«Ապոկալիպսիսը հիմա»(անգլ.՝ Apocalypse Now), ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա, մյուս անվանումն է «Մեր ժամանակվա ապոկալիպսիսը»։ «Ապոկալիպսիսը հիմա» ֆիլմը պատմում է Վիետնամի պատերազմի մասին։ Ներկա ֆիլմի սցենարը գրել է հենց ինքը՝ Կոպպոլան, բայց սկզբնական սցենարի հեղինակը Ջոն Միլիուսն է, որը հիմնվել է Ջոզեֆ Կոնրադի «Մթության սիրտը» (1902 թվական) պատմվածքի վրա։ Ֆիլմը ստացել է երկու «Օսկար»՝ լավագույն օպերատորական աշխատանք և լավագույն ձայն, իսկ Կաննում կիսել է «Ոսկե արմավենին» Ֆոլկեր Շլյոնդորֆի «Թիթեղյա թմբուկ» ֆիլմի հետ։ «Ես համոզված եմ, որ ստեղծել եմ արվեստի գլուխգործոց, և չէի կարող անել դա ավելի լավ»,- ասում էր Կոպպոլան իր ֆիլմի մասին։ Ֆիլմը պատմում է հատուկ նշանակման ջոկատի կապիտան Ուիլարդի մասին, որը ուղարկվել էր Կամբոջա՝ վնասազերծելու խենթացած հրամանատար Կուրցին, որը մեղադրվում էր մի քանի վիետնամցիների սպանության մեջ։ Ճանապարհորդության ընթացքում Ուիլարդը հանդիպում է տարբեր խնդիրների, որոնք հանգեցնում են նրան, որ նա կորցնում է իրականության զգացումը և չի հասկանում, թե ինչ է կատարվում շուրջը և ինչ պետք է անի ինքը։ Շատ կինոքննադատներ ասում են, որ ֆիլմը, ինչպես վեպը, տանում է դիտորդին մարդու դաժան ներաշխարհը, որը թաքնված է սովորական հայացքից, իսկ պատերազմը ուղղակի պատճառ է նման երևույթների արտահայտման համար։

Ապոկալիպսիսը հիմա
անգլ.՝ Apocalypse Now[1]
Երկիր ԱՄՆ
Ժանրռազմական ֆիլմ, մարտաֆիլմ, դրամա, գրքերի էկրանավորում, թրիլեր, արկածային ֆիլմ, էպիկական ֆիլմ և war drama?
ԹեմաՎիետնամի պատերազմ
ՀիմքԽավարի սրտում
Թվականմայիսի 10, 1979[2], հոկտեմբերի 4, 1979[3], դեկտեմբերի 27, 2019, օգոստոսի 15, 1979[4] և 1979
Լեզուանգլերեն
ՌեժիսորՖրենսիս Ֆորդ Կոպպոլա
ՊրոդյուսերՖրենսիս Ֆորդ Կոպպոլա
Սցենարի հեղինակՖրենսիս Ֆորդ Կոպպոլա, Մայքլ Հեր և Ջոն Միլիուս
ԴերակատարներՄառլոն Բրանդո[5], Ռոբերտ Դյուվալ[5], Ֆրեդերիկ Ֆորեսթ[5], Ալբերտ Հոլ[5], Դենիս Հոփեր[5], Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա[5], Վիտորիո Ստորարո[5], Սեմ Բոթոմս[5], Ջ․ Դ․ Սպրադլին[5], Քոլին Քեմփ[5], Լոուրենս Ֆիշբորն[5], Սքոթ Գլեն[5], Հարիսոն Ֆորդ[5], Քրիստիան Մարկան[5], Ռ․ Լի Էրմեյ[5], Օրոր Քլեման[5], Մարտին Շին[5], Ջերրի Զիսմեր[5], Ջեյմս Քին[5], Թոմ Մեյսոն[5], Սինթիա Վուդ[5], Ջեք Թիբո[5], Դամիեն Լիք[5], Մարկ Կոպոլա[5], Բիլ Գրեհամ[5], Ֆրենկ Վիլլար[5], Ռոման Կոպոլա[5], Ջան-Կառլո Կոպոլա[5], Ջիմ Գեյնս[5], Իվեն Ա. Լոթման[5], Նիկ Նիկոլսոն[5], Չարլզ Ռոբինսոն[5], Պիեռ Սեգայ[5], Չառլի Շին[5], Քերրի Ռոսսալ[5] և Ջո Էստևես
ՕպերատորՎիտորիո Ստորարո
ԵրաժշտությունԿարմինե Կոպոլա և Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա
ՄոնտաժԼիզա Ֆրախտման
Պատմվածքի վայրԿամբոջա և Վիետնամ
Նկարահանման վայրՖիլիպիններ
ԿինոընկերությունAmerican Zoetrope
Տևողություն153 րոպե
Բյուջե31 500 000 $
Շահույթ83 471 511 $[6] և 92 158 064 $[6]
Պաշտոնական կայքէջ
 Apocalypse Now Վիքիպահեստում

