Ապրանքային նշան խմբագրել

Ապրանքանիշ կամ ապրանքային նշան, նիշ, որն օգտագործվում է մեկ անձի ապրանքները և (կամ) ծառայություններն այլ անձի ապրանքներից և (կամ) ծառայություններից տարբերելու համար։ Ապրանքանիշը կարող է լինել բառային (ներառյալ՝ բառեր, թվեր, տառեր, անուններ, կարգախոսներ), պատկերային, ծավալային (ապրանքի փաթեթավորումներ, ապրանքի արտաքին տեսքը և մակերևույթը), ձայնային և պատկերմամբ (գրառմամբ) ներկայացվող այլ նշաններ կամ դրանց համակցությունը, հոտային ապրանքային նշաններ և այլն։

Հայաստանում ապրանքային նշանները իրավական պահպանություն են ձեռք բերում պետական գրանցման, ապրանքանիշը Հայաստանում հանրահայտ ճանաչելու հիման վրա։ Ապրանքանիշն իրավական պահպանություն տրամադրելու պահից դրա նկատմամբ ծագում է իրավատիրոջ բացառիկ իրավունքը։ Ապրանքային նշանի իրավատերն ունի այն տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու, ինչպես նաև այլ անձանց կողմից դրա օգտագործումն արգելելու բացառիկ իրավունք։

Ապրանքային նշանը ծագել է միջնադարյան Եվրոպայում՝ անհատական ապրանքաարտադրության առաջացմանը զուգահեռ։ Դրա ձևավորումը և ամրագրումը ժամանակակից ըմբռնմամբ ընթանում էր մասնավոր սեփականության և շուկայի զարգացման հետ համատեղ։ Սեփականության ձևերի բազմազանության, ապրանքային հարաբերությունների զարգացման, շուկան տարբեր ապանքներով լցնելու անհրաժեշտույան պայմաններում անհատականացնող միջոցները դառնում են շուկայական տնտեսության անբաժանելի մասնիկը։ Արտադրված ապրանքի նկատմամբ սպառողների ռեակցիան հստակորեն անդրաառնում է շուկայական տնտեսության վրա։ Սպառողը կամ ընդունում կամ մերժում է ապրանքը։ Այս գործընթացում ապրանքային նշանները, հանդիսանալով կապող օղակ արտադրողի և գնորդի, արդյունաբերության և առևտրի, արտադրության և սպառման միջև, համր վաճառողի դեր են կատարում՝ իրենց կայուն դերն ու տեղը ոնենալով շուկայական հարաբերություններում։

Ապրանքային նշաները ուղեկցում են ապրանքներին՝ հետապնդելով հստակ նպատակ՝ անհատականացնել տվյալ ապրանքատեսակը, գրավել սպառողների ուշադրությունը։ Դրանք հնարավորություն են տալիս սպառողներին շուկայի բազմազանության մեջ ընտրել իրենց հարմար ապրանքտեսակը։ Ապրանքային նշանը՝ որպես ինֆորմացիոն բլոկ, դրոշմվելով գնորդի գիտակցության մեջ, կողմնորոշում է նրա վարքագիծը ապրանքների և ծառայությունների շուկայում։ Առանց դրա արտադրողը դուրս է մնում ակտիվ մրցակցությունից։ Այս երևույթները իրենց արտահայտումն են գտնում նաև հայկական շուկայում, և հայ գործարարները աստիճանաբար ընկալում են ապրանքային նշանների ողջ նշանակությունն իրենց ծավալած գործունեության վրա, ուստի թե նրանց, թե օրենսդրի կողմից ակտիվ քայլեր են ձեռնարկվում ապրանքային նշանների առավել արդյունավետ իրավական պահպանությունն ապահովելու համար։ Հաշվի առնելով ապրանքային նշանների ունեցած մեծ դերակատարությունը շուկայում ապրանքի իրացման և առաջխաղացման գործընթացում՝ ակտուալ է դրանց իրավական պաշտպանության ապահովումը։

Ապրանքային նշանի հասկացությունը խմբագրել

Ապրանքային նշանների վերաբերյալ մի շարք երկրներում գործող օրենսդրությունները, որպես կանոն, չեն սահմանում ապրանքային նշաների հասկացությունը։ Սովորաբար դրանցում ամրագրվում են որոշակի պայմաններ, որոնց բավարարելու դեպքում նիշերը կարող են գրացնվել որպես ապրնքային նշաններ։ Այդուհանդերձ դրանցում սովորաբար սահմանվում են ապրանքը անհատականացնելու և համապատասխանաբար նմանատիպ ապրանքներից առանձնացնելու, տարբերելու ապրանքային նշանների հատկությունը (Ֆրանսիա, Ավստրիա, Իսպանիա, Ճապոնիա)։

