Առաձգականության մոդուլներ
Առաձգականության մոդուլներ, նյութի առաձգական հատկությունները բնութագրող մեծություններ են։ Առաձգական մարմնի փոքր դեֆորմացիաների դեպքում, երբ կիրառելի է Հուկի օրենքը, լարումների և դեֆորմացիաների միջև կախումը գծային է։ Առաձգականության մոդուլները համեմատականության գործակիցներ են այդ առնչություններում։ Առաձգականության մոդուլների ֆիզիկական իմաստը բացահայտվում է առաձգական մարմնի լարված վիճակների հիմնական տարրական տեսակների (միակողմանի նորմալ լարում, մաքուր սահք, համակողմանի նորմալ լարումներ) ուսումնասիրմամբ։
Յունգի մոդուլը
խմբագրելՊարզ ձգման (սեղման) ժամանակ առաջացող a միակողմանի նորմալ լարմանը համապատասխանում է ձգման ուղղությամբ երկայնական առաձգականության մոդուլը՝ E (Յունգի մոդուլ)։ Այն հավասար է a նորմալ լարման և լարման գործադրման ուղղությամբ վերջինիս հետևանքով առաջացող e հարաբերական երկարացման հարաբերությանը՝ E= a/e, և բնութագրում է ձգման դեֆորմացիային դիմադրելու նյութերի ունակությունը։ Մաքուր սահքի լարվածային վիճակին, որի դեպքում երկու փոխուղղահայաց հարթակներով ազդում են միայն т շոշափող լարումները, համապատասխանում է G սահքի մոդուլը։ Այն հավասար է т շոշափող լարման և հարթությունների միջև ուղիղ անկյան աղավաղման չափը որոշող γ սահքի անկյան հարաբերությանը՝
G=т / γ
որը արտահայտում է ձևի փոփոխությանը դիմադրելու նյութի ունակությունը (ծավալի պահպանումով)։
Հիդրոստատիկական ճնշման ժամանակ առաջացող a նորմալ համակողմանի լարմանը համապատասխանում է ծավալային սեղման մոդուլը։ Այն հավասար է նորմալ լարման և հարաբերական ծավալային սեղման հարաբերությանը․
K=a / Δ
որը բնութագրում է ձևի փոփոխությամբ չուղեկցվող ծավալի փոփոխությանը դիմադրելու նյութի ունակությունը։
Պուասոնի գործակից
խմբագրելՆյութի առաձգական հատկությունները բնութագրող հաստատուն մեծություններից Է Պուասոնի գործակիցը՝ v-ն, որը հավասար է е՜ հարաբերական լայնական սեղմման բացարձակ արժեքի և е հարաբերական երկայնական երկարացման հարաբերությանը, այսինքն՝
v = |e՜| / e։
Առաձգականության մոդուլները համասեռ մարմինների համար
խմբագրելՀամասեռ իզոտրոպ մարմնի համար առաձգականության մոդուլները միևնույնն են բոլոր ուղղություններով։ E, G, К և v հաստատունները կապված են միմյանց հետ հետևյալ առնչություններով․
G=E / 2(1+v) K=E / 3(1-2v)
Առաձգականության մոդուլները անհամասեռ մարմինների համար
խմբագրելԱնիզոտրոպ նյութի առաձգականության մոդուլների թիվը կախված է նյութի կառուցվածքից։ Առաձգական հատկությունների տեսակետից սիմետրիայից զուրկ անիզոտրոպ մարմնի առաձգականության մոդուլները 21-ն են։ Սիմետրիայի առկայության դեպքում դրանց թիվը կրճատվում է։ Առաձգականության մոդուլները որոշում են փորձնականորեն։ Դրանք խիստ հաստատուն մեծություններ չեն, այլ կախված են նյութի քիմ․ բաղադրությունից, նախնական մշակումից և ջերմաստիճանից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 667)։ |