Աշոտ Պատմագրյան

սփյուռքահայ երաժշտական գործիչ, խմբավար, մանկավարժ, կոմպոզիտոր

Աշոտ Պատմագրյան (ապրիլի 20, 1898(1898-04-20), Թավրիզ, Իրան - ապրիլի 28, 1982(1982-04-28), Բեյրութ, Լիբանան), սփյուռքահայ երաժշտական գործիչ, խմբավար, մանկավարժ, կոմպոզիտոր։

Աշոտ Պատմագրյան
Հիմնական տվյալներ
Ծնվել է1898 ապրիլի 20
Թավրիզ
Մահացել էապրիլի 28, 1982(1982-04-28) (տարիքը 84)
Բեյրութ
Մասնագիտությունխմբավար, մանկավարժ, կոմպոզիտոր
ԱմուսինՌոզ Պատմագրյան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1898 թ.ապրիլի 20-ին՝ Թավրիզում, ոսկերիչ-ադամանդագործ Արիստակես (Ռոստոմ) Զարգարբաշու ընտանիքում։ Երկու տարեկան հասակում կորցրել է հորը և մնացել երեք եղբայրների և երեք քույրերի հետ։ Շուտով Պատմագրյանին տեղավորել են կաթոլիկների Սեն Վենսան Դը Պոլ միաբանության դպրոցում։ 3-4 տարի հետո նա տեղափոխվել է Արամյան դպրոց, որը համարվում էր Պարսկաստանի հայկական առաջին կրթական հաստատություններից մեկը։ Դեռևս Արամյան դպրոցում ուսանելու տարիներին նա կապվում է Հայ եկեղեցուն՝ «նախ՝ որպես մոմակալ, հետո՝ փոխասաց, ի վերջո՝ խմբավար։

  Իմ վարժությունը հետզհետե փոխվեց մոլության, և այնպես պատահեց, որ ես տարիներ շարունակ ամեն առավոտ ներկա պիտի գտնվեի առավոտյան ժամերգությանը։ Շատ հաճախ կպատահեր, մանավանդ ձմռան ամիսներին, որ եկեղեցում ես և Տ. Հմայակ քահանան կլինեինք։ Ձայնս էլ լավ էր, և հետզհետև վարժվեցի երգասացության։ Զարմանալի էր ամենքի համար, թե ինչպես մի դպրոցական աշակերտ ամեն առավոտ նախ եկեղեցի էր գնում և ապա՝ դպրոց»։  

Թեմակալ առաջնորդ Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրտչյանը պատանուն նվիրում է Առաքել Դավրիժեցու «Պատմության» գիրքը, մաղթելով՝ «որպեսզի լինես Մեծ Պապիդ արժանավոր ժառանգը, երբ Արամյան դպրոցն ավարտես, քեզ պիտի ուղարկենք Էջմիածնի Գևորգյան ճեմարանում ուսանելու։

  Այդ օրվանից Գևորգյան ճեմարանում ուսանելը ինձ համար դարձավ իդեալ, որին հասնելու համար պատրաստ էի ամեն զոհողության»։  

1912 թվականին Պատմագրյանն ավարտել է Արամյան դպրոցը, նախապատրաստվել ճեմարանի ընդունելության քննություններին և 1913 թվականին մեկնել Էջմիածին, ուր հասել է օգոստոսի կեսերին։ Այստեղ մրցույթը մեծ էր. 40 տեղի համար՝ 120 հոգի աշխարհի տարբեր ծայրերից։ Առաջին քննությունը հայերեն գրավոր թելադրություն էր, ապա՝ բանավոր ընթերցանությունը, քերականություն, կրոն և այլն։

  Հայերեն թելադրությունը ինձ հեշտ թվաց և կարծում էի, որ բավական լավ էի գրել»։  

Անսխալ գրելով գրավորը նա ստանում է «հինգ ու խաչ»։

  Ես դարձա օրվա մարդը. ինձնով սկսեցին հետաքրքրվել ոչ միայն քննության մասնակցողները, այլ նաև հին ճեմարականները, նույնիսկ ուսուցիչներից մեկը եկավ և մանրամասնություններ հարցրեց Թավրիզի մեր դպրոցների և ուսուցիչների մասին»։  