Ֆիլմը մինչև ամբողջությամբ պատրաստ լինելն արդեն հայտնի էր մամուլում։ Պատճառը բարդ տեսարաններն էին, որոնք դժվար էր նկարահանել։ Կոպպոլայի կինը՝ Էլեոնոր Կոպպոլան, մասնակցում էր նկարահանմանը, իսկ ավելի ուշ գրեց գիրք, որտեղ պատմում էր նկարահանման մասին։ Էլեոնորը նաև մասնակցում էր «Մթության սիրտը՝ կինեմատոգրաֆիստի ապոկալիպսիսը» վավերագրական ֆիլմի ստեղծմանը։

Ստեղծումը

խմբագրել

Նախապատմություն

խմբագրել

Նախնական սցենարը գրել է Ջոն Միլիուսը, որը հետագայում հայտնի կդառնա «Քամին և առյուծը», «Կարմիր արևածագը» ֆիլմերով։ Միլիուսը պատմում էր, որ ֆիլմի սցենարը գրելիս իրեն ներշնչել են պրոֆեսորի բառերը, որի մոտ նա սովորում էր։ Պրոֆեսորը ասում էր, որ ոչ մեկին դեռ չի հաջողվել նկարահանել լավ ֆիլմ «Մթության սիրտը» վեպով՝ չնայած նրան, որ դա փորձել են անել այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Օրսոն Ուելսը և Ռիչարդ Բրուքսը։ Միլիուսը, գրելով սցենարը, անգամ չէր պատկերացնում, որ հետագայում ֆիլմը կդառնա հակապատերազմական։ Սցենարի նախնական տարբերակում կային հատվածներ, որտեղ Կուրցը հիանում էր պատերազմով և գովաբանում այն։ Միլիուսը, անվանելով ֆիլմը «Ապոկալիպսիսը հիմա», ասես պատասխանում էր այն ժամանակվա հիպիական լոզունգներից մեկին՝ «Նիրվանան հիմա»։

Սկզբից ենթադրվում էր, որ ֆիլմի ռեժիսորը պետք է դառնար Ջորջ Լուկասը, որն այն ժամանակ աշխատում էր Zoetrope Studiosում։ Կոպպոլան հիմնադրել էր այս ստուդիան այն նպատակով, որ զարգացնի նորեկ ռեժիսորներին, որոնք նոր էին ավարտել կինոդպրոցները։ Քանի որ այն ժամանակ դեռ ակտիվորեն ընթանում էր Վիետնամի պատերազմը, Կոպպոլան ուզում էր, որ ֆիլմը նկարահանվի հենց Վիետնամում, բայց Warner Brothers ընկերությունը, որն ուներ Zoetrope Studios ընկերությանն աջակցելու պայմանագիր, մերժեց օգնել ֆիլմի նկարահանման գործընթացին՝ պատճառաբանելով, որ ֆիլմը ֆինանսական հաջողություն չի ունենա, և բավականին վտանգավոր է նկարահանել ֆիլմ պատերազմական գոտում։

Բայց Կոպպոլան շարունակում էր նույն եռանդով պայքարել Ջոզեֆ Կոնրադի վեպի էկրանացման համար, և մի քանի տարի հետո նա որոշում է նկարել ամբողջ ֆիլմը իր անձնական գումարով։ Դա հանգեցրեց որոշակի խնդիրների իր և Ջորջ Լուկասի հարաբերությունների միջև, քանի որ վարկածներ կային, որ Ջորջ Լուկասն էլ էր ցանկանում նկարահանել այդ ֆիլմը։ Նա «Ապոկալիպսիսը հիմա» ֆիլմի նկարահանման համար ներդրեց առաջին երկու «Կնքահայրը» ֆիլմերից ստացված ամբողջ գումարը, իսկ մնացած գումարը վարկով վերցրեց բանկից։

Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան բավականին ձևափոխեց Ջոն Միլիուսի սցենարը՝ հանելով պատերազմը գովաբանող դրվագները, ձևափոխելով հերոսներին և ամբողջ ֆիլմի կոնցեպցիան։ Ըստ Միլիուսի վերջաբանի՝ Կուրցը և Ուիլարդը միավորվում են, որպեսզի պատասխան տան ամերիկյան ինքնաթիռների հարձակմանը։ Պատերազմական գործողությունների ժամանակ Կուրցը մահանում է Ուիլարդի ձեռքերում։ Կոպպոլան մերժեց այս ավարտը՝ բացատրելով, որ այն շատ պարզ է։ Վերջնամասը Կոպպոլան ձևափոխել էր բազմիցս, նա անգամ փոփոխություններ էր անում հենց նկարահանման ժամանակ, ինչի հետևանքով Կուրցի դերակատար Մառլոն Բրանդոյի դերի մեծ մասը իմպրովիզ էր։ Հետկադրային տեքստը գրվել է մոնտաժի ընթացքում։ Տեքստի հեղինակն է Մայքլ Հեռը, որը եղել է լրագրող Վիետնամի պատերազմի ժամանակ, իսկ հետագայում գրել է գիրք Վիետնամի պատերազմի մասին և անվանել «Dispatches»:

«Ապոկալիպսիսը հիմա» Կոպպոլայի առաջին համատեղ աշխատանքն էր օպերատոր Ստորարոյի հետ։ Վիտտորիո Ստորարոն մինչ այդ աշխատել էր մի քանի ֆիլմերում Բերնարդո Բերտոլուչիի հետ։

Ֆիլմը նկարահանվում էր 1976 թվականի մարտից մինչև 1977 թվականի օգոստոսը։ Ֆիլմի մեծ մասը նկարահանվել է Ֆիլիպիններում՝ Պագսանյան գետի վրա։

Նկարահանման վայրերը (տեղանքը)

խմբագրել

Ամերիկյան կառավարությունը, իմանալով նման ֆիլմի ստեղծման և Կոպպոլայի՝ Վիետնամի պատերազմի վերաբերյալ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը չընդունելու մասին, հրաժարվում է օգնել նրան ցանկացած հարցում։ Կոպպոլային օգնեցին ֆիլիպինյան զինված ուժերը, որոնք տրամադրեցին ուղղաթիռներ՝ իրենց օդաչուներով։ Քանի որ օդաչուները զինվորականներ էին, նրանք չէին պատկերացնում, թե ինչ է պետք անել ֆիլմի նկարահանման ընթացքում, և ստիպած երկար ժամանակ նրանց սովորեցնում էին։ Ֆիլմի նկարահանման տարիների հետ միաժամանակ Ֆիլիպիններում ներքին ընդհարումներ էին տեղի ունենում, և երբ արդեն պետք էր սկսել նկարահանումները, ուղղաթիռները հետ էին կանչվում հրամանատարության կողմից, իսկ երբ վերադառնում էին, օդաչուները փոխված էին լինում, ինչը ստիպում էր նորից սովորեցնել նրանց կինոնկարահանման նրբությունները։ Կոպպոլան բազմիցս փորձել էր բացատրել հրամանատարությանը, որ լավ կլինի՝ ուղղաթիռների օդաչուները չփոխվեն, բայց դա չէր օգնում։ Այդ պատճառով ֆիլմում 15 րոպե տևողությամբ ուղղաթիռային հարձակումը նկարահանվում էր մի քանի ամիս։

Նկարահանումից որոշ ժամանակ անց կառուցած բոլոր դեկորացիաները քանդվեցին ուժեղ փոթորիկից, ինչը բերեց նրան, որ անհրաժեշտություն եղավ նրանց նորից կառուցել, իսկ դա ժամանակի և գումարի կորուստ էր։

Կոպպոլայի նախնական պատկերացմամբ Ուիլարդին պետք է խաղար Հարվի Քեյթլը, և այդպես էլ եղավ։ Բայց որոշ դրվագներ նկարելուց հետո նրան դուր չեկավ Քեյթլի կատարումը, և նա փոխեց Քեյթլին Մարտին Շինով, իսկ բոլոր այն դրվագները, որտեղ խաղում էր Քեյթելը, ստիպված վերանկարահանվեցին, ինչը նորից բերեց ժամանակի կորստին։ Ըստ սյուժեի՝ Ուիլարդը գտնվում էր ծանր հոգեկան վիճակում, և նա բավականին մեծ քանակներով ալկոհոլ էր ընդունում և ինքն իրեն գցում դեպրեսիայի մեջ՝ դերն ավելի լավ խաղալու համար։ Հյուրանոցային դրվագներից մեծ մասը նկարահանված է այն ժամանակ, երբ Մարտին Շինը իսկապես այնքան հարբած էր, որ չէր ընկալում, թե ինչ էր կատարվում իր շուրջը։ Այս ամենը հանգեցրեց նրան, որ Մարտին Շինի մոտ եղավ սրտի կաթված, որը բավականին լուրջ էր, և նկարահանումները դադարեցվել էին երկար ժամանակով։ Ֆիլմի վիճակը այնքան վատն էր, որ Կոպպոլան մտածում էր դադարեցնել նկարահանումը։ Բայց երբ նկարահանումները վերսկսվեցին, Մարտին Շինին շատ չէին չարչարում, և ֆիլմի նկարահանմանը հրավիրվեց նրա եղբայրը՝ Ջո Էստեվիսը, որը բավականին նման էր իր եղբորը թե՛ արտաքնապես, թե՛ ձայնով։ Անգամ նկարահանումներից հետո՝ ձայնի ձայնագրման ժամանակ, Ջո Էստեվիսը ձայնագրել է մի քանի դրվագ՝ պատկանող Ուիլարդին։

