Աստրախանի թեմ

Հայ առաքելական եկեղեցու վերացված թեմ


Աստրախանի թեմ, Հայաստանյայց առաքելական եկեղեցու թեմերից մեկը, որը կազմավորվել է 1717-ին, դառնալով Ռուսաստանի հայոց առաջին թեմը։ Առաջնորդանիստը գտնվում էր Աստրախանի Ս. Աստվածածին եկեղեցում։

ՊատմությունԽմբագրել

Աստրախանի թեմ կազմավորվել է 1717 թվականին և դարձել Ռուսաստանի հայոց առաջին թեմը։ Միավորել է Ռուսաստանի հայկական բոլոր համայնքները։ Թեմի առաջին առաջնորդն է եղել Ս. Էջմիածնի կողմից 1717-ին նշանակված Ստեփանոս արք. Գաղաթացին։ Հետագա տարիներին Աստրախանի թեմի առաջնորդների թեկնածությունները համաձայնեցվել են Ռուսաստանի իշխանությունների հետ, ինչը փաստել է Աստրախանի թեմի կարևոր դերը ռուս-հայկական հարաբերություններում։ Աստրախանի թեմы սերտ կապեր է ունեցել Ս. Էջմիածնի և Գանձասարի կաթողիկոսությունների հետ, նպաստել Ռուսաստանի հետ հայ ժողովրդի քաղաքական և մշակութային առնչություններին։ Աստրախանի թեմи առաջնորդ Հովսեփ արք. Արղությանի օրոք (1773–1800) Աստրախանում ստեղծվել է հոգևոր խորհուրդ (1786), հիմնվել հայկական տպագրության պատմության մեջ զգալի դեր խաղացած առաջնորդարանի տպարանը (1789), եկեղեցու միջոցներով բացվել են Ռուսաստանում առաջին հայկական դպրոցները, կառուցվել հայկական նոր եկեղեցիներ Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Աստրախանում, Նոր Նախիջևանում, Ղզլարում, Մոզդոկում։ 1800-ին Ամենայն հայոց կաթողիկոս ընտրված Հովսեփ Արղությանին Աստրախանի թեմի առաջնորդի պաշտոնում փոխարինել է Եփրեմ արք. Ձորագեղցին (1801–09-ին, 1809–30-ին՝ Եփրեմ Ա Ձորագեղցի Ամենայն հայոց կաթողիկոս)։

XVIII դ. 2-րդ կեսին և XIX դ. սկզբին Ռուսաստանի հայ բնակչությունը շարունակել է ստվարանալ։ Կազմավորվել են հայկական եկեղեցական նոր համայնքներ, հայաբնակ քաղաքներում կառուցվել հայկական նոր եկեղեցիներ՝ Ս. Կատարինեն (1770), Ս. Հարությունը (1779)՝ Սանկտ Պետերբուրգում, Ս. Խաչը (1779)՝ Մոսկվայում, Ս. Խաչ վանքը (XVII դ. վերջ)՝ Նոր Նախիջևանում։ 1830-ական թթ. սկզբին Աստրախանի թեմում գործել է 17 եկեղեցի, բացվել են Աղաբաբյան դպրոցը (1810), Աստրախանի հոգևոր ուսումնարանը (1817), Հայոց թեմական դպրոցը (1838) և այլն։ Ռուսաստանում հայ բնակչության աճի հետևանքով Աստրախանի թեմը երկատվել է։ 1830-ին կազմավորվել է Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմը, իսկ Աստրախանի թեմի իրավասության ներքո մնացել են Սանկտ Պետերբուրգի, Մոսկվայի, Հյուսիսային Կովկասի, Պովոլժիեի, Սիբիրի և Միջին Ասիայի հայկական համայնքները։ XIX դ. 2-րդ կեսին Աստրախանի թեմի կազմում ստեղծվել են հայկական նոր համայնքներ Միջին Ասիայի քաղաքներում, Եկատերինոդարում, Վլադիկավկազում, Ստավրոպոլում, Պյատիգորսկում, Արմավիրում, Հյուսիսային Կովկասի այլ վայրերում։ Հայաբնակ քաղաքների և գյուղերի մեծ մասում կառուցվել են եկեղեցիներ, բացվել ծխական դպրոցներ։ XIX դ. 2-րդ կեսին Աստրախանի թեմի առաջնորդներ են եղել Հայ եկեղեցու ականավոր դեմքեր Գևորգ արք. Սուրենյանցը (1886–94, 1911–30-ին՝ Գևորգ Ե Սուրենյանց Ամենայն հայոց կաթողիկոս), գրող և մանկավարժ Խորեն արք. Ստեփանեն (1894–1906), հասարակական գործիչ Արիստակես արք. Սեդրակյանը։ Վերջին առաջնորդն էր Մխիթար եպիսկոպոսը (1906–17)։ 1917-ի Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Աստրախանի թեմից անջատվել են Միջին Ասիայի հայկական համայնքները, նրա իրավասության ներքո մնացել են Հյուսիսային Կովկասի և Պովոլժիեի հայ համայնքները։ Աստրախանի թեմը վերանվանվել է Հյուսիսային Կովկասի և Աստրախանի թեմ, կենտրոնը՝ Արմավիր (1920-ից)։ 1960-ական թթ. սկզբին թեմը լուծարվել է։ 1966-ին նախկին Աստրախանի թեմի համայնքները միացել են Նոր Նախիջևանի թեմի հետ, և կազմվել է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմը՝ Մոսկվա կենտրոնով։

ԳրականությունԽմբագրել

  • Խաչատրյան Վ., Հայ-ռուսական քաղաքական կապերի պատմությունից, ՊԲՀ, 1978, N 4։
  • Ананян Ж., Хачатрян В., Армянские обшины России, Е, 1993
  • Ժորես Անանյան Վարդան Խաչատրյան