Առաձգականության տեսություն

Առաձգականության տեսություն, մեխանիկայի բաժին, ուսումնասիրում է արտաքին ազդեցությունների հետևանքով առաձգական մարմիններում առաջացած տեղափոխությունները, դեֆորմացիաները և լարումները ինչպես մարմնի հավասարակշռված վիճակի, այնպես էլ նրա կետերի հարաբերական շարժման դեպքերում։ Առաձգականության տեսության մեջ մարմինը դիտարկվում է որպես նյութական կետերի հոծ միջավայր և ընդունվում, որ այն կատարելապես առաձգական է։ Առաձգականության տեսության ստատիկական խնդիրներում մակերևութային լարումների և տեղափոխությունների ազդեցությունները հաշվի են առնվում մակերևութային պայմանների, իսկ դինամիկական խնդիրներում՝ նաև նախնական պայմանների բավարարմամբ։ Մակերևութային պայմանների տրման տեսակետից, աառաձգականության տեսության խնդիրները լինում են երեք տիպի՝ առաջին հիմնական խնդիր (մարմնի մակերևույթի բոլոր կետերում տրված են արտաքին լարումները), երկրորդ հիմնական խնդիր (մակերևույթի բոլոր կետերում տրված են տեղափոխությունները), խառը խնդիր (մակերևույթի որոշ մասերում տրված են լինում լարումները, իսկ մնացած մասերում՝ տեղափոխությունները)։ Աառաձգականության տեսության եռաչափ խնդիրների համար ճշգրիտ լուծումներ գտնելը կապված է մաթեմատիկական մեծ դժվարությունների հետ։ Այդ պատճառով էլ, կիրառական բնույթի խնդիրներ ուսումնասիրելիս, դիմում են մոտավոր լուծումների կամ ստիպված են լինում ընդունել որոշ վարկածներ (հիմնականում՝ մարմնի դեֆորմացված վիճակի վերաբերյալ)։ Առաձգականության տեսության ուսումնասիրության արդյունքները կիրառվում են շինարարական տեխնիկայում, մեքենաշինության մեջ և այլուր։ Հայաստանում առաձգականության տեսության բնագավառի ուսումնասիրությունները սկսվել են 1930-ական թվականների վերջերին։ Թորգոմ Խաչատրյանի հետազոտությունները նվիրված էին առաձգական թաղանթների հաշվարկման մեթոդների մշակմանը (1937Օգսեն Սապոնջյանը կոմպլեքս փոփոխականի ֆունկցիայի տեսության կիրառմամբ ուսումնասիրել է մի մասով բեռնավորված առաձգական սալերի ծռման հարցերը (1939)։ Այնուհետև աշխատանքներ են տարվել և տարվում են պրիզմատիկ ձողերի ոլորման և ծռման, փոփոխվող տրամագծով լիսեռների ոլորման, բաղադրյալ մարմինների լարված վիճակի որոշման, կոնտակտային և այլ խնդիրների լուծման ուղղությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 524