Ավետիս Շահինյան

հայ լուսանկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահինյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ավետիս Փանոսի Շահինյան (հունվարի 6, 1913(1913-01-06), Մարաշ, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 27, 1988(1988-11-27), Սան Պաուլո, Բրազիլիա), հայ լուսանկարիչ։

Ավետիս Շահինյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 6, 1913(1913-01-06)
ԾննդավայրՄարաշ, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էնոյեմբերի 27, 1988(1988-11-27) (75 տարեկան)
Մահվան վայրՍան Պաուլո, Բրազիլիա
Մասնագիտությունլուսանկարիչ

Կենսագրություն խմբագրել

Ավետիս Շահինյանը ծնվել է 1913 թվականին Մարաշում։ 1922 թվականին Շահինյան ընտանիքը մեծ եղեռնից մազապուրծ հաստատվել է Հալեպում։ 1930 թվականին Ավետիսը զբաղվել է լուսանկարչական աշխատանքով, Վ. Տերունյանի լուսանկարչատանն աշխատել է որպես շրջիկ թղթակից։ Լուսանկարել է սիրիական քրոնիկան, որտեղ կան բազմաթիվ լուսանկարներ կոտորածներից փրկված հայերի կյանքից[1]։ 1940-1950 թվականներին բազմաթիվ ռեպորտաժային լուսանկարներ է կատարել բանակի կյանքից։ 1940-1960 թվականներին եղել է ՀԲԸՄ մասնակից։ 1944 թվականին բացել է «Շահինյան» լուսանկարչատունը, որտեղ լուսանկարվել են Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Ա վեհափառը, Հակոբ Օշականը, Արշակ Չոպանյանը, Աշոտ Զորյանը, Սարուխանը[1]։ Բրազիլիա տեղափոխվելուց հետո նա շարունակել է «Շահինյան» անունը կրող լուսանկարչատան գործունեությունը մինչև 1980-ական թվականները։

1950-1960 թվականներին լուսանկարել է Սիրիայի պաշտոնատար անձանց` Շոքրի Քութալիին, Հուսնի Զայիմին, Չիչեքլիին, Գամալ Աբդուլ Նասերին և այլոց, լուսանկարել է արաբ արվեստագետների` երգչուհի Ֆեյրուզին, արձանագործ Ֆաթհի Մուհամմեդին։

Համագործակցել է Հալեպի Սենտ Լուիս հիվանդանոցի առաջատար ֆրանսիացի վիրաբույժ Ֆրիշոյի հետ, պատրաստել լուսանկարներ բժշկական գրքի համար, ստեղծել վիրահատական գործողություններին նվիրված կինոժապավեն։ Աշխատակցել է եվրոպական հնագիտական արշավախմբերի, Սիրիայի անապատներում կատարած հնագիտական պեղումների հարուստ նյութերից պատրաստել բազմաթիվ լուսանկարներ և կինոժապավեններ։

1955 թվականին Հալեպում բացվել է «Սարյան» ակադեմիան, որի հիմնադիրներն են եղել Ռոբերտ Ճեպեճյանը, Զարեհ Կարապետյանը, Անահիտ և Ավետիս Շահինյան ամուսինները[1]։

1962 թվականին Ավետիսը որդու՝ Հրայրի հետ այցելել է Հայաստան, Երևանում հյուրընկալվել եղբոր՝ Գեղամ Շահինյանի մոտ, որը Երևանի պետական համալսարանի ռոմանա-գերմանական բաժնի ֆրանսիական ամբիոնի վարիչն էր։ Այդ ընթացքում լուսանկարել է Հարություն Կալենցին, Հովհաննես Շիրազին, Երվանդ Քոչարին, Հովհաննես Բադալյանին, Նար Հովհաննիսյանին և այլ հայ արվեստագետների[1]։

1963 թվականին ընտանիքով տեղափոխվել է Բրազիլիա, հաստատվել Սան Պաուլո քաղաքում, որտեղ շարունակել է ստեղծել վավերագրական լուսանկարներ։ Բրազիլիայում հիմնադրել է Հայկական բարեգործական ընդհանուր միության բաժանմունքը, 1981 թվականին՝ Թեքեյան մշակութային միության մասնաճյուղը Սան Պաուլոյում[1]։

Մրցանակներ խմբագրել

  • Ֆրանսիայում կայացած լուսանկարչական ցուցահանդեսում արժանացել է մրցանակի, 1937[1]
  • Ալեք Մանուկյանից ստացել է ՀԲԸՄ վետերանի անդամի շքանշան

Ընտանիք խմբագրել

1946 թվականին Ավետիսն ամուսնացել է Անահիտ Տեր-Պետրոսյանի հետ։ 1947 թվականին ծնվել է նրանց առաջին որդին Հրայրը, այնուհետև լույս աշխարհ են եկել Կատրինը և Նաիրին[2]։ Տղան՝ Հրայրը և թոռը՝ Նորայրը, ճարտարապետներ են։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Վահան Քոչար, «Հայ լուսանկարիչներ», Երևան, Հեղինակային հրատարակություն, 2007
  2. «Նորայր Շահինյան – Կյանքի պատմություն, որն արժե կարդալ». AURORA PRIZE. Վերցված է 2017 թ․ մարտի 20-ին.