Առասպել սեփական բացառիկության մասին

Առասպել սեփական բացառիկության մասին կամ անձնական առասպել (անգլ.՝ personal fable), դեռահասների համոզմունք իրենց ներքին ապրումների յուրահատկության և սեփական անխոցելիության մեջ[1]։ Հոգեբանության ոլորտում տերմինն առաջին անգամ օգտագործվել է 1967 թվականին Դևիդ Էլքինդի կողմից[2]։ Երևակայական լսարանի ֆենոմենի հետ միասին հանդես է գալիս որպես դեռահասային էգոցենտրիզմի բաղադրիչներից մեկը։

Նկարագրություն խմբագրել

Պատանեկության տարիներին զարգանում է էգոցենտրիզմը, որի հիմնական առանձնահատկություններն են վաղ դեռահաս տարիքում դրսևորվող երևակայական լսարանի ֆենոմենը և սեփական բացառիկության մասին առասպելը։ Սեփական բացառիկության առասպելի կարևոր ասպեկտներն են ամենազորության զգացումը («Ես կարող եմ ամեն ինչ անել»), յուրահատկությունը («Միայն ես կարող եմ սա զգալ»), անխոցելիությունը («Ինձ հետ երբեք ոչինչ չի պատահի») և անմահությունը («Ես հավիտյան կապրեմ»)։

Դևիդ Էլքինդը[2] բացասական տեսանկյունից է նկարագրել այդ առասպելը։ Հետազոտողը կարծում էր, որ դեռահասը, իրեն անխոցելի զգալով, արդյունքում իրեն ռիսկային է պահում և չի վախենում վտանգներից։ Դեռահասն իրեն ամենազոր է զգում, ինչից վստահ է լինում միայն իր իրավացիության մեջ։ Յուրահատկության և առանձնահատկության զգացումը կարող է դեպի մենակություն և անըմբռնողություն մղել։ Էլքինդը կարծում էր, որ սեփական բացառիկության մասին առասպելը կարող է վերաճել ընկեցիկ երեխայի երևակայության[3], որը կայանում է դրա մեջ, որ դեռահասը դժվար է հասկանում, թե ինչպես է նման սովորական ծնողների մոտ ծնվել իր նման եզակի երեխա։

Գործառույթներ խմբագրել

Սեփական բացառիկության մասին առասպելն անքակտելիորեն կապված է երևակայական լսարանի ֆենոմենի հետ։ Միասին դրանք կատարում են դեռահասների զարգացման որոշակի գործառույթներ[4]

  1. Այլ մարդու աշխարհի յուրացում (նրա ապրումները և զգացմունքները
  2. Հարմարվողականություն փոփոխվող պայմաններին։
  3. Սոցիալական փոխազդեցության մեջ սեփական ինքնության որոնման արտացոլում (աճում է ընտանիքի անդամ չհամարվող մարդկանց հետ կապերի թիվը)։
  4. Ինքնորոշում (ինքնության ձևավորում)։
  5. Սոցիալական զարգացում։

Հետազոտություններ խմբագրել

  1. Լեփսլին, Ֆիցջերալդը, Ռայսը և Ջեքսոնը[5] հետազոտություն են անցկացրել 1987 թվականին, որի հիմքում ընկած է եղել այն վարկածը, որ տղաները և աղջիկները տարբեր կերպ են ենթարկվում իրենց բացառիկության մասին առասպելի տարբեր ասպեկտներին[6]։ Ենթադրվել է, որ տղաներն ավելի ենթակա կլինեն նարցիսիզմի, էգոցենտրիզմի և կապվածության ժխտման։ Միևնույն ժամանակ, աղջիկներն ավելի հակված կլինեն միջանձնային խնդիրների ազդեցությանը, ինչպիսիք են փոխադարձ մտահոգությունը, բաժանման տագնապը և երևակայական լսարանի ֆենոմենը[7]։ Հետազոտությանը մասնակցել են 8-12-րդ դասարանների 169 աշակերտներ (76 տղա և 93 աղջիկ)։ Ինչպես և սպասվում էր, տարբեր վարքագիծ է ի հայտ եկել։ Տղաներն ավելի հակված են եղել նարցիսիզմի, սեփական բացառիկության, անխոցելիության, ամենազորության և էքսցենտրիկության մասին առասպելի։ Աղջիկները հակված են եղել միջանձնային խնդիրների ազդեցությանը, փոխադարձ մտահոգության, ինչպես նաև բաժանման տագնապին։
  2. 2006 թվականին Ալսման, Լափսլին և Ֆլանելին[8] հետազոտություն են անցկացրել, որտեղ քննարկվել է փոխադարձ կապը սեփական բացառիկության (ամենազորության, անխոցելիության և սեփական եզակիության), նարցիսիզմի և հոգեկան առողջության ասպեկտների միջև։ Հարցվողները վեցերորդ (94 մարդ), ութերորդ (223 մարդ), տասներորդ (142 մարդ) և տասներկուերորդ (102 մարդ) դասարանների աշակերտներն էին։ Արդյունքները ցույց են տվել, որ ամենազորության զգացումը և փորձարկվողների նարցիսիզմը նրանց վստահություն է ներշնչում իրենց ուժերի հանդեպ, որպեսզի նրանք դիմակայեն դժվարություններին։ Անխոցելիության զգացումը հանգեցնում է երեխաների ռիսկային վարքագծի։ Դեռահասները, որոնք վստահ են իրենց յուրահատկությանը, ավելի հաճախ են տառապել դեպրեսիայից և մտածել ինքնասպանության մասին։

