«Ավազաբլրի կապիտուլը» (անգլ.՝ Chapterhouse: Dune), Ֆրենկ Հերբերտի գիտաֆանտաստիկ վեպը, որը եզրափակում է Ավազաբլրի տրեզերքի մասին գրքաշարը։ Հրատարակվել է 1985 թվականին։ Հայտնի է նաև «Chapterhouse Dune», «Chapter House Dune» և «Chapter House: Dune» անուններով[1]։

Ավազաբլրի կապիտուլը
անգլ.՝ Chapterhouse: Dune
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգիտական ֆանտաստիկա
Ձևվեպ
ՀեղինակՖրենկ Հերբերտ
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
Կազմի հեղինակBruce Pennington?
Հրատարակվել է1985
ՇարքԱվազաբլրի ժամանակագրությունը
ՆախորդԱվազաբլրի հերետիկոսները
ՀաջորդԱվազաբլրի որսորդները

Գլխավոր հերոսներ խմբագրել

  • Մարբելլա - Երիտասարդ Պատվարժան Մատրոնա, օժտված է գերմարդկային ընդունակություններով։ Հատկապես աչքի են ընկնում գերմարդկային ռեֆլեքսները, որոնք նրան թույլ են տալիս ակնթարթորեն արձագանքել՝ անկախ իր գիտակցության վիճակից, ինչը նրան դարձնում է խստասիրտ մարտական ուժ։ Ինչպես բոլոր Պատվարժան Մատրոնաները, նա ունակ է նաև ուժեղացնել սեռական էքստազը մինչև աներևակայելի մակարդակի։ Նրան առևանգել են Բենե Հեսսերիտները և Գամմուն, տեղափոխել Կապիտուլի աշխարհ։
  • Լուսիլլա - Կրտսեր Սուրբ Մայր, կարծես Դարվի Օդրադի պատճեն է, նման է նրան նաև ձայնով։ Բայց այս երկու կանայք չունեն ուղիղ ազգակցական կապ, նրանք հանդիսանում են Բենե Հեսսերիտների տարանջատման զուգահեռ ճյուղերի հետևանքը։
  • Դունկան Այդահոյի գհոլա - Դունկանի կլոնը, որը դաստիարակվել է Բենե Հեսսերիտների կողմից։
  • Շիանա Բրաֆ - երիտասարդ աղջիկ, ծագում է Ռակիսա մոլորակից։ Նա հայտնաբերում է, որ ունի ավազե որդերին կառավարելու կարողություն։ Շուտով Շիանան ճանաչվում է որպես «ավազե որդերի հեծյալ», ինչը կանխագուշակված էր Աստված-կայսր Լետո 2-րդի կողմից։ Ռակիսում սկսում են երկրպագել նրան։ Երբ Շիանան մտնում է հասուն կյանք, իր վրա է վերցնում քահանաների կառավարումը։ Նրա կրոնական ճանաչումը աճում է ոչ միայն Ռակիսում, այլև նրա սահմաններից դուրս։ Քահանաները, կարծելով, թե նա մարգարե է, ստիպված հետևում են նրա նույնիսկ ամենաանսովոր հրամաններին։ Բենե Հեսսերիտներն ունեն Շիանայի հետ կապված իրենց ծրագրերը և գաղտնի զբաղվում են նրա կրթությամբ։ Նրանք պաշտոնապես հայտարարում են, որ նրան պաշտպանում են մահափորձերից, իսկ իրականում ծրագրում են ոչ միայն նրան, այլև կրոնը Ռակիսում իրենց հսկողության տակ առնել։
  • Դարվի Օդրադա - Ատրեյդեսների ժառանգներից մեկը։ Մայլզ Տեգի աղջիկը անցել է նույնպիսի պատրաստություն, ինչպիսին իր հայրը, ինչը նրան համապատասխան է դարձնում անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների համար։ Չնայած որ նա դեռ վաղ մանկության տարիքից անցել է Բենե Հեսսերիտների նախապատրաստությունը, իր կյանքի սկբնական ժամանակահատվածում Օդրադան թաքնված էր Գամմու մոլորակում։
  • Մայլզ Տեգ - մեծագույն ռազմագետ, նախքան Տարազի կանչելը պաշտոնաթող էր։ Տեգը ռազմական հանճար է, ունի պատվի մեծ զգացում, հավատարմություն և Ատրեյդեսների տանը բնորոշ այլ հատկանիշներ։ Ի տարբերություն շատերի` Տեգը մելանժային թմրամոլ չէ։ Նա չի դիմում մելանժի օգնությանը նույնիսկ ծերության ժամանակ, այն դեպքում, երբ շատերը ձգտում են հնարավորինս երկարաձգել իրենց կյանքը։
  • Սքայթեյլ - Թլեյլաքսուի վարպետներից վերջինը, որը գոյատևել է Պատվարժան Մատրոնաների կողմից Բենե Թլեյլաքսուի ոչնչացումից հետո։
  • Ռեբեկկա - «վայրի» Սուրբ Մայր, որը առանց Բենե Հեսսերիտների պատրաստության ստացել է նախնիների հիշողություն մուտք գործելու հնարավորություն։
  • Դամա - Մեծագույն Պատվարժան Մատրոնա, Պատվարժան Մատրոնաների առաջնորդը։
  • Լոգնո - Դամայի գլխավոր խորհրդատուն։ Վերջինիս սպանում է թույնի միջոցով և որոշակի ժամանակով դառնում Մեծագույն Պատվարժան Մատրոնա, ում էլ իր հերթին սպանում է Մարբելլան։

