ասած մեր ճանապարհորդության իդեալը, համարվում էր հյուսիս-արևելյան անցումը։ «Տեգետհոֆի» մոտակա նպատակը Հյուսիսային սառուցյալ օվկիանոսԻ և Նոր Երկրից դեպի հյուսիս-արևելք գտնվող տարածքի ուսումնասիրությունն էր։ Սակայն հյուսիս-արևելք հնարավոր չեղավ մտնել և կանգնեցինք Նոր Երկրից 100 միլ հեռավորության վրա։ Սառույցները նավը տանում էին հյուսիս-արևելքից հեռու՝ հակառակ ուղղությամբ։ Բերինգի նեղուցով անցնել չհաջողվեց, սակայն «Տեգետհոֆի» անձնակազմը այդ հարցում չեն զղջում»[3]:

Ֆինանսավորում խմբագրել

Գտարշավի ամբողջական ֆինանսաֆորումը կազմել է 175 հազար ֆլորին։ Այդ գումարից 40 հազար ֆլորինը տրամադրել է կոմս Վիլչեկը, կայսր Իոսիֆ Ֆրանցը պետական նպաստի տեսքով տրամադրել է չորս հազար ֆլորին, կոմս Ֆրանց Սալմը փոխանցել է 20 հազար ֆլորին, Վիեննայի աշխարհագրական ընկերությունը՝ 100 ֆլորին, Մշակույթի և կրթության կայսերա-թագավորական նախարարությունը՝ երեք հազար ֆլորին։ Բացի այդ, Համաշխարհային IV ցուցահանդեսից առաջ, որը տեղի է ունեցել Վիեննայում 1873 թվականին, հավաքվել է շուրջ 12.5 հազար ֆլորին[4]։

Նավի նկարագիր խմբագրել

Գիտարշավի համար Բրեմերհավենում գտնվող «Teklenborg & Beurmann» նավաշինարանի կողմից 1871 թվականի սկզբին կառուցվեց «Ադմիրալ Տեգետհոֆ» նավը։ Այն իրենից ներկայացնում էր 220 տոնա ջրածավալի և 38.34 մետրանոց եռակայմ առագաստանավ (բարկենտին)։ Նավը հագեցված էր 100 ձիաուժ ունեցող գոլորշային շարժիչով։ Նավում կարելի էր ունենալ մինչև 130 տոննա ածուխ։ Նավում տեղավորել էին 2.5-3 տարվա ճանապարհորդության սննդամթերք[4]։

Արշավախումբ խմբագրել

 
Յուլիուս Պայեր

Գիտարշավի խմբում ընդգրկվեց Ավստրո-Հունգարիայի տարբեր շրջաններից հավաքագրված 24 մարդ, որոնք հանդիսանում էին Ադրիատիկ ծովի նավատորմի անձնակազմի անդամներ։ Նրանց մեծ մասը Իստրիայից և Դալմաթիայից էին։ Հենց այս վայրերից էին նավատորմի համար հավաքագրում անձնակազմի անդամներ։ Անզնակազմի անդամներից 9-ը ավստրիացիներ էին, 1 հունգար, 1 չեխ Մորավիայից, 1 (ենթադրաբար) իտալացի և շուրջ 12 իստրիացիներ և խորվաթներ, որոնց մեծ մասը Ռիեկա, Պլոմին, Լովրան, Բակար, Վոլոսկո, Ցրես, Մալի Լոշին, Բրաչ, Խվար բնակավայրերից էր։

  • Կառլ Վեյպրեխտ - նավարկության ընթացքում գիտարշավի հրամանատար (Միշելսթադից)
  • Յուլիուս Պայեր - ցամաքում իրականացվող հետազոտությունների ընթացքում գիտարշավի հրամանատար (Տեպլիցեյից)
  • Գուստավ Բրոշ (Gustav Brosch) - առաջին սպա (Չոմուտովյից, Բոհեմիա)
  • Էդուարդ Օրել (Eduard Orel) - երկրորդ սպա (Նով Յիչին, Մորավիա)
  • Դոկտոր Յուլիուս Կեպես (Dr. Julius Kepes) - նավային բժիշկ (Vari a.d. Theiß-ից, Հունգարիա)
  • Էլինգ «Օլաֆ» Կառլսեն (Elling «Olaf» Carlsen) - նիզակակիր, սառույցի նավատար (առևտրային նավի հրամանատար Թրոմսյոյից)
  • Պետռո Լուիսինա - боцман, капитан (Չերսոյից)
  • Անտոն (Անտե) Վեսերինա (Anton (Ante) Vecerina) - ատաղձագործ (Դրագայից)
  • Օտտո Կրիչ (Otto Krisch) - մեխանիկ, մեքենավար (Պաչլավիցից, Մորավիա)
  • Յոզեֆ Պոսպիշիլ (Josef Pospischil) - հրշեջ, հնոցապան (Պշերովից)
  • Յոհան Օրաչ (Johann Oratsch) - խոհարար (Գրացից)
  • Ալեքսանդր Կլոց (Alexander Klotz) - սառույցների վրայի ուղեկցող, որսորդ (Պասեիերից)
  • Յոհան Հալեր (Johann Haller) - սառույցների վրայի ուղեկցող, որսորդ (Պասեիերից)[4]

