Ավետիք Սահակյան

հայ քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ավետիք Հովհաննեսի Սահակյան կամ Հայր Աբրահամ[2] (1863[1], Ջալալօղլի, Թիֆլիսի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1933[1], Լիբանան), հասարակական քաղաքական գործիչ, 1918 թվականին Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության Առաջին խորհրդարանի նախագահ։

Ավետիք Սահակյան
Դիմանկար
Ծնվել է1863[1]
ԾննդավայրՋալալօղլի, Թիֆլիսի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1933[1]
Մահվան վայրԼիբանան
Քաղաքացիություն Հայաստան և  Ռուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի Պետրովսկի գյուղատնտեսական ակադեմիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինՎարվառա Սահակյան
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի նախագահ
ԿուսակցությունՀՅԴ
 Avetik Sahakyan Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1864 թվականին Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան)։ Նախնական ուսումը ստացել է տեղի ազգային վարժարանում։ Ավարտելուց հետո, մեկնել է Ղարաբաղ և մտել Շուշի քաղաքի ռեալական դպրոցը։ 1893 թվականին Մոսկվայում ավարտել է Պետրովյան Ակադեմիան, աշխատել է երկրագործական նախարարությունում։ Երկար տարիներ եղել է հայկական գյուղատնտեսության միության նախագահ, «Գյուղատնտեսություն» պարբերականի խմբագիր։ 1909-1912 թվականներին բանտարկվել է Դաշնակցության գործի շրջանակներում՝ Թիֆլիսում, Նովոչերկասկում, Մոսկվայում, Պետրոգրադրում։

1917 թվականի հոկտեմբերին մասնակցել է Հայոց Ազգային Համագումարին ու մաս կազմել այնտեղ ընտրված Ազգային Խորհրդին։ Եղել է Անդրկովկասյան Սեյմի անդամ, Անդրկովկասյան կառավարությունում՝ մթերքի նախարար։ 1918 թվականի օգոստոսի 1-ից եղել է Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության Խորհրդարանի ժողովի նախագահ, 1918 թվականին առաջին խորհրդարանի նախագահ, 1919 թվականին՝ խորհրդարանի փոխնախագահ, 1919 թվականի օգոստոս-հոկտեմբեր ամիսներին՝ հանրային խնամատարության և աշխատանքի նախարար, այնուհետև՝ Ժողովրդական տնտեսության նախարար։

Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության անկումից հետո 1920 թվականին Ավետիք Սահակյանն անցավ Թավրիզ, Պարսկաստան, ապա Իրաք և վերջապես՝ կնոջ առողջական վիճակից ելնելով՝ Լիբանան, ամենուրեք շարունակելով իր քաղաքական կյանքը մինչև մահը։

Մահացել է 1933 թվականի ապրիլի 18-ին, Բեյրութում։

Ընտանիք

խմբագրել

Ամուսնացած էր Վարվառա Սահակյանի (Վարյա) հետ, որն Հայաստանում կանանց ընտրական իրավունք ստանալուց հետո պատգամավոր ընտրված երեք կանանցից մեկն էր։

Հիշատակ

խմբագրել

2018 թվականի մայիսի 28-ին, Հայաստանի առաջին հանրապետության հարյուրամյակի կապակցությամբ Ավետիք Սահակյանի ծննդավայր Ստեփանավանում (նախկինում՝ Ջալալօղլի) հանդիսավորությամբ բացվել է Ավետիք Սահակյանի անվան պուրակը, ուր տեղադրվել է վերջինիս կիսանդրին։ Պուրակի կառուցվել է թոռի՝ դոկտոր Արմեն Սահակյանի նախաձեռնությամբ։ Ճարտարապետն է Միսաք Մելքումյանը, քանդակագործը՝ Տիգրան Բագամյանը, այս գործին աջակցությունն է ցուցաբերել Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Faceted Application of Subject Terminology
  2. 2,0 2,1 «Ստեփանավանում բացվել է Հայաստանի առաջին խորհրդարանի առաջին նախագահի անվան պուրակ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ». Լուրեր Հայաստանից | Shamshyan.com. Վերցված է 2021 թ․ հունիսի 15-ին.

Գրականություն

խմբագրել
  • Ներսիսյան Աշոտ, Ավետիք Սահակյան /Հայր Աբրահամ/, Երևան, 2009։
  • Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, Հատ. Ե., Զ., Երևան, 1991։
  • Ով ով է /հայեր/, կենսագրական հանրագիտարան, հատ. 2, Երևան, 2007։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավետիք Սահակյան» հոդվածին։