Առաջին բրեմենյան պատերազմ

Առաջին բրեմենյան պատերազմ (շվեդ.՝ första bremiska kriget), պատերազմ Շվեդիայի և Բրեմենի միջև, որը սկսվեց 1654 թվականին՝ շվեդ-բրեմենական հակասությունների սրման կապակցությամբ։

Բրեմենը 1640 թվականին
Թվական 1654
Վայր Բրեմեն-Վերդեն
Հակառակորդներ
Շվեդիա Շվեդիա Շվեդական կայսրություն Բրեմեն
Հրամանատարներ
Հանս Քրիստոֆ ֆոն Քյոնիգսմարկ Գերհարդ աուֆ դեմ Քելլեր

1648 թվականին Վեստֆալյան հաշտությամբ Շվեդիան ստացավ Բրեմենի թեմի տիրույթները։ Այնուամենայնիվ, Բրեմենը, որը մինչև 1646 թվականը չուներ ազատ կայսերական քաղաքի կարգավիճակ, նույն տարում կապված շրջանառվող լուրերի հետ, որ թեմը փոխանցվում է Շվեդիայի թագավորի տիրապետությանը, կարողացավ կայսերական արտոնություն ստանալ 100 հազար ֆլորինայի դիմաց։ Այսպիսով, Բրեմենը չդարձավ Շվեդիայի մասը, այլ մնաց որպես Սրբազան Հռոմեական կայսրության մաս։ Արդյունքում Քրիստինա թագուհին նրան ղեկավարեց ոչ թե որպես թագուհի, այլ որպես դքսուհի։

Այս առումով լարված էին Շվեդիայի և Բրեմենի հարաբերությունները։ Ստոկհոլմը չճանաչեց կայսերական արտոնությունը, և չնայած նա պարտավորվեց չխախտել քաղաքի եկեղեցական և քաղաքական ազատությունը պահանջ ներկայացրեց քաղաքում շվեդական կայազորի տեղակայման վերաբերյալ։ Չնայած շվեդների բողոքներին, 1654 թվականին Բրեմենը իրավունք ստացավ իր ներկայացուցչին ուղարկել Ռայխստագ։

Ֆելդմարշալ-լեյտենանտ Հանս Քրիստոֆ ֆոն Քյոնիգսմարկի դիմապատկերը (1651), նկարիչ` Մաթհաուս Մերիան

Դեռևս 1653 թվականի աշնանը Բրեմեն-Վերդենի նահանգապետ Հանս Քրիստոֆ ֆոն Քյոնիգսմարկը խնդրեց թագուհի Քրիստինային թույլատրել Բրեմենի մերձակայքում կառուցել մի քանի ամրոցներ։ Քյոնիգսմարկը մտադիր էր քաղաքի ամրոցներից առաջինը կառուցել քաղաքի հյուսիսային մասում, Էլբայի արևելյան ափին։ Սակայն, բրեմենցիները իմացան այդ պլանների մասին և հապճեպ այդ վայրում կառուցեցին իրենց ամրությունները այն ապահովելով ուժեղ կայազորով և տեղադրելով մի քանի հրանոթներ։ Քյոնիգսմարկը չէր կարող դա թողնել առանց հետևանքների և, պաշարելով ամրոցը, այն ենթարկեց կատաղի ռմբակոծության։ 1654 թվականի ապրիլի 2-ին Բրեմենը հանձնվեց նրա տիրապետությանը։ Դրանից հետո Քյոնիգսմարկը Էլբայի երկայնքով ևս մի քանի ամրություններ կառուցեց գետի հոսքը վերահսկողության տակ պահելու համար։ Գարնանը շվեդական զորքերը սկսեցին կենտրոնանալ Շտադեի մերձակայքում՝ մտադրվելով հարձակվել Բրեմենի վրա։ Բրեմենի իշխանությունները քաղաքում զորահավաք կազմակերպեցին և զենքեր հանձնեցին քաղաքաբնակներին։

Հունիսի 14-ի գիշերը նրանք հարձակվեցին Բուրգ քաղաքի մերձակայքում գտնվող շվեդական ամրությունների վրա և գրավեցին մոտ 20 հրանոթ։ Այնուհետև նրանք ավերեցին տարածքը քաղաքի հարավում։ Մինչդեռ շվեդները համլրում էին ստանում Շվեդիայից և Պոմերանիայից։ Օգոստոսի կեսերին շվեդական 3 հազար հետևակային և 500 հեծյալ զինյալները մոտեցան Բուրգին։ Պաշարելով ամրոցը սկսեցին հրետակոծել այն, իսկ սեպտեմբերի 5-ին Բրեմենի կայազորը ստիպված եղավ կապիտուլյացիայի ենթարկվել։ Միևնույն ժամանակ, շվեդների հիմնական բանակը շրջապատեց Բրեմենը և սկսեց նախապատրաստվել հարձակման, որը, սակայն, չկայացավ, քանի որ քաղաքաբնակները գերադասեցին բանակցել։

Բանակցություններին, բացի հակամարտության երկու կողմերից, մասնակցում էին նաև Անգլիան, Հոլանդիան, Բրանդենբուրգը և հանզական քաղաքները։ Բանակցությունների արդյունքում 1654 թվականի նոյեմբերի 28-ին կնքվեց, այսպես կոչված Շտադի համաձայնագիրը, ըստ որի Բրեմենը ստիպված եղավ ինչ-որ զիջումների գնալ։

Մասնավորապես, քաղաքը հանձն առավ հարգել Շվեդիայի թագավորներին և վարել Շվեդիայի հետ համաձայնեցված արտաքին քաղաքականություն, Շվեդիային հանձնել է քաղաքի մերձակայքում գտնվող որոշ ռազմավարական տեղանքներ, բացի այդ, Բրեմենը պարտավորվեց փոխհատուցել Շվեդիայի ռազմական ծախսերը։ Իրենց հերթին, շվեդները խոստացան աջակցել բրեմենյան առևտրին։ Բրեմենի կայսերական քաղաքի կարգավիճակի իրավունքի վերաբերյալ որոշումը հետաձգվեց մինչև հաջորդ բանակցությունները։ Այսպիսով, պատերազմը չլուծեց կողմերի միջև առկա հիմնական հակասությունը և ըստ Վեստֆալյան հաշտության պայմանագրի այն դարձավ շվեդ-բրեմենական հակամարտության միայն առաջին փուլը։

Աղբյուրներ խմբագրել

  • Isacson C.-G. Karl X Gustavs krig. — Lund, 2004.
  • Lundqvist K.G. Sveriges krig med staden Bremen och politik i samband därmed åren 1665—1666. — Uppsala, 1893.
  • Nordisk familjebok. B. 4. — Stockholm, 1905.