Ավետիս Սանճյան

հայ բանասեր

Ավետիս Գրիգորի Սանճյան (անգլերեն՝ Avedis K. Sanjian) (24 փետրվարի, 1921, Մարաշ - 22 հուլիսի, 1995, Լոս Անջելես), բանասեր, հայագետ, արևելագիտության դոկտոր (1956 թ.), պրոֆեսոր (1965 թ.)։ Համարվում է 20-րդ դ. ԱՄՆ-ում հայագիտության հիմնադիրներից։

Ավետիս Սանճյան
Դիմանկար
Ծնվել է1921[1][2][3][…]
ԾննդավայրՄարաշ, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1995[1][4]
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուհայերեն
ԿրթությունՄիչիգանի համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունբանասեր և համալսարանի դասախոս

Կրթություն խմբագրել

Ավետիս Սանճյանը Գրիգոր Սանճյանի և Նազլի Գալայանի ավագ որդին է։ 1921 թ. քեմալականների իշխանության տակ հայտնված իր ծննդավայր Մարաշից հայերի զանգվածային հեռանալուց հետո, Ավետիս Սանճյանը՝ իր գաղթական ընտանիքի հետ, միառժամանակ մնացել է Դամասկոսում, Բեյրութում և Պաղեստինի հյուսիսում։ Սանճյանների ընտանիքը ավելի ուշ կայք է հաստատել Երուսաղեմում, որտեղ բնակվել են շուրջ 20 տարի։ 1929—1939 թթ. Ավետիս Սանճյանը իր նախնական կրթությունն ստացել է Երուսաղեմի Սբ․ Թարգմանչաց վարժարանում և Բիշոպ Կոպատ անգլիական դպրոցում։ 1949 թ.-ին ավարտել է Բեյրութի ամերիկյան, 1950 թ.-ին՝ Միչիգանի համալսարանների անգլերենի և անգլիական գրականության բակալավրիատն ու մագիստրատուրան։ 1956 թ. Միչիգանի համալսարանում պաշտպանել է արևելագիտության գծով դոկտորական ատենախոսություն՝ «Ալեքսանդրեթի սանջակը (Հաթայ). ֆրանս-թուրք-սիրիական հարաբերությունների վերաբերյալ ուսումնասիրություն» թեմայով։

Հայագիտական գործունեությունը խմբագրել

1957 թվականից հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն է դասավանդել Հարվարդի համալսարանում։ 1965 թ.-ից՝ Կալիֆոռնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղի դասախոս, 1969 թ.-ից՝ նույն համալսարանի Գրիգոր Նարեկացու անվան հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ։ Դասավանդել է գրաբար, հայ գրականություն, հայ մշակույթի պատմություն։ Համալսարանի գրադարանին կից ստեղծել է հայ գրականության ֆոնդ, որտեղ հավաքել է բազմաթիվ արխիվային նյութեր, միջնադարյան հայերեն ձեռագրեր։

Սանճյանը եղել է արևելագիտական և հայագիտական ընկերությունների անդամ, «Հայագիտական ուսման ընկերության» հիմնադիրներից (1974 թ.)։ 1985-1991 թթ. խմբագրել է այդ ընկերության տարեգրքի առաջին հինգ հատորները։

1958 թ. սկսած բազմիցս այցելել է Հայաստան, մասնակցել Երևանում կայացած հայագիտական ժողովների։

Քաղաքական հայացքներն ու ազգային-հասարակական գործունեությունը խմբագրել

Ավետիս Սանճյանը եղել է Ռամկավար ազատական կուսակցության անդամ։ Ակտիվ մասնակցություն է բերել Երուսաղեմի Հայ երիտասարդաց միության, հետագայում՝ ԱՄՆ-ում Հայկական բարեգործական ընդհանուր միության և Թեքեյան մշակութային միության ազգային-հասարակական գործունեության։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացել է Հելեն Գարակյոզյանի հետ։ Ունեցել են մեկ որդի՝ Գրիգոր-Շահան (Gregory S. Sanjian)։

Հրատարակված երկերը խմբագրել

Առանձին հատորներով լույս են տեսել Ավետիս Սանճյանի հեղինակած կամ խմբագրած հետևյալ աշխատությունները՝

  • A Grammar of Classical Armenian («Գրաբարի քերականության ձեռնարկ», Հարվարդի համալսարան, 1963 թ.)։
  • The Armenian Communities in Syria Under Ottoman Dominion («Հայկական համայնքները Սիրիայում օսմանյան տիրապետության տակ», Քեմբրիջ, Մասաչուսեթս, 1965 թ.)։
  • Colophons of Armenian Manuscripts, 1301-1480: A Source for Middle Eastern History («Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, 1301—1480 թթ․ Սկզբնաղբյուր «Միջին Արևելքի պատմության համար», Հարվարդի համալսարանի հրատարակչություն, (1969 թ.)։
  • A Catalogue of Medieval Armenian Manuscripts in the United States («Ցուցակ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնադարյան հայերեն ձեռագրերի», Կալիֆոռնիայի համալսարանի հրատարակչություն, 1976 թ.)։
  • «Սանջակ ալ-Իսքանդարունա (Հաթայ). դիրասա ֆի ալ-իլակաթ ալ-ֆարանսիյա-ալ-թուրքիյա-ալ-սուրիյա» (Դամասկոս, 1980 թ.)։ Սա հեղինակի դոկտորական ատենախոսության արաբերեն թարգմանությունն է։ Աշխատության անգլերեն բնագիրը իբրև գիրք լույս չի տեսել։
  • Eremiya Chelebi Komurjian's Armeno-Turkish Poem "The Jewis Bride" («Երեմիա Չելեպի Քյոմյուրճյանի «Հրեա հարսը» հայատառ թուրքերեն բանաստեղծությունը», Ա․ Թիցեի գործակցությամբ, (1981 թ.)։
  • «Վահան Թեքեյան. նամականի» (Լոս Անջելես, 1982 թ.)։
  • David Anhaght': The "Invincible" Philosopher («Դավիթ Անհաղթ փիլիսոփան», Ատլանտա, 1986 թ.)։
  • Armenian Gospel Iconography: The Tradition of the Glajor Gospel («Հայկական ավետարանների պատկերագրությունը. Գլաձորի ավետարանի ավանդույթը», Թոմաս Մեթյուզի գործակցությամբ, Վաշինգտոն, 1991 թ.)։
  • Medieval Armenian Manuscripts at the University of California, Los Angeles («Միջնադարյան հայերեն ձեռագրերը Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում», 1999 թ.)։ Լույս է տեսել հետմահու։ Հատորի վերջնական խմբագրումը կատարել է Պիտեր Քաուին։

Սանճյանի գիտական հոդվածները լույս են տեսել Journal of the Society for Armenian Studies, The Middle East Journal, Le Museon, Revue des etudes armeniennes, Studia Caucasica, Viator, «Բազմավեպ», «Հայկազյան հայագիտական հանդես», «Հանդես ամսօրյա» և «Սիոն» հանդեսներում։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 182