Ավետիք Տեր-Պողոսյան
Ավետիք Գրիգորի Տեր-Պողոսյան (մարտի 15, 1880, Վարդաբլուր, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մայիսի 12, 1954, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային կենսաբան, կենդանաբան։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր (1909), պրոֆեսոր (1929)։
Ավետիք Տեր-Պողոսյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 15, 1880 Վարդաբլուր, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 12, 1954 (74 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | կենսաբան և կենդանաբան |
Ալմա մատեր | Լայպցիգի համալսարան (1908) |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՆախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, սովորել է Գևորգյան Ճեմարանում, աշակերտել Կոմիտաս վարդապետին։ Որպես սիրելի աշակերտ, բազմիցս է ուղեկցել Կոմիտասին նրա երգահավաք շրջագայությունների ժամանակ, նրան ուղեկցել իր ծննդավայր Լոռվա Վարդաբլուր։ Այստեղ է Կոմիտասը գրի առել Հորովել և Կալի երգ երգերը:1908 թվականին ավարտել է Լայպցիգի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի բնագիտական բաժինը, վերադարձել հայրենիք և աշխատել որպես մանկավարժ Շուշիի, Ալեքսանդրապոլի դպրոցներում, Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, Երևանի ուսուցչական սեմինարիայում։ Եվրոպայում սովորելու տարիներին մտերմացել է իր համագյուղացի նշանավոր գիտնական, Ցյուրիխի համալսարանի պրոֆեսոր Հարություն Աբելյանի հետ:1920-1921 թվականներին աշխատանքի է անցել Երևանի նորաստեղծ համալսարանում, ստանձնել իր նախաձեռնությամբ ստեղծված կենդանաբանության ամբիոնի վարիչի պաշտոնը, որը վարել է մինչև կյանքի վերջը։ 1936-1939 թվականներին եղել է բնագիտական ֆակուլտետի դեկան։ Միաժամանակ դասախոսություններ է կարդացել Երևանի բժշկական և գյուղատնտեսական ինստիտուտներում, Բաքվի մանկավարժական ինստիտուտում։ Երկար տարիներ աշխատել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի կենսաբանության, ՀԽՍՀ ԳԱ կենդանաբանության ինստիտուտներում, Երևանի բնության պետական թանգարանում։ Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են Հայաստանի կենդանական աշխարհի առանձին խմբերի ուսումնասիրությանը, ինչպես նաև հայ կենսաբանության մտքի զարգացման պատմությանը։ Ուսումնասիրել է նաև Հայաստանի քաղցրահամ ջրերի ստորին խեցեմորթների ֆաունան, մի շարք հիվանդություններ փոխանցող մակաբույծ տզերը, գյուղատնտեսական բույսերի վնասատու նեմատոդները։
Երկեր
խմբագրել- Դարվինը և նրա ուսմունքը, Երևան, 1947։
- Բիոլոգիական մտքի զարգացումը Հայաստանում (հնագույն ժամանակներից մինչև 18-րդ դարը), Երևան, 1960։
Գրականություն
խմբագրել- Ավետյան Հ. Ս., Տեր-Մինասյան Մ.Ե., Ավետիք Տեր-Պողոսյան (1880-1954), Տես Բնագիտության և տեխնիկայի պատմությունը Հայաստանում, № 8, Երևան, 1987։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 684)։ |