Երկրորդ գլխավոր դերը խաղաց Մառլոն Բրանդոն։ Նրա մասնակցությունը ֆիլմում անհրաժեշտ էր միայն վերջում, և Կոպպոլան խնդրել էր Բրանդոյին գալ նկարահանման ավարտին, երբ կսկսեն նկարել դրվագները՝ Կուրցի մասնակցությամբ, իսկ այդ ընթացքում Կոպպոլան պահանջել էր Մառլոն Բրանդոյից, որ նա նիհարի, քանի որ Կուրցի կերպարը տանջված և նյարդային մարդ էր (այդ պահին Բրանդոն բավականին գեր էր), և անպայման կարդա Կոնրադի գիրքը։ Երբ Կոպպոլան կանչում է Բրանդոյին նկարահանվելու, Բրանդոն ժամանում է ավելի գերացած, գիրքը չկարդացած (նա անգամ սցենարը չէր կարդացել)։ Բրանդոյի գերությունը թաքցնելու համար ֆիլմում մեծ մասամբ Կուրցի կերպարի միայն դեմքն է երևում, իսկ մնացած մարմինը աշխատել են թողնել ստվերի մեջ։

Կոպպոլան ֆիլմի մասին ասել է. «Մենք նկարահանում էինք այս ֆիլմը մոտավորապես այնպես, ինչպես ամերիկացիները պատերազմում էին. մենք շատ էինք, մենք ծախսում էինք լիքը փող և աստիճանաբար խենթանում»։ Քանի որ Կոպպոլան ֆիլմի նկարահանման մեջ ներդրել էր իր բոլոր միջոցները, նա իրեն ճնշված էր զգում. եթե ֆիլմը ավարտված չլիներ նշված ժամկետում կամ համարվեր չհաջողված, ռեժիսորը հայտնվում էր սնանկացման եզրին։ Ինչպես նկարագրում է Էլեոնոր Կոպպոլան «Մթության սիրտը՝ կինեմատոգրաֆիստի ապոկալիպսիսը» վավերագրական ֆիլմում, Կոպպոլայի ամուսնական կյանքը գրեթե կործանվել էր։

Երբ նկարահանումն ավարտված էր, Կոպպոլան ԱՄՆ բերեց մոտ յոթ տոննա ժապավեն։ Ամբողջ նկարահանված նյութը դիտելու համար անհրաժեշտ էր մոտ տասնհինգ ժամ։ Այդ պատճառով ֆիլմի մոնտաժը, որը հաճախ տևում է կես տարի, պահանջեց մոտ երկու տարի։ Երբ պատրաստ էր ֆիլմի առաջին տարբերակը, պարզվեց, որ այն տևում է հինգ ժամից ավել, իսկ կինոթատրոններում ցուցադրելու համար անհրաժեշտ էր կարճացնել ֆիլմը։ Կոպպոլան հիշում էր, որ իր համար ֆիլմի կրճատումը բավականին ծանր գործընթաց էր, քանի որ անհրաժեշտ էր կտրել բազմաթիվ սյուժետային գծեր, որոնց համար պահանջվել էին շատ ժամանակ, ուժ և միջոցներ։ Ի վերջո Կոպպոլան մոնտաժեց ֆիլմի երեքժամյա տարբերակը, որը ցուցադրվեց Կաննի կինոփառատոնի ժամանակ (1979) որպես «չավարտված աշխատանք»։ Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ և ստացավ կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե արմավենին»։
Ասուլիսի ժամանակ Կոպպոլան ասել է. «Իմ ֆիլմը Վիետնամի մասին չէ, այն հենց Վիետնամն է»։