Սեփական բացառիկության մասին առասպելի հաղթահարում խմբագրել

Դեռահասն իրեն եզակի է համարում, այդ պատճառով էլ սկսում է ուսումնասիրել իր զգացմունքները, հույզերը և վերլուծել իր արարքները։ Դա օգնում է նրան գտնել իր արժեհամակարգը և «Ես»-ը։ Այսինքն՝ դեռահասը ինքնություն է ձեռք բերում։ Հասկանալով ինքն իրեն, երեխան սկսում է հասկանալ նաև ուրիշներին։ Արդյունքում հաղթահարվում է էգոցենտրիզմը։ Առաջանում է այն գիտակցումը, որ ուրիշները զգում են նույն զգացումներն, ինչ նրանք և այդ հատկությունն օգնում է սերտ կապեր հաստատել իրենց հասակակիցների հետ[9]։ Սեփական բացառիկության մասին առասպելը կարևոր և անհրաժեշտ քայլ է մարդու անձի զարգացման մեջ, որն օգնում է հասկանալ աշխարհը ինքն իրեն հասկանալու միջոցով։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Карабанова О. А. Возрастная психология. Конспект лекций. М., «Айрисс-пресс», 2005 г., С.238. ISBN 5-8112-1353-0
  2. 2,0 2,1 Elkind D. Egocentrism in adolescence // Child Development. 1967. Vol. 38, № 4. P. 1025—1034.
  3. Elkind,D. (1974) Children and adolescents: Interpretive essays on Jean Piage. New York% Oxford University Press.
  4. Куликов Д. К. Эгоцентризм: критические исследования феномена (обзор статей специального выпуска журнала New Ideas in Psychology. Vol. 29, Issue 3, December 2011) /Современная зарубежная психология. 2012. Том 1. № 3. С. 5-13.
  5. Daniel K. Lapsley, David P. FitzGerald, Kenneth G. Rice, Sara Jackson. Separation-individuation and the «New Look» at the Imaginary Audience and Personal Fable: A Test of an Integrative Model // Journal of adolescent research / October 1989. P. 483—505.
  6. Schonert-Reichl, K. A. (1994). «Gender differences in depressive symptomatology and egocentrism in adolescence [Electronic version]». Journal of Early Adolescence. 14 (1): 49–65. doi:10.1177/0272431694014001004.
  7. Goossens, L.; Beyers, W.; Emmen, M.; van Aken, M. (2002). «The imaginary audience and personal fable: factor analyses and concurrent validity of the "new look" measures». Journal of Research on Adolescence. 12 (2): 193–215. doi:10.1111/1532-7795.00031.
  8. Matthew C. Aalsma, Daniel K. Lapsley, Daniel J. Flannery Personal fables, narcissism, and adolescent adjustment(անգլ.) // Psychology in the Schools. — 2006-04-01. — В. 4. — Т. 43. — С. 481–491. — ISSN 1520-6807. — doi:10.1002/pits.20162
  9. Райс Ф. Психология подросткового и юношеского возраста. Спб.: Питер, 2000. — 624 с.

Գրականություն խմբագրել

  1. Elkind D. Egocentrism in adolescence // Child Development. 1967. Vol. 38, № 4. P. 1025—1034.
  2. Карабанова О. А. Возрастная психология. Конспект лекций. М., «Айрисс-пресс», 2005 г., 238 с.
  3. Райс Ф. Психология подросткового и юношеского возраста. Спб.: Питер, 2000. — 624 с.
  4. Куликов Д. К. Эгоцентризм: критические исследования феномена (обзор статей специального выпуска журнала New Ideas in Psychology. Vol. 29, Issue 3, December 2011) // Современная зарубежная психология. 2012. Том 1. № 3. С. 5-13.
  5. Daniel K. Lapsley, David P. FitzGerald, Kenneth G. Rice, Sara Jackson. Separation-individuation and the «New Look» at the Imaginary Audience and Personal Fable: A Test of an Integrative Model // Journal of adolescent research / October 1989. P. 483—505.
  6. Крайг Г., Бокум Д. Психология развития — СПб.: Питер, 2017., 939 с.