Ավազաբլրի կապիտուլի տիեզերք խմբագրել

Բենե Հեսսերիտները մինչ այժմ կասկածում են Լետո Ատրեյդես 2-րդի կողմից հիմնված մարդկության «ոսկե ուղու» ճշմարտացիության մեջ։ Հիմա նրանք պարտավոր են գոյատևել Պատվարժան Մատրոնաների հետ ընդհարման պայմաններում, որոնց Հին Կայսրությունում կատարած մեծամասշտաբ նվաճումները սպառնում են Բենե Հեսսերիտների գոյատևմանը։ Քույրերը պետք է վերանայեն իրենց վերջնական նպատակները և կատարյալ մարդիկ ստեղծելու ծրագիրը։

Ռակիսի ոչնչացումից հետո Բենե Հեսսերիտների միաբանությունը հայտնվեց հուսահատ վիճակում։ Պատվարժան Մատրոնաները ամբողջությամբ զավթել են Հին Կայսրությունը։ Մատրոնաները ձգտում են յուրացնել Բենե Հեսսերիտների մեթոդներն ու տեխնոլոգիաները։ Մայրապետ Դարվի Օդրադան բռնի ուժով գլխավորեց կառավարումը։ Նա պետք է ծրագիր մշակի Պատվարժան Մատրոնաների դեմ պայքարի համար։ Բենե Հեսսերիտը Կապիտուլ մոլորակում ստեղծում է նոր Ավազաբլուր։ Շիանան, որը պատասխանատու էր նախագծի համար, սպասում է ողջ աշխարհում ավազե որդերի մոտալուտ հայտնվելուն։

Պատվարժան Մատրոնաները գրեթե ամբողջությամբ ոչնչացրել են Բենե Թլեյլաքսուին։ Թլեյլաքսուների վարպետներից ողջ մնաց միայն մեկը՝ Սքայթեյլը, չնայած նա նույնպես գտնվում է Բենե Հեսսերիտների գերության մեջ։ Սքայթեյլը Բենե Հեսսերիտին է փոխանցում Թլեյլաքսուի գաղտնիքները, որոնք անհրաժեշտ էին կլոնների ստեղծման համար։ Բենե Հեսսերիտների ստեղծած առաջին կլոնը Ռակիսում մահացած Մայլզ Տեգն է։ Բենե Հեսսերիտի միաբանությունը Կապիտուլում պահում է ևս երկու գերի՝ Դունկան Այդահոյին և Մարբելլային։ Չնայած Մարբելլայի անցյալին՝ Բենե Հեսսերիտները նրան ընդունում են իրենց միաբանություն և դասընթաց անցկացնում, թեև նրանք նաև կասկածում են, որ նա նպատակադրված է վերադառնալ Պատվարժան Մատրոնաների մոտ։

Սյուժե խմբագրել

Լամպադը` Բենե Հեսսերիտների պատրաստման կենտրոններից մեկը, ավերվել էր Պատվարժան Մատրոնաների կողմից։ Միաբանության քույրերից Լուսիլլային հաջողվում է փախչել։ Նա իր գիտակցության մեջ կրում է կենտրոնի ոչնչացման ժամանակ մահացած միլիոնավոր այլ Սուրբ Մայրերի հիշողությունները։ Լուսիլլան ստիպված է հանգրվանել Գամմու մոլորակում, որտեղ նա կացարան է գտնում հրեաների ընդհատակյա խմբի մոտ։ Ռավինը Լուսիլլային ապաստան է տալիս, սակայն իր կազմակերպությունը փրկելու համար նա պետք է տանի Լուսիլլային Պատվարժան Մատրոնաների մոտ։ Նախքան այդ անելը նա Լուսիլլային ներկայացնում է Ռեբեկկային` «վայրի» Սուրբ Մորը, որն առանց Բենե Հեսսերիտների պատրաստության կարողանում է ներթափանցել նախնիների հիշողության մեջ։