Բարեհաջող է հանձնում նաև հայերեն ընթերցանության ու քերականության քննությունները։

  Ըստ ծրագրի, պետք է Հավատամքը անգիր իմանային, թարգմանեինք, ինչպես նաև Խորհուրդ Մեծի խոսքերը փոխանակ արտասանելու, ես սկսեցի երգել՝ շատ գոհունակություն պատճառելով քննիչներին, մանավանդ նրանցից Ներսես Վարդապետի։ Վերջին քննությունը թվաբանություն էր, որից միշտ թույլ եմ եղել և ճեմարանի մուտքի քննության ժամանակ միայն այդ առարկայից էի կասկածում, որ կարող էի կտրվել։ Մի քիչ կասկածանքով ներս մտա.քննիչը անունս բարձրաձայն կարդաց և հարցրեց՝ այդ դո՞ւ ես, որ հայերեն գրավորից առաջինն ես եղել։ Մտածեցի՝ փրկվեցի. անտրամաբանական պիտի լիներ ճեմարանի մուտքի քննությունների ժամանակ հայերենից առաջին ելնողին թվաբանության համար մերժել ընդունել։ Եվ, իսկապես, քննություն չէր եղածը.մի քանի թվաբանական տարրական օրենքներ հարցրեց, մի հեշտ խնդիր տվեց լուծելու և ճանապարհեց, կարծես ասել ուզելով, թե արդեն ընդունվել ես, ի՞նչ ժամանակ կորցնեմ։ Մի քանի օր հետո ճեմարանի մուտքի պատի վրա կախվեց ընդունվածների ցանկը, որոնց մեջ կար նաև իմ անունը։  

Ճեմարանում Պատմագրյանին դասավանդել են Ստեփան Կանայանը, Աշոտ Հովհաննիսյանը, Արշավիր Շավարշյանը, Պողոս Մակինցյանը և այլք։ Ուսումնառության առաջին իսկ ամիսներին Պատմագրյանը հանդես է եկել հետաքրքիր նախաձեռնությամբ. իրենց 41 աշակերտներից բաղկացած դասարանի ձայնեղ տղաների ուժերով ստեղծել է երգչախումբ՝ քառաձայն փոքրիկ խումբ, որ երգում էր դասարանական ցերեկույթների ժամանակ և այլ առիթներով։ Պատմագրյանը իր երգեցիկ խմբին ուսուցանում է Թավրիզում սովորած խմբերգերը և տալիս ժողովրդական և ազգային երգերից բաղկացած անդրանիկ համերգը, որն անցնում է խանդավառ մթնոլորտում։

Մեկ տարի անց ճեմարանի զանազան դասարաններում սովորող նվագողներից Պատմագրյանը ստեղծում է նվագախումբ. այսուհետ երգչախումբը հանդես է գալիս նվագախմբի ընկերակցությամբ։ Երգչախմբի ելույթներից մեկը ճակատագրական է դառնում Պատմագրյանի համար։ Ճեմարանի տեսուչ Ստ. Մալխասյանցն իր խոսքն ավարտում է հետևյալ կերպ.

  Այսօրվանից ես քո անունը՝ Պատմագրյանը փոխում եմ Երաժշտագրյանի։  

1921 թվականին Պատմագրյանը մեկնում է Գերմանիա, ուսումնառությունը շարունակում Բեռլինի Շթերնշես մասնավոր կոնսերվատորիայում՝ զուգահեռաբար ուսանելով Ֆրիդրիխ-Վիլհելմ համալսարանի փիլիսոփայության և արվեստի պատմության ֆակուլտետում։ Նա ընդգրկվում է Բեռլինի կոնսերվատորիայի բարձր կուրսեցիներից կազմած երգչախմբի կազմում։ Առաջին իսկ ստեղծագործության՝ Յոհան Սեբաստիան Բախի «Չարչարանքներր ըստ Մատթեոսի» պասսիոնի ազդեցության տակ Պատմագրյանը հետագայում գրում է հայ եկեղեցական շարականներից հյուսված «Հայկական օրատորիան»՝ նկատի ունենալով միևնույն կազմը՝ երգչախումբ, նվագախումբ, մենակատարներ, երգեհոն։

