Աստվածատուր Կոստանդնուպոլսցի (ծննդյան թվականը անհայտ է -մոտ 1748), հայ տպագրիչ, հրատարակիչ։ Տպագրական գործունեությունն սկսել է Կոստանդնուպոլսում (1699 թվականից)։ Հրատարակել է կրոնական և աշխարհիկ մոտ 60 անուն գիրք, այդ թվում՝ Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» (1701-1702 թթ.), Սիմեոն Ջուղայեցու «Տրամաբանութիւն» (1728 թ.), Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանց» (1729 թ.), Դավիթ Անհաղթի «Գիրք Սահմանաց» (1731 թ.), նաև այբբենարաններ, Շարակնոցներ, տաղարաններ, օրացույցներ, ճաշոց և այլն։ Աստվածատուրի հրատարակություններն ունեն տպագրական բարձր արվեստ և գեղարվեստական լավ ձևավորում։ Աստվածատուր Կոստանդնուպոլսցու տպարանում աշխատել են բանաստեղծ Պաղտասար Դպիրը (սրբագրիչ) և տպագրիչի որդին՝ Հովհաննեսը, որը հոր մահից հետո դարձավ տպարանապետ (1748-1776 թթ.)։ Ապա տպարանն անցել է Արապյաններ տպագրիչների ընտանիքին։