Սյուժե

խմբագրել

Ֆիլմը սկսվում է առանց անվան և տիտրերի։ Դիտորդը լսում է ուղղաթիռի կամաց ձայնը, որն աստիճանաբար ուժեղանում է, և տեսնում պատերազմի տեսարաններ։ Հնչում է The Doors խմբի «The End» երգը։ Այդ ընթացքում աստիճանաբար հայտնվում է գլխավոր հերոսի դեմքը։ Գործողությունները տեղի են ունենում 1969 թվականին՝ Վիետնամի պատերազմի ժամանակ։ Կապիտան Բենջամին Ուիլարդը, ճնշված ներքին խնդիրներից և այլևս ընդունակ չլինելով ապրելու խաղաղ կյանքով, ապրում է Սայգոնի հյուրանոցներից մեկում՝ սպասելով իր հաջորդ առաջադրանքին։ Նա չարաշահում է ալկոհոլը և տրվում հիշողություններին։

Մի օր նրա մոտ գալիս են մի քանի զինվորներ, տեղեկացնում նոր առաջադրանքի մասին և ուղեկցում նրան շտաբ։ Այնտեղ մի քանի գեներալներ պատմում են Ուիլարդին առաջադրանքի մասին. հարկավոր էր Կամբոջայի ջունգլիներում գտնել ամերիկյան բանակի նախկին գնդապետ Ուոլտեր Կուրցին։ Նրանք պնդում էին, որ Կուրցը խենթացել է և հիմա ղեկավարում է չեզոք Կամբոջայի ջունգլիների բնակիչների խումբը, որոնք նրան Աստծու նման պաշտում էին։ Ըստ նրանց՝ Կուրցը իր մարդկանց հետ սպանել է Վիետնամի Հանրապետության (Հարավային Վիետնամ) մի քանի հետախուզական գործակալների։ Ուիլարդին հրամայում են գտնել Կուրցին և սպանել նրան։ Ուիլարդն սկսում է ճանապարհորդել Մեկոնգ գետն ի վեր։ Նրան ուղեկցում էին սևամորթ Ֆիլիպսը, երրորդ կարգի ավագ Լենս Ջոնսոնը, Ջեյ Հիկսը՝ Շեֆ մականունով, և երրորդ կարգի ավագը՝ սևամորթ Թիրոնը, որին անվանում էին պարոն Քլին (անգլ.՝ clean - մաքուր)։

Ճանապարհին խումբը ժամանում է փոխգնդապետ Բիլ Կիլգորի մոտ։ Վերջինս պետքէ օգներ նրանց անցնել ակտիվ պատերազմական գործողությունների գոտին։ Ճանապարհին Ուիլարդը ուսումնասիրում է Կուրցի անձնական գործը, որը տվել էին նրան շտաբի գեներալները, կարդում է Կուրցի ուղերձները, նրա նամակները՝ ուղղված կնոջը և որդուն, և նրա հետաքրքրությունը Կուրցի անձի նկատմամբ աճում է։ Խումբը զերծ չի մնում կորուստներից. սկզբում սպանվում է Քլինը դիպուկահարի կողմից, այնուհետև ափից նետված նիզակը սպանում է հրամանատար Ֆիլիպսին։ Հասնելով Կուրցի բնակության վայրը՝ Ուիլարդը հանդիպում է կիսախենթ ֆոտոլրագրողի, որին խաղում է Դենիս Հոփերը, որը պատմում է Կուրցի մեծության և փիլիսոփայության մասին։ Ուիլարդը թողնում է Շեֆին նավակի վրա և հրամայում կանչել ռմբակոծչին, եթե ինքը չվերադառնա։ Ուիլարդը Լենսի հետ գնում է Կուրցի բնակավայրը և հանդիպում վերջինիս։ Զրուցելիս Կուրցը Ուիլարդին պատմում է պատերազմի, քաղաքակրթության և մարդկության վերաբերյալ ունեցած իր փիլիսոփայական հայացքների մասին։ Լսելով Կուրցին՝ Ուիլարդը ավելի լավ է հասկանում նրան և գիտակցում, որ նրանք երկուսն էլ սովորական կյանքին վերադառնալու ճանապարհ չունեն։ «Ի՞նչ կմտածեն նրա հարազատները, երբ իմանան՝ ինչքան է հեռացել նա իրենցից»,- մտածում էր Ուիլարդը։ Ուիլարդին հայտնում են, որ Կուրցը նրա մեջ տեսնում է իր հետնորդին։ Նա հասկանում է, որ Կուրցը ցանկանում է զոհվել զինվորի նման։ Երբ Կուրցի մարդիկ իրականացնում են իրենց ծեսերից մեկը (կով են զոհաբերում), Ուիլարդը սպանում է Կուրցին։ Վերջինս ընդունում է մահը արժանապատվությամբ։ Ուիլարդը նրա կողքին գտնում է հայտագիր, թերթելով այն՝ հայտնաբերում է Կուրցի կողմից գրված բառերը՝ «Ռմբակոծե՛ք։ Ոչնչացրե՛ք բոլորին»։