Լուսիլլան մտավոր կապվում է Ռեբեկկայի հետ։ Նա խոստանում է ընդունել նրա հիշողությունները սպանված Սուրբ Մայրերի մասին և նրանց անվտանգ վերադարձնել միաբանություն։ Այնուհետև Լուսիլլան փոխանցվում է Պատվարժան Մատրոնաներին։ Նրան ընդունում է Մեծն Պատվարժան Մատրոնա տիկինը։ Մատրոնան փորձում է համոզել նրան միանալ Պատվարժան Մատրոնաներին՝ այդ կերպ պահպանելով իր կյանքը Բենե Հեսսերիտների գաղտնիքների դիմաց։ Բայց Տիկնոջ հնարքը չի հաջողվում, և ի վերջո, սպանում է Լուսիլլային։

Վերադառնալով Կապիտուլ` Օդրադան մարտի մեջ է մտնում Դունկան Այդահոյի հետ և ստիպում նրան խոստովանել, որ ինքը մենտատ է[2], որը պահպանել է գհոլաների[3] նախկին կյանքերի մասին հիշողությունները։ Միևնույն ժամանակ Մարբելլան հետզհետե անցնում է Բենե Հեսսերիտների կողմը` զիջելով «Ձայնի» ազդեցությանը։ Մարբելլան հասկանում է, որ ինքը ցանկանում է մնալ Բենե Հեսսերիտների հետ, և Օդրադայից ստանում է ձեռնադրման արարողութուն։ Ձեռնադրման արարողությանը թույլ է տրվում ներկա գտնվել առաջին տղամարդուն` Դունկան Այդահոյին։ Օրդադան կարծում է, որ Բենե Հեսսերիտները սխալ են գործել` վաղօրոք խուսափելով զգացմունքներից, ինչը խոչընդոտել է միաբանության լիարժեք զարգացմանը։ Նա որոշում է, որ Բենե Հեսսերիտները պետք է սովորեն զգացմունքներ ունենալ։ Մարբելլան և Օդրադան երկար ճանապարհ են անցնում, որը նրանց հանգեցնում է Սուրբ Մայրեր դառնալուն։

Օդրադան Շիանայի հետ հակամարտության մեջ է մտնում` իմանալով, որ Դունկանն ու Շիանան դաշնակիցներ են եղել որոշ ժամանակ։ Այնուամենայնիվ, Շիանան չի բացահայտում, որ իրենք Մայլզ Տեգի հիշողությունն արթնացնելու հնարավորություն են փնտրել, և որ ինքն ունի Դունկան Այդահոյի բանտի՝ անտեսանելի նավի բանալին։ Օդրադան Սքայթեյլի հետ շարունակում է ավազե որդերի ծրագրի վրա աշխատանքը։ Շիանան նրան ցույց է տալիս ավազե որդերի թրթուրներին, որոնք թույլ են տալիս Բենե Հեսսերիտներին սեփական ամոքանք ստեղծել։ Շիանայի հատուկ մեթոդի օգնությամբ Տեգի հիշողությունը վերականգնվում է։

Օդրադան Բենե Հեսսերիտների ընդհանուր ժողով է գումարում և հայտարարում Պատվարժան Մատրոնաների վրա հարձակվելու իր ծրագրի մասին։ Նա հայտնում է քույրերին, որ հարձակումն իրականացվելու է փորձառու ռազմագետ Մայլզ Տեգի ղեկավարությամբ։ Նա հայտարարում է նաև իր ժառանգը լինելու հավանական թեկնածուներին։ Օդրադան դիվանագիտական այցով ուղևորվում է Մեծն Պատվարժան Մատրոնայի մոտ։ Օդրադան նրան նորից նշանակում է միաբանության զինուժի ղեկավար` Պատվարժան Մատրոնաների վրա հարձակվելու համար։ Բենե Հեսսերիտները ծրագրում են Գամմու մոլորակի վրա կործանարար հարձակում գործել։ Տեգը հետևում է Մատրոնաներին, որպեսզի վերջնականապես ոչնչացնի նրանց։ Բենե Հեսսերիտների հաղթանակը գրեթե անխուսափելի է թվում։ Այդ կռվի ամենաթեժ պահին հրեաները (այդ թվում Ռեբեկկան` իր թանկարժեք հիշողություններով) միանում են Բենե Հեսսերիտների նավատորմին։