Ուսումնառությունն ավարտելով՝ Պատմագրյանը նվիրվում է հայ երաժշտության ուսումնասիրության և տարածման գործին, համերգներով ու դասախոսություններով հանդես գալիս հայ գաղթավայրերում՝ Փարիզ, Թավրիզ, Թեհրան, Կահիրե, Ալեքսանդրիա, Բաղդադ, Հալեպ, Հյուսիսային Ամերիկայի զանազան քաղաքներ՝ Նյու Յորք, Դետրոյտ, Լոս-Անջելես։

1927 թվականին Փարիզում նա կազմակերպում է «Գուսան» երգչախումբը, որի անդրանիկ համերգը կայանում է 1927 թվականի փետրվարի 26-ին։ Համերգը կրկնվում է ապրիլի 10-ին՝ նույն հայտագրով, նույն կազմով։ Համերգներ են տեղի ունենում նաև 1933 թվականին Թեհրանում, 1937 թվականին՝ Բաղդադում։

Մահացել է 1981 թ. ապրիլի 28-ին Բեյրութում։

Աշխատություններ խմբագրել

Պատմագրյանը հեղինակել է մեներգեր, ռոմանսներ («Իմ գարուն», «Օրոր», «Սիրտս», «Փափագ», «Ցնորք», «Սիրերգ» և այլն), խմբերգեր, դաշնամուրային սյուիտ, «Հայկական օրատորիան», մանկական փոքրիկ օպերաներ՝ Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» և «Տերն ու ծառան» երկերի հիման վրա։

Մեծ է Պատմագրյանի ներդրումը հայ-իրանական մշակութային կապերի ամրապնդման գործում։ 1937 թ. Ալեքսանդրիայում հրատարակվում է նրա «Երաժշտարանը»՝ արժանանալով բարձր գնահատականի։ «Երաժշտարանն» Ալեքսանդրիայից բացի տարածվում է Կահիրեում, Բեյրութում, Երուսաղեմում։ Տարիներ անց, երբ Պատմագրյանը դասախոսում է Թեհրանի կոնսերվատորիայում, կրթության նախարարության որոշմամբ «Երաժշտարանը» թարգմանվում է պարսկերեն, հրատարակվում է «Նաղմենամե» վերնագրով, և որպես սոլֆեջիոյի դասագիրք, գործածվում դպրոցներում։ Հայ երաժշտական-բանահյուսական գրականության մեջ կարևոր տեղ գրավեցին «Գանձարան հայ երգերու» յոթ պրակները, որոնք լույս տեսան Կահիրեում։ Այդ պրակներուն ընդգրկված են ազգային հեղափոխական, ժողովրդական, սիրային, կրոնական, դպրոցական և Հայաստանյան երգերի առավելագույն մասը։

1937 թվականին Բեյրութում լույս է տեսել Պատմագրյանի «Հայ երգը դարերի միջից» երաժշտական հանրագիտարանը՝ հայ ժողովրդական, աշուղագուսանական, եկեղեցական և քաղաքային երգերին նվիրված շքեղատիպ հատորը։ Բեյրութահայ մամուլը «Այգ», «Արարատ», «Երիտասարդ հայ», «Կանչ», «Հայկազյան տարեգիրք», «Հասկ», «Նաիրի», «Շիրակ», «Սփյուռք» ընդարձակ հատվածներ են արտատպել գրքից և ջերմ գրախոսականներ նվիրել։

1967 թվականին Պատմագրյանը հաստատվել է Բեյրութում, դասախոսել, լիբանանահայ մշակութային միության նախաձեռնությամբ կազմել երգչախումբ և հանդես եկել համերգներով։

Պարգևներ խմբագրել

  • 1958 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից արժանացել «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանի։
  • Ծավալված խմբավարական գործունեության, ի մասնավորի՝ պարսկական ժողովրդական երգերի խմբերգային մշակումների կատարման համար 1943 թվականին պարգևատրվել է Իրանի «Էլմի» շքանշանով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.

Գրականություն խմբագրել

  • «Քառասնամյա հոբելյան Աշոտ Պատմագրյանի երաժշտական-կրթական գործունեության», խմբավար Պ. Սիմոնյան, Բեյրութ 1962։
  • Բրուտյան Ց, Սփյուռքի հայ երաժիշտները, Երևան 1968։
  • Բրուտյան Ց., հայ երաժշտական մշակույթի աշխարհասփյուռ ընձյուղները, Երևան 1996։