Գիտարշավի ընթացք խմբագրել

1872 թվական խմբագրել

 
Գիտարշավի մասնակիցներն ու «Տեգետհոֆ» նավը

1872 թվականի հունիսի 13 «Տեգետհոֆ» նավը դուրս գալիս է Բրեմերհաֆենից և ուղևորվում դեպի Բարենցի ծով։

Այդ տարին շատ սառցապատ էր ծովը, և «Տեգետհոֆ» նավը սառույցները ճեղքելով հասավ Նոր երկրի արևմտյան ափ։ Աշնանը նավը սառույցների հետ դուրս է մղվում բաց ծով։ Սկսվում են փոթորիկներով ու ալեկոծությամբ ուղկեցվող բևեռային գիշերները:130 օր նավը գտնվում էր սառույցներով ճզմվելու և ծովի հատակը սուզվելու վտանգի մեջ։ Գրեթե ամեն օր գիտարշավի մասնակիցները պատրաստվում էն լքել նավը. «Դրանք սոսկալի պահեր էին, երբ ստիպված էինք հագնվել զգալով, թե ինչպես է նավի կառամատույցը ճռռում սեղմվելուց։ Վազում ես դեպի տախտակամած՝ պատրաստ թողնել նավն ու ճանապարհորդել դեպի մի վայր, որ մեզանից ոչ ոք չգիտեր։ Իսկ սառույցները շարունակում էին հավաքվել մեկը մյուսի վրա՝ բարձրանալով տախտակամած»[5]։

1873 թվական խմբագրել

Գարնանը, երբ սառույցները հալվում էին, քամին և ջրի հոսանքը նավը տարավ շատ հեռու այն վայրից, որտեղ արգելափակվել էր սառույցներով։ Այդպիսով նավը հայտնվեց Նոր Երկրից 250 կմ դեպի հյուսիս հեռավորության վրա՝ ջրեր, որտեղ մարդը դեռևս չէր այցելել։ Ամռանը իրավիճակը չփոխվեց, և գիտարշավի անդամները սկսեցին պատրաստվել երկրորդ ձմռանը։ Սակայն 1873 թվականի օգոստոսի 30-ին հաստատվեց այն տեղեկատվությունը, որ Բարենցի ծովից հյուսիս առկա է ցամաք։ «Անսպասելիորեն հյուսիսում մառախուղը նոսրացավ, և մենք տեսանք ժայռեր։ Իսկ մի քանի րոպե անց մեր աչքերի առջև նշմարվեց լեռնային երկրի համայնապատկերը, որը շողում էր այնտեղ առկա սառցադաշտերի հետևանքով»[5]։ Ավստրիացիները նոր հայտնաբերված ցամաքը անվանեցին Ֆրանց Իոսիֆի Երկիր։

Նոր բացահայտումից հետո նավը ջրի հոսանքով շարժվեց դեպի հարավ և միայն նոյեմբերի 1-ին գիտարշավի մասնակիցները կարողացան դուրս գալ բաց ցամաք։ Առաջինը նրանք այցելեցին Ֆրանց Իոսիֆի Երկրից հարավ-արևելք գտնվող կղզի, որն անվանեցին Վիլչեկ։ Հետագա հետազոտությունները անհնար էր շարունակել մինչև բևեռային գիշերվա ավարտ։

1874 թվական խմբագրել

 
Տեգետհոֆ հրվանդան

1874 թվականի մարտին լնդախտից մահացավ Օտտո Կրիժը։ Բայց հենց այդ գարնանը տարածված հիվանդությունը վերացավ հիմականում սպիտակ արջերի հաջող որսի շնորհիվ։ Նրանք սպանել էին 67 կենդանի։

