Ապառազմականացում, միջազգային իրավունքում, որոշակի տերիտորիայում ռազմական նշանակություն ունեցող ամրությունների և կառույցների վերացումը և այդ տերիտորիայում զինված ուժեր պահելու արգելումը։

Գերմանական զորքերի ապառազմականացում, արևելյան շրջան 1918
Հանդիպում զինվորների հետ, Կիևի երկաթուղային կայարանում

Ապառազմականացումը լինում է լիակատար և սահմանափակ։

  • Պետությունը պարտավորվում է պայմանավորված տերիտորիայում քանդել ամրությունները, չկառուցել նորերը, չպահել զինված ուժեր, բացառությամբ հասարակական կարգի պահպանման համար անհրաժեշտ զորքի, չունենալ ռազմական բազաներ, ռազմամթերքի պահեստներ և այլն։
  • Սահմանափակ ապառազմականացում պետությանը պարտավորեցնում է նոր ամրություններ չկառուցել և չպահել պայմանագրով նախատեսվածից ավելի զորք ու բազաներ։

Միջազգային հարաբերությունների պրակտիկայում ապառազմականացման են ենթարկվել պետական սահմանի երկայնքով որոշակի գոտիները։ Հաճախ այդպիսի գոտիներ ստեղծվում են զինադադարի մասին համաձայնությամբ սահմանված ժամանակավոր դեմարկացիոն գծի երկու կողմերում (օրինակ, 1953 թվականին Կորեայում, 1954 թվականին Վիետնամում և 1954 թվականին Մերձավոր Արևելքում)։ Ապառազմականացումը կարող է վերաբերել նաև պետության ողջ տերիտորիային։

Պոտսդամի կոնֆերանսի (1945 թվական) որոշումների համաձայն պետք է ապառազմականացվեր ողջ Գերմանիան, իսկ արտաքին գործերի նախարարների (ԽՍՀՄ, ԱՄՆ, Անգլիա) մոսկովյան խորհրդակցության (1945 թվական) որոշումների համաձայն՝ Ճապոնիան։

Նավագնացության ազատությունը և անվտանգությունը ապահովելու նպատակով ապառազմականացման են ենթարկվել որոշ միջազգային նեղուցներ և ջրանցքներ (Մագելանի նեղուցը, Սուեզի ջրանցքը), ապառազմականացված են Ալանդական և Սվալբարդ կղզեխումբը։

1959 թվականի դեկտեմբերի 1-ին ստորագրված բազմակողմանի համաձայնությամբ լիովին ապառազմականացված գոտի է ճանաչված ողջ Անտարկտիկան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 502