Աշնանային բույսեր, միամյա բույսեր, որոնց բնականոն զարգացման համար պահանջվում է աշնանային ցանք։ Գարնանը ցանելիս աշնանացան բույսերը ծլում, թփակալում են, բայց նույն վեգետացիոն շրջանում ցողուններ և հասկեր չեն տալիս, չեն պտղաբերում, որովհետև յարովիզացիայի փուլն անցնելու համար անհրաժեշտ է 35–50 օր տևողությամբ ցածր ջերմաստիճան (0 °C-ից 3 °C)։ Աշնանացան և գարնանացան բույսերը խիստ սահմանազատել հնարավոր չէ, նրանք կապված են փոխանցիկ ձևերով։ Որոշ սորտեր, նայած կլիմայական պայմաններին, կարող են լինել և՛ աշնանացան, և՛ գարնանացան։ Օրինակ՝ Հայաստանում ցորենի տեղական սորտերից գալգալոսը, սպիտակահատը, կարմիր կունդիկը, սպիտակ կունդիկը երկցան են։ Աշնանացան բույսերն են, գլխավորապես, հացազգիները (ցորեն, գարի, աշորա), իսկ ընդավորներից՝ վիկը, ոլոռը։ Աշնանացան բույսերը ձմեռում են թփակալած, զարգացած արմատներով, օգտագործում են հողում կուտակված խոնավության և սննդի աշնանային, ձմեռային ու գարնանային պաշարները, երաշտադիմացկուն են, բարձր բերքատու և 7–10 օր շուտ են հասունանում գարնանացան բույսերից։

Աշնանացան ցորենի արտը վաղ գարնանը
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 486