Մարտի սկզբին արևածագին սկսվեցին սահնակային գիտարշավի նախապատրաստումը։ Նրանք այցելեցին Գալիայի կղզում գտնվող Տեգետհոֆի հրվանդան, Սոնկլարի սառցադատ։ Սառցադաշտի վերևում ջերմաստիճանը չափազանց ցածր էր։ Ջերմաչափը ցույց էր տալիս -50° Ցելսիուս։ Նման պայմաններին չպատրաստված անձնակազմի անդամների համար վրաններում գիշերակացը ահավոր դժվար էր։

Սահնակային գիտարշավը կայացավ մարտի վերջին։ Ընդամենը երեք շուն կար, այդ իսկ պատճառով սահնակները ձգում էին մարդիկ։ Այդ ժամանակ գիտարշավի անդամները հասան Ֆրանց Իոսիֆի Երկրի ամենահեռու կետ, որն անվանեցին Ֆրիգելի հրվանդան։ Պայերը չգիտեր, որ այդ հրվանդանը հանդիսանում է կղզեխմբի ամենահյուսիսային կետը։ Նա կարծում էր, որ հյուսիսում գտնվում է այլ ցամաք, որը նա անվանեց Պետերմանի Երկիր[6]։

Մայիսին Վեյպրեխտը որոշեց թողնել սառույցներով պատված նավը և վերադառնալ դահուկներով ու նավակներով։ 1874 թվականի օգոստոսի 14-ին գիտարշավի մասնակիցները հասան բաց ծով, իսկ ավելի ուշ՝ Նոր Երկիր, որտեղ նրանց փրկեց ռուսական ձկնորսական նավը։ Սեպտեմբերի 3-ին նրանք արդեն գտնվում էին Նորվեգիայի Ֆինմարք ֆյուլքեյի Վարդյո բնակավայրում։

Արդյունքներ, նշանակություն, գիտարշավի հիշատակ խմբագրել

 
Ավստրո-Հունգարական գիտարշավին նվիրված բաժինը Վիեննայի թանգարանում

1875 թվականին Ֆիզիկոսների և բնագետների 48-րդ ասամբլեայում Կառլ Վեյպրեխտը ներկայացրեց «Արկտիկայի հետազոտության հիմնական սկզբունքները» թեմայով հաշվետվություն հաշվետվություն։ Նա ներկայացրեց միաժամանակ գործող մի քանի բևեռային կայաններ կառուցելու գաղափար, որոնք պետք է համակարգված և սինխրոն կերպով դիտարկումներ անեին, որպեսզի ներկայացնեն տարածության և ժամանակի փոփոխությունների բնութագիրը[7]։ Ենթադրվում էր, որ հետազոտությունները պետք է իրականացվեին հենց ցամաքայինկայաններում, այլ ոչ թե նավերով։ Այդ հաշվետվությունը նպաստեց այն բանին, որ 1879 թվականին Միջազգային մետերոլոգիական համաժողովում հաստատվի Միջազգային բևեռային տարվա անցկացման գաղափարը։

1970-ական թվականների վերջերին Ծովային նախարարության Դիկսոնյան հիդրոբազայի մասնագետները Լամոն կղզում գտան Կառլ Վեյպերխի նամակը:Նրանք հանդիպեցին կիսաքանդված քարե աշտարակի, որը քանդելուց հետո ներսում հայտնաբերեցին փայտյա գլանակ, որը փակված էր խցանով և լցված սուսրով։ Նամակը, մոտավորապես 100 տարի մնալով պահոցի մեջ, պարունակում էր գիտարշավի աղետալի իրավիճակի և կղզեխմբի հարավ-արևելյան վերջավորության կոորդինատների մասին տեղեկատվություն։ Թերթերը փաթաթված էին փայլաթիթեղով և մոմով, ինչն էլ նպաստել էր դրանց լավ պահպանմանը։ Հիդրոգրաֆների (ջրագիրների) կողմից նամակը փոխանցվում է Լենինգրադում գտնվող Արկտիկայի և Անտարկտիդայի թանգարանին։ Լքելով Ֆրանց Իոսիֆի Երկիրը՝ Յուլիուս Պայերը ասել է. - «Կանցնեն տարիներ, իսկ այս անհյուրընկալ ափերը կմնան այնպիսին, ինչպիսին որ հիմա են, և կրկին այստեղ կտիրի նրանց վեհ միայնությունը, որ խախտվել էր մեր կողմից... Մեր կողմից հայտնաբերված երկիրը դժվար թե երբևէ մարդկությանը որևէ նյութական օգուտ տա»[8]։