Կուրցին շրջապատողները խոնարհվում են Ուիլարդի առջև՝ պատրաստ ընդունելու նրան որպես իրենց առաջնորդի։ Բայց Ուիլարդը մերժում է այդ հնարավորությունը՝ տեսնելով Կուրցի օրինակով, որ այս ճանապարհը նույնպես տանում է դեպի կործանում։ Ուիլարդը վերադառնում է իր խմբի մոտ և ուղևորվում հետ՝ չպատկերացնելով, թե ինչպես է հետագայում ապրելու։

Ֆիլմի տարբերակները

խմբագրել

Ռեժիսորական տարբերակ

խմբագրել

2001 թվականին Zoetrope Studios ընկերությունը թողարկում է «Ապոկալիպսիսը հիմա» ֆիլմի ռեժիսորական տարբերակը, որի անունն է (անգլ.՝ Apocalypse Now Redux)։ Այս թողարկմանը նաև մասնակցել է Վիտտորիո Ստորարոն, որը օգտագործում էր ժապավենի գույնի վերականգման նոր մեթոդ։ Այս տարբերակի տևողությունը 202 րոպե է։

Այլընտրանքային վերջ

խմբագրել

Ըստ Ֆիլիպինների օրենքի՝ ֆիլմի նկարահանումից հետո բոլոր դեկորացիաները պետք է ոչնչացնել։ Կոպպոլան որոշեց ոչնչացնել դեկորացիաները՝ պայթեցնելով դրանք, և նկարել պայթյունները։ Նրանք տեղադրեցին մի քանի տեսախցիկներ, որոնք նկարում էին տարբեր արագություններով և ունեին տարբեր օբյեկտիվներ։ Բնօրինակ ֆիլմում այս կադրերի ժամանակ գնում էին հետին տիտրերը, և մարդկանց մեծ մասը մտածում էր, որ Ուիլարդը վերջում կանչեց ռմբակոծիչներին։ Իմանալով նման արձագանքի մասին՝ Կոպպոլան հանեց այդ տեսաշարքը՝ թողնելով միայն տիտրերը։ Կոպպոլան ասում էր, որ Կուրցի բնակավայրի ոչնչացումը չէր դիտվում որպես ֆիլմի ավարտ։ Հետագայում Կոպպոլան իր ֆիլմի մեկնաբանության ժամանակ, որը տեղադրված էր DVDի վրա, ասում էր, որ այդ վիդեոշարքը ընդհանրապես կապ չունի ֆիլմի հետ. այդ նկարահանումները պետք է դիտարկել որպես առանձին ստեղծագործություն։

Ֆիլմի տիտրեր

խմբագրել

Կոպպոլան ընդհանրապես չէր ուզում, որ ֆիլմում լինեին տիտրեր։ Նա համարում էր, որ ճիշտ կլինի հանդիսատեսին տալ հատուկ բուկլետ, որտեղ մանրամասն գրված կլինեին ֆիլմի նկարահանման պատմությունը և դերասանական ու նկարահանող անձնակազմի մասին տեղեկությունները։ 70 միլիմետրանոց ժապավենի վրա թողարկված ֆիլմը ընդհանրապես տիտրեր չունի, բացի վերջում սև հետնապատկերի վրա հայտնվող «Copyright 1979 Omni Zoetrope» բառերից, իսկ ֆիլմը ավարտվում է նրանով, որ Ուիլարդը անցնում է նավակով ջունգլիների միջով։ 35 միլիմետրանոց ժապավենի վրա տպված ֆիլմի տիտրերը ընթանում են պայթյունների ֆոնի վրա։ 1979 թվականի տարբերակի վրա ֆիլմի տիտրերը ընթանում են սև հետնապատկերի վրա։ Redux տարբերակի վրա տիտրերը ընթանում են սև հետնապատկերի վրա, իսկ հետևից լսվում է երաժշտություն և ջունգլիների կենդանիների ձայներ։

Ֆիլմը և գիրքը

խմբագրել

Չնայած նրան, որ «Ապոկալիպսիսը հիմա» ֆիլմը հիմնված է Ջոզեֆ Կոնրադի վեպի հիման վրա՝ Կոպպոլան բավականին շեղվել է ընդհանուր թեմայից։ Գրքի հեղինակ Կոնրադը գրել է իր անձնական ապրումները, որ ունեցել է Կոնգոյում XIX դարում։ Կուրցը և Մարլոն, որը ֆիլմում Ուիլարդն է, բելգիական գործակալներ էին, որոնք զբաղվում էին փղոսկրի ձեռքբերմամբ։ Նրանք նաև շահագործում էին տեղի բնակչությանը։ Երբ Մարլոն գալիս է Կուրցի բնակավայր, նա տեսնում է, թե ինչպես է ժամանակին նորմալ, հանգիստ և քաղաքավարի մարդը դարձել գազան (Կուրցի տան ցանկապատը զարդարված էր մարդկային գանգերով)։ Ֆիլմում խումբը ճանապարհորդում է զինվորական նավակով, իսկ գրքում այդ նավակը նախատեսված էր փղոսկրի տեղափոխման համար։ Կուրցի ղեկավարները իմանում են, որ նա խենթացել է, և ուղարկում եմ Մարլոյին, որ նա հետ բերի Կուրցին։ Պատմությունը ավարտվում է նրանով, որ Կուրցը մահանում է հետդարձի ճանապարհին։ Կոպպոլան ասում էր, որ շատ դրվագներ ֆիլմից (օրինակ՝ նավակի վրա հարձակումը նիզակներով) արված են ի նշան Կոնրադի գրքի մեծարման՝ համեմատելով քաղաքակրթությունն առաջընթացի հետ։

Սաունդթրեք

խմբագրել
  1. Opening - The End (6:33) (հեղինակներ և կատարումը՝ The Doors խումբ)
  2. The Delta (2:48)
  3. Dossier (2:17)
  4. Orange Light (1:13)
  5. Ride of The Valkyries (1:49) (անունը գերմաներեն՝ «Die Walkure», անունը հայերեն՝ Վալկիրիա, երգահան՝ Ռիխարդ Վագներ, դերեժոր՝ Սեռ Ջորջ Սոլտի)
  6. Suzie Q (3:14) (հեղինակներ Dale Hawkins, Stanley Lewis և Eleanor Broadwater)
  7. Nung River (2:53)
  8. Do Lung (4:08)
  9. Letters From Home (1:17)
  10. Cleans Death (2:03)
  11. Chiefs Death (1:55)
  12. Voyage (3:09)
  13. Chefs Head (1:59)
  14. Kurtz Chorale (1:29)
  15. Finale (6:06)

Մրցանակներ և թեկնածություններ

խմբագրել

Մրցանակներ

խմբագրել

Ներկայացվել է

խմբագրել

Լրացուցիչ

խմբագրել

Շատերի կարծիքով 1980 թվականին «Ապոկալիպսիսը հիմա» ֆիլմը «Օսկար» չստացավ այն պատճառով, որ դրանից մեկ տարի առաջ լավագույն ֆիլմ ստացավ Մայքլ Չիմինոյի «Եղջերուների որսորդը», որը նույնպես Վիետնամի պատերազմի մասին էր։ Բայց այդ տարվա «լավագույն ֆիլմ» մրցանակը ստացավ «Կրամերն ընդդեմ Կրամերի» կինոնկարը (ռեժիսոր Ռոբերտ Բենտոն), որը շատերի կարծիքով արժանի չէր, երբ կար այնպիսի ֆիլմ, ինչպիսին է «Ապոկալիպսիսը հիմա»-ն։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • Կոպպոլան խաղացել է մի փոքր դեր այս ֆիլմում։ Ֆիլմում կա մի դրվագ, երբ լրագրողները պատրաստում են ռեպորտաժ, և ռեժիսորը բարձրաձայն ասում է. «Մի՛ նայեք տեսախցիկի մեջ, ձևացրե՛ք, որ պատերազմում եք»։ Այդ ռեժիսորը հենց Կոպպոլան է, իսկ օպերատորը՝ Ստորարոն։
  • Երբ Կոպպոլան առաջարկել էր Ալ Պաչինոյին խաղալ Ուիլարդի դերը, վերջինս հրաժարվել էր և ասել. «Ես գիտեմ՝ դա ինչին նման կլինի։ Դու մտադրվում ես նստել ուղղաթիռի մեջ և վերևից տալ հրամաններ, իսկ ես պետք է հինգ ամիս թավալվեմ այդ ճահիճների մեջ»։ Բայց իրականում նկարահանումները տևեցին ոչ թե 5 ամիս, այլ մեկ տարի և 4 ամիս։
  • Ֆիլմում Մարտին Շինի լրիվ անունը Բենջամին Ուիլարդ է։ Հարիսոն Ֆորդի ավագ երկու որդիների անունը Բենջամին և Ուիլարդ է։
  • Կոպպոլան նկարահանումների ժամանակ նիհարել է 45 կիլոգրամով։
  • Ֆիլմում իրականում սպանում են կովին։
  • Կուրցի անձնական գործին կցած նկարներից մի քանիսը կադրեր են Ջոն Հյուսթոնի (1967 թ) ֆիլմից, որտեղ Մառլոն Բրանդոն խաղում էր գեներալի դեր։
  • Լոուրենս Ֆիշբորնը ֆիլմում խաղալու համար թաքցրել է իր իրական տարիքը (նկարահանումները սկսվել են 1976 թվականին, այն ժամանակ նա դեռ 14 տարեկան էր)։
  • Ապոկալիպսիսը հիմա ֆիլմը ճանաչված կինոգործիչ Քվենտին Տարանտինոյի սիրված ֆիլմերից է[7]։