Դամայի գլխավոր խորհրդատու Լոգնոն վերջինիս թույնով սպանում է և ստանձնում Պատվարժան Մատրոնաների ղեկավարումը։ Նրա առաջին որոշումը Բենե Հեսսերիտների համար մեծ անակնկալ է դառնում։ Օդրադան և Տեգը շատ ուշ են հասկանում, որ ընկել են թակարդը։ Պատվարժան Մատրոնաները օգտագործել են խորհրդավոր զենք և իրենց պարտությունը վերածել հաղթանակի, ինչպես նաև գրավել Օդրադային։ Մարբելլան, Բենե Հեսսերիտների միաբանության ուժերը առավելագույնս պահպանելով, իր քույրերի հետ նահանջում է Կապիտուլ։ Սակայն Օդրադան ծրագրել էր Բենե Հեսսերիտների հարձակման հավանական ձախողումը և Մարբելլային թողել վերջին հուսահատ արկածի հրահանգները։ Մարբելլան փոքրիկ նավակով գալիս է Պատվարժան Մատրոնաների մոտ և հայտարարում, որ իրարանցման ժամանակ կարողացել է փախչել Բենե Հեսսերիտներից` նրանց բոլոր գաղտնիքներով։ Նա ժամանում է մոլորակ և ուղևորվում Մեծն Պատվարժան Մատրոնայի մոտ ընդունելության։ Չկարողանալով կառավարել իր զայրույթը` Լոգնոն հարձակվում է փախստականի վրա, բայց Մարբելլան նրան սպանում է։ Ողջ մնացած Պատվարժան Մատրոնաները ստիպված են ընդունել նրան որպես առաջնորդ։ Բախման ընթացքում սպանվել էր նաև Օդրադան։ Մարբելլան ընդունում է նրա հիշողությունները` այդպիսով դառնալով Սուրբ Մայր, Բենե Հեսսերիտ միաբանության մայրապետ։

Մարբելլայի իշխանությունը Բենե Հեսսերիտի ոչ բոլոր քույրերի կողմից է ընդունվում։ Նրանցից մի քանիսը` ներառյալ Շիանան, փախչում են Կապիտուլ։ Շիանան ունի ապագայի սեփական տեսլականը և միանում է Դունկան Այդահոյին։ Նրանք Սքայթեյլի, Տեգի և հրեաների հետ հսկայկան անտեսանելի նավով փախուստ են կազմակերպում։ Մարբելլան վերջին պահին բացահայտում է նրանց ծրագրերը, բայց չի կարողանում կանգնեցնել։ Այս փախուստին հետաքրքրությամբ հետևում են նաև Դանիելն ու Մարտին` տեխնոլոգիապես զարգացած ռասայի գաղտնի դիտողները։

Ավազաբլրի պատմությունը գրավիչ ավարտ է ունենում, բայց որոշ հարցեր անպատասխան են մնում։ Անորոշ է մնում Պատվարժան Մատրոնաների և Բենե Հեսսերիտների միաբանության միաձուլման հետագան, անտեսանելի նավով փախչողների ապագան, ինչպես նաև այն, թե ինչ վերջնական նպատակ էին հետապնդում Պատվարժան Մատրոնաները` Հին Կայսրությունը գրավելով։

Շարունակություն խմբագրել

Երկու տասնամյակ անց Ֆրենկ Հերբերտի որդին` Բրայան Հերբերտը, և Քևին Անդերսոնը հրատարակեցին երկու շարունակություն` «Ավազաբլրի որսորդները» (2006) և «Ավազաբլրի ավազե որդերը» (2007)։ Դրանք հիմնված էին Ֆրենկ Հերբերտի թողած գրառումների վրա, որոնք նա կոչել էր «Ավազաբլուր 7»` ծրագրելով գրել Ավազաբլրի վիպաշարի յոթերորդ վեպը[4][5][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Best Sellers». The New York Times. NYTimes.com. 1985 թ․ մայիսի 19. Վերցված է 2011 թ․ հուլիսի 20-ին.
  2. Մենտատները մարդիկ են, ում տրամաբանական ունակությունները հատուկ ուսուցման շնորհիվ գերզարգացած են, «մարդիկ-համակարգիչներ»
  3. Գհոլան (անգլ.՝ ghola) կրկնօրինակ, արհեստական արարած է, որը աճեցվում է հատուկ գենետիկական ճանապարհներով
  4. Quinn, Judy (November 17, 1997). "Bantam Pays $3M for Dune Prequels by Herbert's Son". Publishers Weekly. Archived from the original on March 4, 2016. Retrieved February 6, 2014. The new prequels ... will be based on notes and outlines Frank Herbert left at his death in 1986.
  5. "Before Dune, After Frank Herbert". Amazon.com. 2004. Archived from the original on April 9, 2009. Retrieved November 12, 2008. Brian was cleaning out his garage to make an office space and he found all these boxes that had 'Dune Notes' on the side. And we used a lot of them for our House books.
  6. Snider, John C. (August 2007). "Audiobook Review: Hunters of Dune by Brian Herbert & Kevin J. Anderson". SciFiDimensions.com. Archived from the original on March 24, 2008. Retrieved February 15, 2009. the co-authors have expanded on Herbert's brief outline

Արտաքին հղումներ խմբագրել