1990 թվականին տեղի ունեցավ գիտարշավ դեպի Հյուսիսային բևեռ, որի ընթացքում մասնակիցները այցելեցին 19-րդ դարից սկզբից մինչև 20-րդ դարն ընկած ժամանակահատվածում տարբեր երկրների կողմից կազմակերպված գիտարշավների այցելած վայրերը։ Տեղի ունեցավ նաև այցելություն Օտտո Կրիժայի գերեզման, սկանավորվեց գերեզմանի վրա տեղադրված խաչի վրայի լատունե սալիկի գրությունը։ Գիտարշավից հետո կատարվեց սալիկի վրայի տեքստի թարգմանությունը. - «Այստեղ մահացել է Օտտո Կրիչը՝ ավստրիական գիտարշավի «Ադմիրալ Տեգետհոֆ» նավի մեքենավարը։ 18.03.74 թ. Ապրել է 29 տարի։ Խաղաղություն քո հոգուն»[9][10]

2003 թվականին հրապարակվեց Քրիստոֆ Ռանսմայերի «Սառույցի և խավարի սարսափները» (գերմ.՝ Die Schrecken des Eises und der Finsternis վեպը[11]): Վեպի հերոսը որոշում է անցնել գիտարշավի անցած ճանապարհով։ Տեքստում ներկայացված են գիտարշավի մասնակիցների նամակագրությունից և օրեգրերից հատվածներ։

2005 թվականի գարնանը տեղի ունեցավ ռուս-ավստրիական գիտարշավ առաջին հայտնաբերողների անցած ճանապարհով[12]

Օգտագործված գրականություն խմբագրել

  • Österreichische nationalbibliothek, Hundert Jahre Franz Josef's Land: Katalog einer Ausstellung im Prunksaal der Österreichischen Nationalbibliothek (Vienna 1973).(գերմ.)
  • Julius von Payer New Lands within the Arctic Circle (1876)(անգլ.)
  • Andreas Pöschek Արխիվացված 2006-06-22 Wayback Machine: Geheimnis Nordpol. Die Österreichisch-Ungarische Nordpolexpedition 1872-1874. - Wien: 1999 (download as PDF Արխիվացված 2006-06-22 Wayback Machine).(գերմ.)
  • Johan Schimanski and Ulrike Spring, Passagiere des Eises. Polarhelden und arktische Diskurse 1874, Wien: Böhlau 2015, 978-3-205-79606-0.(գերմ.)
  • Karl Weyprecht, Die Metamorphosen des Polareises. Österr.-Ung. Arktische Expedition 1872-1874 (The Metamorphosis of Polar Ice. The Austro-Hungarian Polar Expedition of 1872-1874).(գերմ.)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. З.Ф.И. Открытие // География. — 2009. — № 6.(ռուս.)
  2. Никита Овсянников. «По тонкому льду». GEO Непознанный мир: Земля. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.
  3. 3,0 3,1 Борис Норд Льды и люди. — Архангельск, 1931.(ռուս.)
  4. 4,0 4,1 4,2 «The Austro-Hungarian North Pole Expedition of 1872-74». Istianet.org. Navy.Sea.(չաշխատող հղում)(անգլ.)
  5. 5,0 5,1 Ю. Пайер 725 дней во льдах Арктики. — Ленинград: Главсевморпуть, 1935. — 304 с.(ռուս.)
  6. В. Ю. Визе Моря советской Арктики. — Ленинград: Главморсевпуть, 1948. — С. 119-125. — 418 с.(ռուս.)
  7. Weyprecht K. Principes fondamentaux de l'exploration arctique.. — Vienna, 1875.(ֆր.)
  8. Валерий Ярославцев Земля Франца-Иосифа. — Красноярск: Красноярское книжное издательство, 1989.(ռուս.)
  9. «Земля Императора Франца-Иосифа». Transport.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.(ռուս.)
  10. «Земля Императора Франца-Иосифа». Фотоальбом.SU — Заметки об экспедиции на Землю Франца-Иосифа, состоявшейся в июле-августе 1990 года. 2010 թ․ հունիսի 23. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.(ռուս.)
  11. Christoph Ransmayr Die Schrecken des Eises und der Finsternis. — Frankfurt am Main: Fischer, 2003. — ISBN 3-596-25419-1(գերմ.)
  12. Никита Овсянников. «По тонкому льду». GEO Непознанный мир: Земля. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.(ռուս.)