Ավստրիայի օրենսդրությունը սահմանում է, որ ապրանքային նշաններ կարող են լինել այն պայմանական նշանները, որոնք ծառայում են ապրանքաշրջանառության մեջ մեկ ընկերության ապրանքներն ու ծառայությունները այլ ընկերությունների նմանատիպ ապրանքներից և ծառայություններից տարբերելու համար։ Մեծ Բրիտանիայի օրենդրությունը սահմանում է, որ ապրանքային նշանը դա ցանկացած պայմանական նշանն է, որն ունի մեկ ընկերության ապրանքներն ու ծառայություններն մեկ այլ ընկերության նմամանատիպ ապրանքներից և ծառայություններից տարբերելու հատկանիշ։ ԱՄն օրեսդրությունը սահմանում է, որ ապրանքային նշանները դրանք ցանկացած բառերը, անունները, սիմվոլները կամ նշաններն են կամ դրանց ցանկացած համակցությունները, որոնք ճանաչվել և օգտագործվում են արտադրողի կամ վաճառողի կողմից իրենց ապրանքները անվանակոչելու համար և դրանք այլ արտադրողների կամ վաճառողների նմանատիպ ապրանքներից տարբերելու հատկություն ունեն։

«Ապրանքյաին նշանների» մասին Հայաստանի օրենքն այս առումով տարբերվում է այլ երկրներում գործող նույն ոլորտը կարգավորող օրենսդրություններից։ Օրենքի 1-ին հոդվածը սահմանում է, թե որ նշանները կարող են որակվել որպես ապրանքային նշաններ։ Համաձայն Օրենքի 1-ին հոդվածի՝ ապրանքային և սպասարկման նշանները (այսուհետ նաև՝ ապրանքային նշան) այն նշաններն են, որոնցով որևէ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ապրանքները և ծառայությունները համապատասխանաբար տարբերվում են այլ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի նույնատիպ ապրանքներից և ծառայութուններից։

Որպես ապրանքային նշաններ կարող են գրանցվել գրաֆիկական տեսքով ներկայացվող նիշերը, մասնավորապես՝

1) բառերը, անունները կամ կարգախոսները.

2) տառերը կամ թվերը.

3) նկարները, պատկերները կամ խորհրդանշանները.

4) եռաչափ պատկեները, մասնավորապես ապրանքի կամ դրա փաթեթավորման (տարայի) արտաքին տեսքը.

5) հոլոգրամմաները, գույները, գույների համակցությունները կամ կոմպոզիցիաներ.

6) ձայնային ազդանշանները.

7) սույն մասի 1-6-րդ կետերում թվարկված նիշերի ցանկացած համակցությունները։

Ապրանքային նշանի գրանցումը։ խմբագրել

Տարբեր երկրների օրենսդրությունները չեն սահմանում ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների ծագման վերաբերյալ միասնական մոտեցում։ Երկրների ճնշող մեծամասնությունն ապրանքային նշանների նկատմամբ իրավունքների ծագման հիմք է համարում ազգային համապատասխան մարմնում դրանք գրանցելը կամ տնտեսական շրջանառության մեջ դրանց փաստական օգտագործումը։

Կարելի է նկատել, որ նախապատվությունը մեծ մասամբ տրվում է ապրանքային նշանների պետական գրանցմանը և ավելի քիչ՝ օգտագործման առաջնությանը։ Դա կապված է ապրանքային նշանների պետական գրանցման մի շարք առավելություններով։

Մասնավորապես՝

  • Գրանցումը հանդիսանում է փաստաթուղթ, որում ամրագրվում են պահպանության օբյեկտը և այն ապրանքների ցանկը, որոնց համար տվյալ ապրանքային նշանը ստանում է պահպանություն, ինչը շատ կարևոր է վեճեր ծագելու ժամանակ։ Դատարանում գրացված ապրանքային նշանի սեփականատիրոջ իրավունքներն ավելի ամուր և հիմնավոր են և հակառակ հիմնավորման ողջ պարտականությունը դրվում է մյուս կողմի վրա։ Օգտագործման առաջնության դեպքում ապացուցման բեռը կրում է ենթադրյալ իրավատերը (օգտագործողը)։
  • Գրանցումը հանդիսանում է ինֆորմացիայի աղբյուր արտադրողների և սպառողների համար, որը հավաստում է տվյալ ապրանքային նշանի նկատմամբ սահմանված բացառիկ իրավունքների մասին։ Տեղեկատվության նման տարածումը կատարվում է արտոնագրային գերատեսչության պաշտոնական տեղեկագրում դրանք ամրագրելու միջոցով։ Այսպիսով, հնարավորություն է ընձեռվում նախապես կանխել հնարավոր իրավախախտումները, իսկ գրանցման վկայագիրը հանդիսանում է սեփականաիրոջ և սպառողների իրավունքների պաշտպանության երաշխիք։ Դա նաև օգնում է ապրանքային նշաններ մշակողներին ստեղծել ապրանքային նշաններին առաջադրված պահանջների համապատասխան նշաններ։
  • Մադրիդյան համաձայնագրով նախատեսված ապրանքային նշանների միջազգային գրանցում ստանալու համար դիմելիս անհրաժեշտ է դրանց գրանցումը նախ ծագման երկրում։

«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը սահմանում է.

Հայաստանի տարածքում ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրվում է՝

1) սույն օրենքով սահմանված կարգով դրա պետական գրանցման հիման վրա.

2) սույն օենքով սահմանված կարգով ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու հիման վրա.

3) Մադրիդյան համաձայնագրի կամ Մադրիդյան համաձայնագրի արձանագրության համաձայն միջազգային գրանցման հիման վրա։

Ապրանքային նշանի գանցումը գործում է մինչև գերատեչություն հայտ ներկայացնելու թվականից 10 տարին լրանալը (Օրենքի 18-րդ հոդված)։ Թույլատրվում է ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի երկարաձգում։