Առանցքակալներ, զանազան մեքենաների ու սարքերի պտտվող մասերի (լիսեռների) շառավղային և շառավղաառանցքային բեռնվածքներն իրենց վրա ընդունող հենման դետալներ։ Միայն առանցքային բեռնվածքներ ընդունող հենման դետալները կոչվում են կրնկակալներ։

Ըստ աշխատանքի սկզբունքի տարբերում են սահքի առանցքակալներ, որոնցում լիսեռի վզիկի մակերեսն անմիջականորեն սահում է հենման մակերեսի վրայով, և գլորման առանցքակալներ, երբ այդ երկու մակերեսների միջև տեղադրված են գնդիկներ կամ հոլովակներ։ Սահքի առանցքակալները ունեն գլանաձև, կոնաձև ու գնդաձև հենման մակերեսներ և աշխատում են շփման չոր, խառը (կիսաչոր ու կիսահեղուկ) և հեղուկ պայմաններում։ Սովորաբար լիսեռի վզիկի և առանցքակալների հենման մակերեսի միջև դնում են հակաշփական նյութից պատրաստված ներդրակ։ Գլորման առանցքակալները հիմնականում կազմված են արտաքին ու ներքին օղակներից, գլորման մարմիններից և զատիչից (գլորման մարմինները միմյանցից որոշակի հեռավորության վրա պահող դետալ)։ Գլորման առանցքակալները տարբերում են ըստ ընդունող բեռնվածքի ուղղության՝ շառավղային, շառավղա–առանցքային և առանցքային, ըստ գլորման մարմինների և աշխատանքային մակերեսի ձևի՝ գնդառանցքակալներ, հոլովակավոր առանցքակալներ, ըստ գլորման մարմինների շարքերի քանակության՝ միաշարք, երկշարք, բազմաշարք, ըստ մշակման ճշգրտության՝ հասարակ, նորմալ, բարձր ճշգրտության ևն։ Գլորման առանցքակալների յուղման համար օգտագործում են թանձր քսուքներ և հանքային հեղուկ յուղեր։ Դժվար է սահմանագծել սահքի և գլորման առանցքակալների կիրառման բնագավառները։ Փոքր և միջին պտտաթվերի դեպքում նախընտրելի են գլորման, մեծ պտտաթվերի դեպքում՝ սահքի առանցքակալներ։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առանցքակալ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 525