Սուրբ Կարապետ եկեղեցի (Ապրակունիս)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Կարապետ եկեղեցի (այլ կիրառումներ)

Ապրակունիսի Սուրբ Կարապետ եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցու տաճար Մեծ Հայքի Սյունիք նահանգի Երնջակ գավառի (այժմ՝ Նախիջևանի ԻՀ Ջուլֆայի շրջանում) Երնջակ գետի աջ ափին, Ապրակունիս գյուղի մոտ, սարավանդի վրա։ Հիմնադրել է Մաղաքիա Ղրիմեցի վարդապետը 1381 թվականին։ Աշակերտներ հավաքելով՝ հրավիրել է Հովհան Որոտնեցուն ու Գրիգոր Տաթևացուն և վանքում հիմնադրել Ապրակունյաց բարձրագույն տիպի դպրոցը, որի առաջին րաբունապետն է դարձել Հովհան Որոտնեցին։ Վանքի շինարարությունն ավարտել է Գրիգոր Տաթևացին, որը Հովհան Որոտնեցու մահից հետո՝ 1386 թվականին փոխարինել է նրան որպես րաբունապետ, իսկ 1391 թվականին, Լենկթեմուրի արշավանքի պատճառով, ստիպված հեռացել է Երնջակից։ XV–XVI դդ. Ապրակունիսի Սուրբ Կարապետ եկեղեցու և նրա դպրոցն անկում են ապրել, XVII դ. եկեղեցին ու մյուս շինություններն արդեն եղել են խարխուլ վիճակում։ 1655 թվականին Եսայի ու Ղազար վարդապետները նոր եկեղեցի են կառուցել՝ քառամույթ գմբեթավոր բազիլիկի հորինվածքով, բազմանիստ խորանի երկու կողմերում երկհարկ ավանդատներով։ Սուրբ Կարապետ եկեղեցու հիմնական ծավալը կառուցված է սրբատաշ բազալտից, իսկ բարձր, սլացիկ թմբուկով գմբեթը՝ աղյուսից։ Հարդարանքի տարրերն են պատերի ստորին մասի բազմագույն, շախմատաձև շարվածքը և դեկորատիվ կամարաշարը։ Եկեղեցու խորանի վերևի արձանագրության մեջ նշված է ճարտարապետի անունը՝ Դավիթ ուստա։ Արևմտյան ճակատին 1664–1666 թվականներին կցել են եռակամար գավիթ-սրահ (այժմ՝ ավերակ)։ Հարավից կից է թաղածածկ, երկար Սուրբ Ստեփանոս մատուռը, որը, ըստ չափածո շին. արձանագրության, 1714 թվականին կառուցել է շոռոթեցի վաճառական Խոջա Այվազը։ 1705 թվականին նախիջևանցի պարոն Աղամալը Սուրբ Ստեփանոս մատուռի տանիքին երկհարկ զանգակատուն է կառուցել։ Սուրբ Կարապետ եկեղեցու ներսը Նաղաշ Հովնաթանի որդիներ Հարությունը և Հակոբը 1740 թվականին զարդարել են բարձրարվեստ որմնանկարներով, պահպանված հատվածներից արժեքավոր են Աստվածածնի, Պողոս և Պետրոս առաքյալների դիմապատկերները։ Ապրակունիսի Սուրբ Կարապետ վանքը XIV–XVIII դդ. եղել է հոգևոր, մշակութային և գրչության կենտրոն։ Այդտեղի ձեռագրերից առանձնանում է Հակոբ գրչի 1386 թվականին ընդօրինակած Ժողովածու բանից Գրիգոր Նարեկացվո, Գրիգոր Տղայի և այլոց-ը։ Վանքը եղել է նաև օձի խայթոցը բուժող հայտնի ուխտատեղի։ Ապրակունիսի Սուրբ Կարապետ եկեղեցում պահվել են Սուրբ Կարապետի և Սուրբ Հովհան Ոսկեբերանի մասունքները, Հազարափրկիչ խաչը, որը համաճարակների ժամանակ թափորով տարել են ախտահարված վայրերը (օր., 1878 թվականին՝ Ագուլիս)։ Պատկերազարդումը տես ներդիր I-ում, 1.7, 2-րդ պատկերը։

Սուրբ Կարապետ եկեղեցի (Ապրակունիս)
Եկեղեցի

Սուրբ Կարապետ վանքը մինչ ավերումը

ՏեղադրությունԱրևելյան Հայաստան, Վասպուրական, Նախիջևան, Ապրակունիս
ԱշխարհՎասպուրական
Պատմական երկիրՀայաստանի Էմիրություն, Բագրատունյաց Հայաստան Բագրատունյաց Հայաստան
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
ԿարգավիճակՏեղում կառուցված է մզկիթ
Ակտիվ էՈչ
Ճարտարապ. տիպԳմբեթավոր բազիլիկա
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ8-րդ դար
Կառուցման ավարտ9-րդ դար
Ավերում2004 թ.
Սուրբ Կարապետ եկեղեցի (Ապրակունիս) (Ադրբեջան)##
Սուրբ Կարապետ եկեղեցի (Ապրակունիս) (Ադրբեջան)
Սուրբ Կարապետ եկեղեցի (Ապրակունիս) (Մեծ Հայք)##
Սուրբ Կարապետ եկեղեցի (Ապրակունիս) (Մեծ Հայք)
39°08′06″ հս․ լ. 45°38′13″ ավ. ե.HGЯO

Ներկա վիճակ խմբագրել

Ըստ շոտլանդացի գիտնական Ս. Սիմի, եկեղեցին քանդել են մոտավրապես 2004 թվականին, իսկ իր տեղում միայն ավերակներ են[1]։

Գրականություն խմբագրել

  • Սեդրակյան Ա., Հնութիւնք հայրենեաց ի գաւառին Երնջակու, Վաղ-պատ, 1872։
  • Ալիշան Ղ., Սիսական, Վնտ., 1893։
  • Սմբատյանց Մ., Նկարագիր Սուրբ Կարապետ վանից Երնջակա և շրջակայից նորա, Տփխիս, 1904։
  • Այվազյան Ա., Աբրակունիսի Սուրբ Կարապետ վանքը, Էջմիածին, 1976, դ 7։
  • , Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 67 — 1076 էջ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել