Ապակու արդյունաբերություն

Ապակու արդյունաբերություն, զբաղվում է շինարարական, տեխնիկական, տարայի, տեսակային, քիմիական–լաբորատորային, բժշկական, պարֆյումերային և այլ տեսակի ապակիների արտադրությամբ։

Խորհրդային շրջանում արտադրված 0,25, 1, 2 և 3 լիտրանոց բանկաներ

Ապակու արդյունաբերությունը Հայաստանում խմբագրել

Հայաստանում 1950 թվականին կառուցվեց Արզնիի ապակյա տարաների գործարանը, որի արտադրողականությունը 1950 թվականի 10 միլիոն շշի դիմաց 1971 թվականին հասավ 62 միլիոն շշի։

1965 թվականին Լենինականում (այժմ՝ Գյումրի) հիմնվեց լուսատեխնիկական ապակու գործարան, նրա արտադրանքը 1970 թվականին կազմել է 2,1 հազար հատ լուսատեխնիկական ապակի և 1,1 միլիոն կոնյակի շիշ։ 1975 թվականին գործարանը կարտադրի 500 հազար մ2 ապակեբլոկ և ապակեպրոֆիլիտ։

1969 թվականին շարք մտավ Արզնիի բյուրեղապակու գործարանը, որը 1970 թվականին արտադրեց 0,8 միլիոն ռուբլի արժողությամբ բյուրեղապակի և 12,2 միլիոն կոնյակի շիշ։ 1971 թվականին Արզնիի բյուրեղապակու և ապակյա տարաների գործարանները միավորվեցին և ստեղծվեց «Բյուրեղապակի» գործարանը։

1966 թվականին սկսվել է Հոկտեմբերյանի (այժմ՝ Արմավիր) պահածոների ապակյա տարաների գործարանի կառուցումը, որի նախագծային կարողությունն էր 200 միլիոն պայմանական ապակետուփ և 30 միլիոն կոնյակի շիշ։

Այդ ձեռնարկությունները Լենինականի ապակու գործարանի հետ միասին մտնում էին «Հայապակի» միավորման (հիմնվել է 1973 թվականին) մեջ։ Ապակեթել արտադրվում էր Սևանի «էլեկտրաապակեմեկուսիչ», իսկ էլեկտրավակուումային ապակի՝ Երևանի էլեկտրալամպերի գործարաններում։ Երևանամ գործել է հայելիների և կահույքի ապակու գործարանը։

Հայաստանն ունի ապակու հումքի գործնականում անսպառ պաշարներ (պեմզա, օբսիդիան, պեռլիտ, քվարցիտ ևն)։ Հրազդանի լեռնա-քիմիական կոմբինատում, քիմիական մշակման շնորհիվ, կստացվեն «Երևանիտ» և «Կանազիտ» բարձրորակ հումքատեսակները։ Հայաստանն ապակու բավականին խոշոր սպառող է (գինեգործություն, էլեկտրատեխնիկական, պահածոյի արդյունաբերություն, հանքաջրերի լցում և այլն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 501