Ավազան (ճարտարապետություն)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ավազան (այլ կիրառումներ)

Ավազան ճարտարապետության մեջ, արհեստական ջրամբար, արհեստական լճակ, գուռ, սովորաբար պարտեզի կամ պուրակի ճարտարապետական կոմպլեքսի մաս։ Հին Արևելքի երկրների, ավելի ուշ՝ Հին Հունաստանի և Հին Հռոմի հայտնի առաջին ավազանները ուղղանկյուն էին և գլխավորապես ծառայում էին լվացվելու, լողանալու համար։ XVI դ. երկրորդ կեսից Իտալիայում ի հայտ են գալիս դեկորատիվ ավազաններ, իսկ XVIII դ. շատրվաններով կամ ջրի հայելու տեսքով ուղղանկյուն կամ բարդ ձևի ավազանները դառնում են պուրակների (գլխավորապես կանոնավոր) ճարտարապետության կարևոր կոմպոզիցիոն տարր (Պետերհոֆի, այժմ՝ Պետրոդվորեց, Վերսալի և այլ ավազաններ)։ Ժամանակակից ճարտարապետության մեջ ավազանները մեծ տեղ են գրավում։ Երևանում վերջին տասնամյակում կառուցվել են բազմաթիվ դեկորատիվ ավազաններ («Կարապի լիճ», «Արևիկ», «Էրեբունի» ևն), որոնք ճարտարապետական անսամբլները լրացնելուց զատ նպաստում են քաղաքի կլիմայի բարելավմանը։ Արհեստական ավազաններ են կառուցվել նաև Լենինականում և Կիրովականում։ Ավազաններ են կոչվում նաև լողալու համար կառուցված բաց և ծածկված շինությունները՝ լողավազանները, եկեղեցու ներսում, հյուսիսային պատի մեջ զտնվող կամ առանձին մկրտարանների փոքրիկ գուռերը, որտեղ կատարվում է մկրտությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 602