Դերասաններ և նկարահանող անձնակազմ

խմբագրել

Նկարահանող անձնակազմ

խմբագրել
  • ռեժիսոր - Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա
  • սցենարիստ - Ջոզեֆ Կոնրադ (վեպ), Ջոն Միլիուս և Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա (սցենար)
  • պրոդյուսերներ - Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա, Ֆրեդ Ռոս, Գրեյ Ֆեդերիկսոն, Թոմ Սթերնբերգ
  • օպերատոր - Վիտտորիո Ստորարո
  • մոնտաժ - Լիզա Ֆրուհման, Ջերալդ Գրինբերգ, Ուոլտեր Մյորչ
  • դերասանների ընտրությունը - Թերի Լիբելինգ, Վիք Ռամոս
  • երաժշտությունը - Կարմինե Կոպպոլա և Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա
  • դեկորացիաները - Ջորջ Նելսոն
  • ռեժիսորի օգնականներ - Թոնի Բրենդեթ, Լարի Ֆրանկո, Ջերի Զայսմեր

Դերասանական անձնակազմ

խմբագրել

Ամբողջ դերասանական և նկարահանող անձնակազմի մասին անգլերեն լեզվով կարող եք իմանալ այստեղ

Տեխնիկական և այլ տվյալներ

խմբագրել

Այլ երկրներում այն կայացել է

ԱՄՆ-ում - 15 օգոստոս 1979
Գերմանիայում - 4 հոկտեմբեր 1979
Ֆինլանդիայում - 26 սեպտեմբեր 1979
Արգենտինայում - 3 ապրիլ 1980
Անգլիայում - 1 դեկտեմբեր 1979
Դանիայում - 26 հոկտեմբեր 1979
Իսպանիայում - 7 նոյեմբեր 1979
Իտալիայում - 18 դեկտեմբեր 1979
  • Ֆիլմը գունավոր է
  • Տևողություն - 153 րոպե, Redux տարբերակ 202 րոպե
  • Ձայնը - Dolby Digital, DTS Redux տարբերակը
  • Տեսախցիկը - Arriflex 16 ST, Arriflex 35 BL, Mitchell Cameras
  • Օպտիկան - Technovision Anamorphic Lenses
  • Պատկերի կողմերի հարաբերությունը 2.00 : 1
  • Ֆիլմը նկարվել է 35 և 16 մմ ժապավենների վրա
  • Տպել է (ընկերությունը) Technicolor, ԱՄՆ
  • Տպվել է 35 և 70 մմ ժապավենի վրա, 35մմ-ի երկարությունը՝ 4205 մետր, 70մմ-ինը՝ 5255 մետր, 35մմ Redux տարբերակինը՝ 5533 մետր։

Ֆիլմի անունը այլ լեզուներով

խմբագրել
Միջազգային անունը - Apocalypse Now (ավելի ուշ թողարկված ռեժիսորական տարբերակի անունը՝ Apocalypse Now Redux)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Deutsche Nationalbibliothek Record #4142780-4 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. Internet Movie Database — 1990.
  4. Internet Movie Database — 1990.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 5,19 5,20 5,21 5,22 5,23 5,24 5,25 5,26 5,27 5,28 5,29 5,30 5,31 5,32 5,33 5,34 Internet Movie Database — 1990.
  6. 6,0 6,1 Box Office Mojo — 1999.
  7. Մաքսիմ Լորան. (օգոստոսի 3 2012). «"Vertigo" D'Hitchcock, Nouveau Sommet Du Septieme Art» (ֆրանսերեն). ParisMatch. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 3-ին.

Աղբյուրներ

խմբագրել
  • «Ապոկալիպսիսը հիմա» ֆիլմի DVD տարբերակի վրա տեղակայված Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի մեկնաբանություն
  • http://www.imdb.com/title/tt0078788/ IMDb
  • «Մթության սիրտը՝ կինոմատոգրաֆիստի ապոկալիպսիսը» գիրք (հատվածներ համացանցից)
  • նկարներ

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապոկալիպսիսը հիմա» հոդվածին։